ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԱՊՍԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Ռուսաստանի արդի հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ պայմանավորվում են աշխարհաստրատեգիական գլոբալ երևույթներով, միջազգային հարաբերություններով և Կրեմլի հեռահար ծրագրերով։ Եթե ռուս-ուկրաինական հարաբերությունների հիմքում ընկած են ռազմա-քաղաքական հետաքրքրքություններ, ապա Բելառուսի հետ Մոսկվային հիմնականում կապում են տնտեսական շահերը։ Հատկապես նավթի և գազի առուծախը, որն ստանալով Ռուսաստանից՝Բելառուսն արտահանում է Եվրոպա։ Այսինքն նա վճարում է մի գին և վաճառում ավելի թանկ գնով։ Այս խնդրի շուրջն է, որ հիմնականում սլավոնական երկու պետությունները չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի։

Սակայն նրանց հարաբերություններն ունեն ավելի խորքային շերտեր։ Տարիներ շարունակ կողմերը բանակցում են ընդհանուր միություն ստեղծելու գաղափարի շուրջ, որն առաջնային նշանակություն ունի Մոսկվայի համար։ Հաջողության դեպքում նման քաղաքական ալյանսը, բնականաբար, կղեկավարեր Պուտինը, և ամենակարևորը՝ կիրականացներ նախկին ԽՍՀՄ-ի այս կամ այն ձևով վերականգման գաղափարը, որը մտնում է Կրեմլի հեռահար ծրագրերի մեջ։ Իսկ միապետական հովերով տարված Լուկաշենկոյի համար սա անընդունելի է։ Լինել այդ բուրգում «տղայի դերում», ինչպես նա է ասում, իր համար անընդունելի է։

Անցյալ տարվա դեկտեմբերի Պուտին – Լուկաշենկո երկխոսությունն, ըստ երևույթին,  վերջին ակորդը եղավ նրանց բանակցային գործընթացում։  Սպասվում էր, որ ստորագրվելու է  միության «ճանապարհային քարտեզ»՝ իր կոնկրետ քայլերով։ Չստացվեց։ Անհաջող ավարտվեց նաև այս տարվա փետրվարի  7-ի հանդիպումը երկու պետությունների ղեկավարների միջև։ Հայտարարվեց, որ նավթ կտրվի Մինսկին ընդամենը շուկայական գնով, իսկ բնական գազը 2019 թվականի պայմանով՝ 1000 խորանարդ մետրը  127 դոլարով։

Լուկաշենկոյին չօգնեց նրա սիրած պրիյոմը՝ շատնաժը, որը նա գործի դրեց՝ ոգևորված ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի անցյալ շաբաթ Բելառուս կատարած այցելությունից, որը  վերջին քսանամյակում ամերիկյան ամենաբարձր մակարդակի այցելությունն էր այդ երկիր։ Վաշինգտոնն այստեղ  չի թաքցնում իր  աշխարհաքաղաքական թիրախը։ Հնարավորինս խորացնել Մինսկի և Մոսկվայի միջև ուրվագծվող տարաձայնությունները, արգելակել Կրեմլի հնարավոր ինտեգրացիան հարևան պետության հետ, ամրապնդել Լուկաշենկոյի արևմտամետ նկրտումները, որի համար Սպիտակ տունը պատրաստ է բարձր վճարել։

Պետքարտուղարը հենց այնպես չհայտարարեց, որ «Միացյալ Նահանգները պատրաստ են հարյուր տոկոսով ապահովել  Բելառուսին էներգառեսուրսներով՝ մրցակցային գնով»։ (Այս կյանքում ամեն բան իր գինն ունի)։ Մնում է ենթադրել, որ հետայսու Բատկայի քաղաքական գործելակերպը, որն անվանվում է «դիվանագիտական ճոճանակ», իր ամպլիտուդն  ավելի կթեքի դեպի Արևմուտք։

Իսկ ի՞նչ հետևություն կարելի է անել  հայ-բելառուսական հարաբերությունների մասին այս իրադարձությունների ֆոնին։ Մեր քաղաքական դաշտում հնչում են կարծիքներ, թե Բելառուսի՝ ԱՄՆ-ին մոտենալը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Թե ինչպես և ինչ կերպ,  չի ասվում։ Եթե խնդրին նայելու լինենք երկկողմ հարաբերությունների  տեսանկյունից, չմոռանանք այն փայլուն հարաբերությունները, որոնք ստեղծվել են Բաքվի և Միսկի միջև վերջին տասնամյակներում, բոլոր ոլորտներում՝ ներառյալ ռազմատեխնիկական։

Միայն «Պոլոնեզ» հրթիռային համակարգը Ադրբեջանին վաճառելն ինչ ասես արժե։ Ինչ վերաբերում է  միջազգային տնտեսական և ռազմաքաղաքական կազմակերպություններում մեր համագործակցությանը, ապա այստեղ ներկան և ապագան ավելի տխուր պատկեր է ներկայացնում։ Փորձենք մոռանալ այն ամենը, որի միջով մենք անցանք Խաչատուրովի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռանալու ընթացքում, մի կողմ թողենք այն հանգամանքը, որ այսօր այդ ալյանսը ղեկավարում է Ադրբեջանում երկար տարիներ աշխատած և նրա ռազմական շրջաններին մոտ կանգնած Ալիևի մտերիմ, Բելառուսի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ստանիսլավ Զասը։

Բայց կգտնվի՞ արդյոք մեկը, որը դույզն անգամ կասկածի, որ Հայաստանի համար ֆորս-մաժորային իրավիճակում, էլ չեմ ասում պատերազմի դեպքում, Բելառուսը, որպես ռազմաքաղաքական դաշնակից, մատը մատին կխփի մեզ համար։  Ես, օրինակ, չեմ կասկածում և խորհուրդ չէի տա որևէ մեկին ևս կասկածել։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1491 reads | 10.02.2020
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com