ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ԳԱՐՇԵԼԻ ԶԱԶՐԱՆՔ ԹԱՓԵՑ ՄԵՐ ԳԼԽԻՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՄԵՍՏՈՐԵՆ ԼՌԵՑԻՆՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Աշունը, իրոք թեժ ստացվեց նաիրյան երկրի համար, ինչպես և գուշակում էին քաղաքականությամբ զբաղվող մեր հայրենակիցները։ Իսկ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը դարձավ սպասված սեզոնի գլխավոր իրադարձությունը։ Սակայն հիմնականում չարդարացան այն կանխատեսումները, թե Պուտինը չի գա Երևան, կամ էլ գալու դեպքում մի քանի ժամից ավելի չի մնա այստեղ։

Ի հեճուկս ռևանշիստական այս և այլ ինտրիգային վերլուծությունների,  Ռուսաստանի նախագահը մասնակցեց «ավագների հավաքին»,  և ոչ միայն։ Մեր գլխավոր դաշնակիցը բարձր գնահատեց միջոցառումը, իսկ վարչապետին, մասնավորապես, ասաց. «Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար։ Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»։

Այն, որ Պուտինի խոսքերն անկեղծ են, վկայում է երկու օր հետո  Սոչիում նրա հայտարարությունը, որ  ԵԱՏՄ-ն հաջողություն գրանցեց Երևանում՝ ներգրավելով իր գործառույթների տիրույթ Իրանին և Սինգապուրին, և որ այդ գործընթացը կունենա շարունակություն Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի, և Վիետնամի ուղղությամբ, կտարածվի միջազգային կառույցների, հատկապես Շանհայի կազմակերպության վրա, և, ամենակարևորը, կհամագործակցի Չինաստանի հետ Մետաքսի ճանապարհի ծրագրերում։

Այս ամենը հաճելի է լսել և գիտակցել, որ այդ գործընթացը, սկիզբ է առել Հայաստանում։

Սակայն այդ գոհունակությունը փոխակերպվում է խորը ֆրուստրացիայի, երբ ծանոթանում ես հոկտեմբերի 3-ին   Սոչիում կայացած հայտնի «Վալդայ» բանավեճային ակումբի 16-րդ նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտասանած ճառին։

Ռուսաստանի և անձամբ Պուտինի հասցեին արտասանած արևելյան կեղծավորության բոլոր նորմերը գերազանցող պանիգրիկ հնչեցնելուց հետո նա անցավ Արցախի հարցին, որին Ալիևը նվիրեց իր խոսքի կեսից ավելին։ Անդրադառնալ հարևան երկրի առաջնորդի ասածներին իմաստ չունի, քանի որ նա կրկնում է  տարիներ շարունակ երգված երգը «արյունարբու», «ագրեսոր», «օկուպանտ»  հայերի մասին, որոնք չեն խնայում անգամ անչափահաս մանուկներին։ Կատարելով պատմական էքսկուրս՝ նա «իմաստալից» հայտարարում է. «1921 թվականին Կավբյուրոն Ղարաբաղը ոչ թե հանձնել է Ադրբեջանին, ինչպես պնդում են հայերը,   այլ  թողել է Ադրբեջանին, որը պատկանում է նրան»։ Իսկ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը Ալիևը հակադրում է. «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»։


Շարունակել Ալիևի բարբաջանքը, կնշանակի վիրավորել հայությանը և բռնաբարել նրա լսողությունը։ Ես դա չեմ ուզում։ Սակայն ես ուզում եմ հարց տալ մեր ղեկավարությանը։ Ինչո՞վ բացատրել, որ մենք չկայինք Սոչիում՝ նախօրոք իմանալով Ալիևի մասնակցությունն այդ ֆորումին։

Լավ, եթե հնարավոր չէր ունենալ բարձր մակարդակով հայկական ներկայություն, կարելի էր չէ՞, գոնե մի հոդաբաշխ խոսող մարդ կամ լրագրող ուղարկել՝ ինտերակտիվ մասում մասնակցելու համար ։

Ակամայից մտածում ես, որ քիչ բան է փոխվել, կամ ոչինչ չի փոխվել մեր գործելակերպում, և հին հիվանդությունը մնացել է, այն է՝ ավելի լավ է լռել,  երբ հարձակվում են քո երկրի պետականության և ազգային շահերի վրա։ Եթե դա այդպես է, ափսոս...
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2789 reads | 04.10.2019
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com