ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ
Միջազգային հարաբերությունների շրջանակներում փոքր պետության ուսումնասիրման հիմնական միջոցը նրա կարողության չափանիշն է: Եթե ելնելու լինենք այս պոստուլատից, ապա որպես մեկնակետ կարելի է ընդունել այն իրողությունը, որ փոքրությունը համապատասխան կարողություններից մեկի պակաս է: Մորգենթաուն պարզել է, որ ‹‹Գերտերությունը պետություն է , որն ի վիճակի է իր կամքը թելադրել փոքր երկրին, մինչդեռ հակառակն անհնար է: Բայց գերտերությունը կարող է հեշտությամբ իջնել երկրորդ կարգի երկրի կամ փոքր պետության կարգավիճակի, իսկ փոքր պետությունը կարող է վերածվել մեծի›› (Տես. The Concept of the Political, by Hans J. Morgenthau, Hartmut Behr (Editor), Felix Rösch (Editor) published 2012):
Նման ուսումնասիրությունները զբաղված են հնարավորությունների և կարողությունների չափումով: Որպես դասական օրինակ կարելի է բերել Պելոպոնեսյան պատերազմը (Ք.ա. 431-404 թթ.), երբ մեծ պոլիս-պետություն Աթենքն ուզում էր Սպարտայի դեմ պայքարում իրեն դաշնակից դարձնել փոքր պետություն Մելոսին: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ Սպարտան ինքն էր գրավել քաղաքը` Աթենքի դեմ հակակշիռ ստեղծելու համար:
Հանրահայտ ‹‹Մելոսյան երկխոսության›› սիմվոլիկ իմաստն այն է, որ ներկա դիվանագիտական հարաբերություններում, ինչպես 2.500 տարի առաջ, մեծ երկրները թելադրում են իրենց կամքը փոքր պետություններին: Միջազգային հարաբերություններում լայնորեն տարածված կարծիք կա, որ միջպետական հարաբերություններում հնարավորության գործոնը անպայմանորեն օգտագործվում է: Օրինակ` վերջերս ամերիկյան հայտնի քաղաքագետ Ռոբերտ Կագանն առաջ քաշեց այն թեզը, որ Միացյալ Նահանգները միջազգային ասպարեզում, Եվրամիության քաղաքականությունից միանգամայն տարբերվող քաղաքականություն կվարեն, քանի որ ունեն առավել հնարավորություններ և ներուժ: Ներկայիս նեոռեալիստները ուշադրության կենտրոնում են պահում մեծ երկրների արտաքին քաղաքականությունը` անտեսելով փոքր պետությունների շահերն ու խնդիրները: Իսկ վերջիններս բողոքի ձայն են բարձրացնում քաղաքագետների նման միակողմանի մոտեցման կապակցությամբ:
Միջազգային հարաբերություններում շատ պետական համակարգեր գործելու հատուկ պարտականությունները, կարգի հաստատումը և դիվանագիտական հնարավորությունները վստահում գերտերություններին` օգտվելով կոնսենսուսի հնարավորություններից: Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր պետությունները հաճախ ընկալվում են որպես միջազգային հարաբերությունների ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ: Ստացվում է, որ փոքր պետություններն իրենց անկախության համար մշտապես պարտական են կամ ուժերի հավասարակշռությանը (Բելգիան և Բալկանյան երկրները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին), կամ որևէ պաշտպանիչ ուժին (Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի փոքր պետություններն ու Պորտուգալիան), կամ էլ իմպերիալիստական նկրտումների ոչ ռեալ հնարավորությունները կոնկրետ փոքր պետությունների նկատմամբ (Շվեյցարիան, Շվեդիա, Ավստրիա, Նորվեգիա): Արդյունքում` դիվանագիտության պատմությունը վերածվում է գերտերությունների պատմության, իսկ փոքր պետությունները հայտնվում են դրա լուսանցքում:
|