ԹԱՎՇՅԱ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. քաղաքական էսսե
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ աղբյուրը՝ «Հայկական ժամանակ» ![]() ![]() Այդ է պատճառը, որ հայկական հեղափոխությունը զարմացրեց, անգամ հիացրեց միջազգային հանրությանը։ Մի՞թե հնարավոր բան է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց (նախ՝ այդ հանելը մնում է հանելուկի պես մի բան), օրերով փակել փողոցները, համալսարանները, դպրոցները, հիմնարկները և չունենալ ոչ մի զոհ։ Պարզվում է, որ հնարավոր է։ ![]() Սա՛ է մեր ժողովուրդը, իր ազնվագույն և մարդկային հատկանիշների ամբողջության մեջ։ Սակայն այստեղ վերջանում է թավշյա հեղափոխության հովվերգության առաջին արարը, հետո բեմահարթակ է իջնում հակահեղափոխական մոնստրը, որը նույնպես, ցավոք, մեր ժողովրդի բաղադրյալն է։ Ժողովրդական հզոր շարժումից մահացու վախեցած քրեաօլիգարխիան և նրա հետ սերտաճած պետական կառույցները կազմում են շրջանաձև պաշտպանություն և անում ամեն ինչ ներկա կառավարությանը տապալելու համար։ Դրանում դnւյզն անգամ չպետք է կասկածել։ Նրանց հաշվարկներով, եթե չհաջողվի ներքին հակահեղափոխությունը, ապա կգործի արտաքին հակահեղափոխությունը, որը հենց իրե՛նք կներմուծեն Հայաստան, եթե, իհարկե, ի զորու լինեն։ Անշուշտ, հակահեղափոխականների շարքերում կան ուսյալ այրեր, որոնք գիտեն, թե ինչ է Տիզբոնը, կարդացել են Ստյուարդների և Բուրբոնների հակահեղափոխական դավերի մասին և փորձում են այդ ամենը պրոյեկտել հայկական իրականության վրա։ ![]() Իսկ Երևանում «փրկարարների» մյուս ջոկատը պառլամենտի կամարների տակ «կարաուլ» կանչեց` փորձելով խաղաղ հեղափոխությունը ներկայացնել որպես հակառուսական բունտ, ներկրված մայդան` առանց հասկանալու (կամ հասկանալով), որ այդ ամենը կարող է Հայաստանը վերածել երկրորդ Սիրիայի և բարդուղեմեոսյան գիշերվա։ Չհաջողվեց։ Փառք Ամենակարողին, որ ոչ՛ հեղափոխության առաջնորդը, ոչ՛ էլ Մոսկվան չենթարկվեցին սադրանքի, իսկ Կրեմլը պաշտոնապես հայտարարեց. «Հայաստա՛ն, Ռուսաստանը մի՛շտ քեզ հետ է»։ Եթե ասվածը թարգմանենք դիվանագիտական լեզվով, ապա, ի հեճուկս սերժականների, Պուտինը ողջունում է հայ ժողովրդի ընտրությունը, և փտած ռեժիմի տապալումը։ Նույն տոնայնությամբ և տրամաբանությամբ են հնչում աշխարհի բոլոր կողմերից ստացվող շնորհավորանքներն ու գնահատականները։ Այսօր էլ հակահեղափոխական մեքենան ակտիվորեն փորձում է Ռուսաստանին գժտեցնել նոր իշխանությունների հետ։ Թիրախ է ընտրված, օրինակ՝ ազգային անվտանգության խորհրդի, ընդամենը մի քանի օր առաջ նշանակված քարտուղարը, որին փորձում են ներկայացնել որպես Ռուսաստանի և Պուտինի ոխերիմ թշնամի։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ինֆանտիլիզմի հասնող քաղաքական ավելի տհաս և ազգավնաս սադրանք դժվար է պատկերացնել։ Իսկ ՀՀԿ-ն դեռ հավաստիացնում է, որ համագործակցելու է կառավարության հետ։ Թվում է, պետք է ուրախանալ և մեկտեղել հայության ճիգերն ու ջանքերը բռնատիրությունից ազատված երկիրը վերականգնելու և շենացնելու, հանցավոր ռեժիմը վերացնելու ուղղությամբ, ինչը պատմական շանս է Հայաստանի համար։ Տեղի՞ն չէ հիշել՝ «Չես կարող օգնել, գոնե մի խանգարիր» խրատը։ Մինչդեռ հակահեղափոխությունը մտմտում և գործում է այլ կերպ։ Խաղալով համագործակցության իմիտացիա` նա փորձում է ժամանակ շահել, հնարավորինս հետաձգել ընտրությունները` առնվազն մինչև 2022 թվականը, հետո անցնել հակահարձակման և վերակենդանացնել կորցրած իշխանությունը։ Այսպիսին է հեռացող ռեժիմի ռազմավարությունը, իսկ մարտավարությունը գրեթե նույնն է, ինչը բոլոր հաղթանակած հեղափոխությունների պարագային։ Ժամանակ չտալ նոր իշխանություններին ուշքի գալ, սերմանել դժգոհություն, օգտվել նորանշանակ պաշտոնյաների անփորձությունից, խոշորացույցի տակ առնել ամեն մանրուք ու դժվարություն, միաժամանակ կույսի ամոթխածությամբ լռելության մատնել իրենց կողմից անմեղ մարդկանց թափած արյունը, ահռելի արտաքին պարտքը, ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, մարդու իրավունքների և արժանապատվության լլկումը։ Սոփեստության «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով են, հավանաբար, առաջնորդվում հակահեղափոխական տեխնոլոգները, երբ կազմում են հանրապետականների «ճանապարհային քարտեզը»։ Արդյունքում` կառավարության յուրաքանչյուր քայլ ենթարկվում է ցինիկ քննադատության և օբստրուկցիայի։ Այսպես, վերացվում են ճանապարհային տուգանքները` վատ է, գիտության և կրթության նախարարը հանդես է գալիս որևէ նախաձեռնությամբ` վատ է, մշակույթի նախարարը մի միտք է հայտնում, ընդ որում հաջող, վատ է, երեխան խոսում է հանրահավաքի հարթակից` վատ է, սրբապղծություն։ (Մոռանում են, որ նրա հասակակից Գավրոշը ֆրանսիական հեղափոխության հերոս է)։ Ամեն ինչ վատ է, և այսպես շարունակ։ Իսկ նախկինների կարծիքով, ամենավատն իշխանության եկած երիտասարդներն են, ինչը (հանճարեղ եզրահանգում) վտանգի տակ է դնում երկրի պետականությունն ու ազգային շահերը։ Խորանալով տարիքային չարչրկված հարցի մեջ` հանրապետական գաղափարախոսները հիշում են Դանթոնի մռայլ գուշակությունը, թե հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Բայց մոռանում են, որ հենց Ֆրանսիայի պատմության մեջ ոսկի էջեր են գրել նույն երիտասարդները, օրինակ, Նապոլեոնի փառապանծ երիտասարդ գվարդիան, որը նվաճեց աշխարհի կեսը։ Սակայն իրադրության ամենանուրբ և բարդ խնդիրը հեղափոխության հռչակած այն պոստուլատն է, որ վենդետա չի լինելու։ Այս հարցում ևս հայկական հեղափոխությունը տարբերվում է և՛ դասական, և՛ թավշյա հեղափոխություններից՝ իր հումանիզմով և մարդասիրությամբ, այն դեպքում, երբ XXI դարը հռչակում է ակտիվ պայքար կոռուպցիայի դեմ` Բրազիլիայից մինչև Մալայզիա, Հարավ-աֆրիկյան հանրապետությունից մինչև Ռուսաստան ու Ֆրանսիա, պայքար, որը չի խնայում ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, ո՛չ նախարար։ Վերացարկվելով պատմության փորձից` նախկինները սպառնում են, որ թավշյա հեղափոխականները հանձնելու են իշխանությունը «մեծ արյան գնով, ոստիկանների մահակների հարվածների տակ»։ Մինչդեռ, նոր իշխանություններն այդպես էլ չկանգնեցին վրիժառության դիրքերին և չվանկարկեցին «Ակն ընդ ական»։ Սա քաղաքական պարադոքս է, պատմական կազուս։ Բայց փաստ է։ Սակայն մարդիկ արդարացիորեն պահանջում են վերականգնել օրինականությունը, վերադարձնել թալանածը և ապաշխարել։ Մեկ էլ, հավանաբար՝ հիշելով Վիսոցկու հայտնի խոսքերը, ուզում են, որ գողը բանտ նստի: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4576 reads | 31.05.2018
| |