ԽՈՐՀՈՒՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ. «ԼՍԻ'Ր ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ, ԽՈՍԻ'Ր ՄԵԿ ԱՆԳԱՄ»

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ  

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Անտիկ աշխարհի մեծերը՝ շատախոսության, լսելու և լռելու մասին

Հույն նշանավոր փիլիսոփա և պատմիչ Պլուտարքոսը սույն հայտնի աֆորիզմը պայմանավորում է այն հանգամանքով, որ «մարդ արարածն  ունի երկու ականջ և մեկ բերան»։  Հետո նա մի ողջ տեսություն է զարգացնում լռելու, լսելու և շաղակրատելու վերաբերյալ իր «Շատախոսության մասին» հայտնի տրակտատում։ Շաղակրատանքն ու բարբաջանքը համարելով մեծագույն չարիք այդ արատներն ունեցողի և շրջապատի համար՝ Պլուտարքոսն այն միտքն է հայտնում, որ բնությունը մարդու մեջ ոչինչ այնպես չի սահմանափակում, ինչպես լեզուն՝ «դրա առաջ տեղավորելով ատամների պահակախումբ»։  Շատախոսությունը «հոգու հիվանդություն է», «կենսաբանական պահանջ»։ Այդ ախտով տառապողը «ծարավ է» շաղակրատանքի, նրան ուղղակի տանջում է խոսելու մարմաջը։ Շատախոսը դեզինֆորմացիայի (ապատեղեկատվության) աղբյուր է, գաղտնիքներ բացահայտող, բայց ոչ իր սեփական գաղտնիքները։ Մեծ փիլիսոփան շատախոսին համարում է «կամավոր և անշահախնդիր լրտես, ընդ որում այդ լրտեսը ոչ-ոքից հատուցում  չի ակնկալում։ Նա արդեն շնորհակալ է, որ իրեն  լսում են»։ Հույն փիլիսփայության մեկ ուրիշ հսկա՝ Սոկրատեսը իր հերթին հատուկ ուշադրություն է դարձնում խոսելուն և լռելուն։ «Խելացի խոսելը դժվար է, իսկ լռելն ավելի դժվար է»,- ասում է նա։

Լսելու ամերիկյան  «զտման մոդելը»

Խոսելը, լսելը, լռելը, պաուզան մարդկային հաղորդակցության անքակտելի բաղադրիչներ են, որոնց ճիշտ կիրառումից կախված է իրար հասկանալու, փոխկապակցվելու և համագործակցելու հաջողությունը, կամ դրանց տապալումը։ Հա՞րկ է ավելացնել, որ այս ամենը  դիվանագիտության քվինտ էսենցիան է՝ բուն էությունը։ Դիվանագետներ պատրաստող ուսումնական հաստատություններում սովորեցնում են խոսելու արվեստ։ Բայց լսելու, ընդ որում, ակտիվ լսելու, զրուցակցի հետ չընդմիջվող և դինամիկ հետադարձ կապ պահելու մասին առարկաներ, դժբախտաբար, չեն դասավանդում։ Ուսումնական հաստատությունների այս արատն է նկատի ունեցել հայտնի հոգեբան Լի Յակկոկան, երբ գրել է . «Ես կցանկանայի  գտնել այնպիսի ինստիտուտ, որտեղ    մարդկանց լսել և լռել սովորեցնեին»։

«Դիվանագետն այն մարդն է, որին վճարում են, որպեսզի նա երկար մտածի, նախքան ոչինչ չասելը»,- նշել Դուայտ Այզենհաուերը։  է Եվ լռելը և, մանավանդ, լսելը դժվար գործ է։ Լսել՝  նշանակում է ուշադրություն դարձնել մարդուն և հնարավորության սահմաններում փորձել հասկանալ, թե նա ինչ է ուզում ասել։ Ամերիկյան հոգեբան Թիմ  Սանդերսը գրում է. «Դուք, հավանաբար, նկատել եք, թե որքան դժվար է գտնել մեկին, որն ուզենա լսել ձեզ։ Մեզ այնքան աղմուկ և ինֆորմացիա են պարտադրում, որ կարծում եմ, ուշադրությունը շուտով կդառնա նոր դեֆիցիտային ռեսուրս»։

Անցյալ դարի 90-ական թվականներին Քեմբրիջի համալսարանի հոգեբանների խումբը՝ Դոնալդ Բրաթբենդի գլխավորությամբ, մշակեց «զտման մոդելի» տեսությունը, որի էությունը հետևյալն է։ Մարդը տիրապետում է ընտրողական զտիչի, որը նվազեցնում է ընդունող սենսորային ինֆորմացիայի ծավալը։ Նոր ինֆորմացիան որոշ ժամանակ դանդաղում է և հետո նոր միայն մշակման համար հասնում ուղեղին, բայց սոսկ այն դեպքում, եթե պարզվում է, որ այդ ինֆորմացիան կարևոր է։ Այս տեսությունը վկայում է, որ իսկապես գոյություն ունի ուշադրության կենտրոնացման, մարդկանց լսելու լուրջ պակաս, որը և դժվարացնում է նրանց հաղորդակցությունը, իջեցնում զրույցի օգտակար գործողության գործակիցը։

Զրուցակցիդ վերաբերվիր, ինչպես աշխարհում ամենակարևոր մարդուն

Լսելը և ունկնդրելը նույն հասկացությունները չեն։ Մենք մշտապես լսում ենք ֆոնային ձայն, սակայն դրան ուշադրություն չենք դարձնում։ Բայց, երբ իրոք ունկնդրում ենք, որոշակի կապ ենք հաստատում մարդու հետ։ Հայերենի հարուստ բառաֆոնդում «լսել» բառն ունի տասնյակի հասնող հոմանիշներ՝ իրենց նրբերանգներով հանդերձ. ականջ դնել, ըմբռնել, իմանալ, միտքը հասկանալ, անսալ, մտիկ անել և այլն։ Այս բազմազանության մեջ մեզ համար կարևոր է առանձնացնել լսելու այն տեսակը, որը գալիս է լրացնելու էմպաթիայի (ամպրումակցման) ֆենոմենը, դառնում է նրա մասնիկը և վերջին հաշվով, հանդես գալիս որպես զրուցակցին ընկալելու կարևոր միջոց, նրա հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտ պայման։  Զրույցի հաջողության համար անհրաժեշտ է ոչ միայն ուշադիր լսել, այլև կենտրոնանալ զրուցակցի ասածի վրա, չընդմիջել և անվերջ ու անտեղի չարտահայտել սեփական կարծիքը։ Պետք է կարողանալ լսել առանց դատապարտելու և խորհուրդներ տալու։  Զրուցակցին վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվեն աշխարհի ամենակարևոր անձնավորությանը. սա  զրուցելու արվեստի գաղտնիքներից մեկն է, այն կախարդական բանալին՝ զրուցակիցների միջև անկեղծ հաղորդակցության և շարունակական կապեր ստեղծելու ճանապարհին։ Հաջող զրույցի և ինֆորմացիա ստանալու համար, որը դիվանագիտական զրույցի հիմնական նպատակն է, խորհուրդ ենք տալիս, «անցնել երկրորդ պլան», այսինքն քիչ խոսել քեզնից և քո խնդիրներից, այլ «առաջ մղել» դիմացինին։ Փորձված միջոցներից մեկը «ես, իմ, ինձ» անձնական դերանունները ստորադասելն է «դուք, ձեր, ձեզ» դերանուններին։ Սակայն պետք է խուսափել ծայրահեղություններից, որպեսզի զրուցակիցի մոտ այն տպավորությունը չստեղծվի, թե դուք «խոսեցնում եք» իրեն՝ ցանկանալով մնալ ստվերում։ Այդ դեպքում՝ զրույցի անհաջողությունն ապահովված է։

Միակ ձեռքբերովի բնազդ

Բացի ժառանգական բնազդներից (պաշտպանական, սեռական, ծնողական, խմբային և այլն) գոյություն ունի ձեռքբերովի մի բնազդ ևս, որը տեղ է գտնում մարդու ենթագիտակցության մեջ, ուղղորդում նրան, ուղեկցում վաղ մանկությունից մինչև կյանքի վերջը։ Դա շրջապատի կողմից ընդունված և պահանջված լինելու բնազդն է, առանց որի մարդը կդադարի սոցիումի անդամ լինելուց, կկորցնի իր ինքնությունը և «ԵՍ»-ը։ Այս ենթատեքստում առաջնային նշանակություն է ստանում հաղորդակցության ժամանակ լսելու և լսելի լինելու հանգամանքը։  Երբ դիմացինը ուշադրությունը կենտրոնացնում է ձեր վրա, առանց ընդմիջելու ունկնդրում, հնարավորություն է ընձեռում կիսելու ձեր մտքերն ու զգացմունքները։ Դուք չեք վախենում չհասկացվելուց։ Իսկ զրուցակցի հետաքրքրության կորուստը ձեր նկատմամբ, նախ ֆրուստրացնում (հուսախաբության է մատնում)  ձեզ, հետո՝ ձախողում է դիվանագիտական զրույցը և արդյունքը հավասարեցնում է  զրոյի։ Եթե մարդը գիտե լսել, ուրեմն գիտե նաև հարգել դիմացինին։ Երբ դուք ուշադիր լսում եք դիմացինին, նրա մեջ պատրաստակամություն է առաջանում հաշվի առնել ձեր տեսակետներն ու փատարկները, եթե անգամ համաձայն չէ դրանց հետ։ Դիմացինի դիրքորոշումը լավ հասկանալու համար հարկ է ուշադիր ունկնդրել նրան, ինչը հնարավորություն է ընձեռում վերլուծել իրադրությունը և ընդունել ճիշտ, օպտիմալ որոշում։

Շարունակելի
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1786 reads | 08.09.2019
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com