ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Հարձակման պահը ճիշտ էր ընտրված և հաշվարկված։ Երբ մայիս ամսին թուրքական բանակը ընդամենը 700 մետր ներխուժեց Սիրիայի տարածք, Ռուսաստանը, որն այդ ժամանակ լարված հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, անմիջապես կոշտ դիրքորոշում որդեգրեց և սպառնաց նրան` հայտարարելով, որ կատարվածը ագրեսիա է, միջազգային նորմերի կոպիտ խախտում. չկա որևէ հիմք խախտելու անակախ պետության իրավունքները, չկա Անվտանգության Խորհրդի միջազգային որոշումը, և այլն։ Վախենալով Մոսկվայի և Թեհրանի պատասխան քայլերից` Անկարան այն ժամանակ կասեցրեց իր գործողությունները։ Ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Մոսկվան անհանգստացած է թուրքական ագրեսիայի կապակցությամբ, իսկ թուրքական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ իր գործողությունները համաձայնեցված են հյուսիսային հարևանի հետ։ Ապահովելով իր թիկունքը Ռուսաստանի կողմից` Էրդողանը երեսը դարձրեց դեպի Ամերիկան։ Արդյունքում, սահմանային Ջարաբլուս քաղաքի դեմ օդային և ցամաքային լայնամասշտաբ հարձակմանը մասնակցում են ամերիկյան կոալիցիայի ռազմական ուժերը։ Այսպիսով, Էրդողանը փաստորեն ակտիվորեն շահարկում է և՛ ռուսական, և՛ ամերիկյան գործոնները իր ծրագրերի իրագործման նպատակով։ (Ձեռքի հետ էլ` օգտվելով ԱՄՆ փոխնախագահ Բայդենի այցելությունից, Թուրքիան ակտիվացնում է Գյուլենի արտահանձման պահանջը)։ ![]() Ջարաբլուսի գրավումը ընդամենը մի դրվագ էր։ Էրդողանը շտապում է կասեցնել քրդերի առաջխաղացումը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք։ Իսկ արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարում է, որ քրդերը պետք է հեռանան Եփրատի աջ ափից և անցնեն ձախ ափ։ Թուրքիան ամենամեծ վտանգը տեսնում է քրդերի այն հայտարարության մեջ, որ նրանք ստեղծելու են Հյուսիսային ֆեդերալ շրջան՝ որպես Սիրիայի անքակտելի մասնիկ և զարգացնելու են հարաբերությունները հարևան երկրների հետ։ Թուրքիան շահարկում է այդ նկրտումները և իբր հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին։ Եվ բացառված չէ, որ այդ հողի վրա Էրդողանը գնա որոշակի մերձեցման Ասադի հետ, որը դեմ է քրդական ավտոնոմիային։ Անկարայի համար Ասադը նախընտրելի է քրդերից։ Ի դեպ, քրդական պետականության ստեղծման դեմ են բոլորը` Թուրքիան, Իրանը, Իրաքը։ ![]() Այլևս չեմ ասում, որ Վաշինգտոնի և Մոսկվայի աչքի առաջ խախտվում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, և կրկին հաստատվում է դիվանագիտության կրկնակի հաշվապահության փաստը։ Իսկ ի՞նչ է մեծ հաշվով ուզում Թուրքիան։ Էրդողանը դիմում է ամեն միջոցի՝ դառնալու տարածաշրջանային առաջին խաղացողը։ Գերակայություն ձեռք բերել բոլորի նկատմամբ` ներառյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի։ Թուրքիայի վարդագույն երազանքը Օսմանյան կայսության հարությունն է։ Այդ ճանապարհին առաջին զոհը լինելու է Սիրիան: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2253 reads | 25.08.2016
| |