ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Այս երևույթը ցայտուն կերպով հանդես է գալիս դիվանագիտության մեջ, որը մագնիսի նման ձգում է շատերին, այդ թվում դիլետանտներին: Ապացուցված է նաև, որ համապատասխան պրոֆեսիոնալ կրթություն չունեցող անձանց բարոյակամային հատկանիշները և բնավորության խառնվածքը անհարիր են դիվանագիտությանը: Դիվանագիտության ‹‹աշխարհ›› մտնելու ձգտումը բացատրվում է նրանով, որ լինելով գործունեություն ‹‹փակ›› և երբեմն անհիմն ‹‹քողարկված›› ոլորտ, այն շարժում է մարդկանց հետաքրքրությունը, որոնք, դատելով իրենց հասանելի ինֆորմացիայի աղբյուրներից, միանգամայն թյուր կարծիք են կազմում դիվանագիտության մասին` նույնացնելով այդ դժվարին, մտավոր և բարոյական լարվածություն, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը, անհոգ, գեղեցիկ, մի փոքր արկածախնդրային և ռոմանտիկայով լի կյանքի հետ: Մյուս գործոնը, որը դիվանագիտությանը հաղորդում է ձգողականություն, այն է, որ դիվանագետները համարվում են հասարակության ընտրյալները, նրա սերուցքը, էլիտար խավը: Ճիշտ է, այդ համարումը ժամանակ առ ժամանակ փոխվել է հեղափոխությունների և հասարակության փոփոխությունների ընթացքում, սակայն դիվանագետները բոլոր ժամանակներում դիտվել են որպես առանձնահատուկ, այլ մասնագիտություններից տարբերվող մարդիկ, որն ի դեպ, այնքան էլ չի համպատասխանում իրականությանը: ![]() Արդյունքում, Հայաստանն օրինակ այնքան միջազգայնագետ և դիվանագետ է պատրաստում, որ եթե մենք անխտիր դեպանություններ բացենք աշխարհի բոլոր 200 պետություններում, ապա դարձյալ կունենանք դիվանագետների անգործություն: Կադրերի նման մասսայական, հախուռն պատրաստումը, բնականաբար, ազդում է որակի վրա, քանի որ դիվանագիտների ուսուցման գործում հարգի է առանձին, անհատական և ընտրովի մեթոդիկան: Դիվանագիտության ձգողականության մյուս երևույթը ավելի հոգեբանական, քան քաղաքական երևույթ է: Երկաթյա վարագույրի պայմաններում մարդկանց արտասահման մեկնելու հազվագյուտ հնարավորություններից մեկը դիվանագիտական անձնագիր ունենալն էր, որին իներցիայի ուժով ձգտում է այսօրվա երիտասարդը, չնայած երկրից դուրս գալու համար կան շատ այլ, թերևս ավելի հեշտ ու գրավիչ միջոցներ: ‹‹Նոր›› շրջանի դիվանագիտության մեջ պրոֆեսիոնալ (կարիերային) դիվանագետներին արտաքին քաղաքականությունից դուրս մղելու և դիլետանտների առաջ կանաչ լույս վառելու գործընթացում աչքի ընկան բոլշևիկները, որոնք հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլոր դիվանագետներին վտարեցին աշխատանքից, քանի որ այն կարծիքին էին, թե սոցիալիստական հեղափոխությունը շատ արագ հաղթելու է ողջ աշխարհում, իսկ անդասակարգ հասարակությունում դիվանագիտությունն անիմաստ շռայլութուն է: Այս տրամաբանության հետևանքով Լև Տրոցկին նշանակվեց արտաքին գործերի կոմիսար (նախարար), որի համար դիվանագիտությունը և ռազմական գործը հոմանիշներ էին, իսկ միջպետական հարաբերություններում փոխզիջումը բացառված էր: Սակայն Բրեստ-Լիտովսկի խայտառակ բանակցություններից հետո միջազգային շրջափակման պայմաններում բոլշևիկները ստիպված եղան ձեռնամուխ լինել դիվանագիտական ծառայության ստեղծման գործին` առաջնորդվելով կուսակցական-գաղափարախոսական անզիջում սկզբունքներով: ![]() Խորհրդային դիվանագիտությունն ի սկզբանե եղել է գաղափարախոսական, կուսակցական և դասակարգային: Այս պոստուլատներից Մոսկվան երբեք չի հրաժարվել: Պարզապես Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ստալինի մահից հետո ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների ներգրավումը ԱԳՆ (1946 թ. ՆԿԻԴ-ը վերանվանվեց ԱԳՆ` արտաքին գործերի նախարարություն) նկատելիորեն նվազեց: Ի տարբերություն հեղաշրջումից հետո դիվանագիտական կադրերի հավաքագրմանը գործարաններից և բանակից, նորաստեղծ Դիվանագիտական ակադեմիայում (1944 թ.) բացվեցին կարճատև 1-3 ամսյա դասընթացներ կուսակցական-կոմերիտական նոմենկլատուրայի համար: Այդ դասընթացներն ավարտողները, այդպես էլ չտիրապետելով կամ վատ տիրապետելով օտար լեզուներին ու դիվանագիտության հիմունքներին, նշանակվում էին նախարարության արտասահմանյան ներկայացուցչություններում բավական բարձր դիվանագիտական պաշտոնների (1-ին քարտուղար, խորհրդական): Այս կարգի դիվանագետները գրեթե առանց բացառության մնում էին օտար ‹‹մարմիններ››, ‹‹բալաստ›› օպերատիվ-վերլուծական աշխատանքի համար, զբաղվում էին ներդեսպանական կուսակցական, հասարակական կամ վարչական գործունեությամբ` շարունակելով այն հայրենիք վերադառնալուց հետո` ԱԳՆ-ի համապատասխան ստորաբաժանումներում: Նոմենկլատուրային հապճեպ կրթություն ստացած կադրերը, չհաշված հազվագյուտ բացառություններ, ողջ կյանքում մնում էին դիլետանտներ: Նրանց և պրոֆեսիոնալ դիվանագետների միջև գոյություն ուներ նկատելի անտագոնիզմ, որը սրվում էր արտասահամյան պայմաններում: Կարիերային դիվանագետները դիլետանտների նկատմամբ տածում էին հակակրանք և վատ թաքցված արհամարանք: Նույնը կարելի է ասել դիվանագետների և մեկ այլ նոմենկլատուրային կադրերի` հետախույզների հարաբերությունների մասին, որոնք երբեք հաշտ ու հարթ չեն եղել բոլոր ժամանակներում: Կուսակցական նշանակումը, երբ բարձրաստիճան քաղաքական և կուսակցական գործիչները գործուղվում էին արտասահման, ուներ երկու պատճառ. 1) զանցառու բարձրաստիճան չինովնիկը մեկուսացվում էր ‹‹մեծ քաղաքականությունից›› և ‹‹արտաքսվում›› էր արտասահման: Օրինակ` երբ Վ. Մոլոտովը հայտարարվեց ‹‹ժողովրդի թշնամի››, նշանակվեց դեսպան Մոնղոլիայում, 2) քաղաքական կամ կուսակցական գործչին խրախուսանքի կարգով շնորհում էին դեսպանի աստիճան և գործուղում էին արտասահման: Կուսակցական նշանակումները հիմնականում լինում էին սոցիալիստական լագերի կամ խորհրդային ուղղվածություն ունեցող երրորդ աշխարհի պետություններ: Կապիտալիստական զարգացած երկրներում որպես կանոն աշխատում էին փորձառու պրոֆեսիոնալներ: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը կարծես թե հրաժարվում է դիլետանտիզմի վնասաբեր պրակտիկայից և նախապատվությունը տալիս է պրոֆեսիոնալներին: ![]() Նեպոտիզմի արատավոր պրակտիկան, երբ հաղթանակած նախագահը դիվանագիտական պաշտոններ է բաժանում իր շրջապատին, ամերիկյան դիվանագիտության մեջ իր գագաթնակետին հասավ 30-ական թվականների սկզբին, նախագահ Հերբերտ Հուվերի օրոք, որը պնդում էր պետական բարձրաստճան պաշտոններում, այդ թվում դեսպանների պաշտոններում, բիզնեսմենների նշանակման վրա, որոնց նա ընտրել էր առևտրի նախարար աշխատելու տարիներին: Մեր օրերում ևս Միացյալ Նահանգներում եզակի չեն դիլետանտներին դեսպաններ նշանակելու դեպքերը. Բիլ Քլինթոնն իր մոտ մարդուն որպես դեսպան ուղարկում է Փարիզ, հետո նույն պաշտոնին Բուշ-կրտսերը նշանակում է փայտի արտադրության մագնատի, որը մեծ գումար էր տրամադրել նրա ընտրական կամպանիային, իսկ Մադրիդում դեսպան է դառնում անշարժ գույքի բիզնեսմենը, որը հանրապետական կուսակցության բյուջե փոխանցել է 200 միլիոն դոլար: Դեսպանի դիլետանտիզմը ոչ միայն հակադարձ համեմատական է դիվանագիտության բոլոր գրված և չգրված կանոններին, այլև կարող է լուրջ վնաս հասցնել նրա երկրին: Դա նկատի ունի Հենրի Քիսինջերը, երբ մեկնաբանում է Մոսկվայում Վաշինգտոնի դեսպան Ժոզեֆ է. Դէվիսի գործունեությունը` փաստորեն մեղադրելով նրան դիվանագետի լոյալությունը կորցնելու և լոկալիտիսի երևույթին տուրք տալու մեջ, որը փաստորեն նշանակում է դեսպանընկալ երկրի շահերը գերադասել սեփական երկրի շահերից: ‹‹Դա Ժոզեֆ Է. Դէվիսն էր, պատերազմից առաջվա դեսպանը Մոսկվայում, որը ‹‹Առաքելություն Մոսկվայում›› բեստսելերի հեղինակն էր: Եվ չնայած Դէվիսը ներդնող բանկիր էր, այսինքն կոմունիստների աչքում արխիկապիտալ, ուներ ամերիկյան շատ դեսպանների այն հակումները, որոնք չեն պատկանում կարիերային դիվանագետների թվին և դառնում են հավատարմագրված երկրների ինքնակոչ պրոպագանդիստներ: Դեսպանի արկածները նկարագրող Դէվիսի գիրքը թութակի նման կրկնօրինակում էր սովետական պրոպագանդայի բոլոր թեզերը, ներառյալ զոհերի մեղավորությունն հաստատող ցուցադրական դատավարությունները››: ‹‹…Դէվիսի կարծիքով Արևելքի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունները կմտնեն փակուղի, եթե չհենվեն Ստալինի բարի կամքի նկատմամբ հավատի վրա››: (Henry Kissinger, Diplomacy, p. 430). Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար նշված արատներից բացի, հատկանշանական է նրա քաղաքականացվածությունը. երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը շանսեր չունի դառնալ դեսպան: Դիվանագիտական spoil system-ի մեթոդ է կիրառել Սիլվիանո Բեռլուսկոնին, չնայած Իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի ասել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մասին: Սակայն նույն Ֆրանսիան և Իտալիան ծայրաստիճան ժլատ են դեսպանի կոչում շնորհելու գործում: Քե դ’Օրսեում (Ֆրանսիայի ԱԳՆ) ներկայումս հաշվվում է դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող 10, իսկ Ֆարնեզինայում (Իտալիայի ԱԳՆ) 20 մարդ: Դիլետանտների օգտագործումը պետության դիվանագիտական ծառայությունում տարբեր կերպով կարող է ազդել տվյալ երկրի արտաքին քաղաքականության վրա` կախված նրա մասշտաբներից, ներուժից, միջազգային գետնի նրա գրաված դիրքից ու հեղինակությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Չինաստանի դիլետանտ դեսպանի վրիպումները այլ պետությունների կողմից ընկալվում է մի կերպ, իսկ փոքր և միջին երկրների դիլետանտ դեսպանի սայթաքումներն ու սխալները` բոլորովին այլ կերպ: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ դեսպանների սխալները չեն ներվում: Այնպես որ, ՀՀ դիվանագիտության մեջ մեծ թվով դիլետանտների օգտագործումը, կասկածից դուրս է, որ կարող է վնասակար հետևանքներ ունենալ հանրապետության ազգային և պետական շահերի համար: Պատմությունը ցույց է տալիս, որ դիլետանտների և պրոֆեսիոնալների հարաբերակցությունը արտգործնախարարություններում փոփոխական են: Անգամ այն պետությունները, որոնց դիվանագիտական գերատեսչություններն ավանդականորեն հիմնականում կազմված են կարիերային դիվանագետներից, քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունների դեպքում լայնորեն կիրառում են դեսպանների քաղաքական նշանակումներ: Ֆրանսիական և ռուսական հեղափոխություններից հետո այդ երկրների դիվանագիտական ծառայությունները ամբողջովին ձևափոխվեցին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեսպաններ նշանակվեցին այնպիսի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք Վ. Լուկինը (ԱՄՆ), Ա. Բովինը (Իսրայել), Կոստիկովը (Վատիկան) և այլն, որոնք, ի դեպ, արդարացրին այդ նշանակումները, սակայն կրկնում ենք, դրանք հազվագյուտ դեպքեր են: Ընդհանրապես, բոլոր առաջատար և զարգացած երկրներում նկատվում է դիվանագիտության կադրային խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր և դիլետանտիզմի բացառման անհրաժեշտության կոնկրետ առաջարկներ: Հենց Միացյալ Նահանգներում, որոնք ինչ-որ տեղ հանդիսանում են դիլենտանտիզմի ‹‹կնքահայրեր››, անվանի գիտնականներ և դիվանագետներ մշտապես անդարադառնում են այդ կենսական կարևորություն ունեցող խնդրին, հանդես են գալիս ‹‹American Diplomacy›› ‹‹Foreign Affairs›› ամսագրերում և տարբեր լսարաններում: Պետդեպարտամենտի փորձագետների հանձնաժողովը պարբերաբար հրապարակում է զեկուցագրեր այդ հարցի շուրջ կատարված հետազոտությունների մասին: Պրոֆեսիոնալ-դիլետանտ քննարկումների ֆոնին հաճախ է երևան գալիս դեսպանի մասնագիտական և հոգեբանական հատկանիշների խնդիրը, որոնք պայմանավորված են հասարակության զարգացման կոնկրետ փուլի, պետության արտաքին քաղաքականության խնդիրների և միջազգային հարաբերությունների կոնկրետ իրավիճակի հետ: Միջնադարի դիվանագետի առաջ հետևյալ պայմաններն է դնում Վենետիկցի դիվանագետ Օտավիանո Մաջին իր 1596 թվականին գրած ‹‹Դեսպանի մասին›› գրքում: Դեսպանը պետք է լինի գիտնական-աստվածաբան, լավ իմանա Արիստոտելի և Պլատոնի աշխատությունները, դիալեկտիկայի կանոնների համաձայն կարողանա լուծել ցանկացած խնդիր: Դեսպանը պետք է լինի մասնագետ մաթեմատիկայի, ճարտարապետության, երաժշտության, ֆիզիկայի, քաղաքացիական և եկեղեցական իրավունքի բնագավառներում: Նա պետք է ազատ խոսի և գրի լատիներեն, իմանա հունարեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն: Նա պետք է ունենա դասական կրթություն, իմանա պատմություն և աշխարհագրություն, լինի ռազմական գործի մասնագետ, ինչպես նաև պոեզիայի գիտակ: Բացի այդ ամենից դեսպանը պետք է լինի ճանաչված անձնավորություն, հարուստ, արտաքինով, գրավիչ: Երբեմն դեսպանների համար պահանջվել են հատուկ որակներ: Օրինակ` արքայադուստր /պրինցեսա/ Ցերբսկայան` Եկատերինա II-ի մայրը Ֆրիդրիխ Մեծին ուղղված նամակում պատվիրում է, որ Պետերբուրգ ուղարկվող դեսպանը լինի երիտասարդ, գեղեցիկ, ունենա լավ կառուցվածք: Իսկ Գերմանիայի և Հոլանդիայի դեսպաններից պահանջվում էր, որ նրանք կարողանան օգտագործել մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ (Տես Никольсон Г., Дипломат, изд. Государсвенное издательство политической литературы, 1941): Այնուհետև Հարոլդ Նիկոլսոնը թվարկում է մի քանի հատկանիշներ, որոնք մեծապես խոչընդոտում դիլետանտների գործունեությանը ` վնասելով նրանց կառավարություններին շահերին: Անվանի տեսաբանի դիտողություններն այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: ‹‹Դիվանագետ-դիլետանտը,- գրում է նա,- հաճախ փառասիրությունից դրդված ձգտում է արագորեն հաջողության հասնել, մինչդեռ նա նոր է ժամանել այդ երկիրը: Սեփական ուժերի նկատմամբ թերահավատության պատճառով նա կասկածամիտ է, չափից ավելի փութաջան, հակված է իրագործել ‹‹փայլուն›› գաղափարներ: Նա դեռևս զուրկ է մարդկային համբերատարությունից և սկեպտիկ ներողամտությունից, որոնք ձեռք է բերվում դիվանագիտական երկարատև ծառայության հետևանքով, հաճախ է ընկնում ուրիշների համոզմունքների, պատահական իմպուլսների և համակրանքի ազդեցության տակ: Դիլետանտն հասկանալի արհամարհանքով է վերաբերվում դիվանագիտական արարողակարգին և անհաբերությամբ է նայում այդ պայմանականություններին, որի հետևանքով հաճախ վիրավորանքներ է հասցնում այնտեղ, որտեղ միայն ցանկանում էր բարեհոգություն դրսևորել: Իր զեկույցներում և հաղորդագրություններում շատ հաճախ ձգտում է ոչ այնքան խելամիտ ձևով ներկայացնելու փաստերը, որքան ցուցադրել իր հնարամտությունն ու գրական տաղանդը։ (Указ. соч., с. 52). Եթե սրանից մի քանի տասնյակ տարի առաջ դիլետանտ դիվանագետի գործունեությունը մեջ ինչ-որ չափով ընդունելի էր, ապա այսօր միանշանակ կարելի է պնդել, որ պրոֆեսիոնալիզմը և դիլետանտիզմը անհամատեղելի կատեգորիաներ են դիվանագիտության մեջ: Համաշխարհային քաղաքականության բարդությունը, միջազգային ասպարեզում տարբեր հետաքրքրությունների խաչաձևումը, արտաքին քաղաքականության խորը փոփոխությունը, գլոբալիզացիայի նոր որակների երևան գալը վկայում են հենց պրոֆեսիոնալ դիվանագետների պահանջված լինելը` ավելի քան երբևիցե: ‹‹XX-րդ դարի վերջին XXI-դարի սկիզբին աշխարհը դարձավ նկատելիորեն բարդ: Արտաքին քաղաքականության որոշումների դերը մեծացավ, իսկ սխալի գինը ոչ ճիշտ ընդունված որոշումների արդյունքում` աճեց: Յուրաքանչյուր նման որոշումից կախված են հարյուր միլիոնավոր մարդկանց ճակատագրերը›› (Внешняя политика: вопросы теории и практики, Материалы научного семинара, изд. Университет, книжный дом, М. 2009, с.55 ): Եթե ավելի նեղացնելու լինենք ‹‹սխալի գինը›› և պրոյեկտենք այն մեկ առանձին պետության վրա, ապա կարող ենք ասել, որ ‹‹դիվանագետը և սակրավորը սխալվում են ընդամենը մեկ անգամ››: (Նավասարդյան Ա. Հերմեսից մինչև մեր օրերը, հրատ. ‹‹Հայաստան››, 2012, էջ 155 ): | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1812 reads | 08.02.2017
| |