ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԲԱ՞ՐՁՐ Է ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
![]() Քննարկման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և տեսազանգի միջոցով քննարկմանը միացած Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Օրերս աևմտյան հեղնակավոր վերլուծական կենտրոններից Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել էր 40 էջանոց զեկույց «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերնագրով: Զեկույցում Միջազգայի ճգնաժամային խմբի փորձագետները կանխատեսում են, որ շատ մեծ հավանականություն կա Արցախում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկման: «2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - մասնավորապես ասված է վերոհիշյալ զեկույցում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համակարծիք է առ այն, որ Արցախում ցանկացած պահի կարող է պատերազմ պայթել, սակայն ներկայացված զեկույցում ադրբեջանական լոբբիստական աշխատանքի հետքեր է տեսնում: Նրա կարծիքով ոչ թե զեկույցի բովանդակությունն է հետաքրքիր, այլ եզրակացությունը, որտեղ և քաղաքագետը խնդիրներ է տեսնում: «Օրինակ ՝զեկույցում հստակ գրված է, թե ներքին տեղահանվածները պետք է վերադարձվեն, մինչդեռ չեն ասում փախստականների ու ներքին տեղահանվածների մասին, ինչպես ձևակերպված է կարգավորման փաստաթղթում և օգտագործվում է ադրբեջանական կողմի տեսակետը: Նրբությունն այստեղ նրանում է, որ երբ մենք խոսում ենք փախստականների մասին՝ դա պետությունից պետություն տեղաշարժվող մարդն է, իսկ ներքին տեղահանվածների հիշատակումը նշանակում է, որ Ղարաբաղ պետք է վերադարձվեն ադրբեջանցիները, ովքեր մինչև կոնֆլիկտը ապրում էին Ղարաբաղում: Այսինքն Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի տարածք»,- ասում է Գրիգորյանը: Իր հերթին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կիսելով Ստեփան Գրիգորյանը մոտեցումները, հավելեց. «Երբ նման զեկույց հրապարակվում է, առաջին հերթին պետք է տեսնել, թե ում է այն ձեռնտու: Այս պահին մեզ ձեռնտու չէ, ձեռնտու է մեր հակառակորդին: Ինչո՞ւ հենց հիմա եղավ: Խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանը վերջին շրջանում թուրքերի հետ անցել է ճակատային համակարգված գործողությունների՝ սահմանին ռազմական, քաղաքական, դիվանագիտական և քարոզչական ուժեղ աշխատանք է տանում: Բայց այդ Ադրբեջանը պատերազմի վտանգի մասին քարոզչություն օգտագործելով փորձում է թաքցնել կամ լուծել քաղաքական և տնտեսական լարվածության հետևանքով առաջացած խնդիրները երկրի ներսում»,- նշում է Նավասարդյանը: Նա հավելում է, որ մյուս կողմից նման զեկույցի հրապարակումը նպատակաուղղված է Հայաստանում ստեղծել լարված իրավիճակ հոգեբանական առումով, անգամ «փսիխոզի» հասցնել: «Ես ռազմական գործի մասնագետ չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ այսօր չի լինի, այլ բան, որ կարող է լինի պատահական էսկալացիա, բայց Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակում Հայաստանի վրա, ես բացառում եմ»,- եզրափակեց բանախոսը: Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը համաձայն չէ վերևում հնչեցված կարծքիների հետ և գնտում է, որ Միջազգայի ճգնաժամային խմբի կողմից ներկայացված զեկույցը բավականին հավասարակշռված և օբեյկտիվ է: «Զեկույցը նույնիսկ չափից ավելի բալանսավորված է: Օրինակ՝ նույն ճգնաժամային խումբն իր զեկույցում օկուպացված տարածքներ եզրույթը օգտագործել է չակերտների մեջ: Նաև նշել են, որ չնայած Ադրբեջանը համարում է դրանք օկուպացված տարածքներ, բայց նաև նշել են, որ հայկական կողմը ևս ունի սեփական կարծիք և բերել են Շահումյանի օրինակը, նշելով որ հայկական կողմը այն համարում է օկուպացված տարածք: Դրական եմ համարում նաև այն, որ իրականությանը մոտ ներկայացվել են այն մոտեցումները, որոնք գոյություն ունեն հիմա ՀՀ-ում և Արցախում տարածքային զիջումների վերաբերյալ: Հստակ նշվել է, որ թե՛ Արցախում, և թե՛ Հայաստանում հասարակությունը պատրաստ չէ գնալ որևէ զիջման: Բերելով «Սասնա ծռերի» օրինակը՝ նրանք նշել են, որ զուտ տեխնիկապես հնարավոր չէ այսօր գնալ տարածքային զիջումների»,- մասնավորապես նշեց Գրիգորյանը: Վերջինս նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ զեկույցում առաջին անգամ շեշտվում է, որ Արցախի իշխանությունները պատերազմի դեպքում ոչ միայն կարող են ակտիվ կամ պասիվ պաշտպանվել այլև անցնել հակահարձակման: «Զեկույցում նշված է, որ Արցախը կարող են 15 կմ խորանալ Ադրբեջանի տարածքում և դրանից Ադրբեջանը կարող է ունենալ 300 000-ից 600 000 փախստական։ Այսինքն՝ պատերազմի վերսկսման դեպքում Արցախի ՊԲ-ն կկարողանա իրականացնել այդ պլանները»,- ընդգծեց Տիգրան Գրիգորյանը: ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1182 reads | 12.06.2017
| |