ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Միջազգային հարաբերությունների ներկա արագ փոփոխվող պարադիգմում ես մեր դիվանագիտության խնդիրները պայմանականորեն կբաժանեի երեք հիմնական խմբի.Առաջին խմբում այն հարցերն են, որոնք կանգնած են նոր աշխարհակարգի ստեղծման և բազմաբևեռ համակարգի կայացման ճանապարհին: Երկրորդ խումբը ներառում է աշխարհաքաղաքական պայքարը տարածաշրջանային պետությունների և մեծ տերությունների միջև: Երրորդ խմբում դիվանագիտության կոնկրետ խնդիրներն են պետության ներքին և արտաքին քաղաքականության իրագործման գործառույթներում: Լինելով Խորհրդային կայսրության կազմում և նրա միջուկային հովանոցի անվտանգության ներքո` Հայաստանը զարգանում էր սոցիալիստական համակարգի պայմաններում՝ լավ թե վատ։ Անկախանալով և դառնալով միջազգային իրավունքի սուբյեկտ` Հայաստանն այսօր բախվում է միանգամայն նոր տիպի վտանգների և մարտահրավերների, որոնք բոլորովին նոր իրավիճակ են ստեղծում Հայաստանի համար: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ անկախության գինը թանկ է: Կամ մենք կգտնենք մեզ արժանի որմնախորշը այդ աշխարհակարգում և ապագա բազմաբևեռ համակարգում, կամ դե ֆակտո կկորցնենք մեր անկախությունը, ինչպես դա տեղի է ունենում մի շարք պետությունների հետ: Իրաք, Լիբիա, Սիրիա, Եմեն։ Սրանք ձևականորեն են շարունակում մնալ սուվերեն պետություններ ու միջազգային իրավունքի սուբյեկտներ` զբաղեցնելով տեղեր ՄԱԿ-ում:Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնք տեղակայված են Սայքս-Պիկոյի 1916 թվականին գծած համաձայնագրերի սահմաններում, նույն վտանգն է սպառնում։ Հաջորդը հավանաբար կլինեն Լիբանանը և Հորդանանը։ Մյուս կողմից` անկախությունը և միջազգային հանրության լիիրավ անդամ լինելը շատ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի ամրապնդման և զարգացման համար: Պատմությունը շատ օրինակներ և դասեր ունի գրված այդ թեմայով: Անտիկ աշխարհում փոքր պետությունները` լիմիտրոֆները, հատուկ դեր էին խաղում Հռոմեական կայսրության դիվանագիտական հարաբերություններում։ Նույնը կարելի է ասել չինական սահմաններն օղակող փոքր բուֆերային պետությունների` վայ-ֆաների և կամ միջնադարյան քաղաք-պետությունների մասին: Վերջիններիս արտաքին քաղաքականության հիմքում դրված էին մաքիավելիզմի հիմնադրույթները։ Սակայն Հայաստանն ունի իր առանձնահատկությունները։ Ներկա Արևելք-Արևմուտք սուր հակամարտության պայմաններում Հայաստանը այն երկիրն է, որ կարող է հմտորեն մանևրել միջազգային հարաբերություններում, խաղալ միջնորդական հնարավորությունների վրա և օգուտ քաղել դրանցից։ Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։ Հետո, որքան էլ մենք բողոքենք մեր քաղաքական համակարգից` որակելով այն ավտորիտար, այդուհանդերձ հայ հասարակությունը, հայ ընտանիքը հենված են դեմոկրատական ավանդույթների, հումանիզմի, հանդուրժողականության, երբեմն ալտրուիզմի հասնող մարդասիրության վրա։ Բացի այդ ամենը, կա հայկական Սփյուռք, որի հնարավորությունները և սահմանները վերոնշյալ առաքելությունում դժվար է չնկատել։Իմ խորին համոզմամբ, դժվար կլինի գտնել նախկին ԽՍՀՄ-ից պոկված որևէ հանրապետություն, որը կարողանար իր վրա վերցնել տարբեր պետությունների իրար կապելու գործառույթը։ Բելառո՞ւսը, Ղազախստա՞նը , Ադրբեջա՞նը, կամ մյուսնե՞րը։ Իհարկե` ոչ։ Անգամ Ռուսաստանը իր ողջ հզորությամբ, հսկայական ներուժով և հարուստ պատմությամբ չի կարող անել այն, ինչը ի զորու է անել Հայաստանը։ Այսօրվա Ռուսաստանն իր հարուստ քաղաքական ներկապնակով կդժվարանա տարբեր բևեռներում կանգնած պետությունների միջև դառնալ կապող օղակ։ Երկու պատճառով։ Նախ` Ռուսաստանն ինքը կոչված է լինելու գերտերություն և գլխավորելու այլ երկրների դաշնություններ, և երկրորդ` ռուսական քաղաքական էլիտայում դեմոկրատների կողքին քայլում են նացիոնալ-շովինիստական ուժեր (Դուգին, Շևչենկո, Պրոխանով, Ժիրինովսի, Լիմոնով և ուրիշներ)։ Նման սիմբիոզը հազիվ թե կարողանա խաղալ մեր նշած դերը։ Բացի այդ, ռուսներն իրենք կարիք ունեն հուսալի օղակի և բուֆերի Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Թեհրան առանցքի շուրջ: Հայաստանը կարող էր հաջողությամբ ‹‹վերաբեռնավորել›› հարաբերությունները նրանց փակուղի մտնելու պարագայում։ Օգտագործելով արդեն գոյություն ունեցող փորձը և զարգացնելով համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ` մի կողմից, ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ` մյուս կողմից, Հայաստանը կարող էր նոր քայլեր անել իրեն բաժին ընկած առաքելության հետագա առաջընթացի համար։ Դրանով պատասխան կտրվի մեր այն քաղաքական ուժերին, որոնք մերժում են «և-և»-ի ռազմավարությունը և շեփորահարում են «կամ-կամ»-ի քաղաքականության առավելությունները մեզ համար։ Իմ կարծիքով, Հայաստանը պետք է հավասարակշված քաղաքականություն վարի Արևմուտքի և Արևելքի միջև։ Հավասարակշռություն, բայց ոչ հավասարահեռություն։ Հասկանալի պատճառներով մենք այսօր չենք կարող հավասար հեռավորություն պահել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ հետ։ Իսկ հավասակշռել կարող ենք, և պարտավոր ենք դա անել։ Այսինքն, ոչ թե կոմպլեմենտար, այլ՝ ՌԴ-ի վրա հենված, զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:Այս ենթատեքստում սպասվող «ձնհալը» Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր հորիզոններ է բացում Հայաստանի դիվանագիտության կատարելագործման համար։ Ի դեպ, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հեղինակել է ամբողջ մի տեսություն Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշված դիվանագիտության զարգացման համար` տարբեր քաղաքական բևեռների միջև։ Այդ տեսության տարածումը և կիրառումը կարող է որոշիչ նշանակություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության, պետական և ռազմաքաղաքական անվտանգության ամրապնդման համար։
| |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 3447 reads | 29.01.2017
| |



Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ անկախության գինը թանկ է: Կամ մենք կգտնենք մեզ արժանի որմնախորշը այդ աշխարհակարգում և ապագա բազմաբևեռ համակարգում, կամ դե ֆակտո կկորցնենք մեր անկախությունը, ինչպես դա տեղի է ունենում մի շարք պետությունների հետ: Իրաք, Լիբիա, Սիրիա, Եմեն։ Սրանք ձևականորեն են շարունակում մնալ սուվերեն պետություններ ու միջազգային իրավունքի սուբյեկտներ` զբաղեցնելով տեղեր ՄԱԿ-ում:
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։ Հետո, որքան էլ մենք բողոքենք մեր քաղաքական համակարգից` որակելով այն ավտորիտար, այդուհանդերձ հայ հասարակությունը, հայ ընտանիքը հենված են դեմոկրատական ավանդույթների, հումանիզմի, հանդուրժողականության, երբեմն ալտրուիզմի հասնող մարդասիրության վրա։ Բացի այդ ամենը, կա հայկական Սփյուռք, որի հնարավորությունները և սահմանները վերոնշյալ առաքելությունում դժվար է չնկատել։
Իմ կարծիքով, Հայաստանը պետք է հավասարակշված քաղաքականություն վարի Արևմուտքի և Արևելքի միջև։ Հավասարակշռություն, բայց ոչ հավասարահեռություն։ Հասկանալի պատճառներով մենք այսօր չենք կարող հավասար հեռավորություն պահել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ հետ։ Իսկ հավասակշռել կարող ենք, և պարտավոր ենք դա անել։ Այսինքն, ոչ թե կոմպլեմենտար, այլ՝ ՌԴ-ի վրա հենված, զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Ի դեպ, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հեղինակել է ամբողջ մի տեսություն Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշված դիվանագիտության զարգացման համար` տարբեր քաղաքական բևեռների միջև։ Այդ տեսության տարածումը և կիրառումը կարող է որոշիչ նշանակություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության, պետական և ռազմաքաղաքական անվտանգության ամրապնդման համար։


