ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ





 

Սեպտեմբերի 11-ը` տրանսնացիոնալ ահաբեկչության մեկնարկ

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված աննախադեպ ահաբեկչությունն ազդարարեց, որ համաշխարհային քաղաքական թատերաբեմ է իջնում նոր մահացու վտանգ պարունակող խաղացող` իսլամական ծայրահեղականությունը: Այն  շատ արագ ընդունեց տրանսնացիոնալ, ունիվերսալ բնույթ, ստեղծեց իր տեսակի մեջ ահաբեկչական ինտերնացիոնալ և դարձավ համաշխարհային քաղաքականության ոչ պետական կոլեկտիվ սուբյեկտ: 1648 թվականին ստորագրված Վեստֆալյան համաձայնագրից հետո հայտնվեց իսլամական քվազիպետություն  (ISIS, ԻԼԻՊ,  ԴԱԵՇ), որն առաջին անգամ  միջազգային հարաբերություններում սկսեց վիճարկել պետությունների լեգիտմությունը պատերազմ և խաղաղություն հայտարարելու գործում:
 
Բնականաբար հակաահաբեկչական համատեղ գործողություններ ծավալելու անհրաժեշտության հետ առաջինը  բախվեցին մեծ տերությունները, որոնց դեմ էլ ուղղված էր ահաբեկչության և էքստրեմիզմի սուր սլաքը: 
 
Այդ հետո էր, որ փոքր պետությունները մեծ երկրների կողքին ներգրավվեցին ահաբեկչություն ջրապտույտի մեջ, որը նրանց մոտեցրեց այս կամ այն ռազմաքաղաքական բլոկներին կամ հեռացրեց նրանցից:
 
Նման գործընթացները հատկապես ցայտուն կերպով են դրսևորվում ճգնաժամային  տարածաշրջաններում` օրինակ, Մերձավոր Արևելքում: Այստեղ ընթացող պատերազմական գործողությունները փոքր պետություններին հարկադրում են հարել տարբեր կոալիցիաներին:
 

Ամերիկյան հակաահաբեկչական կոալիցիայի պերճանքն ու թշվառությունը

 
Միջազգային ահաբեկչության առաջնեկի` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության»՝ ԴԱԵՇ-ի դեմ հակաահաբեկչական կոալիցիա առաջինն ստեղծեց ԱՄՆ-ը` ընդգրկելով դրա մեջ ՆԱՏՕ-ի, Արաբական պետությունների լիգայի և Եվրամիության առանձին անդամների (2014 թվականի օգոստոսին):
 
‹‹Այն կարծիքը կա, որ ԱՄՆ-ի ստեղծած կոալիցիային մասնակցում է մոտ 40 երկիր, սակայն դաշնակիցների քանակի հաշվարկներում միշտ առկա են նկարագրական եզրերը` ‹‹մոտ››, ‹‹մոտավորապես››, ‹‹ավելի պակաս›› կամ ‹‹առավել քան››, հետո նշվում են կլորացված թվեր`և' 65, և՛ 70: Խնդիրը նրանում է, որ հաշվել անդամների քանակը գործնականում անհնար է, քանի որ նրանց ներդրումը ընդհանուր գործում խիստ տարբերվում է›› (http://vz.ru/world/2015/10/29/775193.html):
 
Իրոք, ռազմական գործողություններին մասնակցող պետությունների հնարավորությունները, ռազմատեխնիկական և մարդկային ներուժը միանգամայն ասիմետրիկ են: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի,  Կանադայի  կողքին կոալիցիայում ընդգրկված են Իսրայելը, Իռլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Շվեյցարիան, Սլովակիան, Ալբանիան, Լյուքսեմբուրգը: Նշված պետությունները մասնակցում են ռազմական գործողություններին ֆինանսական, հետախուզական և նյութատեխնիկական առումով` յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում: Իսկ մյուս փոքր պետություններին, որոնք հրաժարվում են գործողությունների նմանատիպ մասնակցությունից, Վաշինգտոնը հատկացնում է քաղաքական-պրոպագանդիստական դերակատարություն: Այդ առաքելությանը մասնակցում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Լիբանանը, Մակեդոնիան, Մոլդավան, Օմանը, Սերբիան, Սլովենիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Ֆինլանդիան և Թայվանը:
 
Առանձին նշանակություն է ստանում արաբական երկրների մասնակցությունն ամերիկյան հակաահաբեկչական կոլիցիային` անկախ նրանց օգտակար գործողության գործակցի չափից: Օրինակ` Սաուդյան Արաբիայի ներդրումը ընդհանուր պայքարում շատ ավելին է, քան Բահրեյնինը` նկատի ունենալով նրանց հնարավորությունների չափն ու ծավալը: Արաբական մասնակցությունը կոալիցիային Միացյալ Նահանգների համար ունի ոչ այնքան գործնական, որքան ցուցադրական և հոգեբանական նշանակություն. ապացուցել համաշխարհային հանրությանը արաբական աշխարհի միասնությունը և համերաշխությունը Ամերիկայի, այլ ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի հետ: Լայնորեն շահարկվում է նաև այն հանգամանքը, որ արաբները երբեք չեն մասնակցում Իրաքի տարածքի ռմբակոծմանը, այլ գործում են Սիրիայի ուղղությամբ, ինչը Ասադի հեռացման հարցում նրանց քաղաքական կամքի միասնականության ապացույցն է:
 
Մեծ Մերձավոր Արևելքի մի շարք փոքր պետությունների, (Քաթար, Բահրեյն, Օման, ԱՄԷ), ինչպես նաև մեծ տերությունների (Սաուդյան Արաբիա, Թուրքիա) ամերիկյան կոալիցիայում գտնվելը կրում է խիստ հակասական բնույթ և գալիս է ապացուցելու քաղաքականության մեջ կրկնակի  ստանդարտի առկայության անժխտելի փաստը: Նրանք կարծես թե մի կողմից կռվում են իսլամիստների դեմ, իսկ մյուս կողմից` ֆինանսական և  ռազմատեխնիկական  աջակցություն են ցուցաբերում Իսլամական պետությանը և ‹‹Զաբխատ ան-Նուսրա›› ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություններին (http://news.bigmir.net/world/953605-Asad-obvinil-v-podderjke-IGIL-Tyrciu-Katar-i-Saydovskyu-Araviu-gaGordon):
 
Քաղաքական և դիվանագիտական կրկնակի խաղի առաջամարտիկը Անկարան է: Փոքր պետությունների համար, որոնք մանևրում են ահաբեկչության դեմ պայքարում, Թուրքիան լավ ուսուցիչ է,  նրանց համար յուրահատուկ ինդուլգենիցա ապահովող:
 
Թուրքիայի կրավորական կեցվածքը Իսլամական պետության նկատմամբ, վաղուց դադարել է գաղտնիք լինելուց: ‹‹Տարածաշրջանային նոր քվազիպետական գոյացման շուրջը ստեղծված քաղաքական իրադրությունը խոսում է այն մասին, որ չնայած Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, պաշտոնական Անկարան պաշտպանում է սեփական շահերը և պատրաստ չէ նեցուկ կանգնել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի և Արաբական լիգայի պետությունների ռազմական գործողություններին›› (http://riss.ru/analitycs/6701/):
 
Արդյունքում, ‹‹ահաբեկչության և էքստրեմիզմի դեմ պայքարի›› լայնորեն  փառաբանված ամերիկյան կամպանիան դառնում է ամուլ, կրում է անարդյունավետ և անհեռանկար բնույթ:
 

Ռուսաստանի զինուժի կործանարար հզորությունը և ԴԱԵՇ-ի կենսունակությունը


Անժխտելի է  մյուս`  Ռուսաստանի  գլխավորած կոալիցիայի (ՌԴ, Իրան, Սիրիա, Իրաք) նշանակությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Ասել, որ Մոսկվայի՝ Սիրիայում հայտնվելը խիստ բեկումնային եղավ ԴԱԵՇ-ի ոչնչացման գործում, չափազանցություն կլիներ: Սակայն անհնար է ժտել,  որ 2015 թվականի սեպտեմբերից ռուսական տիեզերական և ռազմաօդային տեխնիկայի պատերազմի թատերաբեմ մտնելը նկատելիորեն փոխեց ուժերի հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում, կոտրեց ԴԱԵՇ-ի անհաղթելիության առասպելը,  ապացուցեց, որ քաղաքակիրթ մարդկության  հաջողությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում նրա գործողությունների համատեղության մեջ է:

Այդուհանդերձ, Ռուսաստանի կազմած կոալիցիային բացի նշված պետություններից ոչ մի այլ պետություն` մեծ, միջին, թե փոքր մասնակցություն չունեցավ: Անարձագանք մնաց Պուտինի ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած կոչը` ստեղծել հակահիտլերյան տիպի կոալիցիա ահաբեկչության և էքստրիմիզմի դեմ: Իսկ թե ինչպիսին եղավ Ռուսաստանի` իրեն ‹‹ռազմավարական գործընկեր›› հորջորջած Թուրքիայի հետ հարաբերությունները ԴԱԵՇ-ի դեմ պայքարում` բացատրության կարիք չունի: Դա կրկին գալիս է ապացուցելու, որ չնայած մարդկության գլխին կախված վտանգին, յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է քաղաքական և եսակենտրոն շահերով: Իսկ փոքր պետությունները մնում են անարժեք խաղաթուղթ մեծ տերությունների խաղերում:
Սակայն Ռուսաստանի պատերազմը Սիրիայում նրա համար գերկարևոր է մեկ այլ` աշխարհաքաղաքական տեսանկյունից: ‹‹Վերադարձը›› տարածաշրջան օդ ու ջրի պես կարևոր է բազմաբևեռ նոր աշխարհակարգի համար Մոսկվայի   պայքարում:

Էր-Ռիադի հակաահաբեկչական կոալիցայի հայտնությունը


2015 թվականի վերջին օրերի Մերձավոր Արևելքի քաոսային իրադրության սենսացիան Սաուդյան Արաբիայի հայտարարությունն էր այն մասին, որ ինքը` թագավորությունը,  ստեղծում է հակաահաբեկչական կոալիցիա՝ կազմված Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի 34 երկրների զինված ուժերից: Քաղաքական պարադոքսը կայանում է նրանում, որ Սաուդյան Արաբիան` լինելով Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հիմնական անդամներից մեկը, որոշել է համախմբել միջին ու փոքր պետություններ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, երբ  ինքը, Թուրքիայի կողքին,  հանդիսանում է այդ քվազիպետության ստեղծողներից, քաջալերողներից  և ջատագովներից մեկը: Բացի այդ, առաջին հայացքից քաղաքական տրամաբանության սահմաններից դուրս է Էր-Ռիադի որոշումը` պայքարել ԴԱԵՇ-ի դեմ, եթե հաշվի առնենք, որ երկուսն էլ  փաստորեն ձգտում են տապալել Բաշար Ասադի իշխանությունը: Բացի այդ, եթե Սաուդյան Արաբիան իրոք կռվի ԴԱԵՇ-ի դեմ, կստացվի, որ նրա հետ նույն դիրքերից ուս-ուսի կռվում է իր երդվյալ թշնամի Իրանը: Սա արդեն ֆանտազիայի ժանրից է: Քաղաքականությունից անգամ հեռու կանգնած  մարդու համար ուրվագծվում է մի պարզ ճշմարտություն. Սաուդյան Արաբիան համախմբում է մեծ ու փոքր տերություններին ահաբեկչության անվան տակ Իրանին ‹‹սրբազան պատերազմ›› հայտարարելու նպատակով:

Մեր կարծիքով, Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ստեղծումը պայմանավորված է աշխարհաքաղաքական  մի շարք գործոններով:
Նախ` Իրանի քաղաքական և տնտեսական մեկուսացման մոտալուտ ավարտը, Միացյալ Նահանագների դրական վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ և, ընդհակառակը, ‹‹սառը›› վերաբերմունքը դեպի Էր-Ռիադի և, վերջապես, Ռուսաստանի ‹‹հանկարծակի›› հայտնվելը Մերձավոր Արևելքում հզորագույն զենքով հանդերձ:

Այդ ամենը Սաուդյան Արաբիայի համար քաղաքական շոկ է,  մարգինալիզացման ահազանգ, որոնք  դրդում են նրան ակտիվ գործողությունների:

Դրանց կարելի ավելացնել ևս մի քանի դրդապատճառներ.
1. Ներքաղաքական կլանային սուր պայքարը թագավորության ներսում:
2. Իսլամական պետության` ԴԱԵՇ-ի զավթողական նկրտումները Մեդինայի և Մեքքայի նկատմամբ` որպես ապագա խալիֆաթի սրբավայրերի (իրականում,  իսլամիստները ձգտում են տիրել թագավորության նավթին): Ահաբեկիչների շարքերում Էր-Ռիադի դեմ կռվող 2500 սաուդյան արաբները (http://inosmi.ru/military/20160103/234980754.html ), ինչը չի կարող չվախեցնել Սաուդյան Արաբիայի իշխանություններին:
3. Սաուդյան Արաբիան ձգտում է երկրորդ պլան մղել իր գլխավոր հակառակորդ Իրանին և Ռուսաստանին, տարածաշրջանում, և Սիրիայի ապագա իշխանության ձևավորման գործընթացում լինել մեծ տերությունների շարքերում:
4. Իրանի ակտիվ մասնակցությամբ Հութի ապստամբների գործողությունները Եմենում լուրջ սպառնալիք է ներկայացնում Սաուդյան Արաբիայի և նրա արբանյակ փոքր պետությունների համար: Դրան ավելացված մեկ ուրիշ փոքր պետություն Բահրեյնում տիրող պայթյունավտանգ վիճակը, որը  Էր-Ռիադին դրդում է Եգիպտոսի, Թուրքիայի և Ծոցի պետությունների հետ տարածաշրջանի երկրների հարավային հատվածը պահել իր և իր հիմնական դաշնակիցների ազդեցության տակ: 

Ուշադրության արժանի է այն տեղեկատվությունը, որ ստեղծվող կոալիցիային մասնակցելու ցանկություն են ցուցաբերել Ադրբեջանը, Ղազախստանը և Տաջիկստանը, որի նախագահ Էմոմալի Ռախմոնը պատրաստվում է հունվարին այցելել Սաուդյան Արաբիա (http://ria.ru/analytics/20151223/1347511508.html#ixzz3wMFSr4Ju):
 
Իսկ թե ինչպես է պատկերացնում Բաքուն իր հետագա հարաբերությունները Իրանի հետ Սաուդյան Աարբիայի կոալիցիային հարելու դեպքում, դժվար է հասկանալ, եթե նկատի ունենանք առանց այդ էլ ոչ հասարակ  հարաբերությունները երկու երկրների միջև:
 
Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան մինչ այդ արդեն կազմել էր Արաբական երկրների մեկ այլ կոալիցա Եմենում Հութիական զինված շարժման (Անսար Ալահ) դեմ կռվելու համար, որն ունենալով Իրանի լայն աջակցությունը, հասել էր լուրջ հաջողությունների և գրավելով Ադեն (Հարավային Եմեն) քաղաքը, սպառնում էր Էր-Ռիադին: Շիա-Հութիներին դիմակայելու համար, որի հետ ռազմական բախումների 9 ամսվա ընթացքում երկու կողմից զոհերի թիվը կազմում է  6000 մարդ, սաուդները կազմեցին արաբական երկրների այդ կոալիցան` կրկին մեծամասամբ բաղկացած փոքր երկրներից` Քուվեյթ, Քաթար, Մարոկկո, Բահրեյն: ՄԱԿ-ի ջանքերով կռվող կողմերի միջև Ժնևում դեկտեմբերի կեսերին ձեռք բերվեց զինադադար: Այն տևեց ընդամենը երկու շաբաթ: Այսօր ռազմական գործողությունները ընթանում են նոր թափով:
 

Նոր` վեցերորդ պատերազմական օջախ Մերձավոր Արևելքում

 
2016 թվականի առաջին օրերին, Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեցին շիա հանրածանոթ քարոզիչ Նիմր ան-Նիմրին և 47 շիա հավատացյալներ` ահաբեկչության մեղադրանքով: Հունվարի 3-ին Թեհրանում ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա (զոհեր չեղան), սակայն Էր-Ռիադը խզեց դիվանագիտական հարաբերությունները և հետ կանչեց իր դիվանագետներին:
 
Այսպիսով Մերձավոր Արևելքում ներկայումս դարձել է երկրագնդի ամենապայթունավտանգ և անկայուն տարածաշրջաններից մեկը, որտեղ  ծավալվում են հինգից ավելի  զինված կոնֆլիկտներ`  իսրայելյա-պաղեստինյան,  քաղաքացիական պատերազմներ Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և պատերազմական գործողություններ Իսլամական պետության հետ: Զոհերի թիվը ճշտված չէ: Միայն Սիրիայում Humans Rights Watch կազմակերպության տվյալներով 2015 թվականին զոհվել է 320.000 մարդ (http://inosmi.ru/military/20160103/234980754.html ):
 
Տարածաշրջանի քաոսային իրավիճակին  իրանա-սաուդյան թշնամանքի գումարումը, նոր պտույտներ է հաղորդում  սուննի-շիա հակամարտության թափանիվին` սպառնալով կործանարար հետևանքներ թողնել միջազգային հարաբերությունների վրա Մերձավոր Արևելքից հեռու տարածաշրջաններում:

Իրանա-սուադյան հակամարտության վտանգին հատուկ անդրադարձել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, երբ ասել է. «Կարևոր է, որ անհաշտվողականությունը ԻԻՀ և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում չխորացնի գոյություն ունեցող շատ խորը ճեղքվածքը իսլամական աշխարհում` սունինների միջև, որոնք ասոցացվում են Սաուդյան Արաբիայի հետ, և շիաներ միջև, որոնց առաջնորդներն աշխարհում ընկալվում են Իրանի հետ» (Лавров С.В. Раскол между суннитами и шиитами нельзя замести под ковер.// http://www.ng.ru/world/2013-11-20/8_raskol.html  ):

Այն, որ փոքր պետություններն այս կամ այն չափով մասնակցություն են ցուցաբերում մերձավորարևելյան քաղաքական կատակլիզմներին (հեղակործանումներին), ընդօրինակելով իրենց ‹‹ավագ›› գործընկերների դիվանագիտական վարքագիծը, ապացուցված իրողություն է: Թեհրանի հետ Էր-Ռիադի դիվանագիտական հարաբերությունների խզման հաջորդ իսկ օրը Բահրեյնը, Քուվեյթը, Զիբուտին հետ կանչեցին իրենց դեսպաններին Թեհրանից: Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների լարվածության հետագա խորացման  դեպքում, տարածաշրջանի փոքր պետությունները գրեթե առանց բացառության կհետևեն ավագ գործընկերոջ` Էր-Ռիադի օրինակին, որն ավելի կսրի պայթունավտանգ իրավիճակը արաբական աշխարհում:

Հետաքրքրական է նշել, որ ‹‹Արաբական գարնանը›› հաջորդած իրադարձությունների վերլուծությունը և ներկա միջազգային հարաբերությունների դինամիկան Մերձավոր Արևելուքում ապացուցում են, որ բացարձակ դոմինանտ դառնալու միտումը տարածաշրջանում աստիճանաբար մարում է: Թուրքիան անհաջող փորձերից հետո հրաժարվում է իր մեծապետական ամբիցիաներից, ԱՄն-ը կարծես իրեն փոխարինող է փնտրում կառավարման ղեկը նրան փոխանցելու համար, Ռուսաստանը մի շարք օբյեկտիվ պատճառներով չի կարող դառնալ ղեկավար ուժ արաբական աշխարհում:

Ասպարեզում մնում է Իրանը, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող է դուրս գալ մեկուսացման ճահճից, սակայն  տարածաշրջանում նրա` ճանաչված  գերտերություն դառնալը, մեր կարծիքով, զուրկ է ռեալ հնարավորություններից, որոնց հիմքում ընկած են կրոնական, էթնիկական, ազգային  քաղաքատնտեսական և մի շարք այլ գործոններ:

Այսօր Մերձավոր Արևելքը հիշեցնում է բազմանդամ մեծ ընտանիք, որտեղ ամեն մեկը զբաղված է իր սեփական կարճաժամկետ խնդիրներով, օպորտուիզմով և միմյանց հակադրվելու քաղաքականությամբ այն` պարտադրելով իրենց ազդեցության տակ գտնվող փոքր պետություններին:  Այնպես որ, տարածաշրջանը եղել է այդպիսին և այդպիսին  կմնա գուշակելի ապագայում:

Իսկ Իրանը և Սաուդյան Արաբիա՞ն: Արաբ վերլուծաբանների կարծիքով, ‹‹Իրանի և Սաուդյան Արաբիայի համար երկփեղկված Մերձավոր Արևելքում իրականությունն այն է լինելու, որ ճակատագրի հեգնանքով նրանք առավել շատ խնդիրներ են ունենալու այն տարածքներում, որտեղ ավելի մեծ ազդեցություն ունեն: Չարիքի այս խաղում Մերձավոր Արևելքի՝ սառը պատերազմի մեջ գտնվող այս երկու տերություններն ամեն ինչ անելու են միջնորդ ուժերի և ապակայունացման միջոցով միմյանց անհանգստացնելու համար, ինչի հետևանքով տուժելու են մարդիկ››  (http://www.aljazeera.com/indepth/opinion/2015/03/greater-reality-iran-saudi-arabia-150330051616953.html ):
 
Խնդիրը նրանում է, որ Մերձավոր Արևելքը կարծես թե մի քայլ հետ է մնացել աշխարհաքաղաքական գործընթացներից, որտեղ տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային արժեքներն ավելի շուտ են որոշում հարաբերությունները, քան պատերազմներն ու զենքի ուժը:
 
‹‹Անխոս, տարածաշրջանում գերխնդիրը  աշխարհաքաղաքականությունը չէ, որի վրա բևեռված է արաբների ուշադրությունը, այլ փաստը, որ այնտեղ մարդիկ, առանց բացառության, մնում են իրենց առաջնորդների ագահության, կոռուպցիայի և հալյուցինացիաների գերին››:

 
Ինչպես խուսափել ևս մեկ հզոր պետության էքզիստենցիալ թշնամանքից


Իսկ ինչպե՞ս ենք  պատկերացնում Հայաստանի Հանրապետության դերը և տեղը Մեծ Մերձավոր Արևելքում հայտնված հակամուսուլմանական-հակաահաբեկչական երեք կոալիցիաներում: Ելնելով թեկուզ քրիստոնեկան և եվրոպական արժեքներին մեր պատկանելությունից, ազգային,  դեմոկրատական և ընտանեկան ավանդույթներից, պատմության դասերից և էթնոհոգեբանական հատկանիշներից, մենք տրամաբանորեն պետք է որ լինենք հակաահաբեկչական այս կամ այն կոալիցիայի շարքերում: Քննարկենք երեք կոալեցիաներում Հայաստանի լինելու կամ չլինելու քաղաքական նպատակահարմարությունը.

Ամերիկյան կոալիցա: Հայաստանը հաջողությամբ ինստիտուցիոնալ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ 1994-ից, երբ մենք միացանք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: (Ասել կուզի մենք համագործակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական ոլորտում):

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում: Ակտիվ համագործակցություն է զարգանում նաեւ հրապարակային դիվանագիտությունում: Արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ի Հրապարակային դիվանագիտության դեպարտամենտի հետ ամեն տարի Հայաստանի այլ նախարարությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ կազմակերպում է ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում. անցկացվում են տեղեկատվական եւ ակադեմիական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Երեւանում գործում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: 

Այս ամենն ապացուցում է արտաքին քաղաքականության դիֆերենցված և կոմպլեմենտար կուրսի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև հավասարակշռություն պահելու՝ ՀՀ-ի ունակությունը:

Լինելով ԱՊՀ-ի շրջանակներում Ռուսաստանի ամենամոտ ռազմավարական գործընկերը և ունենալով Մոսկվայի հետ մի շարք կարևոր պայմանագրեր, ինչպես նաև իր տարածքում ռուսական ռազմական բազա, Հայաստանն այդուհանդերձ կարողացավ զարգացնել համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ: Սա ներկա միջազգային հարաբերություններում և հատկապես տարածաշրջանի քաոսային քաղաքական իրավիճակում, մեր կարծիքով կարելի է, համարել փոքր պետության դիվանագիտական հաջողությունը:
Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը նույն հաջողությամբ կարող է մասնակցել ԱՄՆ-ի հակաահաբեկչական կոալիցիային: Ճիշտ է, Հայաստանի ղեկավարությունը միջազգային բարձր ամբիոններից քննադատության է ենթարկում «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, արտաքին գործերի նախարարը Դամասկոսում հանդիպում է Բաշար Ասադի հետ, սակայն  իսլամիստերի դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը հղի է որոշակի անկանխատեսելի վտանգներով Մերձավոր Արևելքի հայահոծ համայնքների և սիրիահայության մնացորդների առումով: Այնուհետև, ռուսական կոալիցիայի առկայության դեպքում հայկական զինուժերի մասնակցությունն ամերիկացիների  ռազմական գործողություններին կարող է միանշանակ չգնահատվել Մոսկվայի կողմից և ունենալ անցանկալի հետևանքներ հայկական կողմի համար:

Ռուսական կոալիցիա: Եթե ռուսական կոալիցիային մասնակցեր ՀԱՊԿ-ը, ապա Հայաստանի ներկայությունն այնտեղ կլիներ բնական, անգամ անխուսափելի: Սակայն ներկայում, երբ Սիրիայում իսլամիստներին հարվածում են միայն ռուսական տիեզերական և ռազմօդային ուժերը, և բացակայում են ցամաքային գործողությունները, հայերի ներկայությունն այնտեղ ցանկալի չէ: Ի դեպ, անկախ այն բանից, թե ինչ քաղաքական դիրքորոշում կունենան Հայաստանը և հայ համայնքները, կմասնակցեն նրանք այս կամ այն կոալիցիային, թե ոչ, բացարձակապես չի փոխի նրանց նկատմամբ ԴԱԵՇ-ի վերաբերմունքը: Այն իր անմարդկային, բարբարոսական մեթոդները կիրառում է անխտիր բոլոր ազգերի և կրոնների հանդեպ, անկախ նրանց գործողություններից և քաղաքական պատկանելությունից:

Սաուդյան Արաբիայի կոալիցիա: Մեր խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Սաուդյան Արաբիայի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային անդամակցելու հարցը, անգամ քննարկման ենթակա չէ:
Այս նոր իրադրությունում Հայաստանի քայլերը ճիշտ հաշվարկելու համար դիտարկենք տարածաշրջանի խոշոր խաղացողների գործողությունները:

Դրանց մի կողմից մասնակցում են մեր կարևոր գործընկեր և հարևան Իրանը, որը մեր մյուս ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ պայքարում է ահաբեկչության և մարտնչող սուննիզմի դեմ, պաշտպանելով նաև Հայաստանի աշխարհաքաղաքական անվտանգությունը: (Բացառված չէ, որ Մոսկվա-Թեհրան առանցքը ապագայում ավելի ամրապնդվի հակաթուրքական բովանդակությամբ` ներառելով նաև ՀՀ դիվանագիտական գործառույթները):

Մյուս կողմից` մենք գործ ունենք Սաուդյան Արաբիայի հետ, որը վահաբական, ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսության երկիր է: Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի անդամ այն չորս երկրներից է, որը հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Մյուս երեք երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը (http://www.aniarc.am/2016/01/04/saudi-arabia-breaks-ties-with-iran /): Այդ երկրները համահեղինակներն են բոլոր հակահայկական և հակաղարաբաղյան փաստաթղթերի` բոլոր հնարավոր միջազգային կազմակերպություններում:
Բացի այդ, Էր-Ռիադը չնայած իր խաղաղասիրական հռետորաբանության, հանդիսանում է միջազգային ահաբեկչության հիմնական ֆինանսավորողներից, Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում անկայունություն սերմանողներից մեկը: Սաուդյան Արաբիան քաջալերում  է Ռուսաստանի իսլամական ընդհատակի քայքայիչ գործունեությունը, խաղում է նավթի գների վրա նրա տնտեսությանը և բյուջեին հարված հասցնելու նպատակով: Կարծես թե  այսքանը բավական պետք է լիներ, որպեսզի Ռուսաստանը ներկա կոնֆլիկտում միանշանակ բռներ Իրանի  կողմը կամ խառնվեր Եմենի դեպքերին սաուդներին վնասելու համար: Սակայն ‹‹Մոսկվան պահում է ընդգծված չեզոքություն՝ սպասելով, որ այդ երկու երկրները երկար և ձգվող սառը պատերազմում հյուծեն մեկմեկու: Եվ դա կլինի ճիշտ դիրքորոշում, քանի որ միայն այդ դեպքում Կրեմլը կշահի›› (iranskom-spore/ http://www.foreignpolicy.ru):

Մոսկվան այստեղ ունի խորքային պլաններ: Ուժերի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ‹‹տաք›› պատերազմի սանձազերծման դեպքում թագավորությունը կփլվի արտաքին բազմաթիվ թշնամինների առկայության, ինչպես նաև ներքին խնդիրների պատճառով: Մինչդեռ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ Սաուդյան Արաբիայի արագ պարտությամբ և Իրանի չափից դուրս հզորացմամբ, քանի որ Թեհրանի հետ նա ունի մրցակցային խնդիրներ Միջին Ասիայում, Կովկասում` անգամ Սիրիայում:

Որոշ վերլուծաբաններ ավելի հեռուն են նայում: Նրանց կարծիքով, եթե Կրեմլը շարունակեր սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նա կօգտագործեր Անկարան` Թեհրանի հետագա զարգացումն արգելափակելու համար, իսկ ինքը կմանևրեր Թուրքիայի և Իրանի միջև: Սակայն այդ հարաբերությունները չկան, հետևաբար չկա նաև մանևրային տարածք: Թեհրանի և Էր-Ռիադի կոնֆլիկտի շարունակության դեպքում այդ հնարավորությունը հայտնվում է:  Ավելին, Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները շահագրգռված կլինեն Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններում, որպեսզի ապահովեն նրա նվազագույն չեզոքությունը: Իրանն իր հերթին շահագրգռված կլինի մոտեցնել իր և ռուսական դիրքորոշումները: Տարածաշրջանի երկու ամենահզոր տերությունների հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ կդյուրացնի նրա վերադարձը Մերձավոր Արևելք:
Արդ, փորձենք կանխատեսել Հայաստանի օպտիմալ դիվանագիտական քայլերը վերոշարադրյալ իրադարձությունների կապակցությամբ: Մեր կարծիքով անհրաժեշտ է.
 
1. Որդեգրել չեզոք դիրքորոշում Իրան-Սաուդյան Արաբիա ընթացող հակամարտության խնդրում: Հակառակ որոշումը կարող է ոչ միայն վերջնականապես փակել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների  ճանապարհը, այլև հանձինս նրա, Թուրքիայի և Ադրբեջանից զատ,  ձեռք բերել ևս մեկ էքզիստենցիալ թշնամի:
 
2. Չմասնակցել Մերձավոր Արևելքի հակադաեշական կոալիցիաներին:
 
3. Ձեռնարկել միջնորդական քայլեր Թեհրանի և Էր-Ռիադի միջև կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ: Իրանական կողմի հետ օգտագործել դասական դիվանագիտական խողովակները, սաուդական կողմի հետ, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, կիրառել հասարակական դիվանագիտական միջոցները (Հայաստանի և սփյուռքի հայտնի քաղաքական և հասարակական դեմքեր, գիտության և արվեստի անվանի գործիչներ, մաքոքային այցելություններ և այլն):
 
4. Իրանական կողմի հետ հանդիպումների ընթացքում նշել Ադրբեջան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների զարգացման տենդենցները և դրանց հնարավոր բացասական հետևանքները իրանական շահերի համար: Ուշադրություն հրավիրել սաուդյան նորաստեղծ կոալիցիային ադրբեջանական մասնակցության վրա:
 
5. Սաուդյան կողմի հետ հնարավոր շփումների դեպքում հատուկ  անդրադառնալ Ադրբեջանի հոգևորականության խիստ բացասական վերաբերմունքին`  Էր-Ռիադի` Եմենում իրագործվող ռազմական  գործողությունների նկատմամբ (Տես, Շեյխ ուլ-իսլամ Ալլաշյուքուր Փաշազադեի հայտարարությունը, http://minval.az/news/80069):
 
6. Պակիստանը, լինելով Սաուդյան Արաբիայի հիմնական ռազմական գործընկերներից մեկը, պասիվ կեցվածք է դրսևորում Թեհրան-Էր-Ռիադ ներկա կոնֆլիկտում: Բացի այդ, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, Իսլամաբադն այդպես էլ նեցուկ չի կանգնում սաուդյան ռազմական գործողություններին Եմենում: Օգտվելով այդ իրավիճակից` փորձել հասնել դիվանագիտական ճեղքման Իսլամաբադի ուղղությամբ: Խնդրի դրական լուծմանը կարող էին նպաստել Պակիստանի գերազանց հարաբերությունները Իրանի և Չինաստանի հետ, որոնց հետ  Հայաստանը նույնպես հաջողությամբ զարգացնում է բազմակողմ համագործակցություն:     
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3864 reads | 09.01.2016
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com