ԼԻԲԱՆԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԲՈՒՏԵՐԲՐՈՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ. ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ
![]() Diplomat.am. Դուք եղել եք Հայաստանի դեսպանը Լիբանանում, մոտիկից շփվել եք երկրի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, ճանաչել եք ահաբեկչության զոհ դարձած Ռաֆիկ Հարիրիին, անգամ հանդիպումներ եք ունեցել ‹‹Հըզբոլլահի›› նախկին նախագահ Ֆաթալլայի և ներկա ղեկավար Նասրալլայի հետ, ինչպես ասում են երկիրը և ժողովրդին գիտեք ներսից: Ի՞նչ կարող եք ասել վերջին իրադարձությունների մասին, որքանո՞վ են դրանք վտանգավոր երկրի հետագա զարգացման և հայ համայնքի համար: Կարո՞ղ է Լիբանանը, որին մենք անվանում ենք երկրորդ Հայաստան, արժանանա նույն ճակատագրին, որը բաժին ընկավ Սիրիային, Իրաքին, Եմենին, Լիբիանին: Տեսնու՞մ եք որևէ կապ Լիբանանի 15-ամյա քաղաքացիական պատերազմի և այսօրվա դեպքերի հետ: Ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել: Ա.Ն. Չնայած 40 տարի է անցել Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկզբից, որը XX դարի ամենարյունալի դրամաներից է` իր 200.000, այդ թվում հայկական զոհերով, սակայն խաղաղությունն այստեղ շատ փուխր է, ես կասեի պայթունավտանգ: Օրերս դա փաստեց նաև պրեմիեր-մինիստր Թամամ Սալամը: Լիբանանի ներքաղաքական, կոնֆեսիոնալ` կրոնական թշնամանքը մնացել է, սական փոխվել է հակամարտության վեկտորը: Եթե նախկինում թշնամանքը քրիստոնյաների և մուսուլմանների մեջ էր, ապա ներկայում առճակատման մեջ են սուննիներն ու շիաները: Միջկրոնական անհամաձայնությունների և գժտությունների պատճառով լիբանանցիները չեն կարողանում անգամ նախագահ ընտրել: Diplomat.am. Գալով Բեյրությում աղբահանության պատճառով տեղի ունեցող ցույցերին` կարո՞ղ է դրանք ունենան շարունակություն և պատճառ դառնան երկրում իրադրության սրման, անկայունության և պատերազմական գործողությունների: Ա.Ն. Ամեն ինչ կարող է: Ինչպես ցույց է տալիս արաբական գարնան զարգացման դինամիկան, ընդամենը շարժառիթ է պետք: Ինչո՞ւ Թունիսում տեղի ունեցած ինքնասպանությունը կարող է հեղափոխություն առաջացնել, իսկ Բեյրութի աղբահանությունը` ոչ: Զանգվածների շարժման և պոռթկման համար պետք են բաղադրյալներ, մոտիվացիա միշտ կգտնվի: Իսկ բաղադրյալներն այստեղ մեկից ավելի են.
Diplomat.am. Իսկ ի՞նչ կարող եք ասել արտաքին գործոնների մասին, որոնք ազդում են Լիբանանի իրավիճակի վրա: Ա.Ն. Լիբանանի հետագա ճակատագրի համար վճռական նշանակություն կունենան արտաքին խաղացողների գործողությունները և առաջին հերթին` Իրանի հետագա քայլերը` Արևմուտքի հետ նրա հարաբերությունների սպասվող փոփոխությունների ենթատեքստում: Հատկանշանական է Այաթոլլա Խամենեի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը շարունակելու է օգնություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակիցներին Սիրիայում և Իրաքում, պաշտպանել Բահրեյնի, Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդներին: Սիրիան այստեղ ունի առանցքային նշանակություն: Եթե Սիրիան ընկավ, ապա Իրանի արևմտյան սահմանի և նրա հսկողության տակ գտնվող Իրաքի տարածների երկայնքով կստեղծվի այսպես կոչված սանիտարական կորդոն` միջանցք, որը կձգվի Ադրբեջանից մինչև Քուվեյթ: Դրա համար Իրանը ամեն ջանք թափում է, որպեսզի Սիրիայում իշխանության չգան ո՛չ իսլամիստները, ո՛չ էլ թուրքամետ կամ սաուդամետ ուժերը: Diplomat.am. Իսկ եթե Իրանին այդ պլանները չհաջողվի իրագործե՞լ: Ա.Ն. Եթե հարցը վերաբերում է Լիբանանին, ապա նա կհայտնվի շատ ծանր դրության մեջ` բուտերբրոտային վիճակում: Արևելքում նրա սահմանները կմերկանան, իսկ Արևմուտքում Լիբանանն ունի իր հավերժական թշնամի Իսրայելը: Քանի դեռ Լիբանանում կան տասնյակ հազարավոր պաղեստինցի փաստականներ, որոնք տեղակայված են 12-ից ավելի ճամբարներում և դուրս են պետական հսկողությունից, զինված են մինչև ատամները, զբաղվում են զենքի և թմրադեղերի առևտրով, քանի դեռ Լիբանանում և նրա սահմաններից դուրս գործում է իրանական ‹‹Հըզբոլլահի›› թևը, որը լիբանանյան բանակից շատ ավելի հզոր է, պետություն է` պետության մեջ, Իսրայելի և Լիբանանի միջև խոսք լինել չի կարող հաշտության և խաղաղության մասին: Diplomat.am. Իսկ, ինչպե՞ս եք տեսնում Լիբանանի հայ համայնքի ապագան: Ա.Ն. Ինչպե՞ս կուզեք, որ պատասխանեմ: Diplomat.am. Անկեղծ: Ա.Ն. Եթե անկեղծ, ապա անորոշ, մշուշի մեջ, եթե ավելի անկեղծ, ապա` վտանգված: Եվ համայնքը և Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեն կանկարգելիչ քայլեր` խուսափելու համար սիրիահայության ողբերգության կրկնությունից: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2084 reads | 27.08.2015
| |