ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻ ՎԱՐԿԱԾԻ և ԽՆԴՐԻ ԷԹՆՈԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
![]() Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ Սկզբնաղբյուրը՝ ԱՆԱԼԻՏԻԿՈՆ ամսագիր Նոր շրջանի դիվանագիտության տեսաբանները, հատկապես խորհրդային դպրոցի ներկայացուցիչները, ձևավորել են մի տեսություն, համաձայն որի, պետության արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը։ Այստեղից մի շատ կարևոր եզրահանգում. քանի որ դիվանագիտությունը արտաքին քաղաքականության իրագործման միջոց է, կոպիտ ասած, նրա կիրառման գործիքը, և քանի որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ուրեմն դիվանագիտությունը կոչված է հավասարարչափ լուծելու երկրի ներքին քաղաքական խնդիրները ևս։ Նման պոստուլատի օգտաշատությունը դժվար է վիճարկել։ Եվ այն կյանքի են կոչում շատ, հատկապես, զարգացած պետություններ` իրենց դիվանագիտական ծառայություններին պարտադրելով արտաքին քաղաքականությանը զուգընթաց զբաղվել ներքաղաքական կյանքի հարցերով։ Թե որ երկրի դիվանագիտական ծառայություններն ինչ չափով են հաջողակ այդ գործընթացում, այլ հարց է։ Խնդիրը բոլոր դեպքերում գտնվում է կառավարությունների ուշադրության կենտրոնում։ ![]() Սակայն XXI դարի աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների պայմաններում տեղի են ունենում դիվանագիտության կարծրացած կանոնների և ավանդույթների վերաքննում, երևան են գալիս բոլորովին նոր մեթոդներ ու մեթոդաբանության ձևաչափեր։ Քաղաքագիտության մեջ արտաքին և ներքին քաղաքականությունների սերտ փոխկապակցվածությունն առաջինը կասկածի տակ դրեց ֆրանսիացի հայտնի դիվանագետ և տեսաբան Ժյուլ Կամբոն անցյալ դարի կեսերին։ Չժխտելով քաղաքագիտության այդ երկու սեգմենտների սերտ կապը` նա այն միտքը հայտնեց, որ արտաքին քաղաքականությունը ոչ թե շարունակում է ներքին քաղաքականությունը, այլ արտացոլում է նրա էությունը։ Սա շատ հետաքրքիր և խորը գաղափար է։ Ըստ Ժ. Կամբոյի՝ ներքին և արտաքին քաղաքականությունը հետապնդում են տարբեր նպատակներ, և այդ իսկ պատճառով օգտվում են տարբեր մեթոդներից ու միջոցներից։ Այնպես որ, դրանցից ոչ մեկը չի կարող հանդիսանալ մյուսի շարունակությունը։ Դժվար է չհամաձայնել այս պարադիգմայի հետ։ Ինչպես նաև այն մտքի հետ, որ երկրի կացությունը, ինչպես նաև ներքին քաղաքականության իրագործման ձևերը, մեթոդներն ու նպատակները ստեղծում են որոշակի միտումներ և նախադրայլներ պետության արտաքին քաղաքականությունում։ Քննարկվող հարցի նման մեկնաբանությունը ծնում է մի շարք գաղափարներ. 1.Եթե պետության ռեժիմը ավտորիտար է, մանավանդ, տոտալիտար, ապա նրա արտաքին քաղաքականությունն ունի նմանատիպ միտումներ։ Այդպիսի օրինաչափություն մենք տեսնում են ժողովուրդների ժամանակակից պատմության մեջ։ Նացիստական Գերմանիան իր տոտոլիտար ռեժիմն ակտիվորեն պրոյեկտում էր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության վրա` իրագործելով ժողովուրդների բռնաճնշում ու ոչնչացում, տարածքների բռնազավթում, մարդատյացության սերմանում։ 2. Եթե պետության ներքին քաղաքականությունը լիբերալ է և դեմոկրատական, ապա այդ միտումները նկատվում են նրա արտաքին քաղաքականությունում։ Այստեղ, սակայն, մենք բախվում են պարադոքսալ, դիվանագիտական կուրյոզի հասնող մի երևույթի հետ։ Դեմոկրատիայի, մարդու իրավունքների և ազատությունների «միջնաբերդ» Ամերիկան, ինչպես նաև Անգլիան միջազգային հարաբերություններում հաճախ հանդես են գալիս որպես ավտորիտար, զավթողական քաղաքանության ադեպտներ։ Հարավսլավիա, Իրաք, Լիբիա, Աֆղանստան, Սիրիա… Սա լրիվ ցանկը չէ արևմտյան «դեմոկրատիայի» զոհ դարձած երկրների ու ժողովուրդների։ ![]() Ելնելով նշված օրինակներից` մենք եզրակացնում ենք, որ երկրում իրագործվող ներքին քաղաքականությունը որոշակիորեն ծնում է համապատասխան մեկնակետ նրա արտաքին քաղաքականության ոլորտում։ Այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունը։ Նշված ագրեսիվ ձգտումներն այս դեպքում պարզորոշ արտացոլվում են ադրբեջանական արտաքին քաղաքականությունում։ Ալիևը, հավանաբար, ելնելով երկրի ներքաղաքական իրավիճակից, որը դասական ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի յուրօրինակ կոնգլոմերատ է, փորձում է նույնատիպ քաղաքականություն վարել միջազգային գետնի վրա և իր անմիջական հարևանի հետ։ Դա իռացիոնալ և վտանգաշատ քաղաքականություն է իր և իր պետության համար։ Այսպիսով ,պետության ներքին քաղաքականությունն իր արտահայտությունն է գտնում նրա արտաքին քաղաքականությունում, միջպետական և միջազգային հարաբերություններում որպես բազիս, բայց ոչ տվյալ երկրում ընթացող ներքաղաքական երևույթի ձևով։ Ուրեմն, պետության ներքին քաղաքականությունն ավտոմատ ձևով չի տեղափոխվում միջազգային հարաբերությունների հարթություն, թեկուզ այն պատճառով, որ արտաքին քաղաքականությունում քաղաքական ազդեցության օբեկտները տարբեր են։ Իսկ ավտորիտար լիդերը, բնականաբար, չի կարող բանակցել այլ ուժեղ երկրի լիդերի հետ իր տանն ընդունված վարքի կանոններով։ Անգամ ավելի թույլ երկրների ղեկավարների հետ նա ստիպված է ավելի հարգալից լինել քան իր ենթակաների հետ է, քանի որ սահմանափակված է միջազգային իրավունքի նորմերով և միջազգային խաղի կանոններով։ Ավելացնենք, որ պետության արտաքին քաղաքականության բնույթը պայմանավորված չէ զուտ նրա ներքին քաղաքականության տեսակով և ուղղվածությամբ։ Այդ բարդ քաղաքական-դիվանագիտական գործընթացներում պակաս նշանակություն չունի տվյալ համակարգի ազգային հոգեբանական կերտվածքը և քաղաքական սկզբունքները։ Ազգի և պետության զարգացման գենեզիսը կանխորոշում է նրա արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզբունքները, որոնք առաջին հերթին որոշում են դիվանագիտական բանակցությունների ռազմավարությունն ու մարտավարությունը։ ![]() Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքանությունում անուրանալի է ազգի և նրա լիդերների էթնիկական ինքնագիտակցության նշանակությունը («Մենք-կոնցեպ»), որի մեջ մտնում է նաև աշխարհում նրանց առաքելության պատկերացումը։ Օրինակ կան ազգեր (թուրքեր, ամերիկացիներ, անգլիացիներ, գերմանացիներ, այժմ նաև իսլամական ֆունդամենտալիստներ), որոնք մտածում են, որ ի վերուստ՝ Աստծո կամոք, իրենց տրված է այլ ժողովուրդներին տիրանալ, իսկ եթե հաջողվի, նաև ողջ երկրագնդի վրա հստատել իրենց իշխանությունը։ Սա ֆատալիզմի տարատեսակներից մեկն է։ Եթե նախախնամությունը սահմանել է, որ «ես իշխելու եմ այլոց վրա, ապա ուրիշների` իմ կամքին ենթարկվելը նպաստում է իմ առաքելության կատարմանը»։ Այդպիսի ֆատալիզմը և դրանից բխող քաղաքականությունը «օրինականացվում է» Աստծուն և այլ իռացիոնալ պատկերացումներին արվող հղումներով։ Պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության իրագործման մեջ կարևոր նշանակություն ունի նաև պատմությունը, որն ամեն ազգ, ամեն էթնոս աղավաղում է` չմոռանալով աղավաղել մյուս ազգերի պատմությունը, որոնց նկատմամբ ունի հատուկ, բացասական դիրքորոշում։ Արդյունքում այդ ազգերին վերագրվում են բացասական հատկանիշներ և արգահատելի էթնիկական նշաններ։ Այլոց պատմությունը չարանենգորեն աղավաղող և կեղծող պետությունները ճգնում են սուբլիմացնել սեփական պատմությունը և իրենց գործիչներին, իսկ երբ այդ կեղծարարները չունեն առանձնակի նվաճումներ, ապա նրանց սուբլիմացիան ընդունում է այլանդակ և պաթոլոգիական ձևեր։ Արդյունքում, ստացվում է պատմության յուրօրինակ մեկնաբանություն, որի հիման վրա առաջ են քաշվում հատուկ էթնոքաղաքական և էթնոդիվանագիտական նպատակներ ու նկրտումներ։ Այդ ուղին է ընտրել, օրինակ, արդի թուրքական և ադրբեջանական դիվանագիտությունը, որը մեթոդաբար վարկաբեկում է հայ ժողովրդին և նրա բարեկամներին` հող նախապատրաստելով նոր չարագործությունների համար։ Ստեփանակերտ ԱՆԱԼԻՏԻԿՈՆ N 08 (104) Օգոստոս/2017 | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4050 reads | 13.09.2017
| |