ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ Դիվանագետի անձեռնմխելիության կարգավիճակը ինստիտուցիոնալ ձևակերպում է ստացել և դարձել միջազգային իրավունքի նորմ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվեցիայով, որն ընդունվել է Վիեննայի 1961թվականի ապրիլի 18-ին։ Այն համարվում է ժամանակակից դիվանագիտության միակ և անսխալական ուղեցույցը` իր տեսակի կատախեզիսը։Սակայն դիվանագետի անձեռնմխելի լինելու անհրաժեշտությունը մարդիկ գիտակցել են շատ հնուց։ Խնդրի կենսական անհրաժեշտությունը ծագել է դեռևս համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար փոր էին թափում։ Եվ օրերից մի օր, երբ մեկ ցեղից մյուսին այցելած «պատգամավորի» վրա չհարձակվելու և չհոշոտելու հրահանգ չեղավ` սկիզբ դրվեց օտարի անձեռնմխելիության գործընթացը։ Չլիներ այդ դարակազմիկ «now how»-ն, մարդկությունը չէր գոյատևի։ Հետագայում ֆիզիկական անվտանգությունից բացի դիվանագետների ապահովությունը տարածվեց նաև նրանց ընտանիքի անդամների, կացարանների և աշխատատեղերի, ունեցվածքի, ինչքի, փաստաթղթերի և փոստի վրա։ Սակայն անձեռնմխելիության ինստիտուտն անցել է երկար և տատասկոտ ճանապարհ։ …Ռամզես XI-ի թագավորության օրոք, Քրիստոսից առաջ տասնմեկերորդ դարում, Ուեն Ամուն անունով եգիպտացի մի պաշտոնյա ուղևորվում էր Լիբանան՝ Ամուն-ռե թագավորի բարկասի համար փայտանույթ ձեռք բերելու։ Բայց նրա առաքելության վրա երևի չար աչք կար։ Նեղոսի գետաբերանի «Ոսկե» նավահանգստում Ամունին ոտքից-գլուխ թալանում են։ Սակայն նա շատ արագ կարողանում է ձեռք գցել կորցրածի չափով արծաթ, վճարում է նավավարին և հասնում Սիրիայի Բիբլոս քաղաքը։ (Կաշառքը բոլոր ժամանակներում մթում լույս է տալիս)։Բայց Բիբլոսից մեկնելու պահին նավավարը, որին Ուենը վճարել էր ճանապարհավարձը դիմում է դատարան` պահանջելով ավելացնել վճարը։ Եգիպտացուն բանտարկում են։ Բիբլոսի արքայազնը ողջ գիշեր աչք չի փակում, ծանր ու թեթև է անում իր կայացվելիք որոշումը։ Հաջորդ առավոտ նա հրապարակում է իր վճիռը. «Քանի դեռ Ուեն Ամունը պաշտոնական հյուր է` նա ենթակա չէ ազատազրկման»։ Եվ տրամադրելով նավ ու նավաստիներ՝ եգիպտացի հյուրին ճանապարհում է տուն։ Սակայն վերջինիս բախտը կրկին չի բերում։ Այս անգամ էլ նա ենթարկվում է ուժեղ փոթորկի և ափ է դուրս գալիս Կիպրոս կղզում, որտեղ տեղաբնիկները ցանկանում են կոտորել կամ հոշոտել նավաբեկյալներին։ Այնժամ Ուենը, որն արդեն հմտացել էր վտանգներից խույս տալու և իշխանությունների պաշտպանությանն ապավինելու դիվանագիտական միջոցներին` դիմում է տեղի կառավարիչ Հաթիբին` հայտարարելով, որ ինքն անձեռնմխելի է և զգուշացնում է, որ իր և իր անձնակազմի սպանությունը կարող պատերազմական գործողությունների պատճառ դառնալ Բիլբոսի և Կիպրոսի միջև։ Սպառնալիքը ներգործում է։ Եվս մեկ անգամ Ուեն Ամունը խուսափում է մահվան սպառնալիքից և բռնում տան ճանփան։ Սա պատմությունից մեզ հասած առաջին դեպքն է, երբ օտարերկրացին ենթագիտակցորեն հղում է կատարում անձեռնմխելիության գաղափարին և փրկում է կյանքը։ Այն էլ առանց գրավոր փաստաթղթի, որը հետագայում ստանում է հավատարմագիր անվանումը։ Օտարները խուսափել են վտանգից մագաղաթի վրա արված` իրենց ինքնությունը փաստող գրառության շնորհիվ։ Էլ-Ամառնի շրջանից սկսած հին Եգիպտոսի փարոնները (XIV—XIII դարեր Ք.ա.) հազարամյակներ շարունակ ակտիվորեն օգտվել են սուրհանդակների, դեսպանորդների և դեսպանների ծառայությունից` օժտելով նրանց անձեռնմխելիությունը փաստող մագաղաթով։Բոլոր հին քաղաքակրթությունները` Հնդկաստանը, Հին Հունաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Միջին Արևելքը, բրոնզե դարաշրջանի Եվրոպան, անշուշտ, նաև Հայաստանը առևտուր են արել, կազմել և քանդել են միություններ, հարկեր և տուգանքներ են վճարել, հետևաբար ունեցել են անձեռնմխելիության ստատուս։ Իսկ երբ մենք գանգատվում ենք, թե Հայաստանի դիվանագիտությունն անփորձ է իր քսանհինգամյա տարիքի պատճառով, մոռանում ենք, որ միջազգային հարաբերությունների հայկական գործառույթներն սկիզբ են առնում անտիկ ժամանակներից։ Հայաստանը կարևոր միջանցք է եղել Մետաքսի Ճանապարհով աշխահամասերն իրար հետ կապելու գործում։ Պլուտարքոսը վկայում է, որ քաղաքամայր Արտաշատը եղել է առևտրատնտեսական կապերի խաչմերուկ դեռևս Ք.ա. I դարում։ Իսկ Ստրաբոնը և ուրիշ հին պատմաբաններ վկայում են հռոմեա-պարթևական առևտրական հարաբերություններում Հայաստանի խաղացած կարևոր դերի մասին։ Չինաստանից մինչև Սասանյան Իրան և Կոնստանդնուպոլիս ձգվող Մետաքսի ճանապարհն անցել է Հայաստանի վրայով։ (Ժամանակն է վերականգնելու հայկական պատմության այդ մոռացված փառապանծ էջերը)։…Այնպես որ, դիվանագիտության անձեռնմխելիության ինստիտուտը տարբեր ձևաչափերով Հայաստանի համար ունի հինգ հազար տարվա պատմություն։ | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 3054 reads | 14.01.2018
| |



…Ռամզես XI-ի թագավորության օրոք, Քրիստոսից առաջ տասնմեկերորդ դարում, Ուեն Ամուն անունով եգիպտացի մի պաշտոնյա ուղևորվում էր Լիբանան՝ Ամուն-ռե թագավորի բարկասի համար փայտանույթ ձեռք բերելու։ Բայց նրա առաքելության վրա երևի չար աչք կար։ Նեղոսի գետաբերանի «Ոսկե» նավահանգստում Ամունին ոտքից-գլուխ թալանում են։ Սակայն նա շատ արագ կարողանում է ձեռք գցել կորցրածի չափով արծաթ, վճարում է նավավարին և հասնում Սիրիայի Բիբլոս քաղաքը։ (Կաշառքը բոլոր ժամանակներում մթում լույս է տալիս)։



