ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԵՆԵԶԻՍԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







Մեծ տերությունների արտաքին քաղաքականության կարևոր խնդիրների ուսումնասիրության կողքին փոքր պետությունները գրեթե դուրս են մնացել քաղաքագետների և դիվանագիտության տեսաբանների ուշադրության ոլորտից: Մինչդեռ դրանք գոյացել են մարդկության պատմության սկզբնավորումից ի վեր:

Քաղաք-պետություններից է կազմված եղել Հին Հունաստանը: Վասալական  փոքր-պետություններ են հարել  Հռոմեական կայսրության արտաքին սահմաններին, որոնք կոչվել են ‹‹լիմիտրոֆներ››: 

Միջնադարյան Եվրոպան զգալիորեն կամ ամբողջովին իրենց ներկայացրել է փոքր դքսությունների և գաճաճ պետությունների խճապատկեր: Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորման, նաև փոքր պետությունների պետական ամրապնդման գործում վճռորոշ դերակատարություն ունեցան 30-ամյա պատերազմի ավարտն ազդարարող  Վեստֆալյան պայմանագրի ստորագրումը (1648 թ.),  17-րդ դարի կեսերին միջազգային հարաբերություններում «պետություն» հայեցակարգի հաստատումը, 19-րդ դարի սկզբին` նապոլեոնյան պատերազմների ընթացքում ազգայնականության զարգացումը և Առաջին Աշխարհամարտի ավարտից հետո միջազգային իրավունքի ամրապնդումը:

Փոքր պետությունների առաջացումը և անհետացումը փոփոխական գործընթաց է` հաճախ կախված միջազգային գետնի վրա հիմնական խաղացող խոշոր պետությունների միջև ուժային բալանսից:

20-րդ դարի սկզբին մի շարք ազգ-պետություններ համալրեցին փոքր պետությունների շարքերը: Մյուս կողմից` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայի որոշ փոքր պետություններ ընդհանրապես դադարեցին միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց, իսկ ավելի ուշ` սառը պատերազմի տարիներին այդ կարգի պետությունների ինքնիշխանությունը` սուվերենությունը որոշ չափով սահմանափակվեց: Սակայն անցյալ դարի վերջին դրանցից շատերը վերականգնեցին իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը:

Գլոբալ առումով` փոքր պետությունների քանակի ավելացումը գաղութատիրական համակարգի վերացման  արդյունք է: 20-րդ դարի վերջին ԽՍՀՄ և Հարավսլավիայի փլուզման հետևանքով զգալիորեն աճեց փոքր պետությունների թիվը Եվրոպայում և Ասիայում: Քաղաքագիտության համակարգում այսօր որո՞նք են համարվում փոքր պետություններ և ի՞նչ դեր են խաղում միջազգային հարաբերություններում:

Բոլոր այն պետությունները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամ չեն, մտնում են փոքր պետությունների կատեգորիայի մեջ: Ըստ դիվանագիտության պատմության ամերիկյան ճանաչված հեղինակ Է. Պլիշկեի, դրանք այն երկրներն են, որոնց բնակչությունը չի անցնում 5 միլիոնից: Իսկ անգլիացիները փոքր են համարում այն պետությունները, որոնց բնակչությունը 1 միլիոնից պակաս է` անվանելով դրանց ‹‹մինի պետություն››:

Վերջերս ամերիկյան քաղաքագիտական բառաֆոնդում փոքր պետությունների համար հայտնվեց նոր եզրույթ` ‹‹հաճախորդ-պետություններ››, որը համարվում է ‹‹լիմիտրոֆի›› հոմանիշը: (Մասնագետների կարծիքով, դրա հեղինակը Զգիբնև Բժեզինսկին է):

Փոքր պետությունները ֆինանսական ու տեխնիկական սահմանափակության պատճառով հաճախ խուսափում են ծախսատար դեսպանություններ պահելուց և փոխարենը դիվանագիտական գործունեությունը կենտրոնացնում են փոքր թվով միջազգային կազմակերպություններում, օրինակ` ՄԱԿ-ում:

Դիվանագիտական նման պրակտիկան ստացել է  ‹‹զեղչված դիվանագիտություն›› (‹‹cut-price diplomacy››) անվանումը, որը հատուկ է ‹‹սահմանափակ սուվերենություն›› ունեցող ձևականորեն անկախ պետություններին:

Այսուհանդերձ, միկրոպետություններ, փոքր, ավելի փոքր, միջին, մեծ պետություններ և վերջապես գերտերություններ հասկացողությունները մեր կարծիքով վիճահարույց են և այսօր էլ քաղաքագիտության մեջ չունեն հստակ սահմանում: ՄԱԿ-ի ստեղծումը, որը  վճռորոշ նշանակություն ունեցավ փոքր երկրների ճակատագրերի համար, նույնպես պարզություն չմտցրեց ‹‹փոքր պետություն›› սահմանման համար:

Այդուհանդերձ, ՄԱԿ-ը միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի կիրառման ամենավստահելի ֆորումն է, որը նպաստում է տարբեր ոլորտներում իրավական դաշտի մշտական ձևավորմանը: Սա պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ը ընդգրկում է գրեթե բոլոր երկրները, որոնք ունեն հավասար իրավունքներ, ինչը առանցքային նշանակություն ունի փոքր պետությունների համար:

ՄԱԿ-ի  ուժը պայմանավորված է աշխարհի պետությունների ունիվերսալ անդամակցությամբ և այն փաստով, որ նման անդամակցությունը դիտվում է որպես անդամ- պետությունների անկախության մշտական երաշխիք: Եթե ստեղծման պահին ՄԱԿ-ին անդամակցում էին 51 պետություններ, ապա ներկայումս դրանց թիվը հասել է 191-ի, ընդ որում` անդամ-երկրների մեծ մասը փոքր պետություններն են:

ՄԱԿ-ի շրջանակներում գործում է այսպես կոչված Փոքր պետությունների համաժողովը, որի անդամ են 88 երկրներ, մոտ 10 միլիոն բնակչությամբ:

Հնարավոր է արդյո՞ք, որ հանրային անվտանգության և բարեկեցության, աշխարհաքաղաքական ազդեցության համեմատ բնակչությունը լինի 10 միլիոնից պակաս կամ մի փոքր ավելի:

Մի՞թե գոյություն ունի աքսիոմա, որ քիչ բնակչություն ունեցող պետությունները թույլ են շատ բնակչություն ունեցողներից: Շվեդիայի բնակչությունը, օրինակ, հավասար է Փարիզի բնակչությանը, իսկ ֆրանսիացիները քանակով գրեթե հավասար են Չինաստանի Հունան նահանգի բնակչությանը: Բայց դա չի ենթադրում, որ Շվեդիան և Փարիզը, Ֆրանսիան և Հունան ունեն միևնույն համակարգային արժեքներն ու դիրքորոշումները: Պետության չափի գնահատման հետ մեկտեղ կարևոր է դրա բնակչության, աշխարհագրական տարածաշրջանի և տնտեսության հավասարակշռությունը:

Հետաքրքիր է, որ այսպես կոչված «ձախողված» պետությունները միջին չափի կամ մեծ պետություններ են: Նույնիսկ եթե ստեղծվեր «փոքր պետություն» հասկացության միջազգային սահմանում, պարզ է, որ դա չէր լինի միատարր խումբ:

Տարբեր հանգամանքներն ու շահերը միջազգային հարաբերություններում  տարբեր ձևով են ազդում փոքր պետությունների վրա: Օրինակ՝ սառը պատերազմի ավարտից հետո շատ փոքր պետությունների ազդեցությունը  որոշակիորեն սահմանափակվեց, շատերն էլ ձեռք բերեցին անկախություն:

Փոքր պետությունները ստիպված եղան հարմարեցնել իրենց արտաքին քաղաքականությունը փոխված աշխարհին, որտեղ ավելացել կամ նվազել էին նրանց գործունեության շրջանակները: Փոքր պետությունների հանկարծակի աճն նրանց դարձնում է միջազգային հարաբերությունների ուշադրության օբյեկտ, քանի որ իրականում նոր անկախացած պետություններն առաջացնում են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ լուրջ խնդիրներ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
31919 reads | 25.05.2015
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com