ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-Ռուսական Համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ



Վերջերս Թեհրանում տեղի ունեցած հակահայաստանյան ոչ մեծաթիվ ցույցը Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացվելու կապակցությամբ  հանրապետությունում ընկալվեց տհաճությամբ, իսկ հանրության ուշադրությունը  կրկին սևեռեց հայ-իսրայելյան հարաբերությունների զարգացման կարևորության վրա։ Իսկ նրանց, ովքեր մոտիկից են ծանոթ այդ երկրի հետ մեր հարաբերությունների նախապատմությանը, հիշեցրեց դիվանագիտական կապեր հաստատելու երեսնամյա ոդիսականը։

...Հիշենք, թե ինչպես տարբեր երկրների հետ անկախություն նվաճած Հայաստանի  դիվանագիտական հարաբերությունների հաստատման համընդհանուր ոգևորության մթնոլորտում աննկատ մնաց Երևանում և Թել-Ավիվում  Հայաստանի ու Իսրայելի դեսպանությունների չբացվելը։

Հանրապետության ղեկավարությունը դա բացատրում էր նրանով, որ չի ցանկանում «նեղացնել» բարեկամական Իրանին, ինչպես նաև «փչացնել» հարաբերություններն արաբական աշխարհի հետ։ Պատճառաբանության մեջ կային ճշմարտության պահեր, սակայն մեծ հաշվով սա ՀՀ-ի դիվանագիտության վատ հաշվարկված քայլերից և վրիպումներից մեկն էր, որի բացասական հետևանքներն ի հայտ եկան անմիջապես և  իրենց զգացնել են տալիս առ այսօր։

Իսրայելը Հայաստանում  սկսեց ներկայացնել  նրա դեսպանը Վրաստանում, իսկ Հայաստանն Իսրայելում` մեր դեսպանը Եգիպտոսում։ Մինչդեռ դիվանագիտական պրակտիկայում չկա երկրների հարաբերությունների նորմալ զարգացում առանց նրանցում դեսպանությունների առկայության։

Իսկ քանի որ ինչպես ֆիզիկայում,  այնպես էլ դիվանագիտությունում դատարկ տարածություն (վակուում) մշտապես չի լինում,  այն լցրեցին մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը։ Արեցին դա արագ ու  արդյունավետ։  

Պաշտոնական Թել-Ավիվի կարծիքով վրաց-իսրայելյան հարաբերությունները զարգանում են «սրընթաց և ճիշտ ուղղությամբ», իսկ «երկու ժողովուրդների 26-դարյա բարեկամությունը կշարունակվի դեռ շատ դարեր»։ Վրացիների համար Իսրայելն աննախընթաց հաջողությունների երկիր է բոլոր ասպարեզներում։ ։  Վրացիների երազանքն  իրենց երկիրը «կովկասյան Իսրայել» տեսնելն է։ Վրաստանն ակտիվ կապեր է զարգացնում  Իսրայելի հետ մի շարք` այդ թվում, ռազմական-տեխնիկական համագործակցության բնագավառներում։ Նա Իսրայելից ստանում է  անօդաչու ինքնաթիռներ և հրետանային ժամանակակից սարքեր, կատարելագործում է T-72 տանկերը, պատրաստում է բանակային կադրեր։

Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ ավելի խորն են, բազմակողմ և հեռանկարային։ Ադրբեջանը մուսուլմանական աշխարհի այն քիչ երկրներից է (Թուրքիան, Եգիտոսը և Հորդանանը չհաշված), որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում Ւսրայելի հետ։ Իսրայելն ունի շատ ակտիվ գործող դեսպանություն Բաքվում։  Սակայն վերջինս զգուշանում է բացել իր ներկայացուցչությունը  Թել-Ալիվում` արդարանալով հրեաների առաջ, թե վախենում է արաբական աշխարհի և Իրանի բացասական ռեակցիայից։ Սա դիվանագիտական  բլեֆ է, երկակի ստանդարտ։ Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքում տեղադրված է իրանական ատոմային ծրագիրը հսկող իսրայելական էլեկտրոնային  հետախուզական սարք, բավական է հասկանալու համար մուսուլմանների նկատմամբ ադրբեջանցիների «սիրո» չափն ու անկեղծությունը։ Ադրբեջանը պատրաստ է օդանավակայաններ տրամադրել ԱՄՆ-ին Իրանի դեմ նրա ռազմական գործողությունների դեպքում։ Այդուհանդերձ, Ադրբեջանին և Իսրայելին միավորում են քաղաքական, ռազմավարական, տնտեսական և մշակութային սերտ կապեր։ Անգամ Թուրքիայի և Իսրայելի միջև 2011 թվականին  ծագած լուրջ տարաձայնություններն ու լարվածությունը չկարողացան խարխլել նրանց երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի կողքին, Իսրայելը Ադրբեջանին ժամանակակից զենքի հիմնական մատակարարն է։  Այնտեղ գործում են իսրայելական անօդաչու սարքերի և ժամանակակից ռազմատեսակների հավաքման գործարաններ։ Ըստ ադրբեջանական տվյալների՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմին հարվածող ռազմատեխնիկան հիմնականում  իսրայելական էր։

Գալով Հայաստանին` պետք է փաստել, որ  մեր հարաբերությունները Իսրայելի հետ անցնող 25 տարիների ընթացքում ընթացել  են վայրընթաց գծով։ Չկա ոչ մի շոշափելի քաղաքական ու տնտեսական կապ։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին Հայաստանի և Իսրայելի միջև առևտուրը կազմել է ընդամենը 8 միլիոն 525 հազար դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի ընդամենը 0,1%-ը: Երկու կողմից կարծես արվել է հնարավորը երկրներն իրարից խորթացնելու և նրանց միջև անանց պատ քաշելու համար։ Կառավարական մակարդակով Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը եղել է սառը-կրավորական, իսկ Հայաստանյան հասարակության մեջ  և մամուլի էջերում պարբերաբար շրջանառվել է հետևյալ թեզը.  հրեաներն ակտիվ մասնակցություն են ունեցել 1915 թվականի ոճրագործությանը,  Իսրայելը չի ընդունում հայկական եղեռնի գոյությունը, հրեաները «չեն սիրում և նախանձում են հայերին» և, ընդհանրապես, չի կարելի նրանց հետ առնչվել նաև այն պատճառով, որ մեր բարեկամ Իրանը «կնեղանա մեզնից»։  Նույն` նախկին սինդրոմը։

Իսրայելը մեզ «վճարում է նույն դրամով»։ Քնեսեթը ձայների մեծամասնությամբ շարունակաբար մերժում է եղեռնի ճանաչումը։ Երկու երկրների հարաբերությունների նորմալացման դեմ հանդես եկողները, որոնք փոքր թիվ չեն կազմում,  այն միտքն են արտահայտում և տարածում, որ «Հայաստանը հետխորհրդային տարածքում հակասեմիտիզմի հարցում առաջատար երկիր է,  և որ այդտեղ միշտ էլ վատ են վերաբերվել հրեաներին»։  Լրատվական միջոցները, հատկապես «Ջերուզալեմ պոստ» ազդեցիկ օրաթերթը հանդես են գալիս հակահայկական դիրքերից։ Այս ամենի հետևում պարզորոշ ուրվագծվում են թուրք-ադրբեջանական ականջները, որոնց տերերը համակարգված աշխատանք են տանում հայ-հրեական հարաբերությունների կարգավորման դեմ, ինչպես Իսրայելում, այնպես էլ Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։

Իրանում տեղի ունեցած վերոնշյալ հակահայկական ցույցը Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ նրանց սանձազերծած հիբրիդային պատերազմի սցենարներից մեկն է։ Այն տարածվում է Կովկասի սահմաններից դուրս՝ ընդգրկելով Իսրայելը, որտեղ Թուրքիան ոտնձգություններ է իրականացում հայկական համայնքի, նրա հողերի, եկեղեցիների և ունեցվածքի նկատմամբ։

Եզրակացություն

Հայ-իսրայելյան  հարաբերությունների ներկա  իրավիճակում կարելի է հետաքրքիր շրջադարձ համարել վերջերս Իսրայելի և Հայաստանի կողմից մերձենալու և հարաբերությունները շտկելու ցանկություններն  ու գործողությունները։

Երկու մայրաքաղաքներում որոշ փորձագետներ գտնում են, որ տեղի է ունենում «ճեղքում» Հայաստան - Իսրայել հարաբերություններում, և հալվում է նրանց միջև գոյություն ունեցող սառույցը։ Թել-Ավիվում  հայկական ռեզիդենտ-դեսպանի գտնվելը կոչված է երկկողմ հարաբերություներին հաղորդել անհրաժեշտ ինստիտուցիոնալ մակարդակ։ Այդ կարևոր գործընթացը կլրացնի Իսրայելի  ռեզիդենտ- դեսպանի ժամանումը Հայաստան, եթե այն տեղի ունենա։
 
Հայացք Իսրայելից

-Թել-Ավիվի արտաքին քաղաքանության դրական փոփոխությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներով, տարածաշրջանային իրադրությամբ և պետությունների ուժերի հարաբերակցությամբ։

-Վրաստանի և Ադրբեջանի հետ բազմակողմ հարաբերություններին զուգահեռ Իսրայելը, մտադիր է կարգավորել կապերն իր դիվանագիտական աշխարհագրությունից դուրս մնացած Հայաստանի հետ` ելնելով հեռահար ռազմավարական հետաքրքրություններից։

-Թել-Ավիվի դիվանագիտությունը ուղիներ է փնտրում երկու մուսուլմանական պետությունների` Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև «բուտերբրոդ չդառնալու համար»։ Իսրայելը փորձելու է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ` նկատի ունենալով,  որ նա ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը  Հարավային Կովկասում։ Իսրայելի կարծիքով, այդ քայլը որոշ չափով կապահովի իր անվտանգությունը տարածաշրջանի արդի տուրբուլենտային իրավիճակում։ Իսրայելը հասկանում է, որ  Իրանի հետ հարաբերությունների սրությունը մեղմելու համար ավելի նախընտրելի է Հայաստանը,  քան Ադրբեջանը։ (Իսրայելցի գործիչները ոչ պաշտոնական շփումների ժամանակ մեզնից չեն թաքցնում իրենց այս մտայնությունը` կասկածի տակ դնելով Իրան-Ադրբեջան կապերի հուսալիությունը` չնայած նրանց աշխույժ տնտեսական և ռազմական կապերին)։

-Հայաստանի հետ հարաբերությունները կանոնակարգելու դեպքում Իսրայելը  կփորձի օգտագործել  հայկական սփյուռքի հնարավորություններն իր քաղաքական և այլ նպատակների համար։

Հայացք Հայաստանից

-Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը բխում է հանրապետության պետականության ամրապնդման և ազգային  շահերից։ Երկկողմ հարաբերությունների զրոյական մակարդակից դուրս գալը հնարավորություն կստեղծի  Իսրայելի հետ զարգացնելու համագործակցությունը  մի շարք կարևոր ոլորտներում` գիտություն, բարձր տեխնոլոգիաներ, բանկային համակարգ, բժշկություն, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, առևտուր, տրանսպորտ և այլն։ Բացառված չէ համագործակցությունը նաև ռազմաարդյունաբերության ուղղությամբ, որոնք այդ երկրում գտնվում են բարձր մակարդակի վրա։  

-Հայ-իսրայելական համագործակցությունը կարող է զարգանալ բազմակողմ դիվանագիտության ոլորտում։ Այստեղ մեծ դեր կարող են խաղալ երկու ժողովուրդների դիասպորալ հնարավորությունները` պետական  և հանրային դիվանագիտության ու փափուկ ուժի մասնակցությամբ։

 -Բացառված չէ, որ  ժամանակի ընթացքում երևան գա քրդական հարցում, ինչպես նաև մերձավորարևելյան քաղաքական մյուս գործընթացներում  հայ-իսրայելյան համագործակցության անհրաժեշտություն։

-Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների և բարենպաստ մթնոլորտի առկայության պարագայում Հայաստանը կարող է միջնորդական դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև, ինչը մտնում է Թել-Ավիվի ռազմավարական պլանների մեջ։  

-2016 թվականից ձևավորվում է Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմա-քաղաքական, տնտեսական և մշակութային միությունը (ունի հակաթուրքական ուղղվածութուն)։ Այն բաց է բոլոր երկրների համար։ Մեր կարծիքով,  այլանսին միանալը կամ հարելը կամրապնդի  կապերն  այդ երկրների հետ,  կընդլայնի Հայաստանի գեոստրատեգիական  հնարավորությունները և գործողությունների շրջանակները։

-Հարաբերությունների նորմալացումը կնպաստի Երուսաղեմի հայկական եկեղեցիների և ունեցվածքի կառավարման ու պահպանման,  ինչպես նաև ՍԲ Էջմիածնի հետ նրանց կապերի ամրապնդման գործին։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
5238 reads | 21.06.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com