ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՆԵՐԱԼ ՍՈԼԵՅՄԱՆԻԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ Այն, ինչ տեղի ունեցավ Բաղդադի օդանավակայանում, լոկ ահաբեկչական գործողություն չէր, որի զոհը դարձավ գեներալ-լեյտենանտ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին՝ վերջին տասնամյակների Մեծ Մերձավոր Արևելքի ռազմա-քաղաքական լեգենդար դեմքերից մեկը, տարածաշրջանում իրանական պլաների և ծրագրերի հիմնական կազմակերպիչն ու իրագործողը, Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, Թեհրանի հարաբերությունների առանցքային մոդերատորներից մեկը։ ![]() Այսօրվա իրավիճակը հիշեցնում է 1962-ի Կարիբյան ճգնաժամը, երբ մարդկությունը հավասարակշռում էր միջուկային անդունդի եզրին։ Այդուհանդերձ, ներկայումս անհավանական համարելով լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, չենք բացառում լոկալ ռազմական բախումները, ինչպես ասում են՝ պրոքսի-պատերազմները, որոնք դամոկլյան սրի պես կախված են մեր բոլորի, մեր երեխաների և թոռների գլխավերևում։ Իսկ, մոտավորապես, ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ ներքին և արտաքին քաղաքական կեցվածքը զարգացող դեպքերի ընթացքում, երբ կոնֆլիկտի հիմնական կողմերից մեկը մեր անմիջական և բարեկամ պետությունն է, մյուսը՝ աշխարհի հզորագույն Ամերիկան, որը նույնպես դասվում է մեր բարեկամների շարքին։ Հապա տարածաշրջանի հիմնական խաղացող Ռուսաստա՞նը, որը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Հետո գալիս են Վրաստանը, որին համարում ենք բարեկամ, իսկ մյուս երկուսից՝ մեկի հետ կիսապատերազմական, վերջինի հետ գրեթե թշնամական հարաբերությունների մեջ ենք։ Քաղաքական ներկա ռեալիայում և նման շրջապատում հայկական դիվանագիտությունը պարտավոր է վարել բազմաշերտ, բազմակոմբինացիոն, ոչ ստանդարտ քաղաքականություն, պետք է «ձևանա միամիտ աղավնիների նման, բայց լինի խորագետ օձերի պես», ինչպես Հիսուսն է ասել։ ![]() Հաջորդ խնդիրն այն է, որ առ այսօր քաղաքական գնահատական չի տրվել նախկին արտաքին քաղաքականությանը։ Թերևս, դրա պատճառով դիվանագիտական ծառայութունն ամբողջական բարեփոխումների չի ենթարկվել, ներառյալ՝ կադրային կորպուսը կենտրոնական ապարատում և առանցքային դեսպանություններում։ Իր գործառույթների շրջանակներում ԱԳՆ-ն կարող էր օրինակ վերցնել պաշտպանության նախարարությունից, որը խաղաղարար պարադիգման զուգորդում է հակառակորդի դեմ հարձակողական մարտավարության հետ։ Հուսադրող է, որ վերջին շրջանում մեր դիվանագիտական ծառայությունը քայլեր է ձեռնարկում հիբրիդային պատերազմի վտանգներին դիմակայելու և հակահարված տալու ուղղությամբ։ Այդ առումով դրական կարելի է համարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրանի գործընկեր Զարիֆի հետ՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Կարևոր էր վարչապետ Փաշինյանի օպերատիվ կարգով Բաքվի ստահոդ հայտարարությունների հերքումը, թե իբր Հայաստանը շնորհավորել է Թրամփին գործած սպանության կապակցությամբ։ Չսպասել նման, կամ այլ կարգի ստորացուցիչ զրպարտանք Ադրբեջանի կողմից ծայրաստիճան նայիվություն կլիներ։ Պետք է դեռ շնորհակալ լինել, որ Ալիևն ի լուր աշխարհի չի հայտարարում, որ գեներալի սպանությանը մասնակցել են հայ ահաբեկիչները։ Այս կապակցությամբ հարկ է կրկին նշել, որ հայկական կողմի մարտավարությունը մեծ հաշվով մնում է կրավորական, այլևս չենք ասում՝ ոչ նախահարձակ։ ![]() The New York Times-ը ռազմական գաղտնիք չի բացահայտում, երբ գրում է, որ ամերիկյան լրտես արբանյակները հետևել են, թե ինչպես են իսրայելյան անօդաչու սարքերը օգտվում Ադրբեջանի ռազմակայաններից Իրանի միջուկային օբյեկտները նկարահանելու համար։ Երևի «ոզնուն էլ է պարզ», որ Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ նյութվող դավերը ավելի ճշգրտելը և Թեհրանի իշխանություններին հասցնելը պետք է լիներ հայկական համապատասխան ծառայությունների և արտաքին գերատեսչության կարևոր առաքելություններից մեկը՝ համապատասխան պատերազմական գործողությունների տրամաբանության։ (Թերևս դա արվում է, մենք չգիտենք։ Պարզապես, կցանկանայինք, որ նման առիթները չանտեսվեին)։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածած վերջին սադրանքի հեղինակի օպերատիվ հայտնաբերմանը, ապա պատիվ է բերում անվտանգության ծառայություններին և արժանի է քաջալերանքի։ Պարսիկ գեներալի սպանությունը արտաքին սադրանքներից բացի, ի հայտ բերեց նաև ներհայկական պետականավնաս երևույթներ։ Այսպես, Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարեց թե «Սոլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին», ինչը դիսոնանս է հնչում ՀՀ և Արցախի պաշտոնական դիրքորոշման ֆոնին և հազիվ թե արժանանա Վաշինգտոնի հավանությանը, եթե այդ նպատակն է հետապնդում։ Հայտարարությունն, ի դեպ, պաշտպանել է մի ուրիշ արցախյան գեներալ՝ Վիտալի Բալասանյանը։ Այսպիսով, իրանական զորավարի սպանությունը և դրա հետ կապված քաղաքական գերլարված մթնոլորտում հայտված Հայաստանի խնդիրները կրկին անգամ ապացուցում են հետևյալը։ Երկրում կիսատ-պռատ է գործում հետհեղափոխական ռեժիմը։ Մենք դեռ 18-ի գարնանն էինք ասում. Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չի արվում։ Սա հեղափոխությունների ոսկե օրենքն է, որի անտեսումը՝ հակահեղափոխության հաղթանակ և նախկին ռեժիմի վերադարձ է կանխագուշակում։ Մենք հուշել ենք նաև, որ հաղթանակած լիգիտիմ կարգերի մոնոպոլիան և իրավունքն է Մաքս Վեբերի կողմից սահմանած ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Այս աքսիոմատիկ ճշմարտության անտեսումը ծնում է «5-րդ շարասույն», որն ակտիվորեն գործում է երկրում։ Ներսի և դրսի հակահեղափոխական ուժերից սնվող այդ ֆենոմենը արմատներ է նետում նոր իշխանությունների տակ և ակտիվանում է ֆորս-մաժորային իրադրություններում, ինչպիսին, օրինակ, իրանա-ամերիկյան հարաբերությունների ներկա լարումն է։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2191 reads | 09.01.2020
| |