ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() ![]() Սակայն կային հարցեր, որոնք վերաբերում էին այլ պետություններին, իսկ դրանք էլ իրենց հերթին այնքան կարևոր նշանակություն ունեին, որ ամբողջապես դուրս չմղվեցին բանակցային գործընթացից: Այդ երկրներին տրվեց հնարավորություն` մասնակցելու ‹‹վեցի կամ յոթի հանդիպումներին››: Դարասկզբից այդ երկրները սկսեցին կոչվել ‹‹միջին ուժեր››: Իսկ այն պետությունները, որոնք համարվեցին ոչ լիարժեք բանակցային գործընթացին ներգրավելու համար, ճանաչվեցին որպես ‹‹փոքր պետություններ››: Պետության կատեգորիաների ձևավորման այս շրջանում մեծ տերությունների գերիշխող խմբավորումը կատարված ինստիտուցիոնալացման գործառությունների շնորհիվ իր վրա վերցրեց միջազգային իրավունքի ստեղծման առաքելությունը: Նրանք որոշեցին կանոնավոր հանդիպումներ կազմակերպել` միջազգային հրատապ խնդիրները քննարկելու, ինչպես նաև միջպետական համաձայնագրեր ու պայմանագրեր կնքելու համար: Այս գործունեության արդյունքում զարգացան իրավական ուժ ունեցող փաստաթղթերը, և քանզի դրանք ընդունում և ստորագրում էին միայն հինգ հզոր պետությունները, ‹‹մեծ պետության›› կատեգորիան օրինականացվեց, որը մինչև հիմա դժվարությամբ է գոյատևում պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի կողքին: Իրավական տեսանկյունից` բոլոր ինքնիշխան պետությունները` մեծ թե փոքր, հավասար են օրենքի առջև: Մինչդեռ քաղաքական տեսակյունից նրանք հեռու են հավասար լինելուց: Ի սկզբանե, Վիեննայի կոնգրեսի ձևավորած միջազգային համակարգում մեծ պետությունների հատուկ կարգավիճակը հակասում էր համակարգի գլխավոր` պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքին, որի հիմնական նպատակն էր կանխել մեծ պետությունների գերակայության տարածումը: Նեղ իմաստով Կոնգրես ասելիս հասկանում ենք վերոնշյալ ուժերի հանդիպումները Լայբախում, Վերոնայում, Օպավայում, Աախենում 1815-1822 թթ. միջև ընկած ժամանակահատվածում, իսկ լայն իմաստով` Կոնգրեսի դիվանագիտությունը մեծ պետությունների շարունակական փոխգործունեությունը` ուղղված համակարգի ղեկավարմանը: Այս դիվանագիտությունը եվրոպական քաղաքականության գերիշխող առանձնահատկությունն էր ընդհուպ մինչև 1848 թվականը և բավականին ակտուալ էր մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Որպես հետևանք` 19-րդ դարում, որն ըստ միջազգային հարաբերություններն ուսումնասիրող գիտնականներից մեկի` տևել է 1815-1914թթ, փոքր էին այն պետությունները, որոնք չէին համարվում մեծ ուժեր: Պատճառն այն էր, որ եվրոպական կայսրությունների իշխանության տակ էին գտնվում ամբողջ աշխարհով սփռված շատ այլ տարածքներ, և շուրջբոլորը պարզապես չկային բավարար ինքնիշխան պետություններ ‹‹միջին ուժերի›› կատեգորիան կյանքի կոչելու համար: Ըստ Հինսլեյի` եթե աշխարհում այդ ժամանակ լինեին վեց գերտերություններ` Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան և Ավսրո-Հունգարիա, ապա մնացած երկրներից միայն երեքը` Թուրքիան, Դանիան և Շվեդիան, կկարողանային հավակնել ‹‹միջին ուժի›› կատեգորիային: 20-րդ դարում, պետությունների զգալիորեն աճի պայմաններում փոքր էին համարվում այն երկրները, որոնք չէին հանդիսանում ‹‹հզոր ուժեր›› և հակված չէին դասակարգվելու ‹‹միջին ուժերի›› շարքին (Ավստրալիա, Կանադա, Հարավային Աֆրիկա): Այս սահմանումը դեռ մնայուն է: Ուժային կատեգորիայի տեսանկյունից այսօր էլ փոքր պետություններին հաճախ շփոթում են թույլերի հետ: Մինչդեռ փոքրի և մեծի համեմատությունը չի համապատասխանում ուժեղի և թույլի իսկությանը: Ստիվեն Կոհենը և Ժոզեֆ Նայը գտնում են, որ փոքր պետությունների ուսումնասիրման միակ պարտադիր առարկան նրանց մեծության և փոքրության հարցը չէ: Ավելի կարևոր է կոնկրետ ոլորտներում նրանց հեղինակությունը և ազդեցությունը: Օրինակ` Շվեյցարիան` ֆինանսների, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Վենեսուելան` ածխաջրերի և այլն: Այս համատեքստում առանձնացվում են փոքր ազգ-պետությունների երեք տեսակ: 1) էական փոքրություն, ներուժի և տարածքի բացարձակ փոքր չափ (Մոնակո), 2) հարաբերական փոքրություն այլ երկրների համեմատ (Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-ԱՄՆ), 3) հատկանշական փոքրություն, սեփական կամ այլոց ընկալմամբ ( Լյուքսեմբուրգ): Պետությունների համակարգ հասկացությունը որպես մեկ ամբողջություն չի սահմանափակվում միայն միջազգային հարաբերությունների ուսումնասիրմամբ: Այնուհանդերձ, այդ համակարգում են կատարվում մեծ ու փոքր պետությունների վերաբերյալ բոլոր ուսումնասիրությունները: Սակայն այդ համակարգի շրջանակներում փոքր պետության բարոյական մեծությունը կամ կոնկրետ ոլորտում ազդեցությունը մինչ այժմ չեն փոխակերպվել մեծ պետության կարգավիճակի: Շվեդիան, անշուշտ, հզոր պետություն է այն առումով, որ ունի ներքին համախմբվածության բարձր աստիճան, ուժեղ ինքնակառավարում: Բայց անկախ այն բանից, թե որքան է Շվեդիան ուժեղ, կամ կդառնա ուժեղ` նրա ներուժը պարզապես թույլ չի տա հասնել այն աստիճան հզորության, որ ընդգրկվի մեծ պետությունների համակարգում: Մեծ պետության կատեգորայից դուրս գալուց 300 տարի անց Շվեդիան հարմարվել է իր նոր կարգավիճակին և Եվրոպական Միությունում ունեցած սահմանափակ գործառույթներն այնքան էլ չեն ֆրուստրացնում շվեդներին, որ հայտնվել են ‹‹յոթ թզուկների›› շարքում: Դրան հակառակ` Ռուսաստանն անկասկած թույլ է պետություն-հասարակություն հարաբերությունների առումով: Այնուհանդերձ, չնայած շարունակական զրպարտություններին`Ռուսաստանը երբեք չի դասվի փոքր պետությունների շարքին: Նույնը կարելի է վերագրել Ճապոնիային և Գերմանիային, որոնք տևական ժամանակ համարվում են ‹‹տնտեսական հսկաներ, բայց մնում են ‹‹քաղաքական թզուկներ›› գերտերությունների համեմատ: Եթե մի կողմից ‹‹փոքր պետություն›› կատեգորիան տեղ գտնի ‹‹միջին պետություն›› կատեգորիայում, ապա մյուս կողմից` կբախվի ‹‹միկրոպետություն›› մածուցիկ կատեգորիային, որոնք ամենաքիչն են ուսումնասիրված պետութունների շարքում, ինչն ինքնին հասկանալի է: Միկրոպետությունները երբեմն անվանվում են երկրի մոդել և հանդիսանում են փոքր, ինքնահռչակված կազմակերպություններ, որոնք իրենց հայտարարում են անկախ, սուվերեն պետություններ, սակայն ճանաչված չեն որպես այդպիսիք որևէ այլ սուվերեն պետության կամ վերազգային կազմակերպության կողմից: Միկրոպետության ստեղծման մոտիվը կարող է լինել տեսական փորձը, քաղաքական բողոքը, անձնական քմահաճույքը, հանցավոր գործունեությունը և այլն: Միկրոպետությունները գոյություն ունեն տարբեր ձևերով` ֆիզիկական աշխարհում, ցամաքում, ծովում, տիեզերական տարածքում), Ինտերնետում կամ դրանց հիմնադիրների գիտակցության մեջ: Որոշ միկրոպետություններ ունեն իրենց դրամը, դրոշը, փոստային դրոշմանիշները, մեդալները և այլ առարկաներ: Վերջին տվյալներով աշխարհում գոյություն ունի 59 միկրոպետություն (http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1335308): Հարկ է միկրոպետությունները չշփոթել ‹‹գաճաճ պետությունների հետ, քանի որ նրանք համարվում են ճանաչված սուվերեն պետություններ: Ընդունված է գաճաճ համարել այն պետությունը, որն իր տարածքով զիջում է Լյուքսեմբուրգի տարածքին ( 2.586 ք.կմ.), չնայած նրան ևս երբեմն դասում են ‹‹գաճաճների›› շարքին: Հաճախ որպես չափանիշ ընդունում են բնակչության թիվը: ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի չափանիշներով գաճաճ են այն պետությունները, որոնց բնակչության թիվը չի անցնում 1 միլիոնից: Ազգերի Համագործակցությունն իր զեկույցներում երբեմն գաճաճ պետությունների համար օգտագործում է փոքր երկրներ եզրույթը` սահմանելով բնակչության 1,5 միլիոնանոց շեմ: Իսկ երբեմն գաճաճ են կոչվում այն պետությունները, որոնց բնակչությունը պակաս է 500 հազար մարդուց: ՄԱԿ-ի կողմից ազգերի ինքնորոշման հռչակումը հիմք հանդիսացավ հարյուրավոր փոքր, գաճաճ և միկրոպետությունների ստեղծման համար, որոնց ներհոսքին համաշխարհային կազմակերպություն հաջորդեցին սուր բանավեճերը` հատկապես միկրոպետությունների հարցում. ինչպե՞ս են նրանք օգտագործելու իրենց հավաքական ձայնի իրավունքը, Գլխավոր Ասամբլեայում, ովքե՞ր են ֆինանսավորելու նրանց որոշումները, արդյո՞ք այդ կատեգորիայի պետություններին առաջարկվելու է սահմանափակ անդամակցություն և այլն: Իսկ Հավայայի համալսարանի պրոֆեսոր Մ. Հասը գտնում է օրինակ, որ ՄԱԿ-ի անդամ փոքր, գաճաճ և միկրոպետություններն ստիպված են բավարարվել միջազգային իրավունքին ենթարկվողի դերով: (Տես. International Politics and Foreign Policy. N.Y., 1969. P. 138). Անգլիացի հայտնի իրավաբան Զ Շվարցենբերգերի մեկնաբանությունն ավելի հուսահատական է ‹‹փոքրերի›› համար, և ոչ միայն: ‹‹Ուժն է որոշում,- գրում է քաղաքագետը,- միջազգային արիստոկրատիայի հերիարխայում անկախ պետությունների դերը››: (Schwarzenberger G. The Frontiers of International Law. L., 1962. P. 23). Նման կարծիքներ հնչում են նաև մեր օրերում: (Տես Zemanek K. General Cours of International Law // RdC. 1997. T. 266. P. 44) : Սակայն ՄԱԿ-ի շրջանակներում բորբոքված կրքերը շուտով մոռացության մատնվեցին և տեղի չունեցավ միկրոպետությունների ակնկալած անդամակցումը ՄԱԿ-ին: Այնուամենայնիվ, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Անդորրան, Սան Մարինոն և մի քանի այլ միկրոպետություններ անդամակցեցին ՄԱԿ-ին (1990–ական թվականներին), երբ ընդունեցին միջազգային ընտանիքում հավասար ինքնիշխանության պայմանները: Իսկ Կոստա Ռիկան որոշեց հայտ չներկայացնել, քանի որ գիտակցում էր, որ չի կարողանալու բավարարել անդամակցության պայմանները: Արդյունքում` Կոստա Ռիկան փոքրից վերածվեց միկրոպետության: Ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերություններում ուշադրության կենտրոնում բացառապես մեծ պետություններն են, որի պատճառով էլ փոքր երկրների և՛ կատեգորիան, և՛ կարգավիճակը մնում են առկախված: Փոքր պետությունները տեղակայված են երկու անորոշ ենթատեսակների միջև`միջին ուժերի, որոնք համոզված են, որ կոնկրետ ոլորտում հզորություն են ձեռք բերել, և միկրոպետությունների, որոնք իրենց հերթին վարչական ներուժի բացակայության հետևանքով չեն կարողանում ամբողջությամբ անդամակցել համակարգային կառույցներին: Փոքր պետությունների` համաձայնեցված ճշգրիտ սահմանման ու դրանց մասին գրականության բացակայությունը թելադրում է խորն ուսումնասիրությունների անհրաժեշտությունը, որն այսօր էլ դեռևս գտնվում է սաղմնային վիճակում: Դիպուկ է նկատել Կոհենը, երբ ասել է. ‹‹Եթե թզուկները կարողացան կապել Գուլիվերին, ուսումնասիրել նրան և ստիպել կռվել իրենց համար, նրանք ևս պետք է մանրազննին ուսումնասիրվեն››: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
12531 reads | 24.07.2015
| |