ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ




Մի քանի օգտատերեր, կարդալով չինական ստրատագեմաների մասին իմ հոդվածները, խնդրում են կրկին անդրադառնալ դրանց, հավանաբար Չինաստանի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրությունների ազդեցության տակ։ Սիրով կատարում եմ խնդրանքը։

Ստրատագեման,  չինարեն՝ չժիմոու, մոուլյումե, ցէլյուե, ֆանլյուե, չինական ռազմավարական  պլան է, որում հակառակորդի համար թաքնված է որևէ մի ծուղակ և խորամանկություն։ Ստրատագեման, ինչը ներառում է և' հնարամտություն, և'  խելացիություն, և' ճարպկություն, ծնվել է վաղնջական ժամանակներում  և շաղկապված է ռազմական ու դիվանագիտական գործառույթների հետ։

Ստրատագեմիզմի ստեղծման և տեսության մշակման գործում մեծ  է եղել Հին Չինաստանի ռազմական խորոշագույն մտածող Սուն-ցզիի դերը։ Նա հայտնի «Ռազմական տրակտատի» հեղինակն է, որը պահանջում էր ստրատագեմաների մեջ ներառել գործողությունների նախնական հաշվարկումներն ու  պլանները։

Դիվանագիտական ստրատագեմաները, (դրանք 36 են ) չեն կորցրել իրենց արդիականությունը և այսօր էլ ակտիվորեն օգտագործվում են չինական դիվանագիտության մեջ՝  ուղղված արտաքին քաղաքականության երկարաժամկետ խնդիրների լուծմանը՝ ազգային և պետական շահերի ապահովման շրջանակներում։

Դիվանագիտական հասկացողությամբ ստրատագեմիզմը ներառում է դիվանագիտական ու ռազմական նպատակամղված ամբողջականություն, ապահովելու համար պետության արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների լուծումը։

Ստրատագեմային դիվանագիտությունն իր մեթոդներն ու գործելակերպը քաղում է ոչ թե միջազգային իրավունքի սկզբունքներից, նորմերից և կանոններից,  այլև ռազմական արվեստի տոտալ՝ ամբողջական բնույթի տեսությունից, որն առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով։ Այդ իսկ նպատակով չինական դիվանագիտությունը, օրինակ, ակտիվորեն օգտագործում է հատկապես համար 3 ստատագեման՝ «Սպանել օտարի դաշույնով», որի միջոցով ոչնչացվում է հակառակորդ  ճամբարի գլխավոր թշնամին։

Չինական ստրատագեմաները պարզ կերպով ցուցադրում են նպատակին հասնելու  պայմաններն ու  ուղիները։ Դրանք են՝ քայլերը ճիշտ  հաշվարկելու և արդյունքները տեսնելու  ունակություն, հակառակորդի հոգեբանական առանձնահատկությունների իմացություն, և, վերջապես, գործելու ընթացքում պլանի հեղինակի համառություն։

Ստրատագեմաները  կառուցվում են  ալգորիթմի տրամաբանությամբ և մեթոդաբանությամբ։ Այս դեպքում, «քաղաքականությունը հնարավորության արվեստ է» սկզբունքը դառնում է պարզունակ ու թերի, քանի որ այդ սկզբունքի տրամաբանությամբ շարժվող քաղաքական գործչի հնարավորությունները սահամանափակ են և  նա  պարտավոր է առավելագույնս հաշվի առնել կոնկրետ պայմանները և չանել ավելին, քան թույլ է տալիս իրավիճակը։ Մյուս կողմից՝  «հնարավորության արվեստը» առիթ է ընձեռում տեսնելու  քաղաքական  քայլերն ու դրանց հնարավոր հետևանքները։ Եվ այստեղ է, որ ստրատագան հուշում է քաղաքական խաղի քայլերը, և ոչ միայն հուշում է, այլև օգնում է ծրագրավորել դրանք՝ ելնելով իրադրության և հակառակորդի առանձնահատկություններից։

Այսպիսով, ստրատագեմիզմն իրենից ներկայացնում է ռազմավարության և հակառակորդի համար անհայտ մարտավարության ու անսպասելի ծուղակներ լարելու միաձուլվածք։ Անգամ այնպիսի սուպերստրատեգիական խաղում, ինչպիսին շախմատն է, եվրոպացի վարպետները  XIX-դարի վերջում  միայն սովորեցին կառուցել ռազմավարական պլանների գնահատման հիմքերը։ Այդ կապակցությամբ Է. Լասկերն ասել է. «Ճիշտ պլան գտնելն այնքան դժվար է, որքան  դրա հիմնավորման փնտրտուքը։ Դրա համար պետք եղավ հազար տարի, որպեսզի շախմատային աշխարհը հասկանա պլանի նշանակությունը»։ Իսկ մեր ժամանակներից դեռ հարյուրամյակներ առաջ Չինաստանն  հայտնաբերեց ռազմավարական պլան-ստրատագեման,  որն իր տեսակի մեջ վերածվեց արվեստի և շարունակեց հարստանալ հաջորդ սերունդների ընթացքում։

Ստրատագեմիզմը ազգային հարստություն է, ազգային հոգեբանության առանձնահատկություն։ Սակայն դա չի նշանակում, որ չինացին ինտրիգան է խորամանկ և խաբեբա, ինչպես երբեմն բնութագրում են նրան քաղաքական-իդեոլոգիական հակառակորդները։ Ամենևին։ Պարզապես չինացին՝ ի տարբերություն  շատերի կարողանում է ավելի արագ մտածել ռազմավարական կատեգորեաներով, ավելի ճիշտ կազմել  երկարաժամկետ պլաններ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով։ Չինացին կարողանում է հաշվարկել իրադրությունը մի քանի քայլ առաջ, կառուցել  ստրատագեմական որոգայթներ թշնամու համար և հասնել հաջողության։

Չինական դիվանագիտությունը ընդհանրապես, և ստրատագեմիզմը՝ մասնավորապես, տեսական ու գործնական մեծ նշանակություն ունեն Հայաստանի դիվանագիտական ծառայության համար։ Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել դրանք և կիրառել մեր արտաքին քաղաքականության գործունեությունում։ Դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նկատի ունենալով հայ-չինական վերընթաց զարգացող քաղաքական հարաբերությունները, երկու երկրների աշխույժ կապերը՝ գիտության, կրթության, մշակույթի և մյուս ոլորտներում։ Մնում է, պարզապես, օգտվել ընձեռված հնարավորություններից։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1893 reads | 01.06.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com