ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների փորձագետ, Wikisrat աշխարհաստրատեգիական իսրայելական գործակալության ավագ վերլուծաբան, Բար-Իլանի համալսարանի ռազմավարական ուսումնասիրությունների Բեգին–Սադաթ կենտրոնի մասնագետ
Ալեքսանդր Մուրինսոնին
Մեծարգո պարոն Մուրինսոն,
Օրերս ադրբեջանական Day.Az-ին Ձեր տված բլից-հարցազրույցի կապակցությամբ կցանկանայի մեկնաբանել դրանում զետեղված հարցերն ու պատասխանները, ոչ թե դրանք ժխտելու և կամ վիճարկելու ցանկությամբ, այլ Ձեր ուշադրությունը Բաքվի ապատեղեկատվական հերթական «պեռլի» (մարգարիտի) վրա հրավիրելու նպատակով, որը, ինչպես և ադրբեջանական պրոպագանդիստական ողջ մեքենան, ունի մեկ նպատակ. թեժացնել երկու երկրների միջև պատերազմի եզրին ընթացող ռազմական գործողությունները, խորացնել երկու հարևան ժողովուրդների միջև ստեղծված ջրբաժանը, կանգնեցնել նրանց հաջորդ սերունդներին անլուծելի խնդիրների և դժվարությունների առաջ։
Համոզված եմ, որ Ձեր տրամաչափի պրոֆեսիոնալը, որը ներկայացնում է միջազգային համարում ունեցող ռազմավարական մի կենտրոն, ճիշտ եզրահանգման կհասնի և օբյեկտիվ կգնահատի իրերի դրությունը արցախյան կոնֆլիկտում ու տարածաշրջանում` ընդհանրապես։
Եթե չեք առարկի, կփորձեմ Ձեզ ուղղված հարցերին զուգահեռ անել մեկնաբանություններ։
Ձեր երկու երկրների՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև, խոսք չկա, հաջողությամբ զարգանում են համագործակցության մի շարք ոլորտներ, հատկապես ռազմականը։ Դուք գտնում եք, որ համագործակցությունը կզարգանա առաջիկայում ևս։ Սա նորմալ ցանկություն է` տեսնել ռազմական, տնտեսական և այլ կապերի զարգացումը դիմացի պետության հետ։
Իրոք, Հայաստանում ցավով են ընկալում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը։ Բայց ոչ թե նրա համար, որ դուք ծախում եք, իսկ ադրբեջանցիները` գնում։ Ինչպես ասում են, բիզնեսը բիզնես է։ Բայց, հավանաբար, Ձեր մակարդակի մտածող մարդիկ և քաղաքական գործիչները չգիտեն կամ չեն ցանկանում գիտենալ, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ապրիլյան պատերազմի օրերին սպանում էին հայ խաղաղ բանակիչներին, այդ թվում երեխաներին։
Մեկ հանգամանք ևս այս ենթատեքստում։ Ադրբեջանական ագիտպրոպը ճգնում է ադրբեջան-իսրայելական հարաբերություններն անցկացնել ծուռ հայլիների միջով։ Բաքուն ձեր համագործակցությունը ցանկանում է հանել զուտ առուծախի շրջանակներից և ներկայացնել, թե իբր իր հակահայկական ողջ կամպանիան մշակվում և միջազգային ասպարեզ է նետվում Թել-Ավիվի ուղեղային լաբորատորիաներից և ստրատեգիական կենտրոններից։
Իհարկե, Երևանում նման քաղաքական տրյուկներին կասկածանքով են վերաբերվում։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանի և Իսրայելի միջև չկա և չի կարող լինել թշնամանք ու ատելություն։ Չէ՞ որ բացի բազմադարյա պատմությունից, մեր երկու ժողովուրդներն անցել են պատմության փշոտ քառուղիներով և մեկ հարյուրամյակում տեսել են երկու ցեղասպանություն` Հայ մեծ եղեռն ու Հոլոքոստ։
Բացի այդ, մարդու տրամաբանության մեջ դժվար է տեղավորվում այն միտքը, որ հրեա խելացի մարդը կարող է հավանություն տալ Ադրբեջանի ղարաբաղյան քաղաքականությանը։ Իսկ այդ քաղաքականությունն իրագործող նախագահը, որն ունի դիվանագետի դիպլոմ, ի լուր աշխարհի հայտարարում է. «Կգրավենք Ղարաբաղը, և յուրաքանչյուր ադրբեջանցի կսպանի մի հայի»։ Եվ իր սադիստական ցնորամտությանն ավելացնում է. «Ղարաբաղից հետո Ադրբեջանը կգրավի Հայաստանը, որը ժամանակին պատկանել է Ադրբեջանին»։ (Հարգելի նախագահը երևի «մոռանում է», որ Ադրբեջան պետությունը դեռ հարյուրամյակն իսկ չի բոլորել)։
Իսկ մինչ այդ, ըստ երևույթին, սպորտային ձևի մեջ մնալու ձգտումով, Ալիևը նկարվում է հայ խաղաղ բնակիչներին կամ ռազմագերիներին խոշտանգող իր զինվորների կողքին։ Կամ հերոսի կոչում է շնորհում Սաֆարով անունը կրող սպային, որը կացնհարում է քնած հայ սպային։
Դուք, որ քաջածանոթ եք ֆաշիստական գազանություններին, դժվար կերևակայեք, որ մարդ արարածը իր հակառակորդի կտրած գլխի հետ կարող է վարվել ինչպես ֆուտբոլի գնդակի։ Իսկ Ադրբեջանի բանակի զինվորը ընդունակ է դա անել։
Մեծարգո պարոն Մուրինսոն։ Ձեր և յուրաքանչյուր իսրայելցու համար դժվար է պատկերացնել նաև Ադրբեջանի (իսկ նրա հետևում Թուրքիան է) ճանապարհային քստմնելի քարտեզը։ Հայտարարված է ջիհադ ՀՀ-ի և Արցախի դեմ, որը 1915 թվականին սկսված արմենոցիդ (հայասպան) քաղաքականության շարունակությունն է նրանց կողմից` բոլոր հնարավոր միջոցներով։
Նպատա՞կը։ Վերացնել Հայաստանը Հարավային Կովկասից, որ «ոսկոր» է պանթյուքիզմի և նեոօսմանիզմի կոկորդին մուսուլմանական աշխարհում։
Ձեզ ուղղված հաջորդ հարցերն այնքան անիմաստ են, որ նույնիսկ արժանի չեն ուշադրության, բացի վերջին հարցից, երբ տիկին Նասիբովան անչափահասի անմեղությամբ դիմում է Ձեր հեղինակավոր կարծիքին, թե հնարավոր չէ՞ արդյոք ԵԱՀԿ-ի ՄԽ կազմի փոփոխություն և նոր միջնորդների ներգրավում, օրինակ Թուքիային (ընդգծումն իմն է)։
Դուք, որպես վերլուծաբան, հավանաբար, կառարկեք, իսկ ինչու՞ հենց Թուրքիան և ոչ թե մեկ այլ պետություն, օրինակ, Իսրայելը։
Հարգանքով`
Արման Նավասարդյան` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ,
Արտակագ և Լիազոր դեսպան,
քաղաքական գիտությունների թեկնածու
|