ԳԱՆԳՍՏԵՐ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱՇԿԵՐՏ ԻԼՀԱՄԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-Ռուսական Համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ




Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական կենակցությունը սկիզբ առավ  անցյալ  դարի սկզբներին, երբ Թուրքիայի ձեռամբ լույս աշխարհ եկած Ադրբեջանական հանրապետությունը 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան պետության հետ կնքեց առաջին միջպետական փաստաթուղթը։

Օրերս երկու մայրաքաղաքներում նշվեց այդ «հիշարժան» տարեդարձը։ Մենք էլ ենք հիշում, որ պայմանագրի առանցքային գաղափարն էր ռազմական համագործակցությունը՝ ուղղված  հիմնականում  Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Արդյունքում էլ 1918 թվականին տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածները Բաքվում և  այլ շրջաններում, որոնց զոհ գնացին 30․000 մեր արյունակիցները։ Այս տխրահռչակ պայմանագրով էր նախատեսվում Հայաստանի Հանրապետության տարածքը դարձնել 12.000 քառակուսի կիլոմետր։ Բնականաբար, պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան բաղձանքով է հիշատակում հակահայ դավադիր այս պայմանագիրը։   

Ժամանակն ամենևին չի մեղմում մեր հարևանների կենդանական  բնազդներով  ձևավորված ատելությունը հայերի, նրանց հողերի, կյանքի, ունեցվածքի նկատմամբ,  բոլոր վեկտորներով՝ լինի Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, թե Սփյուռքում։

Հարյուր տարի է անցել «եղբայության» մեկնարկից, սակայն ոչինչ չի փոխվել Աթաթյուրքի և Նարիմանովի հետնորդների ուղեղներում։ 1918 թվականին հայերի դեմ նյութած դավադիր պլանները նույնությամբ վերարտադրված են 2010 թվականին ստորագրված  թուրք-ադրբեջանական պայմանագրում։ Կողմերը բարեխղճորեն իրականացնում են փաստաթղթի հակահայկական  դրվագները Արցախի և Նախիջևանի ուղղությամբ։ Ռազմավարությունը նույն է, մի փոքր տարբերվում է մարտավարությունը։ Եթե արցախյան «ճակատում» Անկարան գտնվում է երկրորդական պլանում և բավարարվում  է հիբրիդային պատերազմի մեթոդներով, ապա Նախիջևանում նա աստիճանաբար դառնում է «տեր ու տնօրեն»՝ իր երրորդ բանակով և  ռազմական արդի տեխնիկայով։ Ստեղծում է քաղաքական, սոցիալ-տնտեսական ինֆրաստրուկտուրա, կառուցվում է գազատար և երկաթուղի։

Էրդողանի կողմից Նախիջևանի անեքսիան, իմ կարծիքով, պարունակում է երկու պլան՝ ա/ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային՝ իր համար դեպքերի բարենպաստ զարգացման դեպքում բացել երկրորդ ճակատ Հայաստանի դեմ, բ/ ավելի հեռահար, պանթուրքիսական ծրագրերում՝ զավթել  Հայաստանի հարավը՝ իր և Բաքվի համար մուսուլմանական միջանցք բացելու նպատակով՝  մինչև Չինաստան։

Մենք կարող ենք առնվազն «մխիթարվել», որ Էրդողանի և նրա հետևից    գնացող Ալիևի այս խելահեղության թիրախը միայն Հայաստանը չէ։ (Այս գործընթացում, չգիտեմ դուք ինչպես, իսկ  ինձ Էրդողանի հետևից գնացող Ալիևը հիշեցնում է հայտնի մուլտֆիլմում Շեր-խանի հետևից գնացող Ռակշա բորենուն)։

...1974 թվականի հուլիսին, թուրքական 10 հազարանոց բանակը` օպերացիայի նշանաբան ընտրելով հոների հրոսակախմբի առաջնորդ Աթթիլայի անունը,  ներխուժեց Կիպրոս և զավթեց երկրի գրեթե կեսը։ Թուրքերը մտադիր էին օկուպացնել ողջ կղզին։ Պլանը չիրականացավ շնորհիվ Խորհրդային Միության սպառնալից նախազգուշացմանը և ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնի բացահայտ սպառնալիքին։  

Այն, որ Մոսկվան  նման դիրքորոշում ընդունել էր երկրի ղեկավարության միաձայն որոշմամբ, մազաչափ անգամ ենթակա չէ կասկածանքի։ Իսկ այդ ղեկավարության առաջին շարքում էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահի  տեղակալ Հեյդար Ալիևը։ Սա, այնպես, ակնարկի կարգով, ոչ հեռու պատմական անցյալից։

Իսկ երբ 2018-ի հունվարին նույն Թուրքիան,  ավելի լիրիկական` «Ձիթապտուղի ճյուղ»  նշանաբանի ներքո հարձակվեց Սիրիայի վրա, Ալիև-յունիորը` մոռացության տալով  հոր կոմունիստական կեցվածքը թուրքական  ագրեսիայի նկատմամբ,  ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը Էրդողանի կողքին է։ «Բաքուն խորապես հասկանում է Անկարայի անհանգստությունը ահաբեկչության դեմ-հանդիման»,-ազդարարում է  նրա արտգործնախարարությունը` չմոռանալով, իհարկե, թուրքական «սրբազան» պատերազմը շաղկապել իր «ազատագրական» պայքարի հետ` ուղղված «ղարաբաղյան Ադրբեջանում անօրինականորեն գտնվող Հայաստանի զինված ուժերի դեմ, որոնք սերտաճում են ահաբեկչական խմբավորումների հետ»։

Տարիներ են անցել, ժամանակներ են փոխվել, իսկ թուրք-ասկյարը  նույնն է։ Չկա նրան զսպող Խորհրդային Միությունը, Ռուսաստանը դարձել է Թուրքիայի բարեկամը, (իրադարձային իհարկե), իսկ Ամերիկան առաջվանը չէ։ Էրդողանն էլ անցել է չափն ու սահմանը՝ խախտելով  միջազգային իրավունքի գրված և չգրված օրենքները, հետն էլ ցուցաբերում է  դիվանագիտական բարձրագույն master class Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Նա մեկ Պուտինի բարեկամն է, մեկ՝ Թրամփի, կամ միաժամանակ երկուսի էլ։

Զգալով իր անպատժելիությունը՝ Էրդողանը, առանց աչք թարթելու, վերջերս մտել է Կիպրոսի բացառիկ, սեփական տնտեսական գոտի և արտահանում է, (կարդա, գողանում է),  նրան պատկանող գազը։ Նույնը նա մտադրված է անելու Հունաստանի տարածքային ջրերում, իսկ  Աթենքը պատրաստվում է զորքերը ոտքի հանել։ Հետաքրքիր է, թե ինչ է անելու ՆԱՏՕ-ն, եթե իր անդամ երկու պետություն մտնեն պատերազմական գործողությունների մեջ։ Կարծում եմ, ոչինչ։ Ինչպես եղավ 1974 թվականին։

Էրդողանի գործունեության շառավիղը շատ մեծ է, էներգետիկ ախորժակը՝ նույնպես։  Հավակնությունները՝ նույնպես:  «Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում»-, օրերս հայտարարում է նա։ Իհարկե, չի ընդունի, եթե հաշվի առնենք, որ օրակարգում «Աքյուի» ատոմային կայանի կառուցումն է, Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրի համաձայն։ (Եթե այդ ծրագիրն իրականանա, Ռուսաստանը հետագայում խնդիրներ կունենա։ Սա հենց  ռուս վերլուծանների կարծիքն է)։

Էրդողանը հաստատ մտադրված է նվաճել Միջերկրական ծովի հարավ-արևելյան հարուստ ավազանը՝ Լիբիայի նավթառատ շրջաններով հանդերձ։ Դրա համար էլ նա Սիրիայից հետո ամրապնդվում է Լիբիայում՝ վիճարկելով Ռուսաստանի հետ այդ տարածաշրջանում մշտապես ներկա գտնվելու իրավունքը։

Էրդողանին տանջող և կպչուն  միտքը անկասկած օսմանյան կայսրության ռեստավրացիան  է, որի սուլթանն ինքն է լինելու։ Նրան այդպես էլ  հորջորջում են «սուլթան»՝ ավելացնելով «գանգստեր»  մակնիշը։ Էրդողանը լկտիացել է և իրեն պահում է այն մարդու պես, որին ամեն ինչ թույլատրվում է ու ներվում և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և Եվրոպայի կողմից։

...Իսկ մինչև ու՞ր է տարածվելու Էրդողան-գանգստերի ախորժակը։ Սա զուտ հռետորական հարց չէ, գոնե, մեզ համար։ Եթե Էրդողան + Ալիև ագրեսիան  տարածվի Հարավային Կովկասի վրա, որի հավանականությունը բավական մեծ է, Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել։

Դեպքերի՝ մեզ համար ոչ բարենպաստ և վտանգավոր ծավալումը  պայմանավորված է մի շարք գործոններով՝ աշխարհաքաղաքական զարգացումներ, ուժերի հարաբերակցություն, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ, Իրանի, ինչպես նաև Չինաստանի դերակատարությունը, որը նոր և կարևոր խաղացող է  դառնում տարածաշրջանում։

Հայաստանի առաջնային խնդիրն է ուշադիր, շատ ուշադիր  հետևել և ուսումնասիրել այս ամենն ու պատրաստ լինել ամենատարբեր անակնկալների և  զարգացումների։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
11771 reads | 12.06.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com