ԵՐԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄՈՒՐ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ՆԱՏՕ-Ի ԳՐԿՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Ռուսաստանի` Իսլամական պետությանը (ԻԼԻՊ ) ուղղված օդային կործանիչ հարվածներին զուգընթաց նկատելիորեն լարվում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները:Հավանաբար, շարժվելով ժողովրդական բանահուսության տրամաբանությամբ, թե թշնամուդ հետ բարեկամիդ գժտությունը քեզ օգուտ է, որոշ լրատվամիջոցներ, անգամ վերլուծաբաններ, գտնում են, որ կատարվածը հազվագյուտ շանս է, կարող է այլևս չկրկնվել և խորհուրդ են տալիս բաց չթողնել այն: Հասկանալով նման էյֆորիան, այդուհանդերձ ես վերապահումով կմոտենայի հարցին: Փորձեմ շարադրել կարծիքս խնդրո առարկայի վերաբերյալ: Նախ` չմոռանանք, որ Էրդողանը միջազգային ֆորս-մաժորային իրադրություններում կորցնում է իրեն` դրսևորելով երկրի առաջնորդին ոչ ադեկվատ վարքագիծ, լեքսիկա և արտահայտչամիջոցներ: (Հետո էլ ասում են, թե թուրքական դիվանագիտությունը հավասարը չունի ողջ աշխարհում): Այդպես եղավ, օրինակ, երբ Պուտինն այցելեց Երևան, Եղեռնի 100-ամյակի տարելիցին: Թուրքիայի նախագահը նախ շանթ ու կայծակ թափեց, ընկավ պրոստրացիայի մեջ, հետո հանդարտվեց և ‹‹հաշտվեց›› կատարվածի հետ: Հետո երկու երկրների հարաբերությունները կրկին մտան վերընթաց զարգացման կորագիծ:Սակայն այս անգամ հարաբերությունների խաթարման մոտիվացիան կարծես թե ավելի լուրջ բնույթ է կրում: Իսկ Մոսկվան դեռ հույս է հայտնում, որ քաղաքական ոլորտի լարվածությունն առանձնապես չի տարածվելու երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, այն դեպքում, երբ ‹‹Թուրքական հոսքի›› կառուցումն արդեն տեղափոխվել է 2017 թվական, իսկ ատոմակայանինը` հանվել է օրակարգից: Մոսկվայի պաշտպանությունը Բաշար Ասադին, (գոնե այսօր) Անկարայի համար նույնն է, ինչը ցուլի համար կարմիր լաթը: Թուրքիան հաշվարկել է, և ճիշտ է հաշվարկել, որ եթե ռուսները կոտրեն ԻԼԻՊ-ի ողնաշարը և Ասադը մնա, ինքը չի կարողանալու իսլամիստների դեմ պատերազմի իմիտացիա խաղալ և դրա քողի տակ կռվել քրդերի դեմ նախ` սահմանից անդին, հետո արյան մեջ խեղդել սեփական քրդական շարժումը ու նրա շարժիչ ուժը` Քրդական բանվորական կուսակցությունը: Եվ ամենավատը, եթե չլինեն իսլամիստները` ինքը կզրկվի նրանցից ստացվող նավթից, որն առնում է ‹‹շան մսի›› գնով (բարելը 20-30 դոլար), իսկ վաճառում է շուկայական գնով: Սակայն ինչ կատարվում է այժմ Սիրիայում, շատ ավելի լուրջ է Էրդողանի համար, քան Եվրամիություն մտնելու կամ էլ արաբական աշխարհի լիդեր ու մենտոր դառնալու նրա վարդագույն երազների կատարյալ ֆիասկոն: Այսօր Սիրայում մեծ հաշվով վճռվում է նրա քաղաքական լինելիության խնդիրը, մանավանդ, եթե հաշվի առնելու լինենք գալիք ընտրությունները, որոնց արդյունքները Էրդողանի համար մշուշապատ են: Մոռանալով ռուսների հետ ոչ վաղ անցյալի սիրախաղերը և Կրեմլի ուսի վրայից Բրյուսելին երեք մատի կոմբինացիա ցույց տալը, Էրդողանը զգում է պահի լրջությունը և փորձում է վերադառնալ ‹‹ ի շրջանս յուր››` կրկին հնարավորինս ամուր տեղավորվել ՆԱՏՕ-ի գրկում: Եվ որպեսզի հաջողությամբ իրացնի կուրտիզանուհիների այս հնամենի տրյուկը, Անկարան փորձում է Վաշինգտոնին լարել Մոսկվայի դեմ: Իսկ երբ Ռուսաստանը խախտում է Թուրքիայի օդային տարածքը` նա ‹‹կարաուլ›› է կանչում և ՆԱՏՕ-ից պահանջում պաշտպանել իրեն ‹‹ագրեսորից››: Սա ևս հին պրոֆեսիան բանեցնողների սիրած գործելաոճն է:Արդ, Թուրքիայի համար մղձավանջի հավասարազոր է դեպքերի զարգացման մի քանի հնարավոր տարբերակներ, որոնք, իմ կարծիքով, հետևյալն են. ա/ Բաշար Ասադը օտար զենքի օգնությամբ ստեղծում է անկլավային պետություն և չի հեռանում Սիրիայից (միանգամայն հավանական սցենար), բ/ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծանում և դառնում է մշտական, (այդպես էլ կլինի), գ/ ԱՄՆ-ը ավելացնում է օգնությունը քրդերին, որոնք դե-ֆակտո ստեղծել են իրենց պետությունը Իրաքի արևմուտքում և հավանաբար կընդարձակեն այն սիրիական քրդերի հաշվին: Հետո, ամենասարսափելին Թուրքիայի համար. նրանց քրդերը հրաժարվում են ավտոնոմիայից և պահանջում են անկախություն: (Այս վերջին երկու վարկածի իրականացման հավանականությունը խիստ մեծ է): Ըստ ամենայնի, ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր էրոզիան հավանաբար կփոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Բացառված չէ, որ Թուրքիան փորձի ակտիվացնել կովկասյան ուղղությամբ իր դիվանագիտական վեկտորը, իսկ Ռուսաստանն ավելի սերտացնի կապերը Ադրբեջանի հետ` մեծ եղբայր Թուրքիայից և Արևմուտքից հեռացնելու ու իրեն մոտեցնելու նպատակով: Առանց այդ էլ վերջին տարիների ռուսական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ այդ միտումն ունի. զենքի վաճառք Բաքվին, ռազմական համագործակցություն Կասպից ավազանում, առևտրատնտեսական կապերի զարգացում և այլն: Այս ենթատեքստում, Մոսկվան հետապնդում է երկու հիմնական նպատակ: Առաջին` Ադրբեջանի հետ հնարավորինս զարգացնել բարեկամական հարաբերություններ` նկատի ունենալով, որ իր կողմից հակառակ քաղաքականություն իրագործելու դեպքում նա կարող է նոր խնդիրներ ունենալ` պայմանավորված սահմանի ընդհանրությամբ, Կասպիական ավազանի խնդիրներով և Ադրբեջանի սերտ հարաբերություններով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից զատ լարվածության նոր օջախի ստեղծում կովկասյան ֆլանգում կարող է ճակատագրական լինել Ռուսաստանի համար: Եվ երկրորդ` Ռուսաստանի տարածարջանային դիվանագիտության դոմինանտն իր հարավային սահմանների պաշտպանությունն է իսլամական ֆունդամենտալիզի վտանգից, որի դեմ էլ ուղղված են ռուսական ռազմա-տիեզերական ուժերի (ՌՏՈՒ) ներկա գործողությունները: Այս ուղղությամբ է աշխատում Սմոլենսկայա հրապարակի թիմը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, անգամ, Վրաստանի հետ: Եվ վերջինը, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը մեծ հաշվով քաղաքական դիվիդենտներ չի բերի Հայաստանին: Համաձայն դասական քաղաքագիտության, երկրների շահերը ուղիղ համեմատական են տարածաշրջանի բոլոր պետությունների հարաբերությունների նորմալ վիճակին: Իսկ եթե կոնկրետ` Ադրբեջանը հեռանա Թուրքիայից և մոտենա Ռուսաստանին, Հայաստանը կհշահի՞, թե՞ կկորցնի: Սա արդեն վերլուծության առանձին թեմա է: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 3301 reads | 16.10.2015
| |


Ռուսաստանի` Իսլամական պետությանը (ԻԼԻՊ ) ուղղված օդային կործանիչ հարվածներին զուգընթաց նկատելիորեն լարվում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները:
Այդպես եղավ, օրինակ, երբ Պուտինն այցելեց Երևան, Եղեռնի 100-ամյակի տարելիցին: Թուրքիայի նախագահը նախ շանթ ու կայծակ թափեց, ընկավ պրոստրացիայի մեջ, հետո հանդարտվեց և ‹‹հաշտվեց›› կատարվածի հետ: Հետո երկու երկրների հարաբերությունները կրկին մտան վերընթաց զարգացման կորագիծ:
Մոռանալով ռուսների հետ ոչ վաղ անցյալի սիրախաղերը և Կրեմլի ուսի վրայից Բրյուսելին երեք մատի կոմբինացիա ցույց տալը, Էրդողանը զգում է պահի լրջությունը և փորձում է վերադառնալ ‹‹ ի շրջանս յուր››` կրկին հնարավորինս ամուր տեղավորվել ՆԱՏՕ-ի գրկում: Եվ որպեսզի հաջողությամբ իրացնի կուրտիզանուհիների այս հնամենի տրյուկը, Անկարան փորձում է Վաշինգտոնին լարել Մոսկվայի դեմ: Իսկ երբ Ռուսաստանը խախտում է Թուրքիայի օդային տարածքը` նա ‹‹կարաուլ›› է կանչում և ՆԱՏՕ-ից պահանջում պաշտպանել իրեն ‹‹ագրեսորից››: Սա ևս հին պրոֆեսիան բանեցնողների սիրած գործելաոճն է:
Առանց այդ էլ վերջին տարիների ռուսական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ այդ միտումն ունի. զենքի վաճառք Բաքվին, ռազմական համագործակցություն Կասպից ավազանում, առևտրատնտեսական կապերի զարգացում և այլն: Այս ենթատեքստում, Մոսկվան հետապնդում է երկու հիմնական նպատակ: Առաջին` Ադրբեջանի հետ հնարավորինս զարգացնել բարեկամական հարաբերություններ` նկատի ունենալով, որ իր կողմից հակառակ քաղաքականություն իրագործելու դեպքում նա կարող է նոր խնդիրներ ունենալ` պայմանավորված սահմանի ընդհանրությամբ, Կասպիական ավազանի խնդիրներով և Ադրբեջանի սերտ հարաբերություններով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

