![]() Դեսպանը նշեց, թե քաղաքական նոր փուլում ինչ կշահեն և ինչ կկորցնեն Ռուսաստանն ու Թուրքիան: Ըստ նրա, Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի հետ հարաբերությունների հավասարակշռումը, ինչը կխոչընդոտի Ռուսաստանի նկատմամբ կատարվող ոտնձգությունները: Կոշտ ձևակերպմամբ՝ Թուրքիան կանգնած է երկընտրանքի առջև՝ Ռուսաստան, թե՞ ԱՄՆ: Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ Թուրքիան միտված է առաջին տարբերակին: Այդ պարագայում, Ռուսաստանը տարածաշրջանում «թելադրողի» դեր կստանձնի: Բանախոսի գնահատմամբ՝ Ռուսաստանը կսկսի Թուրքիայի հետ համագործակցել: Դեսպանը անդրադարձավ թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որոնց շրջանագծից, բնականաբար, դուրս չէ նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Գնահատելով իրավիճակը, պարոն Նավասարդյանն ասաց, որ խնդրի կարգավորման գործընթացում դրական որևէ տեղաշարժ չի ակնկալում: Նրա վստահեցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները կմնան նույնը, բայց կդառնան ավելի ճկուն, որի արդյունքում Ղարաբաղյան հարցի հետագա զարգացման մեջ կմեծանա Թուրքիայի դերակատարությունը: Խոսելով ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող հանդիպումների մասին, պարոն Նավասարդյանը նշեց, որ չնայած գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած՝ մեզ համար համեմատաբար դրական հայտարարություններին, հայանպաստ որևէ քայլի չի սպասում: Բանախոսը մատնանշեց նաև Հայաստանի դիվանագիտության բացթողումները, որոնք, ըստ նրա, մեր ունեցած հնարավորությունների ոչ ճիշտ կիրառման արդյունք են: Պարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ Հայաստանը քաղաքական տարբեր տրյուկներ կիրառելով պետք է խաղա իր գործընկերների հետ և կատալիզատորային դիվանագիտություն վարի, ինչպես անում են մի շարք պետություններ: Հարցին, թե կատալիզատորային դիվանագիտության համատեքստում Հայաստանի ո՞ր քայլերը կարող են արագացուցիչի դեր ստանձնել, դեսպանը պատասխանեց. «Մասնակցել արտաքին և ներքին խնդիրների կարգավորմանը այն սահմաններում, որ ժողովրդի ձայնը լսելի դառնա: Հայաստանի ուղեղներն այնպիսին են, որ կարող են մասնակցել գործընթացներին, բայց նրանք օտարված են այդ խնդիրներից»: Նավասարդյանը կարևորեց նաև ԶԼՄ-ների դերը՝ հայաստանյան լրատվամիջոցների քաղաքականությունը համեմատելով ադրբջանականի հետ: «Ադրբեջանը 20 տարվա ընթացքում կարողացավ իմիջ ստեղծել, որ մենք ագրեսոր ենք, իրենք՝ տուժած կողմ: Իսկ այդ նույն 20 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել մենք...»,- եզրափակեց դեսպանը: Մերի Աղաջանյան | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1828 reads | 12.07.2016
| |