ՊԵՏՔ ՉԷ ԿԱՐԾԵԼ, ՈՐ ԵԹԵ ՄԵԶ ՄՈՏ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Է, ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՄԵԶ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկյան աղբյուրների պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան հանրահավաքին մոտ 10.000 մարդ է եղել, դա շատ քիչ է Կալիֆոռնիայի հայության համար: «Արմնյուզ» ՀԸ «Օրախնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Հայտարարվեց, թե Լոս Անջելեսը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է: Կարծում եմ՝ դա քաղաքականապես այնքան էլ ճիշտ պնդում չէ: Առաջանում են հարցեր՝ կապված Ռուսաստանի հայ համայնքի հետ, երեք միլիոն հայ էլ այնտեղ կա: Հայաստանը մեկն է, Երևանը մեկն է»,- ասել է դիվանագետը: Վարչապետի այցելությունը ոչ թե պաշտոնական է, այլ ավելի շատ այց է հայ համայնք: Բարձր մակարդակով հանդիպումներ, ըստ Արման Նավասարդյանի, Նյու Յորքում էլ չեն լինի, ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն չեն հանդիպի վարչապետին: «Հայ-ամերիկյան օրակարգ չկա: Մեր երկկողմ հարաբերությունները երբեք չհասան այն մակարդակին, որին կուզեինք: ԱՄՆ-ի համար կարևոր են ՀՀ-ՌԴ և ՀՀ-Իրան հարաբերությունները»,- ասել է Արման Նավասարդյանը: Դիվանագետի կարծիքով՝ սխալ է այն մտայնությունը, որ եթե մեզ մոտ դեմոկրատիա է, ԱՄՆ-ն պետք է մեզ գրկաբաց ընդունի: ԱԳՆ-ի հռչակած համահայկականության սկզբունքը, որի մասին խոսեց վարչապետն իր լոսանջելեսյան հանրահավաքում, այնքան էլ հաջող չէ: Ըստ Նավասարդյանի՝ համահայկականությունը պետք է փոխարինվի հայաստանակենտրոնությամբ, նախ և առաջ՝ լայնամասշտաբ ներգաղթ կազմակերպելով: «Մենք այսօր չունենք ներգաղթի որևէ կոնցեպտ, առանց դրա Հայաստանը չի կարող լինել մեր երազած երկիրը»,- նկատել է նա: Նավասարդյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք հռչակված ինքնիշխանությունը բնավ նորություն չէ, այն ամրագրված է մեր Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրում. «Լավն է եղել իշխանությունը, թե ոչ, ՀՀ-ն եղել և մնում է ինքնիշխան: ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է, միջազգային իրավունքի սուբյեկտ: Ո՛չ ինքնիշխանությունը, ո՛չ համահայկականությունը չեն դիմանում որևէ քննադատության»,-ասել է նա: Ըստ դեսպանի՝ հեղափոխությունն այդպես էլ չմտավ ԱԳՆ. եթե մտներ, առանցքային դեսպանություններում չէին մնա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք նշանակված մի շարք դեսպաններ: Դիվանագետը նկատել է, որ պետական դիվանագիտության հետ մեկտեղ պետք է վարվի նաև հանրային դիվանագիտություն՝ փափուկ ուժ, դրան պետք է լրացնի նաև խորհրդարանական դիվանագիտությունը: «Մեր դիվանագիտական կորպուսը պետք է ամբողջապես վերանայվի»,- ամփոփել է Արման Նավասարդյանը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1334 reads | 25.09.2019
| |