ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՄՖԼԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ  

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Դիվանագիտությունը ծնունդ  է առել և ձևավորվել անտիկ ժամանակներում դիցաբանության, բազմաստվածության, հեթանոսական կրոնների պայմաններում ու թելադրանքով։ Իսկ Անտիկ աշխարհում աստվածները շատ-շատ էին։ Նրանք միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ միայն թե հրաշագործ էին, մեկ էլ՝ անմահ։ Աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թուլությունները՝ սիրային արկածախնդրութուններ, ամուսնական դավաճանություններ, երդմնադրժություն, էրոտիկա...

Աստվածներն այնպիսի արարքներ էին թույլ տալիս, որ մենք` 21-րդ արատավոր դարի վաստակաշատ մեղավորներս, նրանց փոխարեն կշիկնեինք և գետինը կմտնեինք։ Ժամանակի անվանի գրող փիլիսոփա Քսենոփոնն ասել է. «Հոմերոսն ու Հեսիոդոսը աստվածներին  վերագրել են ամենաանպատվաբեր, ամենաստոր արարքները՝  գողություն, խաբեբայություն, այլասերվածություն»։

Եթե աստվածներն այդ ամենը իրենց պահեին… աստված իրենց հետ։ Բայց նրանք իրենց վարքն ու բարքը ջանասիրաբար սփռում էին շուրջ բոլոր, բազմացնում իրենց նմանների շարքերը։

Եվ այսպես։  Այդ աստված  կոչվածների  մեջ հատուկ տեղ էր գրավում դիվանագետների աստված Հերմեսը։ Այո, այո, մի զարմացեք, հենց դիվանագետների։ Իսկ ո՞վ էր նա՝ այդ Հերմեսը։ Նա բազմաշնորհ ու բազմապրոֆիլ մի աստված էր։ Նրա իրավասության տակ էին զբոսաշրջությունը, մշակույթը, գիտությունն ու կրթությունը, առևտուրը, խաշնարածությունը, սպորտը։ Ծանոթ տեսարան է, չէ՞։ Սուպեր նախարարության, սուպեր նախարար։ Մեկ էլ, երբ մարդիկ մեռնում էին, Հերմեսը կազմակերպում էր նրանց ճամփորդությունը դեպի Հադեսի ստորգետնյա թագավորություն՝ այսինքն, ուներ թաղման բյուրոյի պես մի օբյեկտ։

Դա դեռ ոչինչ, Հերմեսը գողերի  փողոցային հեղինակությունների և մարմնավաճառների  աստվածն էր, նրանց պաշտպանը, ինչպես հիմա են ասում, «տանիքը»։

Եվ այդ Հերմեսը, մի օր հանկարծ որոշում  է ընդարձակել իր տիրույթները՝ դրանց ավելացնելով մի նոր ոլորտ, այն էլ ի'նչ ոլորտ՝ դիվանագիտությունը։ Նրան, ըստ երևույթին, գայթակղում է պետության հաշվին, առաջին կարգի ավաիտոմսով գործուղումները՝ լուսնի լույսի տակ, բացատի վրա, ջրավազանի շուրջ խորը դեկոլտեով գեղեցիկ կանաց շրջապատում անցկացվող դիվանագիտական ընդունելությունները։ Նույնպես՝  ծանոթ տեսարան։

Հերմեսի համար ցանկանալ, նշանակում է ունենալ։ Նրա յուրաքանչյուր կամակորություն տեղն ու տեղը կատարվում է։

Եվ գիտե՞ք, թե ինչու։ Նրա համար, որ գլխավոր աստված Զևսը նրա պապան է։ Նշանակում է. «Նրա դեմ խաղ չկա» ո'չ գետնի վրա, ո'չ երկնքում։ Ցավալիորեն ծանոթ տեսարան է, այնպես չէ՞։ Ուրեմն ի՞նչ։ Պարզվում է, որ դիվանագիտական կադրային քաղաքականությունում նեպոտիզմը՝ ազգակցականությունը և ծանոթությունը գալիս են անտիկ ժամանակներից։ Այլապես ինչով բացատրել, որ գերագույն աստվածը, նույն ինքը պետության նախագահը, տղային, այն էլ անբարոյական տղային, նշանակում է  արտաքին գործերի նախարար։

Անկեղծ ասած,  այդ  Զևսը ևս մի բարի պտուղ չէ։ Նա հիացած է Հերմեսի ճարպկությամբ և աչքաբացությամբ, քաջալերում է վերջինս ծնված օրվանից գողությամբ զբաղվելը։ Օրինակ՝ դեռ երեխա, Հերմեսը մորից՝ Մայայից թաքուն դուրս է գալիս օրորոցից, գողանում է եղբոր՝ Ապոլլոնի կովերը, վաճառում դրանք, հետո վերադառնում ու նորից պառկում տեղը։ Ասես, ոչինչ չի եղել։ Դժվարը, ասում են, առաջին քայլն է։ Հերմեսը հետո կատակի կարգովի «թռցնում է» Ապոլլոնի ոսկե նետն ու աղեղը, մյուս եղբոր՝ Պոսեյդոնի եռաժանին և հենց հոր՝ Զևսի գավազանը։ Սա արդեն, համաձայնեք, մանկական չարաճճիություն չէ, սա պրոֆեսիոնալ գողություն է։

Եթե Հերմեսն ուժեղ «մեջք» չունենար, նրա դեմ հավանաբար քրեական գործ կհարուցեին։ Մինչդեռ, այս ամենն այնքան է ոգևորում հայրիկին, որ նա Հերմեսին տալիս է նոր՝ ավելի պատասխանատու հանձնարարություն։ Այսպես, ուղարկում է նրան ազատելու գերության մեջ գտնվող  իր  սիրուհի Իոին։ Հերմեսը սուրում է դեպի այն լեռը, որի գագաթին հարյուրակնյա Արգոսը բանտարկել էր այդ կնոջը։ Հերմեսը, լինելով խոսքի մեծ վարպետ  դիվանագետ, քուն է բերում Արգոսին։ Ու հենց որ նա հարյուր աչքերը փակում է, դուրս է քաշում կեռ սուրը, մի հարվածով  թռցնում  գլուխը և Իոին փախցնում։

Ավելորդ է նշել, որ քիլերությունը նույնպես չի տեղավորվում դիվանագետի բարոյական նորմերի մեջ։ Հերմեսի արկածները սրանով չեն ավարտվում։ Նրա մատը խառն է նաև այլ մութ գործերում։ Հերմեսը դրդում է Պանդորային բացել արկղը, որը լիքն էր մարդկության համար բազում հիվանդություններով, ցավերով և դժբախտություններով։ Եվ այսպես, վերջանում է երկնային երջանկությունը։ Իսկ որ Հերմեսը բառիս լայն իմաստով փչացնում է այդ կնոջը՝ հայտնի փաստ է։

Արտգործնախարար Հերմեսը Պանդորայի սիրտը փոխում է  շան սրտով։ Եվ այդ դժբախտ կինը դառնում է փողոցային մարմնավաճառ,   սկսում է  շնանալ, խաբել, գողանալ, դառնում՝  որկրամոլ, անհագուրդ  ոսկու և սեքսի նկատմամբ։

Նշանավոր է Հերմեսի այցելությունը Կովկասյան լեռներ, որտեղ Զևսը շղթայագամել էր մարդկանց բարերարին ու բարեկամին, ազնվագույն հերոս Պրոմեթևսին։ Տեղ հասնելով՝ Հերմեսը խոսում է դիվանագետին ոչ վայել, անպատկառ լեզվով։

Հանճարեղ դրամատուրգ Էսքիլեսը իր «Շղթայված Պրոմեթևսը» թատերգությունում պատմում է, թե ի՜նչ լուտանքներ, ի՜նչ անպատվաբեր խոսքերի և վիրավորանքների շարան է ուղղում կադրային դիվանագետ Հերմեսը այդ պատվարժան մարդուն, անվանում է նրան «իմաստակ, թունավոր արարած»։ Հետո հոր՝ Զևսի անունից սպառնալիքներ է թափում խեղճի գլխին.

Տե'ս, եթե դու իմ խոսքերին չենթարկվես,
Սպասում է քեզ չարյա ալիք, փոթորիկ։
Չես խուսափի դրանից. նախ խորդուբորդ
Ժայռդ հայրս որոտներով, շանթերով
Կփշրի և քո մարմինը կծածկի
Մոխրակույտով, դու կթաղվես ընդերքում։
Լույս չես տեսի։ Զևսի շունը թևավոր՝
Արյունարբու արծիվն ագահ կլափի
Ծվենները քո բզկատված մարմնի։

Նման սարսափելի տեսարաններ։ Մի խոսքով, հայր ու որդի իրար արժեն։ Հերմեսն իր բարոյական օրինակով ոգևորել է հետագա սերունդների բոլոր կազանովաներին, դոնժուաններին և լովելասներին։ Նա ունեցել է բազմաթիվ «անցողիկ» սերեր, իսկ պաշտոնական երկու սիրուհի՝ ստորգետնյա թագավորության ասվածուհի Պերսեփոնեն և սիրո ու գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն։ Առաջինի հետ նա հանդիպում էր, երբ հանգուցյալներին ուղեկցում էր ստորգետնյա թագավորություն։ Ասել կուզի՝ չարաշահում էր պաշտոնական դիրքը և ժամանակ չէր կորցնում    գործուղումների ընթացքում։ Օգտակարը համակցում էր գործնականի հետ։
Իսկ Աֆրոդիտեի հետ՝ ամեն տեղ և ամեն առիթով։

Ձեր հիշողությունը թարմացնելու համար խորհուրդ կտանք ևս մեկ անգամ ընթերցել հանճարեղ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»։ Եվ դուք կհամոզվեք, որ Հերմեսը ոչ միայն գող է, այլասերված և խաբեբա, այլև պատերազմի հանցագործ, հրձիկ, անտիկ աշխարհի ամենամեծ և արյունալի  Տրոյայի պատերազմի հրահրողներից մեկը։

Եվ այսպես, Աքիլլեսի ծնողների՝ Թեսալիայի Պելես թագավորի և ծովերի աստվածուհի   Թետիսի հարսանիքին հրավիրված էին բոլոր աստվածներն ու աստվածուհիները, բացի Իրիս անունով ծիածանի աստվածուհուց, ինչը դիվանագիտական արարողակարգի աններելի սխալ էր։ Իրիսը մահացու վիրավորված է։ Վրեժ է տենչում։ Հայտնի բան է՝ կանանց վրեժը միշտ էլ նենգ է եղել, մանավանդ, հնում։ Իրիսը դահլիճ է նետում ոսկե խնձոր՝ վրան գրված՝ «Ամենագեղեցիկ կնոջը»։ Հարսանյաց հանդեսին ներկա են երեք հզորագույն կանայք ՝ իմաստության աստվածուհի Աթենաս Պալլասը, «շեֆի»՝ Զևսի կին Հերան, այսինքն՝ «first lady»-ին և գեղեցկուհի Աֆրոդիտեն։ Տեսնելու բան է, թե ինչ կատարվեց։ Նրանք քիչ էր մնում, իրար մազ փետեին մի խնձորի խաթեր, որը պատմության մեջ մնաց՝ «Կռվախնձոր»։

Այնժամ Զևսը, ինչպես հաճախ են անում շեֆերը, ընդունում է մի ապուշ որոշում. երեք կանանց գործուղում է Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսի մոտ, որպեսզի նա կարգավորի վեճը։ Իսկ ուղեկցող կարգում է Հերմեսին, ինչպես ասում են՝ գայլին պահապան գառներին։  Հերմեսը և Աֆրոդիտեն, արդեն ձեզ ասել եմ, վաղուցվա սիրահարներ են։ Դե,  նրանք ժամանակ չեն կորցնում։ Աֆրոդիտեն հղիանում է։

Դա, իհարկե, հանցագործություն չէ։ Հանցագործությունը կատարվում է հետո։ Գալով Պարիսի մոտ՝ աստվածուհիները գործի են դնում կաշառքը, որպեսզի ձեռք գցեն ոսկե խնձորը։ Ամեն մեկն իր ձևով։ Հերան Պարիսին խոստանում է կարգել պետությունների նախագահ, Աթենասը՝ իմաստություն և երջանկություն, իսկ Աֆրոդիտեն, հավանաբար,  նենգ Հերմեսի խորհրդով՝աշխարհի ամենագեղեցիկ կնոջը՝ Հեղինեին։ Պարիսը, լսած լինելով վերջինիս աննման գեղեցկության մասին, խելքամաղ է լինում։ Հետո Աֆրոդիտեն և Հերմեսը Պարիսի ձեռքը բռնած բերում են Սպարտա, որի թագավոր Մենելաոսի կինն էլ հենց գեղեցկուհի Հեղինեն է։

Թագավորը փառք ու պատվով ընդունում է հյուրերին, իսկ երբ մի օր գործի է գնում, հյուրերը Հեղինեին առած փախչում են Տրոյա։ Իսկ նա կամավո՞ր է փախչում, թե՞ բռնի, պատմությանն անհայտ է։ Մնացածը բոլորդ գիտեք։ Սպարտան իր դաշնակիցների հետ  պատերազմ է հայտարարում Տրոյային, որը տևում է 10 տարի և խլում հազարավոր կյանքեր։ Եվ այդ ամենը խաղաղության առաքելության կոչված Հերմեսի խարդախամիտ սադրանքների շնորհիվ։

Այս բոլորն իմանալով՝ դիվանագետները դարեր շարունակ տարակուսած հարցնում են. «Լա՜վ, իսկ մեր մեղքը ո՞րն է, ինչո՞ւ այդ վարնոց սինլքորին փաթաթեցին մեր վզին։ Մի՞թե այդքան աստվածների մեջ մեկ ուրիշը չգտնվեց»։

Այդուհանդերձ, եկեք խիստ անարդար և աչառու չլինենք Հերմեսի նկատմամբ և չդիտենք  միակողմանիորեն՝ որպես հրեշ, աթենքյան փողոցի ստահակ և սինլքոր։ Չմոռանանք, որ լավ, թե վատ՝ նա մեր դիվանագետների նախահայրն, իսկ ծնողներին, հայտնի բան է, չեն ընտրում։

Ի դեպ, անտիկ որոշ աղբյուրներ Հերմեսին ներկայացնում են  որպես հմայիչ, անգամ խարիզմատիկ երիտասարդ, փայլուն  դիվանագետ, հմուտ բանակցող, որը կարողանում է հեշտությամբ օգտաշատ և վստահելի կապեր հաստատել, տիրապետում է մարդկանց համոզելու և իր կողմը գրավելու գաղտնիքներին։

Ի տարբերություն հին հունական դպրոցի շատ դիվանագետների, որոնք հաճախ էին խախտում գաղտնապահության կանոնները և թույլ տալիս ինֆորմացիայի արտահոսք, Հերմեսը փակբերան էր։ Դրա համար էլ այն ամենը, ինչը հուսալիորեն փակ է, կոչվում է «հերմետիկ»՝ ի պատիվ Հերմեսի։

Եվ ամենագլխավորը՝ չմոռանանք, որ, ըստ դիցաբանության, Հերմեսն է սահմանել դեսպանների անձեռնամխելիության կարգավիճակը, որը վավերացրել է ամենակարող Զևսը։

Մենք Հերմեսին ենք պարտական նաև այն գեղագիտական հաճույքի համար, որը մեզ պարգևում է նրա կերպարը արվեստի գլուխգործոցների միջոցով։ Հերմեսն է ոգեշնչել քանդակագործներ Պրակսիթելին, Թորվալդեսին, հանճարեղ նկարիչներ Կորեջիոյին, Տինտորետոյին, Վերոնեզեին, Ռուբենսին և Լորեսին՝ կերտելու անմահ գլուխգործոցներ։ Հիշենք նաև, որ Հերմեսի անունով գործող շատ միջազգային ֆիրմաների արտադրանքից օգտվում են գեղեցիկ իրերի սիրահարները, այդ թվում՝ հենց դիվանագետները։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2899 reads | 12.09.2019
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com