ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երրորդ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Առաջին մասը՝ այստեղ Երկրորդ մասը՝ այստեղ ![]() Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես և ինչ ձևով են հանդես գալիս երկու տարբեր` «պետական» և «ժողովրդական» դիվանագիտությունները միևնույն պետության մեջ։ Դա կախված է կոնկրետ պետության կառուցվածքից, նրա քաղաքական մշակույթի մակարդակից։ Զարգացած դեմոկրատական համակարգ ունեցող երկրներում այդ երկու տարատեսակները զարգանում են զուգահեռ և հաճախ մտնում են համագործակցության մեջ։ Ընդ որում, որքան սերտ է այդ համագործակցությունը, այնքան ակտիվ է տվյալ պետության արտաքին քաղաքականությունն ու արդյունավետությունը։ Եվ հակառակը։ (ՀՀ ԱԳՆ, ցավոք, հեռու է կանգնած հանրային դիվանագիտությունից)։ Իսկ երբ պետության արտգործնախարարությունը հրաժարվում է ժողովրդական դիվանագիտության հետ համագործակցելուց, ծագում է երկու կարծիք` ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված պարտականությունները, բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ: Լավագույնը այդ երկու դիվանագիտությունների սիմբիոզն է, որն անվանվում է «կատալիզատորային դիվանագիտություն» (Տե’ս, «Современные международные отношения», Астеп Прес, Москва, 2014, стр. 646): ![]() Անշուշտ, «կոշտ ուժը» մնում է միջազգային հարաբերությունների անքակտելի միջոց։ Այն շարունակվում է հաճախ օգտագործվել պետությունների հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի հաճախ ականատես ենք լինում, այդ երկու ուժերի համադրմանը։ Դրա ցայտուն օրինակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական գործընթացն է Սիրիայում, երբ ոչնչացվում են իսլամական ահաբեկչային ուժերը, իսկ Ժնևում ընթանում են բանակցություններ։ Վերջին տարիներին դիվանագիտական տեսության մեջ ի հայտ է եկել ուժի մի նոր տեսակ, որը կոչվում է «smart power», բառացի թարգմանությունը «խելացի ուժ»։ Այսպիսով, դիվանագիտության մեջ մենք գործ ունենք երեք ուժի հետ` «փափուկ», «կոշտ» և «խելացի»։ Ճկուն և բազմափորձ դիվանագիտություն ունեցող տերությունները հաճախ են համադրում «փափուկ» և «կոշտ» ուժի հնարավորությունները «խելացի ուժի» միջոցով` հասնելով ցանկալի արդյունքների։ Օրինակ`Հռոմը նվաճում էր օտար երկրներ, սակայն նրանց քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռում ստանալ հռոմեական հպատակություն։ Վիկտորիանական Բրիտանիան նվաճած երկրների էլիտային հաղորդակից էր դարձնում իր մշակութին` արդյունքում Լոնդոնը հսկայական իմպերիան կառավորում էր տեղական ուժերով և շատ քիչ թվով անգլիական զորքեր էր օգտագործում այն պահելու համար։ ![]() Իսրայելը, որը տասնամյակներ շարունակ հենվել է կոշտ ուժի վրա իրեն շրջապատող արաբական աշխարհի հետ հարաբերվելիս, այսօր հմտորեն մանևրում է «փափուկ ուժի» և «խելացի ուժերի» օգնությամբ և զարգացնում է տնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ` դիմակայելու համար ԱՄՆ-ի և Եվրոպայի` իսրայելյան ուղղությամբ խստացվող քաղաքականությանը։ Թվարկումը կարելի է շարունակել։ Հայկական կողմը ղարաբաղյան հիմնահարցի լուծումը պատկերացնում է խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջը։ Կնշանակի` ակտիվորեն պետք է օգտագործի «փափուկ ուժի» հնարավորությունները։ (Հայկական դիվանագիտության վրիպումը կայանում է նրանում, որ անկախությունից առ այսօր այդ անկյունաքարային սկզբունքը որպես հայեցակարգ` կոնցեպտ ձևավորված չէ և ներկայացված չէ միջազգային հանրությանը)։ Այս դիրքորոշմանը հակադրվում է ադրբեջանական կողմը, որի ցայտուն ապացույցը ապրիլի սանձազերծած պատերազմական գործողություններն էին։ Հայկական դիվանագիտության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի. բոլոր հնարավոր միջոցներով այս եղելության բացահայտումը միջազգային ատյաններում։ Մինչդեռ մեր դիվանագիտական ծառայությունը հաճախ թերանում է այդ գերկարևոր հարցում` ցուցաբերելով աններելի կրավորական կեցվածք։ Տողերիս հեղինակը, որը ՀՀ առաջին ներկայացուցիչն էր ԵԱՀԿ-ում, կարող է վկայել, թե ինչպես 1991-1993 հայ-ադրբեջանական մարտերի ամենաթեժ օրերին հայկական դիվանագիտությունը նախահարձակ լինելու փոխարեն, իր դեսպանին ցուցում էր տալիս բանակցային գործընթացներում «պահպանել հանգստություն և լռություն` խուսափելու համար քաղաքական սադրանքներից և դիվանագիտական բարդություններից»։ Ավելի թարմ օրինակներ։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ արտգործնախարարության անհասկանալի և անտրամաբանական պաուզայից օգտվեց Բաքուն և ապրիլի 14-ին դիմեց ՄԱԿ և նրա Անվտանգության խորհուրդ` բողոքելով «հայկական կողմի սանձազերծած ագրեսիայի» կապակցությամբ։ Մեր կարծիքով, հայկակական դիվանագիտության սխալների շարքում առանձնանում է այն փաստը, որ ապրիլյան դեպքերի օրերին ՀՀ նախագահի հանձնարարականը ԱԳՆ-ին ԼՂՀ-ի հետ համագործակցության առումով համապատասխան պայմանագիր ստորագրելու վերաբերյալ մնաց ձայն բառբառո հանապատի։ Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն մեկից ավելի միջոցներ, որոնց հմուտ կիրառումը մեծապես կնպաստեր մեր արտաքին և ներքին քաղաքականության խնդիրների լուծմանը։ Վերցնենք ‹‹մաքոքային դիվանագիտությունը››` «Shatl diplomacy», երբ x-պետությունը, գաղտի դիվանագիտական աշխատանք է տանում y և z պետությունների միջև կոնֆլիկտային կամ այլ կարգի խնդիրների լուծման ուղղությամբ։ Ընդ որում, այստեղ պարտադիր չէ, որ դերակատար(ները) լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Պատմությանը հայտնի է Հանրի Քիսինջերի «մաքոքային դիվանագիտության» շրջանակներում վարած բանակցությունները Իսրայելի և արաբական երկրների միջև (Տե՛ս, Berridge G.R. and James A. Dictionary of Diplomacy; Second Ediaton, Palgrave Macmilan, 2003 P.245): Սակայն քչերին է հայտնի Անաստաս Միկոյանի բեռլինյան և կարիբյան ճգնաժամերի ժամանակ` (համապատասխանաբար 1958-1961 թ.թ. և 1962թ.) նույն դիվանագիտական տրյուկի փայլուն օգտագործման փաստը։ Ըստ մեր կարծիքի` հայկական դիվանագիտությունը կարող էր օգտագործել «մաքոքային դիվանագիտության» հնարքները` ի շահ իր արտաքին քաղաքականության։ Հաջորդ, ոչ պակաս հետաքրքրիր մեթոդ է միջնորդական դիվանագիտությունը, որը հատկապես օգտաշատ է փոքր պետությունների համար։ Միջնորդական դիվանագիտությունը, մեր խորին համոզմամբ կարող է հանդիսանալ հայկական դիվանագիտության հիմնաքարերից մեկը և վճռական նշանակություն ունենալ արտաքին քաղաքականության «կամ-կամ»-ի և «և-և»-ի անիմաստ բանավեճի դեպքում։ Բացի ամեն ինչից, միջնորդական դիվանագիտության ճիշտ օգտագործումը կարող է հսկայական քաղաքական և տնտեսական դիվիդենտներ բերել Հայաստանին։ Հանրային դիվանագիտության մյուս միջոցներից մեկն էլ այն է, որ բարեկամ երկրի օգնությամբ կանոնավորվում է երրորդ երկրի հետ գոյություն ունեցող լարված հարաբերությունները։ Օրինակ` Պակիստանը չի ճանաչում Հայաստանը և դիվանագիտական հարաբերություններ չունի նրա հետ։ Սակայն նույն Պակիստանը սերտ կապեր ունի Իրանի և Չինաստանի հետ, իսկ վերջիններս պատկանում են Հայաստանի բարեկամ երկրների թվին։ Նման իրադրությունը հուշում է հայկական դիվանագիտությանը նպատակադրված աշխատանք տանել Կարաչիի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար։ Հարկ է ուղիներ փնտրել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար ևս։ (Ի դեպ` նշված երկու պետությունները խիստ բացասական դեր են խաղում իսլամական պետությունների շարքում հակահայկական քաղաքականություն վարելու ուղղությամբ)։ Դիվանագիտական հարաբերություններում պակաս կարևոր նշանակություն չունի երկրների միջև հակասությունների վրա խաղալը (Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան) ի օգուտ սեփական շահերի։ Արդյո՞ք հայկական դիվանագիտությունն աշխատում է այդ ուղղությամբ։ Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն միջազգային իրավունքի միջոցներ ևս, որոնք հաճախ անտեսվում են ՀՀ և ԼՂՀ հետաքրքրությունների գործում։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված և ընդունված «Ստիպողական կամ պարտադրված անջատում» (Remedial cessation) բանաձևը օգտակար կարող էր լինել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործում, ընդհուպ ԼՂՀ-ի դուրս գալը Ադրբեջանի կազմից, քանի որ այն նախատեսում է նման հանգուցալուծում, երբ էթնիկ խումբը կամ ազգային փոքրամասնությունը ենթարկվում է ոչնչացման վտանգի իր բնակված պետության կողմից։ Այս ուղղությամբ, որքան մեզ է հայտնի, ՀՀ ԱԳՆ որևէ քայլ չի արել։ Բացի այդ հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու համար «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Սա այն դեպքն է, երբ երկիրը մերժում է միջազգային կազմակերպության կամ ֆորումի այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է պետության շահերին և նրա ազգային անվտանգությանը։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2539 reads | 28.11.2016
| |