ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Այս անգամ կադրադառնանք աշխարհի ամենահզոր պետության լիդերի քաղաքական կուլտուրայի մակարդակին և դիվանագիտական նրբությունների իմացության աստիճանին։ Աքսիոմատիկ իրողություն է, որ պետության լիդերը բացի նրա զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելուց, նաև արտաքին քաղաքականության ձևավորողը, ուղղորդողն ու իրագործողն է։ Հետևաբար նա պարտավոր է ոչ միայն տիրապետել դիվանագիտության արվեստին, նրա բազմաթիվ չգրված օրենքներին ու նրբություններին, այլև էթիկայի և արարողակարգի կանոններին, որոնց խախտումը պատճառ է դառնում քաղաքական սկանդալների ու միջազգային հարաբերությունների խաթարման, ընդհուպ մինչև պետությունների միջև պատերազմների ծագման։ …Այսպես, 1661 թվականի սեպտեմբերի 30-ին հրաշքով է կանխվում պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև լոկ այն պատճառով, որ Անգլիա ժամանած Շվեդիայի նորանշանակ դեսպանին դիմավորողների թափորում տեղերի համար վեճ է ծագում Ֆրանսիայի դեսպան դ՛Էստրադային և Իսպանիայի դեսպան Վատևիլիային ուղեկցողների միջև։ Սկսվում է կատարյալ փողոցային ճակատամարտ, սպանվածների թիվը հասնում է տասնյակների, վիրավորներինը`հարյուրների։ Անգլիան զորք է հանում փողոց։ Լյուդովիկոս XIV ցանկանում է պատերազմ հայտարարել Իսպանիային և հանդարտվում է միայն այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորը հետ է կանչում իր դեսպանին և պատժում նրան, հետո բոլոր երկրներին ուղարկում շրջաբերական, որ ամենուր ճանապարհը պետք է զիջել Ֆրանսիայի դեսպանին։ Իսկ 1768 թվականի տարեմուտին Լոնդոնում արքունիքը կազմակերպում է մեծ պարահանդես։ Նախօրոք որոշված կարգի համաձայն, դեսպանները զբաղեցնում են իրենց հատկացված տեղերը`թագուհուն ողջունելու համար։ Ֆրանսիայի դեսպանը ուշանում է (իսկ դա ինքնին էթիկետի խախտում է) և հապճեպ խցկվում Ավստրիայի և Ռուսաստանի դեսպանների արանքը` կոպտորեն մի կողմ հրելով վերջինիս։ Արարողակարգից հետո, երբ ֆրանսիացին իջնում է աստիճաններից, ռուս դեսպանը դիմավորում է նրան մերկացրած սուսերը ձեռքին։ Տեղի է ունենում կատաղի մենամարտ, Ռուսաստանի դեսպանը վիրավորվում է։ Մենամարտը դադարեցվում է պալատականների միջամտության շնորհիվ։ ![]() Նման միջադեպերը դիվանագիտական պարակտիկայից հազիվ թե հետաքրքրած լինեն Դոնալդ Թրամփին, որը Եվրոպայում իրեն ցուցադրեց որպես դասական կովբոյ։ Նախ` նա առիթը բաց չթողեց, որպեսզի արմռեստլինգի (ձեռնամարտ) մաստեր-կլաս անցկացնի մյուս քաղաքական գործիչների, հատկապես Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սակայն ամերիկյան նախագահն ինքն իրեն գերազանցեց, երբ ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանի պաշտոնական բացման ժամանակ տառացիորեն մի կողմ հրեց Չեռնագորիայի պրեմիեր-մինիստր Դուշկո Մարկովիչին լուսանկարվողների առաջին շարքում հատնվելու համար։ Նման վարվելակերպը դիվանագետների շրջապատում կոչվում է ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Այլ կերպ ասած, սա դիլետանտիզմ է կարևորագույն կառավարական մեխանիզմում, որը հղի է անշրջելի վտանգներով երկրի պետականության և ազգային շահերի համար։ (Նախագահի երակներում հավանաբար խոսեց գենետիկական կոդը, որը նրան փոխանցվել է ամերիկյան պիոներներից, որոնք պրերիներում միմյանց դեմը կտրելով նետվում էին առաջ ավելի հողակտորների տիրանալու համար)։ ![]() Իզուր չի ցուցանում հայտնի առակը, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։ …Մնում է ավելացնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, ![]() Որոշ վերլուծաբանների կարծիքով, Թրամփի նախագահական կարգավիճակին սպասում է կոլապս` հետևյալ տարբերակով. ա/ նրա նկատմամբ կիրականացվի իմպիչմենտ, բ/ Թրամփը կմնա նախագահ` կորցնելով բոլոր լիազորությունները և կվերածվի անգլիական թագուհու ամերիկյան տարբերակի, գ/ իշխանությունը փաստորեն կանցնի նրա տեղակալին`Մայք Պենսին, որը աչքի է ընկնում վճռական, բարոյակամային ուժեղ հատկանիշներով։ Դատելով նրա հայտարարություններից՝ քաղաքական ֆորս-մաժորային իրադրությունում նա չի վարանի դիմել ուժային միջոցների։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3959 reads | 05.06.2017
| |