ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Պատմականորեն փոքր երկրների կարգավիճակը պայմանավորված է նրանց ներուժի` ռեզերվի (ռազմական, ֆինանսա-տնտեսական, արդյունաբերական և այլն) թուլությամբ` հետևաբար անվտանգության խոցելիությամբ: Ելնելով այս իրողությունից փոքր պետությունները միշտ ձգտել են հավասարակշռել ուժեղ երկրների միջև  և պահպանել չեզոքություն (Ավստրիա, Շվեյցարիա, Շվեդիա և ուրիշներ) կամ ապահովել նրանց հովանավորությունը (Իսրայել): Սակայն,  երբ ասում ենք, որ փոքր պետությունները զրկված են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ամենակարևոր ներուժը դիվանագիտությունն է: Եվ եթե երկիրն ունի բարձրակարգ դիվանագիտական ծառայություն, ապա նա ակտիվորեն մասնակցում է միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալիզացման և միջազգային կազմակերպությունների ու կոլեկտիվ անվտանգության համակարգերի ստեղծման գործընթացին: Դա մի կողմից ապահովում է փոքր պետության ինտեգրացիան միջազգային տնտեսական և քաղաքական կառույցներում, մյուս կողմից`  նպաստում է սեփական խնդիրների լուծման գործին:
 
Հետաքրքիր է նշել,   որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում: Այսպես, միջազգային կազմակերպություններում փոքր պետությունների  զանգվածային  ինտեգրացիայի հետևանքով առաջանում  է ‹‹թզուկների դիկտատուրայի›› վտանգ, երբ փոքր պետությունները միավորվելով և օգտվելով կոնսենսուսի և վետոյի իրավունքից սկսում են  սպառնալ իրենց կարգավիճակից դուրս գտնվող երկրների շահերին: Տարիներ շարունակ ԵՄ-ի առաջատար ֆինանսական տերությունների և «թզուկների» միջև գոյություն ունեն լուրջ հակասություններ Եվրամիության տնտեսական խնդիրների և ֆինանսական քաղաքականության շուրջ: Դրությունը շտկելու նպատակով  2010 թվականի նոյեմբերի  29-ին Բրյուսելի գագաթնաժողովում կազմակերպության ղեկավարները որոշեցին անհրաժեշտ «մասնակի»  շտկումներ մտցնել Եվրամիության Լիսաբոնյան պայմանագրում: Այդ փոփոխությունները պայմանավորված էին փոխօգնության ( ֆոնդի) ստեղծման անհրաժեշտությամբ, որը գործելու է ֆինանսական ճգնաժամերի դեպքում: Սակայն գագաթնաժողովի հիմնական խնդիրը  նոր պատժամիջոցների մեխանիզմի ստեղծումն էր` ուղղված բյուջետային կարգապահութունը խախտողների դեմ, որոնց մեջ առանձնանում են փոքր պետությունները (http://ru.rfi.fr/evropa/20101029-sammit-es-izmenenie-lissabonskogo-dogovora-radi-finansovoi-stabilnosti):
 
Գաղութատիրության վերացումից և երկբևեռ համակարգի փլուզումից հետո, փոքր պետությունների համար լայն հորիզոններ են բացվում արտաքին քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավվելու, անգամ միջազգային խաղացողների շարքին դասվելու համար: Փոքր պետությունները կարող են առանցքային դերակատարություն ունենալ միջազգային գետնի վրա: Օրինակ` Շվեյցարիան ֆինանսական և դիվանագիտական, Քուվեյթը` ածխաջրերի, Նիդեռլանդները և Շվեցիան` միջազգային իրավունքի, Նորվեգիան` Արկտիկայի շահագործման  ոլորտներում: Սակայն, դիվանագիտության պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ միջազգային հարցերը լուծվում են ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում, այլ ‹‹մկանային դիվանագիտության›› և ուժային մեթոդներով (hard power): Նման  գործելակերպը, որը կիրառում են հզոր պետությունները` արհամարելով դիվանագիտական մեթոդներն ու կանոները,  որպես կանոն, ունենում է ծանր հետևանքներ  նաև իրենց համար: (ԱՄՆ-ի համար պատերազմները Վիետնամում, Աֆղանստանում,  Իրաքում, ԽՍՀՄ-ի  համար` Աֆղաստանում, Չեչնիայում, Աբխազիայում և  Հարավային Օսիայում): Մկանային դիվանագիտության ցայտուն օրինակ է ԽՍՀՄ-ի երկարակյաց արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի գործելակերպը նա  26 անգամ վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վրա, վաստակելով միստր ‹‹Niet›› մականունը: Սակայն ուժի ցուցադրումը, վերջիվերջո, չփրկեց Խորհրդային Միությունը փլուզումից:

Փոքր երկրների արտաքին քաղաքականության  ուսումնասիրությունը մեզ բերում  է հետևյալ եզրահանգման. պետության   դիվանագիտական համակարգի ճկունությունը և հմտությունը  հակադարձ համեմատական է նրա ներքին` հատկապես  ռազմական և քաղաքական ներուժին: Որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտական արվեստը, և` հակառակը: Պետության հզորության և դիվանագիտության հարաբերակցության այս թեզը կարող է պարադոքսալ սոփեստություն թվալ: Սակայն մեր կարծիքով այն  գոյության իրավունքի ունի, քանզի հաստատվում  է մի շարք պատմական և ներկա միջազգային հարաբերությունների փաստերով,  և այդ իսկ պատճառով հարկ է, որ դառնա դիվանագիտության տեսության լուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության առարկա: 

Հետաքրքիր է նշել, որ մեր  առաջ քաշած այս պոստուլատը հատուկ է ոչ միայն պետությունների արտաքին քաղաքականությանը, այլև մարդկանց` ականավոր քաղաքական գործիչներին ու  նրանց արտաքին գործերի նախարարների փոխհարաբերություններին: Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II (Ք. ա. 382 -336 թ. թ), կատարելության հասցրեց իր փոքր պետության ռազմական ուժը և փայլուն հաղթանակ տանելով հույն-մակեդոնական պատերազմների ժամանակ, իրեն ենթարկեց  Անտիկ Հունաստանը: Այնուհետև, ցուցադրելով դիվանագիտական բացառիկ տաղանդ նա կարողացավ համոզել, կամ պարտադրել,  Հունաստանին պատերազմ Պարսկական կայսրության դեմ: Սակայն դավադրությանը զոհ դարձած հոր ռազմական ծրագրերն իրագործեց նրա որդին` Ալեքսանդր Մեծը   (Ք.ա 356-323 թթ.), որը ջախջախեց Պարսկաստանի տերությունը մուտք գործեց Հնդկաստան, հիմնեց  մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվեց է նոր տիպի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթի    ներքո։ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը: Այդ բոլորով հանդերձ, մասնագետների կարծիքով, Ալեքսանդր Մակեդոնացին զիջում էր իր հոր` Փիլիպոս II-ի դիվանագիտական տաղանդին ու հմտություններին: Համակվելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով՝ Ալեքսանդրը կորցրեց ռացիոնալ մտածելու և գործելու ունակությունը, որոնք դիվանագիտության անքակտելի բաղադրիչներն են, և տանուլ տվեց:  Նապոլեոն Բոնապարտն իր ողջ քաղաքական և ռազմավարական հանճարի կողքին ցուցաբերեց դիվանագիտական կարճատեսություն` հարձակվելով Ռուսաստանի վրա, որը Թալեյրանը բնութագրեց որպես ‹‹Վախճանի սկիզբ›› (Ըստ` Ա.Զ. Մանֆրեդի Նապոլեոն Բոնապարտի, Երևան, ‹‹Հայաստան›› հրատ. 1975 թ., էջ 117):

Հաղթանակներից շփացած Նապոլեոնն անուշադրության մատնեց Ռուսաստանում իր դեսպան Կալենկուրի խորհուրդը`  չհարձակվել Ռուսաստանի վրա, ինչպես նաև ներքին գործերի նախարար Ֆուշեի նախազգուշացումն այն մասին, որ  ‹‹Ռուսաստանի նվաճման միջոցով համաշխարհային միապետություն ստեղծելու միտքը ‹‹փայլուն ցնորք  է››: ‹‹Թագավոր տեր, ես աղերսում եմ ձեզ, հանուն Ֆրանսիայի, հանուն ձեր փառքի, հանուն ձեր և մեր անվտանգության, սուրը պատյանը դրեք, հիշեք  Կարլ XII-ին››, հորդորել է նախարարը թագավորին: (J. Fouché, Mémoires, t. II, p. 111): Ֆրանսիան կկորցներ իր սեփական տարածքները Նապոլեոնի ջախջախումից հետո, եթե չլինեին Շառլ Մորիս Թալեյրանի անկրկնելի դիվանագիտական կարողություններն ու հմտությունը, որը նա ցուցաբերեց Վիեննայի կոնգրեսում (1815 թ.): Հավանաբար այս բոլորն հասկանալով է  հետագայում Բոնապարտը Սուրբ Հեղինե կղզում դառնացած բացականչել. ‹‹ Ես պետք է մեռնեի Մոսկվա մտնելուց անմիջապես հետո…››: (Général Gourgaud. Journal de Sainte Hélène, t. I, Paris, 1944, p. 50).

Ուշագրավ է մեկ այլ համագործակցություն` ականավոր դիվանագետ Ալեքսանդր Գորչակովի և Ալեքսանդր I-ի միջև: Վերջինիս գործունեությունը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում համարվում է հաջող և բեղմնավոր: Ռուսաստանը կարողացավ հետ բերել նրա հոր օրոք կորցրած ռազմական հզորությունը,  իրեն ենթակեց Թուրքեստանը  և Հյուսիսային Կովկասը, գերակայութուն հաստատեց Լեհաստանի վրա հաջողությամբ  1877-1878 թթ. պատերազմեց Թուրքիայի դեմ, որի արդյունքում երկրի տարածաքները նկատելիորեն ավելացան: Արդյո՞ք Ռուսաստանն այդ, ինչպես նաև եվրոպական ուղղությամբ դիվանագիտական  հաջողություններին ի զորու կլիներ, եթե արտաքին գործերի նախարարությունը չգլխավորեր կոմս  Գորչակովը: Մասնագետներն այս հարցին բացասական պատասխան են տալիս, նշելով որ   թագավորն իր հաջողությունների և ներքին բարեփոխումների` ռեֆորմների կողքին ‹‹չուներ համակարգված մտավոր գործունեության ներքին պահանջ և  ամուր կամք››:  Սակայն Ռուսաստանը խիստ շահեց, որ տիրակալի այդ բացերը և մյուս վրիպումները չեզոքացվում և շտկվում էր Գորչակովի կողմից, որն իրեն անկախ էր պահում և հաճախ գործում էր ինքնուրույն, ըստ իր հայեցողության: 

Շնորհիվ նրա փայլուն դիվանագիտական ունակություններին և փորձառությանը, նա կարողացավ պետությունը դուրս բերել արտաքին քաղաքականության ծանր ճգնաժամից, որում Ռուսաստանն հայտնվել էր Ղրիմի պատերազմում Ռուսաստանի կրած պարտությունից  հետո: Գորչակովյան դիվանագիտական տաղանդը կայանում էր նրանում, որ առանց կրակոցի  և  ճնշումների Ռուսաստանն ազատվեց իրեն նսեմացնող  բոլոր պարտավորություններից և մտավ  Եվրոպական առաջատար տերությունների շարքերը: Գորչակովի ամենամեծ արժանիքներից մեկն էլ այն էր, որ նա արտաքին քաղաքականությունը սերտորեն կապում էր ներքին քաղաքականության հետ: ‹‹ Արտաքին քաղաքականությունը,- գրել է նա,-ներքին քաղաքանության քույրն է, և անհնար է դրանք տարանջատել, քանզի նրան երկվորյակներ են ծնված մի մորից պետության››: (http://www.wisdomcode.info/ru/quotes/authors/60497.html):
Այս և նման այլ գլոբալ պոստուլատներից ելնելով է, որ Գորչակովն իրագործեց դիվանագիտական ծառայության ռեֆորմ, որն ամբողջովին պահպանվեց մինչև 1917 թվականը, և ըստ էության պահպանվել է մինչև օրս:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3340 reads | 05.07.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com