ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս առաջին)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ




Quo vadis, Domine? Ու՞ր ես գնում  Աստված։ Այս խոսքերը Պետրոս առաքյալն ուղղեց Հիսուս Քրիստոսին, երբ նա Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքի ժամանակ հեռանում էր Հռոմից։ Ընդհանուր առմամբ, «Ու՞ր ես գնում Աստված» արտահայտությունը լսողին մտածել է տալիս, թե արդյոք նա ճի՞շտ է ապրում, հավատարի՞մ է արդյոք իր կյանքի նպատակներին, արժեքներին և այլն։

Իսկ մենք ու՞ր ենք գնում

Երկրի ներկա բարդ և վտանգաշատ ներքաղաքական իրավիճակը, ինչպես ամեն հայի, ինձ ևս խորապես մտահոգում է։ Իսկ «մե'նք ու՞ր ենք  գնում»։ Եվ լոկ պատասխանի խորությունն ու  բազմաշերտությունը, ինչպես նաև կանխատեսումներում սխալվելու մտավախությունն էր, որ ինձ հետ էին պահում գրավոր կամ բանավոր այդ հարցին անդրադառնալու  ու վերլուծելու ցանկությունից։ Փորձում էի, ինչպես ասում են, պաուզա պահել։

Չստացվեց։ Չարաբաստիկ կորոնավիրուսը դրդեց ինձ նստել համակարգչի առաջ, բայց ոչ թե ինքնամեկուսացման տաղտուկ ժամանակը սպանելու, այլ ընկալելու և հասկանալու համար, թե համաճարակից` պանդեմիայից հետո մենք իրո՞ք այլ աշխարհում ենք հայտնվելու, ինչպես կարծում են շատերը, իրո՞ք խորքային փոփոխության է ենթարկվելու, ինչպես պնդում են խելոք ուղեղները, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կայացած միջազգային հարաբերությունների փիլիսոփայությունը, իրո՞ք դրանք դառնալու են նվազ կանխատեսելի, նվազ  ապահով և ավելի  վտանգավոր։ Սրանք, անշուշտ, մեծ հաշվով, գուշակությունների ժանրից են։ Բայց   քաղաքական կենտրոնները մի հարցում համակարծիք են, այն որ կորոնավիրուսի պանդեմիան վերջ դրեց ԱՄՆ-ի գերակայության ներքո  ամրագրված աշխարհակարգին,  որն այլևս չի համապատասխանում արդի աշխարհում ուժերի ռեալ հարաբերակցությանը։  Իսկ ապագայի վերաբերյալ կանխատեսումներն իրարամերժ են, հակասական։

Վարկած առաջին

Կարծիքների շարքում գերակայում է այն տարբերակը, որ աշխարհում խորանալու է արդեն սկսված լիբերալիզմի ճգնաժամը։ Պետությունների ու ժողովուրդների համատարած ինտեգրացիան իր տեղը զիջելու է սեպարատիզմին և ինքնամեկուսացմանը և կտրուկ ավելանալու է թշնամանքը պետությունների միջև, որը կարող է հանգեցնել միջուկային՝ այսինքն Երրորդ համաշխարհային պատերազմի։ Կամ՝ գլոբալիզացիան նահանջելու է այն աստիճան, որ մենք վերադառնալու ենք ավանդական ազգային պետությունների համակարգին։ «Անցած բարի ժամանակներին» և ինքնության արժեքների ակունքներին։ ԱՄՆ-ը, օրինակ,  հրաժարվելու է իր աշխարհակալ քաղաքականությունից և մեծ հաշվով չի խառնվելու ուրիշների գործերին, այսինքն վերադառնալու է Մոնրոյի հայտնի տեսությանը՝ «Ամերիկան՝ ամերիկացիների համար»։ Անգլիան, այն Անգլիան, որը բրիտանական գաղութարարության նախահայրն է, Բրեքզիտից հետո,  իբր, վերադառնալու է վիկտորիանական  ժամանակների «հպարտ մենության» կարգավիճակին։ Չինաստանը, որը, ոչ առանց հիմքի,  հավակնում է դարի կեսերին դառնալ աշխարհի առաջին պետությունը, հիմա «հայտնաբերում է» կոնֆունցիայի ժամանակներն ու արժեքները, իսկ Ռուսաստանը ձգտելու է  վերականգնել իմպերիան։ Բոլշևիկյան հեղաշրջումից հարյուր տարի անց Վլադիմիր Պուտինը փորձելու է վերադարձնել ինքնակալության փառքն ու ամբիցիաները, և ռուսական նացիոնալիզմի, ուղղափառ եկեղեցու վրա հենված կայսրությունը ձգվելու է  Բալթիկայից մինչև Կովկաս։

Վարկած երկրորդ

Հետհամաճարակային աշխարհի զարգացման հաջորդ վարկածն առաջինի լրիվ հակառակն է։ Դրա հեղինակներն  ապացուցում են, որ նոր պայմաններում տեղի կունենան պետությունների գերմերձեցում և ինտեգրացիայի խորացում։ Սակայն այդ գործընթացին կնախորդի նրանց խիստ, անողոք  մրցակցությունը, հատկապես գերտերությունների միջև։ Որպես օրինակ բերվում է ԱՄՆ-Չինաստան անզիջում պայքարը հատկապես տնտեսության, տեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի և շուկաների նվաճման ոլորտներում։   Բայց առայժմ Վաշինգտոնն ու Պեկինը, մի կողմ դրած ազնիվ մրցակցությունը, հիբրիդային պատերազմ են հայտարարել մեկմեկու ապացուցելու համար, թե ով է մարդկությանը վարակել կորոնավիրուսով։

Իսկ ընդհանուր պատերազմի արդյունքում, վերլուծաբանների կարծիքով, կհաղթի Չինաստանը, սակայն նա չի բռնի Միացյալ Նահանգների տեղը։ Չին-ամերիկյան մրցակցության գործընթացում  վերլուծաբանները Ռուսաստանին հատկացնում են միջանկյալ, բուֆերային դեր։ Չին-ամերիկյան տանդեմի առանձնացումը, թեկուզ իրար հակադրվելու տարբերակով, ազդարարում է աշխարհի նոր տիպի բաժանում, ինչն ամենևին Ռուսաստանի սրտով չէ։ Այդ  է  վկայում Լավրովի օրերս  արտահայտած դժգոհությունը։ Ինչու՞մն է Մոսկվայի մտավախությունը։ Պատմության և անձնական կյանքում  ատելությունից՝ սեր, մի քայլ է։ Բացառված չէ, որ Ամերիկան ու Չինաստանը «կռվելուց» հետո կարող են միավորվել Ռուսաստանին ճնշելու և նրա հարստություններին տիրանալու համար։

Արդեն հիմա Չինաստանը համառորեն թափանցում է Ռուսաստանի հեռավոր արևելյան հարուստ շրջանները։ Այնպես որ, այն, ինչ տարիներ շարունակ երազել է Վաշինգտոնը, կփորձի իրականացնել Պեկինի ձեռքով։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
4389 reads | 15.05.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com