ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ
15-20 փետրվար, 2016թ
1. Սիրիայում կրակի դադարեցման նպատակով գումարված ‹‹Ժնև-3›› միջազգային խորհրդակցության աշխատանքների տապալումից հետո փակուղուց ելք գտնելու նպատակով, նրա մասնակիցները հավաքվեցին Մյունխենում: Սկզբունքորեն նրանք ճիշտ են վարվում` առաջնորդվելով բոլոր ժողովուրդների և ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկի՝ կարդինալ Ռիշելյեյի թողած քաղաքական պատգամով. բանակցել անգամ այն ժամանակ, երբ կողմերը պատերազմում են (negotiations permanantes):
Պատգամը` պատգամով: Մինչդեռ Բավարիայի մայրաքաղաքում թղթի վրա գրառված որոշումը կրակը դադարեցնելու վերաբերյալ, կարծես թե, առանձնապես չի ազդում պատերազմող կողմերի վրա: Նրանք շարունակում են կրակել և ավելացնել մարդկային զոհերի և գաղթականների թիվը:
Պարադոքսալ իրավիճակ է ստեղծված: Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հակոտնյա երկու առանցքային պետություններ` Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, փորձում են վերջ դնել սիրիական ‹‹մսաղացին›› և երկրագունդն ազատել ‹‹Իսլամական պետության›› մահաբեր շոշափուկներից: (Նման տրամադրվածությունն այսօրվա մերձավորարևելյան մղձավանջի մեջ միակ հուսաբեր հեռանկարն է):
Կիրակի առավոտյան (21.02.2016) ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ բանակցել է արտգործնախարար Լավրովի հետ և կողմերը հույս են հայտնում, որ օրերս նրանք կհասնեն նախնական համաձայնության Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: ‹‹Մենք սպասում ենք, որ մեր նախագահներ Օբաման և Պուտինը միանգամայն հաջողությամբ կպայմանավորվեն խնդրի ավարտի համար››,- նշել է Քերին:
Սակայն առայժմ ոչ՛ Մոսկվան, ո՛չ Վաշիգտոնը ի վիճակի չեն սանձելու իրենց գործընկերների ռազմատենչ կրքերը: Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի դաշնակիցները պարզապես օգտվում են ստեղծված իրավիճակից և փորձում են դիվիդենտներ ստանալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունից:
Նրանց համար Սիրայի հարցը սկզբունքային է, իսկ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի Հորդանանի և Քաթարի համար`գերկարևոր: Պարզապես Ամերիկան համապատասխան ներուժ չունի՝ զսպելու համախոհներին: Նույնը վերաբերում է Ռուսաստանին` Ասադի վրա ամբողջովին ներազդելու գործում: Ստեղծվել է դիվանագիտական հետաքրքիր կազուս. Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որոնք սիրիական կամպանիայում մրցում են համաշխարհային լիդերի կարգավիճակի համար, հենց իրենք էլ աշխատում են կարգավորել քաոսային իրավիճակը: Ընդ որում, նրանց ձգտումները, վերջին հաշվով, բխում են ոչ թե սիրիական ժողովրդի իղձերի իրականացումից, այլ անձնական աշխարհաքաղաքական շահերից:
2. Տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկ Պապի և Մոսկովյան Պատրիարք Կիրիլի հանդիպումը Կուբայում: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ դրա գլխավոր նպատակը միացյալ ջանքերի մեկտեղումն է քրիստոնեական աշխարհի դեմ ահագնացող վտանգների դեմ հանդիման, որի արդյունքում XXI դարի առաջին տասնամյակի ընթացքում տարեկան սպանվել է 100.000 քրիստոնյա (օրական 11 մարդ): Սակայն վերլուծաբանները մատնանշում են հանդիպման քաղաքական մոտիվները, որոնք խորն են ու բազմաշերտ: Ե՛վ ռուսական, և՛ արևմտյան մասնագետները չեն կասկածում, որ Հավանայի հանդիպման ‹‹երրորդ մասնակիցը›› Վլադիմիր Պուտինն է, որը Պապի քաղաքական գործընկերն է մերձավորարևելյան, ուկրաինական և այլ կարևոր միջազգային հարցերում: (Պապի և Պատրարքի հանդիպմանը մենք կանդրադառնանք առանձին հոդվածով):
3. Թուրքիան շարունակում է վարել աբստրուկցիոն արտաքին քաղաքականություն, որի սուր ծայրն ուղղված է Ռուսաստանի, կողքից էլ, հնարավորինս, Հայաստանի Հանրապետության դեմ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում գտնվելու ժամանակ արեց ամպագոռգոռ պրոպագանդիստական հայտարարություններ, որ Ռուսաստանը խախտում է Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև օգնում է Հայաստանին` վտանգելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Դավութօղլուն քրդերին համարում է Ռուսաստանի գործիք և սպառնում է Մոսկվային հասցնել վճռական հակահարված, եթե նա շարունակի իր ահաբեկչական գործողությունները: Վարչապետը կոչ է անում ռուսական ագրեսիվ քաղաքականության դեմ Ուկրաինայում և Սիրիայում հանդես գալ միացյալ ճակատով, մանավանդ որ Ղրիմը հանդիսանում է թաթարների հայրենիքը և Ուկրաինայի անքակտելի մասը: Մոսկվայի պատասխանը չուշացավ: ‹‹Եթե բոլոր երկրները ներկայացնեն Թուրքիային իրենց պահանջները, ապա նրանից ոչինչ չի մնա››,- հայտարարում է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության լիդեր Վլադիմիր Ժիրինովսկին և ավելացնում, որ Ռուսաստանը պետք է ճանաչի թուրքական Քուրդստանը՝ որպես անկախ պետություն և բացի այդ պահանջի վերադարձնել Հայաստանին նրա արևմտյան հողերը: (Կարելի է չկասկածել, որ Ժիրինովսկին արտահայտում է ռուսական քաղաքական և ռազմական որոշ շրջանների կարծիքը):
4. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փետրվարի 18-ին ծրագրած այցելությունը Բաքու նկատելիորեն նյարդայանացնում էր Մոսկվային, սակայն այն հետաձգվեց Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատճառով, որի հետևանքով զոհվեց 28 և վիրավորվեց 61 մարդ: Սպասվելիք այցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ նախազգուշական հայտարարությամբ, որ եթե ‹‹Անկարան բոլոր դեպքերում որոշել է խաղալ Օսմանյան կայսության դերակատարություն, պետք է հասկանա, որ այդ կայսությունը վաղուց չկա և ոչ մի պետության թելադրանք տարածաշրջանում չի անցնի, քանի որ հակասում է այն սկզբունքներին, որով ապրում է ժամանակակից աշխարհը››:
5. Տարածաշրջանի լարված իրադրությունը բարդ խնդիրներ է դնում Ադրբեջանի առաջ: Արտգործնախարար Մամեդյարովի խոսքերով՝ իր երկիրը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ռուսաստանի` ռազմավարական գործընկերը, և շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները երկու պետությունների հետ: Սակայն ինչպես ցույց է տալիս դեպքերի դինամիկան, Բաքվին այնքան էլ չի հաջողվում մանևրել երկու հակոտնյա բևեռների միջև և նրա ‹‹վազելինային դիվանագիտությունն›› ավելի ու ավելի հաճախ է տեղապտույտ տալիս Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամային հարաբերությունների լաբիրինթոսում:
|