ԴԵՍՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ (ՆՈՐ ԽՆԴԻՐ)
![]() Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ ![]() Տեղի պաշտոնյաների համար դեսպանը ոչ ղեկավար է, ոչ էլ ենթակա։ Բայց այդ պաշտոնյաները, օրինակ՝ արտգործնախարարը, ունեն իրենց սեփական իշխանությունը, որն ստացել են այլ սուբյեկտից։ Ուրեմն ինչպիսի՞ն է դեսպանի և տվյալ երկրի պաշտոնյաների փոխհարաբերությունների յուրահատկությունը, այն պայմաններում, երբ նրանց ունեցած լիազորությունների աղբյուրները միանգամայն տարբեր են։ Արդյո՞ք այդ շփումներում ծագում են ղեկավար–ենթակա տիպի հարաբերություններ՝ կախված դիրքերի տարբերություններից (իշխանության ծավալի և հեղինակության տարբերությունների պատճառով), թե՞ նրանք փոխներգործում են որպես հավասար իրավունքներ ունեցող գործընկերներ ու բանակցողներ։ Ե՞րբ և ի՞նչ չափով դեսպանին ընդունող երկրի պաշտոնյաներն իրավունք ունեն նրա նկամամբ դրական կամ բացասական սանկցիաներ կիրառել։ (Այս մասին ընդունվել են միջազգային կոնվենցիաներ, բայց հետազոտական խնդիրներ դեռևս կան)։ Մեր կարծիքով, հարցերի այս շրջանակը ուսումնասիրությունների կարիք ունի: Դիվանագիտական անձեռնմխելիությունը (իմունիտետ) ստեղծվել է հենց այն նպատակով, որպեսզի դեսպանը կամ մյուս դիվանագետներն օտար երկրում չընկալվեն որպես նրանց պաշտոնյաների ենթականեր։ Մի բան է տեղական օրենքներն ու սովորույթները հարգելը, այլ բան է ենթակայությունը և որևէ կազմակերպության կամ հանրույթի «օղակ» դառնալը։ Դիվանագետների իշխանությանը վերաբերող խնդիրների շարքում կարևորներից և չուսումնասիրվածներից մեկը դեսպանների իշխանության ձևի ու ծավալի, դեսպանընկալ երկրների կառավարման ձևի ու ոճի էական տարբերություններն են: Այդ երկրները կարող են լինել միապետական, հանրապետական, ավտորիտար, դեմոկրատական և այլն։ Այն դեպքում, երբ դեսպանը ավտորիտար կամ, առավել ևս, ամբողջատիրական (տոտալիտար) ոճով կառավարվող պետության ներկայացուցիչ է, ապա նա ոչ միայն պետք է խստորեն ենթարկվի վարքի որոշակի կանոնների, այլ լինի նաև իր երկրում տիրապետող գաղափարախոսության ներկայացուցիչ։ Ամբողջատիրական պետությունների պատմությունից հայտնի են, դիվանագետների ողբերգական վախճանը, որոնք կասկածվել են պետության պաշտոնական գաղափարախոսությանը բավարար չափով նվիրված չլինելու մեջ։ Այդպիսի դիվանագետներին զրկել են պաշտոնից ենթարկել ճնշումների և հետապնդումների, դատապարտել մահվան։ Ինչո՞վ էին տարբերվում ԽՍՀՄ-ի դեսպաններն այլ երկրների, օրինակ՝ Արևմուտքի ժողովրդավարական պետությունների դեսպաններից։ Արդյո՞ք նրանց միջև եղել են կոնֆորմիզմի մակարդակի տարբերություններ, իսկ վերադաս իշխանավորների նկատմամբ զիջողականության աստիճաննե՞ր։ Ինչպիսի՞ն է եղել նրանց պրոֆեսիոնալ մակարդակը։ Հայտնի է, որ նորանկախ պետությունները որպես դեսպաններ նշանակում են այդ գործի համար հիմնականում անպատրաստ մարդկանց։ Նեպոտիզմը և դիլետանտիզմը, որոնք վերջին տեղը չեն գրավում նրանց կադրային հարցերում, հղի են վտանգավոր հետևանքներով այդ պետությունների դիվանագիտության և արտաքին քաղաքականության համար։ Սակայն լավ պատկերացնելու համար դեսպանների գործունեությունն արտերկրում անհրաժեշտ է ամենից առաջ դասակարգել նրանց իշխանության տեսակները. 1. Վերադաս իշխանական մարմինների կողմից տրվող (պատգամվող) իշխանություն։ Այս խնդրի կապակցությամբ անհրաժեշտ է բացահայտել այդ իշխանության բնույթը։ Արդ, անհրաժեշտ է սոցիալ-հոգեբանական և կրատոլոգիական վերլուծության ենթարկել այն օրենքները, նորմերն ու կանոնները, որոնք սահմանում են դեսպանի վարքի կանոններն այլ պետություններում։ Վերադասից ստացված (այսպես ասած՝ պատգամված) իշխանությունը կոնկրետացվում և լիազորությունների տեսք է ստանում ամենից առաջ դեսպանի հավատարմագրում։ Հավատարմագիրն է այն գլխավոր փաստաթուղթը, որտեղ սահմանվում են դեսպանի իշխանության աստիճանները՝ ըստ նրա կարգի։ 2. Դեսպանի հեղինակությունը և իշխանությունը։ Եթե դեսպանի հեղինակությունը բարձր է, ապա, գումարվելով նրա պաշտոնական իշխանությանը, վերջինիս դարձնում է ազդեցիկ ֆիգուրանտ։ Այդ իսկ պատճառով, ի սկզբանե հարկ է դեսպանի համար մեծ հեղինակություն ստեղծել՝ և՛ որպես մասնագետի, և՛ որպես անձնավորության։ Դեսպանընկալ երկրի պաշտոնյաներին և հասարակությանը ներկայացնելիս անհրաժեշտ է շեշտել նրա դրական գծերն ու ձեռք բերած նվաճումները։ 3. Դեսպանի լրիվ իրական իշխանությունը (ԼԻԻ) կազմված է երկու հիմնական բաղադրիչներից. (ԼԻԻ) = (Պ) + (Հ), որտեղ Պ – ն պատգամված, վերադասից ստացած իշխանությունն է, իսկ Հ – ն՝ նրա հեղինակության տված լրացուցիչ իշխանությունն է։ Միանգամայն հասկանալի է, որ եթե դեսպան է նշանակվում այնպիսի անձնավորություն, որի հեղինակությունը զրոյական է, ապա նրա Հ = 0։ Իսկ եթե Հ = X, ապա նրա իրական իշխանությունը կարտահայտվի հետևյալ բանաձևի օգնությամբ՝ (ԼԻԻ) = (Պ) - (Հ) Այլ կերպ ասած, դեսպանի բացասական հեղինակությունը (հակահեղինակությունը), վարկաբեկվածությունը, թուլացնում են նրա իրական իշխանությունը, նվազ ազդեցիկ են դարձնում որպես պաշտոնյա և անձնավորություն՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով նրա գործունեության ճանապարհին։ Եթե, օրինակ, դեսպանը հավատարմագրված երկրում բացի իր պաշտոնական դերի կատարումից զբաղվում է նաև այնպիսի գործունեությամբ, որը արգելված է ըստ միջազգային (Վիեննայի) համաձայնագրի և իր կառավարության կողմից, ապա նա կարող է հեղինակազրկվել, հետո` կորցնել պաշտոնը։ Եվ լուրջ վնաս հասցնել իր երկրի շահերին ու երկկողմ հարաբերություններին, որոնք կոչված է զարգացնել տվյալ պաշտոնում։ Դիվանագետի հեղինակությունը տուժում է նաև այն դեպքում, երբ նա գերազանցում է իր իրական իշխանության սահմանները, որոնք նրան տրված են իր պետության վերադաս մարմինների կողմից։ Լիազորությունները գերազանցելը, օրինակ տեղական իշխանությունների հետ որևէ պայմանագիր կնքելը՝ առանց իր ղեկավարների թույլտվության և համաձայնության, նույնպես անվանարկում է դիվանագետին։ 4. Դեսպանն իր երկրի պաշտոնյա է, իսկ պաշտոնը ընտրովի չէ, նրան նշանակում է վերադասը։ Սա մի հանգամանք է, որն զգալի չափով սահմանափակում է դիվանագետի հնարավոր ակտիվության շրջանակները, ունեցած իշխանությունն ու հեղինակությունը կիրառելու հնարավորությունները։ Եթե դիվանագետն իր գործունեության ընթացքում լրջորեն խախտում է միջազգային կոնվենցիաների պահանջները, իր վերադասի հրահանգներն ու հրամանները, որոնց նա պետք է անվերապահորեն ենթարկվի, ապա նրան կարող են (պարտավոր են) ազատել իր զբաղեցրած պաշտոնից։ 5.Դիվանագիտական պաշտոնները մի քանիսն են։ Այդ պատճառով չի կարելի պնդել, թե դրանք կատարողների մտավոր ընդունակություններին պետք է միանման պահանջներ ներկայացնել։ Օրինակ, դեսպանի և արտաքին գործերի նախարարի դերերի միջև էական տարբերություններ կան։ Դեսպանը տեղեկություններ է հաղորդում և առաջարկություններ է ներկայացնում, իսկ նախարարն, այդ ինֆորմացիան համեմատում է այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, հանգում է համադրական (սինթետիկ) դատողությունների և որոշումներ կայացնում։ Այդ երկու դերերի հաջող կատարման համար պետք է ունենալ ոչ միայն միևնույն, այլև մի շարք տարբեր ընդունակություններ և տարբեր գիտելիքներ, տարբեր հակումներ, անհրաժեշտ է տիրապետել աշխատանքի տարբեր մեթոդների։ 6. Դեսպանի օգտակար գործողության գործակիցը ուղիղ համեմատական է նրա դատողությունների և գործելակերպի ինքնուրույնության ծավալի հետ։ Սա շատ նուրբ սոցիալ-հոգեբանական երևույթ է, որը պայմանավորված է դիվանագետի լոյալության և կարգապահության հետ։ Ո՞րն է թույլատրելիության սահմանը։ Չէ՞ որ դիվանագետը բարձրակարգ մտածող և երևակայության տեր անձնավորություն է, և նրա գլխում կարող են ծագել իր պետության համար օգտակար մտքեր, մտադրություններ, գործողությունների պլաններ, նպատակադրումներ և այլն։ Նպատակահարմա՞ր է ներշնչել, որպեսզի դիվանագետները բարձր գնահատեն սեփական մտածողության և երևակայության ինքնուրույնության սահմանները։ Բայց հայտնի է նաև այն, շատ նախարարներ և պետության առաջին ղեկավարներ, ամենևին չեն քաջալերում դեսպանների «ինքնագործունեությունը»։ Բոլորը չէ, որ հանդուրժող են ինքնուրույն մտածող և խելամիտ առաջարկներ ներկայացնող ենթակաների նկատմամբ։ Այդ խնդրի կապակցությամբ անվանի դիվանագետ և տեսաբան Ժյուլ Կամբոնը գրել է. «Դեսպանը կատարում է իր կառավարության հրահանգները, բայց երբեմն էլ զսպում է իր կառավարությունը։ Մտքի անկախությունն, իհարկե, չպետք է հասնի կարգապահությունը խախտելու աստիճանի։ Սակայն այն նախարարը, որի տրամադրությունն այդպիսի անկախությունից վատանում է, ավելի սթափ դատողություն չի դրսևորում, քան այն մարդը, որը ճանապարհորդության մեկնելուց առաջ հանում է իր երկու աչքը։ Մյուս կողմից, այն դեսպանը, որը չի համարձակվում լինել ավելին, քան միայն փոստարկղ, վտանգ է ներկայացնում իր կառավարության համար»։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2117 reads | 28.10.2017
| |