Հիշեցնենք, Բելառուսի իշխանությունները փետրվարի 7-ին Բաքվի պահանջով արտահանձնել էին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որից հետո Բելառուսում ՀՀ դեսպանը մամուլին տված մեկնաբանություններում ասել էր, որ ինքը ոչինչ չէր կարող անել և որ ինքը բացարձակապես չի կարծում, թե պիտի հետ կանչվի դեսպանի պաշտոնից: – Պարոն Նավասարդյան, Ձեր կարծիքով՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարել Լապշինի արտահանձնումից և իր այն մեկնաբանությունից հետո, որ «ես ոչինչ չէի կարող անել՝ բացի Երևանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց»:
Նման արտահայտությունը իր հետ կարող է բերել միայն և միայն նրա [հրաժարականին]: Գոյություն ունեցող սովորույթների և ավանդույթների համաձայն՝ նա պետք է պարզապես թողնի այդ երկիրը: Եթե դու այդպես ես մտածում… նախ, ասում ես՝ չեմ կարող ոչինչ անել, հետո ասում ես՝ սրանք վատն են և այլն, և այլն: Ես բացարձակապես համաձայն չեմ: Բելառուսի և՛ ժողովուրդն է լավ, և՛ երկիրն է շատ լավ երկիր, և’ հայերին են շատ սիրում: Ուրիշ բան, որ այնտեղ դեսպոտ է նստած, որը քաղաքական հիմարություններ է անում: Ժամանակին այդ բոլորը կասվի: Կարծում եմ՝ նա պետք է պարզապես թողնի և գա տուն: – Այսինքն՝ այնուամենայնիվ կարելի էր ինչ-որ բան անել: – Նախ, դեսպանը պետք է այնպես աշխատի, որ նման բաներ հնարավորինս տեղի չունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման զարգացումներից: Դրանց ասում են՝ կանխարգելիչ գործողություններ, վերլուծական գործողություններ և այլն, և այլն: Այս բոլորը պետք է արվի: Եթե չի արել դա, ավելի վատ իր համար: – Երեկ եթերում այս հարցի կապակցությամբ մեջբերեցիք ֆրանսիացի հայտնի դիվանագետներից մեկի խոսքը: – Այո, Ժյուլ Կամբոնի… Դա այդ բոլորի տրամաբանական շարունակությունն է: Դա Ժյուլ Կամբոնի հայտնի թևավոր խոսքն է, որ «եթե դեսպանը իրեն համարում է փոստարկղ, նա մեծ վնաս է հասցնում իր երկրին»: – Կարծես թե, այդպիսի դեսպանները քիչ չեն մեզ մոտ: – Ունենք, իհարկե: Մենք շատ ենք խոսել այդ մասին՝ սա պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի փոխկապակցվածությունն է, որը, դժբախտաբար, այսօր իրեն զգացնել է տալիս: Դիվանագիտության մեջ դիլետանտիզմը ընդունելի չէ, ընդհանրապես ոչ մի գործում ընդունելի չէ, բայց դիվանագիտության մեջ՝ առավել: – Դուք չեք կարծում, որ դիվանագիտական այս ռազմավարությունը իրեն սպառել այսինքն՝ «մենք չենք խոսում, մենք գործում ենք», բայց արդյունքներն էլ չենք տեսնում: – Ասում են՝ եթե Ռուսաստանը կամ Իսրայելը չկարողացան կանխել Լապշինի արտահանձնումը, ուրեմն մենք ինչպե՞ս կարող էինք կանխել: Այս զուգահեռը ճի՞շտ է: – Սխալ է, իհարկե: Ռուսաստանը իր խնդիրները ունի: Այստեղ բոլորովին այլ բաներ են կատարվում, և նմանատիպ հայտարարություններ անելը, կարծում եմ, ճիշտ չէ: Ինչի՞ ես Ռուսաստանի կամ Իսրայելի համար խոսում, խոսիր քո երկրի և քո արած գործերի մասին: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1913 reads | 11.02.2017
| |