Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Դեկտեմբերի 6-ին Թրամփը հանդես եկավ ծրագրային սենսացիոն  ելույթով, որը դարձավ անցնող տարվա ամենանշանակալից քաղաքական իրադարձություններից մեկը։ Նա ավետեց, որ  Իսրայելի  մայրաքաղաքը Երուսաղեմև է և ԱՄՆ-ը այնտեղ է  տեղափոխում իր դեսպանությունը։

Թրամփի հավաստիացումները, թե այդ որոշումը խաղաղություն է բերելու 70 տարուց ավելի մխացող իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, իսկ Երուսաղեմը շարունակելու է ծաղկել որպես երեք կրոնների դեմոկրատական կենտրոն, կատարյալ քաղաքական փոթորիկ առաջացրեց տարածաշրջանում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը  մեկ ձայնի բացառությամբ  դեմ թվեարկեց  այդ որոշմանը։ «Արաբական պետությունների լիգայի» (ԱԳԼ) արտգործնախարարներն էլ հավաքվելով Կահիրեում` պահանջեցին Իսրայելից ազատագրել 1967 թվականին  պաղեստինցիներից և արաբներից բռնազավթված  հողերը։ Բանաձևը ստացվեց  կիսատ-պռատ։ Արաբներն, ինչպես կային, այդպես էլ մնացել են` ֆորս-մաժորային իրադրությունում միասնականորեն  գործելու անկարողության գերի։

Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր  և Թրամփի դիմանկարներն այրելով։  Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։

Խնդիրը նրանում է, որ պաղեստինյան մարտական ջոկատ ՀԱՄԱՍԸ աստիճանաբար կորցնում է իր  հովանավորներին։ Սաուդյան Արաբիան, օրինակ, ոչ միայն չի ուզում պատերազմել Իսրայելի դեմ, այլև բարեկամանում է վերջինիս հետ ընդդեմ Իրանի։ Եգիպտոսը նույնպես շահագրգռված չէ երրորդ ինտիֆադով։ Սակայն ՀԱՄԱՍի համար ամենամեծ կորուստը  Իրանի վերացարկվելն է իրենից։ Թեհրանի սառը վերաբերմունքը շարժման նկատմամբ բացատրվում է վերջինիս սիրախաղով Իրանի թշնամի Պարսից ծոցի երկրների և, իհարկե, Էր-Ռիադի հետ։ Սասանյանները նման բաները չեն մոռանում և չեն ներում։

Գալով Եվրոպային` նա ևս չի ողջունում ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունները։ Ճիշտ է,  Ֆրանսիան և մյուս երկրները քննադատեցին Թրամփի որոշումը, սակայն նրանք զզված և հոգնած են  ահաբեկչություններից, այնպես որ,  կպաշտպանեն պաղեստինցիների միայն փափուկ ուժի գործելակերպը, և ոչինչ ավելի։

Այս քաղաքական զարգացումների ֆոնին թատերաբեմ է իջնում, ինչպես և պետք էր սպասել, Ռեջեփ Էրդողանը։ Իջնում է` խաղալու դիվանագիտական ֆարս, որի հետևում պարզ ուրվագծվում են նրա  վարդագույն նկրտումները` դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի լիդեր,  միգուցե  նորընծա խալի՞ֆ, hետո էլ` երրորդ աշխարհի առաջնո՞րդ.  ո՞վ գիտե։

Էրդողանը փորձում է իր միլիտարիստական  ծրագրերին հաղորդակից դարձնել Ռուսաստանին։  (Երբ Էրդողանը «спасибо»-ներ է շռայլում Պուտինի հասցեին և հոխորտում նրա բարեկամությամբ, ակամայից հիշում  ես 60-ականների Երևանը, երբ թաղային կռիվների ժամանակ կողմերը հրավիրում էին  քաղաքային հեղինակությունների դիմացի կողմի վրա հոգեբանորեն ազդելու, իսկ կռվելու դեպքում` հաղթելու համար։ Այդ պրակտիկան կոչվում էր «տղա  բերել»։)

Հանդես գալով Ստամբուլում իր իսկ կազմակերպած «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ գագաթնաժողովում, Էրդողանն անարգանքի սյունին է գամում Իսրայելին ու Ամերիկային «միջազգային իրավունքը ոտնահարելու»,  պաղեստինյան ժողովրդին ճնշելու և  ահաբեկելու համար։ Հետո,  Էրդողանը պահանջում է Երուսաղեմին շնորհել Պաղեստինի մայրաքաղաքի ստատուս` «մոռանալով» որ դա՛ արդեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի որոշումների խախտում է։

Թուրքիայի նախագահն ավելի հեռուն գնալով`  երկու օր անց ազդարարում է. «Մենք Արևելյան Երուսաղեմն արդեն հայտարարել ենք որպես Պաղեստինի մայրաքաղաք»։ «…Առաջիկա օրերին Թուրքիան Երուսաղեմում կբացի իր դեսպանությունը»: Սա արդեն  վերջին մեխն է, որ Անկարան խփում է Իսրայելի հետ իր հարաբերությունների դագաղի կափարիչին։

Իսկ, երբ  Էրդողանը ստամբուլյան էնդշպիլում մատ է թափ տալիս Վաշինգտոնի վրա ակամայից հիշեցնում է Կռիլովի հայտնի առակի փոքրիկ պերսոնաժին, որը «վրա է քշում»  աժդահա փղին։  

Իրոք, Ստամբուլում շատ հետաքրքիր տեսարաններ խաղարկվեցին, որոնց մեջ առանձնանում է Ալիևի  դիվանագիտական սալտո-մորտալեն, երբ լինելով Իսրայելի ամենամոտ գործընկերներից մեկը` նա  հանդես է գալիս վերջինիս դատափետողների  ավանգարդում։   (Ես շատ բան կտայի, եթե հրաշքով ներկա գտնվեի Նեթանյահու-Ալիև առերեսմանը և տեսնեի վերջինիս դեմքի արտահայտությունն այդ պահին)։  

…Վերադառնալով Թրամփի հայտարարությանը`  նշենք,  որ փորձագետների կողմից հնչում են կարծիքներ, թե նրա որոշումն արդյունք է նախագահի քաղաքական անփորձության, իմպուլսիվ և հախուռն խառնվածքի, որը սահմանակցում է ավանտյուրիզմի, հուզական պոռթկումների ու աֆեկտի հետ, և այլն։  

Չվիճարկելով ամերիկյան նախագահի բարոյակամային հատկությունների նման վերլուծությունը` նշեք, որ նրա որոշման մեկաբանությունները պարզունակ են և չեն ընդգրկում խնդրի խորքային-քաղաքական մոտիվները, ինչպես նաև ամերիկյան դիվանագիտության  ռազմավարական առանցքային ասպեկտները։

Իսկ իրականում, Դոնալդ Թրամփի որոշումը լավ կշռադատված, Վաշինգտոնի ուղեղային կենտրոններում քննարկված և ընդունված ծրագիր է։   

Փորձենք դիտարկել խնդիրը երկու տեսանկյունից։

Ներքին քաղաքականություն

Նախագահական ընտրություններից հետո Ամերիկայի նախագահի և՛ դիրքերը, և՛ հեղինակությունը օբեկտիվ ու սուբյեկտի պատճառներով երկրում կատաստրոֆիկ կերպով սկսեցին նվազել` նրա գլխին կախելով իմպիչմենտի սպառնալիքը,  և պարտադրում են հրատապ քայլերի անհրաժեշտություն։

Արդ, Թրամփի «Երուսաղեմյան պարտիայի» հիմնական թիրախն ուղղված էր ուղղափառ հրեա-ամերիկյան հանրապետական այն բազմաշատ էլեկտորատին սիրաշահելու խնդրին, որի համար Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք տեսնելը «ideafix» է, կրոնական բացարձակ կատեգորիա։  Թրամփը խոստացել էր նրանց անել այդ «նվիրաբերությունը» և խոստումը կատարեց, որը դրական արձանք գտավ ամերիկյան հասարակության մյուս խավերում ևս։ (Միշտ էլ բարձր է գնահատվում, երբ երկրի նախագահը հարգում է նախըտրական կամպանիայի ընթացքում տված խոստումը)։

Արտաքին քաղաքականություն

Այս ասպարեզում ևս Թրամփը փորձում է իրականացնել նախընտրական  իր մյուս խոստումը ևս որն է` «America  first։ Նշենք, որ սիրիական ոդիսականի ավարտին այստեղ դոմինանտային դերակատարություն է ստանձնում Ռուսաստանը,  նախագահ Պուտինի գլխավորությամբ։ Իսկ Վաշինգտոնը մեկը մյուսի հետևից կորցնում է իր դիրքերն ու ազդեցությունը արաբական աշխարհում։ Նրան ամենևին դուր չի գալիս Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի գործելակերպը, այն աստիճան, որ Սպիտակ տունը կարծես չի էլ նկատում այդ ալյանսի ներսում բուն դրած լուրջ տարաձայնությունները։ Գլխավորն այստեղ  Մոսկվային երկրորդ պլան մղելն է։ Այդ իսկ նպատակով մայիսին Թրամփն այցելեց Սաուդյան Արաբիա և «ալ-արդա  սուսերով պարի» տակտի տակ ստեղծեց «մինի» կամ «արաբական ՆԱՏՕ» ուղղված Իրանի դեմ։ Չաշխատեց։ Հիմա, մերձավորարևելյան շախմատի մեծ տախտակի վրա խաղարկվում է ԱՄՆ-ի ծրագրած նոր պարտիան, նոր քարերով, նոր կոմբինացիաներով։ Թրամփի դեկտեմբերյան հայտարարությանը նախորդեց Սաուդյան Արաբիայի պալատական հեղաշրջումը նրա փեսա-խորհրդական  Քուշների սցենարով` մշակված Իսրայելի ուղեղային կենտրոններում և ՄՈՍԱԴԻ բունկերներում։ Արդյու՞նքը։ Ծնվում է մի նոր, անհավանական միություն, որի մասին մինչթրամփյան շրջանում վերլուծաբանները երևակայել անգամ չէին կարող։ Խոսքը Սաուդյան Արաբիա-Իսրայել ռազմա-քաղաքական ալյանսի մասին է, որի նպատակը Վաշինգտոնի և Իսրայելի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդումն ու պլանների իրագործումն  է Մեծ Մերձավոր Արևելքում, հատկապես պայքարը Իրանի դեմ։ Թե որքանով այն կհաջողվի, ցույց կտա ժամանակը։  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1. Թրամփի որոշումը` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունն այդտեղ տեղափոխելու վերաբերյալ, լրացուցիչ լարվածություն մտցրեց  տարածաշրջանում, նոր իրադրություն ստեղծեց աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացներում, նպաստեց ուժերի հարաբերակցության վերադասավորմանը։  
2. Եթե տարբեր հանգամանքների և քաղաքական իրադրության փոփոխման հետևանքով ԱՄՆ-ը չհրաժարվի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումից, ժամանակի ընթացքում այլ պետություններ ևս կհետևեն նրա օրինակին։ Նման սցենարն արաբական երկրների մասով քիչ է հավանական է։  Իսրայելի հետ  դիվանագիտական հարաբերություններ ունեն Հորդանանն ու Եգիպտոսը, որոնք նույնպես ձեռնպահ կմնան, քանի դեռ կարգավորված չէ հիմնախնդիրը:
3.Թրամփի որոշումը փակուղի մտցրեց պաղեստինա-իսրայելյան խաղաղ բանակցությունների գործընթացը, որից այն հազիվ թե կարողանա դուրս գալ գուշակելի ժամանակներում։
4.Արաբական երկրների  առաջին ռեակցիան ի պատասխան Վաշինգտոնի քայլի, լայն տարածում և զարգացում չստացավ, չվերածվեց հակաամերիկյան մասսայական կամպանիայի, չդարձավ բիկֆորդյան քուղ պետությունների միջև։ Այնպես որ, պայթունավտանգ իրադրությունը տարածաշրջանում, ամենայն հավանականությամբ, աստիճանաբար  կմարի։ Սակայն բացառված չէ ահաբեկչության հավանականությունը  դերակատար բոլոր երկրներում, հատկապես, Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործուղությունների դադարից հետո։ Չնայած իսլամական արմատականության հարվածային ուժը` ԴԱԻՇ-ի կազմակերպությունը նկատելիորեն թուլացել է։
5.Իսրայել-Իրան հակամարտությունը չի վերածվի պատերազմական գործողությունների։ Սակայն բացառված չեն  բախումները Սաուդյան Արաբիա-իսրայելյան ալյանսի և «Հզբոլլահի» միջև, որը կարող է աղետաբեր լինել Լիբանանի և տեղի հայ համայնքի համար։
6 .Իրադրության փոփոխությունը Իսրայելում և նրա շուրջը չպետք է արգելք հանդիսանա հայ-իսրայելյան հարաբերությունների կանոնակարգման և զարգացման գործընթացին, որն սկսվել է ընթացիկ տարում (հավանաբար, ոչ առանց Մոսկվայի և Վաշինգտոնի հավանության)։
7.Ընդհակառակը,  Երուսաղեմի ստատուսի որոշման և սահմանների վերանայման պայմաններում անհրաժեշտ է ձեռնարկել արագ և ակտիվ միջոցներ ՀՀ կառավարության, ԱԳՆ-ի, համայն Սփյուռքի (հնարավորության դեպքում նաև Հռոմի պապի) մակարդակով, ապահովագրելու մեր հայրենակիցների ֆիզիկական  անվտանգությունը Իսրայելում, ինչպես նաև առաջին դարից եկող Երուսաղեմի հայկական թաղամասի, եկեղեցիների և  պատմամշակույթային հարստությունների և մյուս արժեքների անձեռնմխելիությունը։
8. Ադրբեջանի  ակտիվ մասնակցությունը հակաիսրայելյան  քաղաքականությանը հարկ է լայնորեն մանիպուլացնել համահայկական  բոլոր պետական և ոչ պետական միջոցներով` ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների մեջ սեպ խրելու և քրիստոնեական աշխարհում ադրբեջանական վարչակարգը վարկաբեկելու նպատակով։
9.Օրերս հրեական «Յեշ Ատիդ» կուսակցությունը  «Մերեց» կուսակցության կողքին Քնեսեթում բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այդ գործընթացի շրջանակները կարող են լայնանալ։ Սակայն հայ-իսրյալեյան հարաբերությունների զարգացումն այս պահին պայմանավորել եղեռնի ճանաչմանով, ըստ երևույթին, խելամիտ չէր լինի։ Բացի այդ պետք է զգուշանալ, որպեսզի Իսրայելի կողմից այն չվերածվի «մանրադրամի» Թուրքիայի հետ նրա հարաբերություններում։
10. Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հիմնական բաղադրիչը դեսպանությունների փոխադարձ բացումն է։  Բացառված չէ, որ իսրայելյան կողմը պայման դնի Երևանի առաջ դեսպանությունը բացել Երուսաղեմում։ Այդ դեպքում հայկական կողմը կարող է առաջարկել բացել Իսրայելում Հայաստանի դեսպանությունը` նստավայրը Երևան։ Սա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում և չի արգելակի դեսպանության աշխատանքը, եթե, այն, իհարկե համալրված լինի  պրոֆեսիոնալ դիվանագետներով։
11. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտակարգ նիստում ՀՀ քվեարկեց  ԱՄՆ-ի որոշումը դատապարտող բանաձևի օգտին։  Մեր կարծիքով, ավելի նախընտրելի կլիներ, եթե Հայաստանը ձեռնպահ մնար կամ չմասնակցեր քվեարկությանը` հետևյալ պատճառներով.
     ա/ հայկական կողմի դիրքորոշումը  չի նպաստի, որպեսզի առաջընթաց արձանագրվի հայ-իսրաելյան հարաբերություններում, որոնք գտնվում են ստագնացիոն վիճակում քառորդ դարից ի վեր,
      բ/ որոշման մերժումը ամենևին չի երաշխավորում, որ հետայսու արաբա-մուսուլմանական պետությունները միջազգային հարաբերություններում փոխելու են իրենց հակահայկական դիրքորոշումը` նկատի ունենալով այն որոշիչ դերը, որ խաղում են այդ երկրների արտաքին քաղաքականությունում Թուրքիան, Ադրբեջանը, և  Հայաստանն, ընդհանրապես, չճանաչող Պակիստանն ու Սաուդյան Արաբիան,
     գ/ կասկածի տակ է դրվում հայ-ամերիկյան հարաբերությունների նկատելի առաջընթացը Վաշինգտոնի ներկա վարչակարգի օրոք,
     դ/ հուսալ, որ պաղեստինա-իսրայելյան բանակցություններում հայկական Երուսաղեմի խնդիրները մեզ համար կլուծվեն դրականորեն` կասկածելի է թվում, քանի որ դրանք, ներկա քաղաքական քաոսում, մտել են փակուղի։   

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի որոշմանը, այն իրավական ուժ չունի, որի պատճառով էլ հաճախ մնում է ձայն բարբառո հանապատի։

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
5626 reads | 24.12.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com