ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() ![]() Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքագիտության բնագավառում գերակայող թեման ժողոդուրդների անվտանգության թեման էր, որը կենսական նշանակություն ուներ փոքր երկրների գոյատևման համար: Իսկ 60-ական թվականներին միջազգային հարաբերություններ մուտք գործեց Հանս Մորգենթաուի, Ռեյնհոլդ Նիբուրի հայտնաբերած ռեալիզմի տեսությունը: ‹‹Սակայն 1950-1970 թթ. մի շարք համաշխարհային` հատկապես եվրոպական գործընթացներ (առաջին հերթին առևտրի զարգացումը, միջազգային համագործակցությունը, ինտեգրացիոն միտումները) դասական ռեալիզմի շրջանակներում դժվարությամբ էին ամրագրվում, և հարկ եղավ փոփոխության ենթարկել հենց տեսությունը: 1970-թվականներին կայացավ նեոռեալիզմի տեսության ձևավորումը, որն անվանվում է նաև համակարգային (ստրուկտուրային) ռեալիզմ: Նրա փաստացի հիմնադիրն է Քենետ Ուոլտսը, որի ‹‹Միջազգային հարաբերություններ›› աշխատությունը դարձավ նեոռեալիստական տեսության մանիֆեստը›› (Категории политической науки, изд. РОССПЕН, 2002, с. 598): Այս նոր տեսությունները ըստ էության պետք է տարածվեին փոքր պետությունների վրա ևս և բացեին նոր հեռանկարներ նրանց արտաքին քաղաքականության և դիվանագիտության առաջ: Սակայն Ուլստի վերոնշյալ գիրքը, Մորգենթաուի բազմաթիվ գործերը, նաև նրա «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև: Խաղաղության և իշխանության համար պայքարը›› ֆունդամենտալ աշխատությունը շրջանցում են փոքր պետությունները: (Տես. ‹‹Politics Among Nations. The struggle for power and peace››, L., 1948): Այդուհանդերձ, փոքր պետությունները ռեալիստական և նեոռեալիստական տեսության հեղինակներից շատ հետաքրքիր մտքեր կարող են քաղել իրենց միջազգային հարաբերությունների և դիվանագիտության համար: Մորգենթաունի ռեալիզմի տեսության վեց հայտնի սկզբունքներից զատ այն պարունակում է արտաքին քաղաքականության ռազմավարության մեթոդներ, համաձայն որոնց, միջազգային ընկերակցության յուրաքանչյուր անդամ պետք է առաջնորդվի ‹‹հոբսական›› երեք մոտիվներով` պետության անվտանգության ապահովում, բնակչության քաղաքական ազդեցիկ խավի տնտեսական պահանջների բավարարում, միջազգային հարաբերություններում երկրի հեղինակության բարձրացում: Փոքր պետությունների համար օգտաշատ կարող է լինել նաև ռեալիստական տեսության այն պարադիգմը, որ պետության գոյատևումը դիտվում է ազգային հետաքրքությունների իրականացման և իրական կարողությունների` ներուժի պրիզմայի միջով: Իսկ նեոռեալիստական տեսության մեջ, փոքր պետությունների համար, մեր կարծիքով, հետաքրքրություն է ներկայացնում ‹‹ուժի բալանսի›› գաղափարը: ![]() Ավելին, միջուկային պետության պատասխանատվության մակարդակը շատ ավելի բարձր է, քան ոչ միջուկային պետությանը: Նույնիսկ միջուկային զենք ունեցող իզգոյ-ռեժիմները գլխավորապես կարևորում են սեփական գոյատևման խնդիրը: Այնպես որ, ԱՄՆ-ի մտավախությունն այդ զենքի տարածման կապակցությամբ, նա համարում է մտացածին և ուռճացված: Ելնելով ուժի բալանսի վերաբերյալ իր վերլուծությունից՝ Ուլոտսը կանխատեսում է ուժի բազմաբևեռ մրցակցային բալանսի առաջացում, որում հատուկ տեղ կգրավի միջուկային զենքը: (Waltz, Kenneth N. (1979), Theory of International Politics, Reading, MA: Addison-Wesley, pp. 118, 121): Հարց է ծագում. Որքանո՞վ է ընդունելի ուժի բալանսի և միջուկային զենքի տարածման վերաբերյալ Ուլոտսի առաջ քաշած տեսությունը, եթե նկատի ունենանք, որ փոքր պետության կողմից այն տիրապետելու նախադեպն արդեն կա (Իսրայել): Այս տեսությունը, լուրջ ուսումնասիրման և վերլուծության կարիք ունի: Գալով նեոռեալիզմի հիմնադիրի պոստուլատին` իզգոյ-ռեժիմների կողմից մասսայական ոչնչացման զենքի տիրապետման վերաբերյալ, մեր կարծիքով, այն խիստ վիճահարույց է և հիմքում` իռացիոնալ: Հետադարձ հայացք նետելով անցյալի քաղաքական զարգացումներին, զարմանալ կարելի է, որ չնայած փոքր պետությունների աճող թվին, Երկրորդ աշխարհամարտին հաջորդած առաջին երկու տասնամյակներում այդ թեմային նվիրված շատ քիչ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են արվել: Փոքր պետությունների նկատմամբ առավել մեծ ակադեմիական հետաքրքրություն առաջացավ փոքր պետությունների` պատերազմի շրջանի դիվանագիտության ուսումնասիրման արդյունքում: Հետպատերազմյան տարիներին փոքր պետությունների հիմնական խնդիրն էր գոյատևումը մեծ պետությունների կողքին: Այս համատեքստում հավասարության քաղաքականությունն ընդունվեց որպես հիմնական միջոց` փոքր պետությունների թուլությունը փոխհատուցելու և անվտանգությունը երաշխավորելու համար: 1960–ական թվականներին երևան եկան փոքր պետությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու երեք հիմնապատճառներ. ա) հակվածությունը դեպի մեծ տերությունները և Ամերիկայի Միացյալ Նահանգները, բ) հասարակության խորը փոփոխությունները, գ) միջազգային փոխհամագործակցությունը, որը բարձրացնում է սահմանափակ կարողություններով օժտված պետությունների կախվածության գինը: Նշված հիմնապատճառները սերտորեն կապված են այդ կատեգորիայի երկրների նյութական ներուժի հետ, սակայն նշված հատկանիշը կարող է ձևափոխման ենթարկվել այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են զարգացման մակարդակը, աշխարհագրական հարևանության ազդեցությունը, բնակչության միասնությունը: Դրա կողքին փոքր պետություններն ունեն մի շարք հնարավորություններ ապահովելու իրենց վերընթաց զարգացումը, որոնցից մենք կառանձնացնենք ակտիվ արտաքին քաղաքականությունը կարգավիճակի` status quo-ի պահպանման համար: Վերջերս կատարված մի շարք ուսումնասիրությունների նպատակն է բացահայտել ռազմավարության այն մոդելները, որոնք կարող էին ընտրել փոքր պետությունները մեղմելու համար կառուցվածքային սահմանափակումների ազդեցությունը: Այս ենթատեքստում առաջ են գալիս մի քանի ռազմավարական ուղղություններ` արտաքին բարձր կախվածությունից խուսափելու քաղաքականություն կամ ընտրովի արտաքին քաղաքականություն (խնայել ներուժը` փոխարենը մեծացնելով հեղինակությունը), որոշ արտադրությունների մասնագիտացում և գործընկերների ընդլայնում, արտաքին որոշումներից խուսափելու ռազմավարություն (ենթադրում է չեզոքություն, ինտեգրում և այլն): Փոքր պետության արտաքին քաղաքականության ընտրության տարբերակները կարող են ներառել նաև ներքին ռազմավարությունը` ֆեդերալիզմ, կորպորատիզմ և այլն: ![]() Փոքր պետության տեսությունը զարգանում էր թե՛ տնտեսագիտության, թե՛ քաղաքագիտության մեջ: Օրինակ, շատ տնտեսագետներ կարծում են, որ փոքր պետությունների չափը ներքին ոչ մեծ շուկայի միջոցով կանխորոշել է դրանց տնտեսության ցածր մակարդակը, բնական ռեսուրսների պակասությունը, արտադրանքի մեծ ինքնարժեքը, մրցունակության բացակայությունը և այլն: Ենթադրվում է, որ փոքր պետություններն ավելի շատ են կախված արտաքին առևտրից քան մեծերը, որպես կանոն ունեն առևտրի սղաճ (դեֆիցիտ), հաճախ զբաղվում են մեկ տեսակի ապրանքի արտահանմամբ, մեծ դժվարությամբ են արտահանում ցանկացած արդյունաբերական ապրանք, որը պահանջում է ֆինանսներ և հետազոտումներ: Նման զարգացում է նկատվում քաղաքագիտության մեջ, որտեղ մասնավորապես նեոռեալիստները պնդում են, որ պետության ֆիզիկական չափը կամ դրա հարաբերական ուժային կարողությունները որոշում են նրա վարքագիծը միջազգային հարաբերություններում: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ նույնաչափ փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը միանման է: Հենց այդ պատճառով էլ համեմատական արտաքին քաղաքականության ուսումնասիրման ծրագիր ստեղծելու նպատակով Արևելքի առջև խնդիր էր ծագել`փորձարկել երկու հակամարտող մոդելները`օգտագործելով 1959-1968 թվականներին տարբեր չափի և տնտեսական զարգացման 32 երկրների նախաձեռնած հազարավոր արտաքին քաղաքական դեպքերի փաթեթը: Փոքր պետությունների հետազոտման համեմատական մոտեցումները 1980-ականների վերջին և 1990-ական թվականների սկզբին շատ քիչ առաջընթաց ունեցան: Այս ոլորտում մի քանի հրատարակված ներդրումներ վերաբերում էին եվրոպական փոքր պետություններին բնորոշ խնդիրներին և չունեին որևէ պահանջարկ տեսության զարգացման համար: Մասնագետների մեկ այլ խումբ գտնում է, որ որ փոքր պետությունների ուսումնասիրությունն ընդհանուր առմամբ տուժել է միջազգային հարաբերություններում անուշադրության մատնվելու հետևանքով: Փոքր պետությունների վերաբերյալ մոտեցումներն, ըստ նրանց, երբեք նորաձև չեն դառնա և չեն արժանանա համընդհանուր ուշադրության: Հակառակ հոռետեսական այս գնահատականներին փոքր պետությունները` մասնավորապես դրանց տնտեսական զարգացման խնդիրները, կրկին ակադեմիական ուշադրության կենտրոնում հայտնվեցին: ![]() Բացի գլոբալացման ու տարածաշրջանային ինտեգրման գործընթացներից փոքր պետությունների տեսությունը միաժամանակ զարգացավ և մարտահրավերի առջև կանգնեց` պայմանավորված Բեռլինի պատի փլուզման արդյունքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում, Բալթյան երկրներում փոքր պետությունների անկանխատեսելի աճով: Ինքնորոշման իրավունքը, որը նշանավորվեց ապագաղութացման շրջանում, սառը պատերազմի ավարտից հետո` մի քանի բազմազգ պետությունների փլուզման արդյունքում, վերականգնեց իր ճանաչումը: Բացի ներքին պայքարից արտաքին անվտանգության հարցերը ևս վերականգնեցին իրենց ճանաչումը, քանի որ Եվրոպայի բազմաթիվ փոքր պետություններ մինչ 1990-ական թվականների կեսերն ակտիվորեն փորձում էին անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Հակառակ Եվրոպայում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը (բացառությամբ նախկին Հարավսլավիան)` Հյուսիսային և Հարավային Ամերիկան, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, աֆրիկյան շատ փոքր պետություններ բախվում են ներքին խնդիրներին հետ: Վերջապես, միջազգային հարաբերությունների տեսության փոփոխությունները, որոնք տեղի ունեցան երկբևեռ համակարգի փլուզման արդյունքում, մասնավորապես սոցիալական կառուցողականությունը` միջազգային նորմերի, գաղափարների և ինքնության շեշտադրմամբ նպաստեցին փոքր պետությունների ուսումնասիրման բնագավառի վերաստեղծմանը 1990-ական թվականներին: Բացի հարաբերական ուժից կամ միջազգային կառույցներին անդամագրվելուց հայեցակարգային գործոնները ևս օգնում են փոքր պետություններին` արտաքին քաղաքականության մեջ մանևրելու նոր եղանակների համար: Օրինակ, փոքր պետույունները կարող են համաշխարհային քաղաքականության վրա ազդող նորմեր ձեռնարկողի դեր ստանձնել, ոչ միայն ներգրավվել մեծ պետությունների հետ բանակցություններում, այլև վիճել դրանց հետ, հետևողական քաղաքականություն իրականացնել և իրենց հարաբերություններում կառուցել սոցիալապես ավելի բարենպաստ կերպար: Ընդհանուր արժեքներն ու նորմերը, ներքին ճնշումները և անդրազգային կոալիցիաներն օգնում են ‹‹փոքր›› արևմտաեվրոպական և կանադական դաշնակիցներին ազդել ամերիկյան անվտանգության քաղաքականության վրա: Ամփոփելով վերոնշյալը` կարելի է ենթադրել, որ փոքր պետությունների ուսումնասիրությունը շարունակական բնույթ չի կրել, և միջազգային հարաբերությունների գրականության կարևոր զարգացումները նշանակալից ազդեցություն են թողել այս դաշտի վրա: Փոքր պետությունների հետազոտումը համեմատաբար երիտասարդ առարկա է, որն իր համապատասխան դիրքն ունի միջազգային հարաբերություններում: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2483 reads | 11.08.2015
| |