ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԳՈՐԾՈՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ


Սկզբնաղբյուրը՝ ԱՆԱԼԻՏԻԿՈՆ ամսագիր



Միջազգային անվտանգություն և դրա հետ սերտորեն առնչվող ազգային անվտանգություն հասկացությունները  համեմատաբար վերջերս են հայտնվել քաղաքագիտական բառաֆոնդում և մասնագիտական բառարաններում` մոտ 100 տարի առաջ։ Իսկ մինչ այդ ռազմական բախումները պարզապես կոչվել են  «պատերազմ»,  այսինքն «խաղաղության» հականիշ և դիտվել  են որպես ուժի պրիմատ միջազգային հարաբերություններում։

Դեռևս Ք.ա. V-դարում Պելոպոնեսյան պատերազմի պատմիչ Ֆուկիդիդը միջազգային հարաբերությունների գլխավոր սկզբունքը հետևյալ կերպ է սահմանել. «Բնության օրենք է`  ամենքին կառավարելու համար ուժ է պետք», իսկ Թոմաս Հոբսը (XVII-րդ դար) համաշխարհային բոլոր կապերը համարում է պատերազմ «բոլորը` բոլորի դեմ»։ (Արդի միջազգային հարաբերությունների շատ տեսաբաններ, այդ թվում, «ռեալպոլիտիկ» դպրոցի կողմնակիցները, հայտարարում են, որ այդ սկզբունքները շարունակում են մնալ  համաշխարհային քաղաքականության որոշիչ բաղադրիչներ)։

1815 թվականի Վիեննայի կոնգրեսը` ամփոփելով Նապոլեոնական պատերազմների արդյունքները, ստեղծեց զսպման և եվրոպական ուժերի հավասարակշռման համակարգ, որի նպատակն էր արգելել պատերազմների սանձազերծումը։ Պետական այրերը նույն պացիֆիստական  ճիգերն էին թափում  Ազգերի Լիգայի պատերից ներս, երբ ստորագրում էին Բրիան-Կելոգա պայմանագիրը` ազգային քաղաքականությունում պատերազմի սպառնալիքից զերծ մնալու հույսով։

Արդ, XXI դարի բարձունքից փորձագետները ներողամտորեն են նայում ազգային անվտանգության համակարգի ստեղծման այդ տարիների ճարտարապետներին, որոնք ի զորու չեղան փրկել մարդկությունը համաշխարհային երկրորդ պատերազմից։ Սակայն այդ մարդկային աղետի դասերը պատճառ դարձան ստեղծելու Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որը «լի է վճռականությամբ  ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ մարդկությանը պատճառել է անսահման վիշտ»։ Ճիշտ է ՄԱԿ-ը չկարողացավ ապահովել իր անդամների ազգային լիիրավ անվտանգությունը, սակայն  նա արգելափակեց լայնամասշտաբային պատերազմների սանձազերծումը պետությունների միջև։

Այդուհանդերձ, հետսառպատերազմյան տարիներին ստեղծվեցին  և ինստիտուցիոնալ ձևավորում ստացան շատ երկրների ազգային անվտանգության համակարգերի մեխանիզմները, որոնց հիմքում ընկած են գրեթե նույն խնդիրներն ու գաղափարները` պետության  և ժողովրդի պաշտպանություն արտաքին սպառնալիքներից և վտանգներից, խաղաղության, ազատության, սահմանադրական իրավունքի ապահովում։

Խորհրդային Միության և երկբևեռ աշխարհակարգի փլուզումը իր հետ բերեց պետությունների ազգային անվտանգության ողջ համակարգի փոփոխություն` ավելացնելով գոյություն ունեցող սպառնալիքներին և վտանգներին նորերը։ Ահաբեկչություն, կազմակերպված հանցագործունեություն, նարկոբիզնես, կլիմայի փոփոխություն,  կիբեռսպառնալիքներ և այլն։

Այսօր ահաբեկչությունը տեղական (լոկալ) երևույթից վերածվում է տրանսնացիոնալ չարիքի, ինչպես  մասնակիցների կազմով, այնպես էլ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությամբ։ Տրանսնացիոնալ ահաբեկչության գաղափարախոսական հենքը իսլամական արմատականության (ֆունդամենտալիզմի) ռադիկալ տարատեսակն է կամ ջիհադիզմը, որի վերջնական նպատակը շարիաթի օրենքներով գործող համաշխարհային խալիֆաթի ստեղծումն է։

Սիրիական վեցամյա պատերազմը Իսլամական պետության դեմ, կարծես թե, մոտենում է ավարտին։ Սակայն դա չի նշանակում ԴԱԵՇ-ի անհետացում։ Հեռանալով բաց ճակատային գործողություններից` իսլամիստ-ահաբեկիչները ռազմի դաշտից անցնում են ընդհատակ, ձուլվում խաղաղ ազգաբնակչությանը` ողջ եվրասիական տարածքում։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ այդ «կանաչ» վտանգից։ Մեր կարծիքով՝ պետության ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն ահաբեկչությունն է։

Անվտանգության արդյունավետ իրագործումը պայմանավորվում է խորքային աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների արդի գործընթացներով։ Տնտեսական և ինֆորմացիոն գլոբալիզացիան, նորանկախ պետությունների առաջանալը, դասական պետություն-ազգերի ճգնաժամը,- այս ամենը, աստիճանաբար վերացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականության «միջնապատը»։

Սա իր հերթին դիվանագիտության առաջ, որը գործում  է միջազգային միջավայրի փոփոխվող պարադիգմայում, դնում է նոր, ծայր աստիճան բարդ խնդիրներ։ Պետությունների առաջ ծառացած բարդությունները ստեղծում են  արտաքին քաղաքականության միանգամայն նոր միջոց-գործիք` հանրային, ժողովրդավարական կամ մեգաֆոնային դիվանագիտություն (public diplomacy) Այն առաջինը շրջանառության մեջ  դրվեց   անցյալ դարի 70-ականներին ամերիկացի Մերֆիի հանձնախմբի կողմից, որի գործառույթը արտաքին քաղաքականության պրոպագանդան էր, հումանիտար փոխանակումները և ամերիկյան  գաղափարախոսության պաշտպանությունը։ (Վերջին ժամանակներս ավելի հաճախ է օգտագործվում քաղաքացիական դիվանագիտություն (citizen diplomacy) եզրը)։

Հանրային դիվանագիտությունը ծնեց համաշխարհային քաղաքականության հսկայաքանակ դերակատարներ (խաղացողներ)
որոնց թիվը բուռն աճում է ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայությունները ակտիվորեն համագործակցում են այդ դերակատարների և նրանց ներկայացրած կազմակերպությունների հետ։

Պետական և ոչ պետական դերակատարների համագործակցության շնորհիվ կազմավորվում է հարաբերությունների հատուկ համակարգ։ Համաշխարհային քաղաքականության,  ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական  դերակատարների համագործակցության արդյունքում դիվանագիտության ոլորտում ստեղծվում է յուրահատուկ սիմբիոզ, տանդեմ։ Դիվանագիտության տեսաբաններն այն անվանում են կատալիզատորային դիվանագիտություն (catalytic diplomacy)։

Կատալիզատորային դիվանագիտությունը ենթադրում է այնպիսի հատկանիշների առկայություն, ինչպիսիք են փոփոխվող իրադրությունում արագ ադապտացվելը, սեփական հետաքրքրություններին հետամուտ լինելուն զուգընթաց ընդդիմադրին իր կողը գրավելը, ինչպես նաև փոփոխվող իրադարձությունների նկատմամբ ճկուն մոտեցում ցուցաբերելը։ Ասպիսով, դիվանագիտությունը դադարում է դասական միջոցներով իրականացնել պետության քաղաքականությունը։

Անկարող լինելով միաժամանակ արձագանքել բոլոր մարտահրավերներին` պրոֆեսիոնալ դիվանագետը ընդլայնում է իր կոնտակտների շրջանակը, հաղորդակցվում է մասնավոր անձանց և կազմակերպությունների հետ, օպտիմիզացնում է ինֆորմացիայի հայթայթման հնարավորությունները։

Կատալիզատորային դիվանագիտության ռեժիմով  աշխատող դիվանագետը պետք է ունենա համակարգողի և մտքերի շտեմավորման հատկանիշներ։ Նրանից պահանջվում է մի կողմից հայտնաբերել  և մոբիլիզացնել ոչկառավարական միջոցները` հանուն պետական նպատակների։ Մյուս կողմից` նա պետք է ճիշտ կերպով կողմնորոշվի,  թե որ պահին և ինչպես պետական դիվանագիտական միջոցները տրամադրի հանրային դիվանագիտության խաղացողներին, որոնք գործում են միջազգային հարաբերությունների դաշտում։

Կատալիզատորային դիվանագիտության փորձված միջոցներն են փափուկ ուժի (soft power) և խելացի ուժի (smart power) դիվանագիտությունը, որի տեսության հեղինակը Ժոզեֆ Նայն է։ (Ի դեպ, փափուկ ուժի տեսության հիմնադրման և զարգացման մեջ մեծ է մեր հայրենակից, անվանի դիվանագետ ամերիկահայ  Էդուարդ  Ջերեջյանի դերը)։

Կատալիզատորային դիվանագիտության կիրառումը  պետությունների արտաքին քաղաքականությունում թափ է հավաքում շատ երկրներում։
Արտաքին քաղաքական գերատեսչություններում ստեղծվում են հանրային դիվանագիտության ստորաբաժանումներ։

Մինչդեռ որոշ երկրներ դժկամությամբ են ընտելանում հանրային կամ կատալիզատորային դիվանագիտությանն արտաքին քաղաքականության ոլորտում։ Այն պետությունները, որոնք արգելակում են պետական և ոչ պետական դիվանագիտությունների համադրումը, որպես կանոն, բացասական հետք են թողնում իրենց արտաքին և ներքին խնդիրների լուծման վրա։

Ապացուցված է, որ գաղտնապահության ռեժիմի պահպանման քողի տակ արտգործնախարարությունները պարզապես թաքցնում են իրենց  պրոֆեսիոնալ ցածր մակարդակը և գործառության վրիպումները։ Ավտորիտար կամ ամբողջատիրական երկրներում դժվար է պատկերացնել կատալիզատորային դիվանագիտության առկայությունը, հատկապես, այն երկրներում, որոնք նոր են դարձել միջազգային իրավունքի սուբյեկտներ: Հանրային դիվանագիտությունը ուղիղ համեմատական է պետության դեմոկրատական կառուցվածքին։

Եթե մինչև վերջերս ազգային անվտանգության  գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոշտ ուժը (hard power) և նրա կիրառումը,  ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի ներկա պայմաններում ուժի քաղաքականությունը հաճախ դիտվում է ժամանակավրեպ: Միևնույն ժամանակ սխալ կլինի կարծել, թե ‹‹կոշտ ուժի› կիրառումն անցել է պատմության գիրկը: Մեծ տերությունները, որոնք տիրապետում են միջուկային զենքին և տարաբնույթ այլ ռեսուրսների, ամենից շատն են հակված կիրառել կոշտ ուժ։

Այստեղ,  ստացվում է պարադոքսալ իրավիճակ։ Հզոր ռազմական ներուժ ունեցող ոչ մի գերտերություն չի ցանկանում անցնել ռուբիկոնը և սեղմել կործանարար սարքի կոճակը։ Եվ, վերջին հաշվով, շահում է խելացի ուժ գործադրող կողմը, որի ամենաարդյունավետ միջոցը կատալիզատորային դիվանագիտությունն է։

Դիվանագիտության նոր մեթոդների և մեթոդոլոգիայի ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար բացի ռազմական, տնտեսական, սոցիալական, գաղափարախոսական գործոններից գերկարևոր է կատալիզատորային դիվանագիտության ակտիվ կիրառումը հանրապետության արտաքին քաղաքականությունում և միջազգային հարաբերություններում։ 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3908 reads | 01.09.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com