ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ԿԱՐՈՏԱԽՏԻ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ ![]() Մոռանալով, որ փոխվել են ժամանակները, ժողովուրդները, պետությունները՝ ամեն ինչ և ամենքը, Անկարան անցյալ դարի կեսերին հայկական Ալեքսանդրետի սանջակը և Կիպրոսի գրեթե կեսը գրավելուց հետո, անցյալ հոկտեմբերին իսլամական ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ զավթեց հարևան Սիրիայի մի մասը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ։ Չնայած իր դաշնակիցների հետ ունեցած պայմանավորվածություններին առ այն, որ թուրքական զինուժը ժամանակավոր է օկուպացրել հարևան սուվերեն պետության տարածքը, ընդ որում, առանց նրա համաձայնության, Էրդողանի մտքով անգամ չի անցնում հեռանալ Սիրիայից։ Ավելին, նա պատրաստվում ներխուժել հարևան Իրաք և նրա նավթառատ Մոսուլից խողովակաշար անցկացնել մինչև իր տարածքները։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունում վերջինս անում է «խելքին փչածը», ինչպես enfant terrille. Քաղաքական դեպքերի զարգացումը կասկած չի թողնում, որ սկսվող տարին ավելի «բերքառատ», ավելի «արդյունավետ» է լինելու Անկարայի զավթողական նկրտումերի ուղղությամբ։ Արդեն մի քանի տարի է, որ նա մասնակցում է Լիբիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին։ Կարելի է վստահաբար ասել, որ շուտով Թուրքիան միջերկրածովյան ավազանում կունենա երկու ռազմական կոնֆլիկտ, մեկը Սիրիայում, մյուսը՝ Լիբիայում։ Ինչու՞մն է խնդրի էությունը։ Տեղեկատվական. 2011 թ. Լիբիայի իշխանությունների և խռովարարների միջև սկսվեցին ռազմական բախումներ, ՆԱՏՕ-ի անմիջական հսկողությամբ։ Ալյանսը ռազմական օժանդակություն ցուցաբերեց հակակադաֆիական շարժմանը, որի մարտիկները սպանեցին Լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամմար Կադդաֆիին։ Տարածաշրջանի ամենակայուն և բարգավաճ պետությունն ընկղմվեց քաոսի, կլանային բախումների, ահաբեկչության և աղքատության մղձավանջի մեջ։ Ութ տարի անց Լիբիան բաժանված է պատերազմող «Ազգային միասնություն» պետության լիդեր Ֆայեզ Սառաջի և ապաստամբած մարշալ Հաֆտարի միջև, որի զորքերը գրավել են երկրի մեծ մասը և գրոհում են մայրաքաղաքը։ Լիբիան աստիճանաբար վերածվում է մագրիբյաբ Սիրիայի (Մագրիբ-Հյուսիսային Աֆրիկայի երեք պետություններ՝ Ալժիր, Թունիս, Մարոկո)։ Լիբիայում տեղի է ունենում «լիվանիզացիա» կամ «բալկանիզացիա՝», այսինքն՝ երկիրը տրոհվում է։ Եվ քանի որ բոլոր՝ հատկապես մեծ տերություններին հատուկ են դիվանագիտական, տնտեսական և ֆինանսական շահերի գերակայությունը, նրանք լիբիական կոնֆլիկտը փաստորեն վերածել են լոկալ պատերազմի։ Ավելացնենք, որ հակամարտող ճամբարներում խորը խրամատորվել են ահաբեկիչների ստվար խմբավորումներ։ Իսկ Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե առիթից չօգտվեր և չփորձեր պղտոր ջրում գրավել նոր տարածքներ, և ոչ միայն։ ![]() Սակայն Լիբիական ոդիսականի քաղաքական ինտրիգը կայանում է նրանում, որ Ռուսաստանը և Թուրքիան հայտնվել են բարիկադի տարբեր կողմերում։ Ասել, որ ակտիվորեն համագործակցող Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումներն առաջին անգամ են երկփեղկվում, մոլորություն կլիներ։ Ունենալով բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթեր և պայմանավորվածություններ՝ Սիրիայում նրանց «ջուրը մի առվով չի գնում» և ամեն վայրկյան կարող է հանգեցնել ռազմական բախման։ Իսկ Ղրիմի հարցում Էրդողանի դիրքորոշումը դասական օրինակն է այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի դաշնակիցը։ Էրդողանը կրակի վրա յուղ ավելացրեց, երբ օրերս հայտարարեց, թե Լիբիայում տեղակայված են ռուսական «Վագներ» մասնավոր կամավորական կազմակերպության 2000 վարձկաններ, ինչը կտրականպես հերքում են Մոսկվայի իշխանությունները։ ![]() Բոլոր դեպքերում, ինչպիսի՞ն կլինի կոնֆլիկտի հետագա զարգացումը։ Ձեռնպահ մնալով կանխատեսումից, ինչն անշնորհակալ գործ է, կարելի է չբացառել հետևյալ սցենարը։ Ռուսաստանը և Թուքիան, որպես հիմնական խաղացողներ, կարող են գտնել փոխզիջումային կետեր։ Այդ ուղղությամբ են զարգանում դեպքերը՝ վերջերս թուրքական պատվիրակություն ժամանեց Մոսկվա։ Իսկ Պուտինի հունվարի 8-ի այցը Անկարա կարող է կետերը տեղադրել «i»-երի վրա։ Եվ եթե կողմերը գան ընդհանուր հայտարարի, և բացառեն ռազմական առճակատումը բացառված չէ, որ Լիբիան ներառեն իրենց ազդեցության ոլորտներ։ Ինչպես և ինչ կերպ՝ դա արդեն այլ խնդիր է։ Իսկ լիբիական կոնֆլիկտն արդյո՞ք պարունակում է վտանգ մեզ համար։ Իհարկե, պարունակում է։ Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մասնիկն է, և այն, ինչ կատարվում է այնտեղ, այս կամ այն չափով պրոյեկտվում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Երկրորդը, և ամենակարևորը։ Լիբիական կոնֆլիկտում խաղարկվում է 1920 թ. երիտթուրքերի ընդունած «Ազգային ուխտի» սցենարը օսմանյան կայսրության տարածքների և սահմանների վերաբերյալ։ Թուրքերը չեն մոռանում, որ Լիբիան նույնպես եղել է իր լծի տակ (16-րդ դար)։ Կարող եք դա անվանել պանթյուրքիզմ, նեոօսմանիզմ։ Դրանից Անկարայի քաղաքականությունը չի փոխվի։ Այնպես որ, դյուզն անգամ չպետք է կասկածել, որ նման խելահեղ պլաններ ՀՀ և Արցախի նկատմամբ ևս պտտվում են օսմանիզմի ներկա ժառանգների և նրանց կրտսեր եղբայրների ուղեղներում։ Նախիջևանը՝ ձեզ օրինակ։ Կասկածելը կամ մոռանալը այս, հավասարազոր է ազգային շահերի և պետականության դավաճանություն։ Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ամերիկացիների կողմից տեղի ունեցավ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը կարող է նոր որակ և տեսակ հաղորդել իրան-ամերիկյան առանց այդ էլ լարված հարաբերություններին, կունենա հետևանքներ Մերձավոր Արևելքում, բացառված չէ նաև Լիբիայում։ «DIPLOMAT AM»-ը ուշադրությամբ հետևում է դեպքերի զարգացմանը և իր վերլուծությունն ու մեկնաբանություններն այդ կապակցությամբ կկիսի օգտատերերի հետ։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3674 reads | 04.01.2020
| |