«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ»
![]() -Ինչպե՞ս եք մեկնաբանում սիրիական ռազմական օբյեկտներին ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա ռազմական հարվածը։ -Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 14-ին, դեպքերի զարգացման տրամաբանական վախճանն էր, և պետք է ասել, «ամենաբարեհաջողը» ստեղծված գերլարված քաղաքական առճակատման պայմաններում։ Կետային հարվածները չունեցան պատասխան ռուս-իրանական զինուժի կողմից, որից վախենում էին բոլորը, քանի որ դա կարող էր հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Սա ենթադրել է տալիս, որ գոյություն է ունեցել ինչ-որ պայմանավորվածություն հակամարտող կողմերի միջև։ -Ի՞նչ եք կարծում, ռմբակոծումները կկրկնվե՞ն։ -Կարծում եմ` ոչ։ Համենայն դեպս, մոտ ժամանակներս։ Այս հարվածը առկա քաղաքական լարված կրքերի եռման կետ, գոլորշու արձակում էր։ Այստեղ մենք գործ ունենք քաղաքական այն ֆենոմենի հետ, որ կոչվում է «Պասկալի բանաձև», երբ հակամարտող կողմերը փոխադարձ համաձայնությամբ գնում են որոշակի քայլերի, ոչ թե կոնֆլիկտը վերջնականորեն կարգավորելու, այլ, ինչպես ասում են, «դեմքը փրկելու» համար։ Սա խնդրի ժամանակավոր լուծում է։ Այնպես որ` սիրիական «ոդիսականը» ավարտված չէ, դեռ առջևում է։ Սակայն պարզվեց նաև մի կարևոր հանգամանք. ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան չեն սանձազերծի պատերազմ։ Ավելին, այս ամենին կարող է հետևել երկխոսության սկիզբը։ Սա բացառված չէ։ -Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը։ -Մեղմ ասած, ուխտադրուժ և նենգ։ Մի քանի օր առաջ, երբ հորիզոնում պատկերվում էին ռուսական միջուկային քսանմիլիարդանոց գործարքը, Ս-400 հրթիռը և մի շարք այլ դիվիդենդներ, Էրդողանը Պուտինին անվանում էր «թանկագին դաշնակից, բարեկամ»։ Հետո հրթիռների պայթյունը դեռ չլռած, նա ողջունեց Թրամփի քայլը, համաձայնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկելու «Ինջերլիկ» ավիաբազան տրամադրելու հարցը, կոպտեց Սերգեյ Լավրովին Աֆրինի հետագա ճակատագրի վերաբերյալ, խորհուրդ տվեց Մոսկվային վերջացնել Միացյալ Նահանգների հետ «բազարային գզվռտոցը» և այլն։ Հետաքրքիր է, այս ամենից հետո ռուս-թուրքական հարաբերություններում որտե՞ղ է տեղադրվելու թուրքական «երկրորդ դանակը»։ Ավելին, Էրդողանն այն քաղաքական գործիչներից է, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակից փորձում է շահած դուրս գալ։ Երեկ, օրինակ, Ղութայից դուրս եկավ գրոհայինների վերջին խումբը` 7 հազար մարդ, նրանց տեղափոխում են երկրի հյուսիս, այդ թվում թուրքերի հսկողության տակ գտնվող Ջարաբլուս քաղաք։ Էրդողանը պատրաստվում է այդ խմբից և դրանից առաջ այստեղ հավաքված գրոհայիններից կազմելու իսլամական ահաբեկիչների ջոկատներ` քրդերի դեմ կռվելու համար։ Ահա թե ինչպես է նա Սիրիան մաքրում Դաեշից։ Այսպիսին է նորընծա «սուլթանը»։ Իզուր չէ, որ այդ ֆյուրերատիպ գործչին համարում են դարի ամենավտանգավոր քաղաքական գործիչներից մեկը։ Նրանից պետք է զգուշանալ։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4303 reads | 20.04.2018
| |