Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
![]() Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ, ՌՈՒՍԱՍՏԱՆ Սկզբնաղբյուրը՝ MEDIAMAX.am Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունները Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունների վատթարացման նոր ցուցիչ դարձան: Բրիտանական Սոլսբերի քաղաքում ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված սկանդալը հանգեցրեց հերթական դիվանագիտական պատերազմին: Մեծ Բրիտանիայի գլխավոր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն երկրից արտաքսեց ռուսաստանցի 60 դիվանագետների և հայտարարեց Սիեթլում հյուպատոսության փակման մասին, եվրոպական երկրները (ներառյալ պաշտոնական Լոնդոնը) persona non grata հայտարարեցին ավելի քան 70 ռուսաստանցիների: Բրիտանական կողմին իրենց աջակցությունը հայտնեցին Կանադան, Ավստրալիան և Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)՝ հայտարարելով ևս 7 դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան Արևմուտքի կողմից այդ քայլն անվանեց ոչ բարեկամական՝ խոստանալով ձեռնարկել համապատասխան հայելային միջոցներ: Վաշինգտոն-Բրյուսել-Լոնդոն-Մոսկվա շղթայում հարաբերությունների հերթական գերլարումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բացասական հետևանքների, որոնք կանդրադառնան նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում ՌԴ-ի մերձավոր դաշնակիցների վրա: ![]() ա) ռուսական ուղղակի ներդրումների բացասական ցուցանիշների պահպանում, բ) Հայաստանի ՀՆԱ-ում նշանակալի մաս կազմող Ռուսաստանից եկող տրանսֆերտների էական կրճատում: Համաձայն Եվրասիական զարգացման բանկի զեկույցի՝ Հայաստանի ներկա դիրքերն օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւԻ) հոսքի առումով կարելի է դասել անկայունների շարքին: Ռուսաստանից եկող տրանսֆերտների մաքուր ներհոսքը կրճատվել է գրեթե երեք անգամ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշները կազմել են ընդամենը 0,5%: Այդ ֆոնին նկատվում է ադրբեջանական ուղղակի ներդրումների նշանակալի աճ դեպի ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Առանձնակի ակտիվություն է նկատվում ռուսաստանյան և բելառուսական ուղղություններով: Նման աճը պաշտոնական Բաքվին թույլ է տալիս իր ֆինանսա-տնտեսական հաջողությունները փոխարկել իրական քաղաքական ազդեցության, ինչը միջնաժամկետ հեռանկարում սպառնալիք է Հայաստանի ազգային շահերի համար: Չնչին տնտեսական աճի ֆոնին Ադրբեջանի իշխանություններին հաջողվում է ամրապնդել և ընդլայնել տնտեսական երկխոսությունը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Կանադայի հետ: Վերջին հինգ տարիներին բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ Միացյալ Նահանգներում աշխատող ադրբեջանական հիմնադրամներն էական միջոցներ են հատկացնում ամերիկյան առաջատար բուհերում և ուղեղային կենտրոններում իրականացվող գիտական խոշոր նախագծերին: Լուրջ միջոցներ են ուղղվում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների հիմնադրամներ, համակարգային աշխատանք է տարվում տարաբնույթ հասարակական կազմակերպությունների հետ: Իրենց գործընկերների՝ իսրայելական և թուրքական ազդեցության խմբերի աջակցությամբ ադրբեջանցիներին կարճ ժամանակահատվածում հաջողվել է ստեղծել կիսամասնագիտացված խաչաձև լոբբիզմի համակարգ: Հիմա մոտենում է մասնագիտացված ցանցերի ձևավորման փուլը (5-10 տարի), որի ավարտից հետո ադրբեջանամետ ուժերը կստանան արևմտյան ճակատում լուրջ հաջողության հասնելու շանսեր: Մեկ այլ խնդիր է Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը: Պատժամիջոցների մասին օրենքները նախատեսում են սահմանափակումների կիրառման հնարավորություն այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից մեծ ծավալներով զենք են գնում: Զգուշանալով պատժամիջոցներից՝ Սաուդյան Արաբիան ստիպված եղավ հրաժարվել Մոսկվայից С-400 համակարգերի գնման գործարքից, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միջոցներ է նախապատրաստում Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ զենքի գնման շուրջ բանակցություններ վարող մյուս երկրների նկատմամբ: Դեսպան Միլսն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Երևանի նկատմամբ ևս կարող են կիրառվել սահմանափակումներ: Այդ հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել, քանի որ այսօր աշխարհը գործ ունի ամերիկյան պատմության «ամենաճուռակային» վարչակազմի հետ: Սպիտակ տան համար Հայաստանը վաղուց արդեն այն երկիրը չէ, որին նախագահ Բուշ Ավագը և նրա թիմը դիտում էին որպես տարածաշրջանում գլխավոր դաշնակից: Բանաձևը բավական պարզ և պրագմատիկ է՝ ոչ մի բացառություն և ընտրողական վերաբերմունք Ռուսաստանի գործընկերների և դաշնակիցների նկատմամբ: Դժբախտաբար, այդ ուղղությամբ չի կարելի հույս դնել նաև հայկական լոբբիի վրա, որը ճգնաժամի մեջ է: Խոշոր հայամետ կազմակերպություններն այսօր ունակ չեն միջնորդի դեր խաղալ Հայաստանի համար ԱՄՆ կառավարության ինդուլգենցիան ստանալու և Կոնգրեսի կուսակցական էլիտաների դիրքորոշման վրա ազդելու հարցերում: Ասվածի հաստատումն է այն, որ վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը կարող է ամբողջությամբ զրկվել ամերիկյան կառավարական ծրագրերով նախատեսվող արտաքին անփոխհատույց ֆինանսական օգնությունից: Իհարկե, կրճատման են ենթարկվել շատ երկրներ, սակայն հենց այդպիսի իրավիճակներում են երևում իրական և թվացյալ լոբբիստները: Իսրայելը all agenesis assignations բանաձևով ոչ միայն պահպանել է ֆինանսավորման նախկին ծավալները, այլև ստացել է հավելյալ 200 միլիոն դոլար: Հայկական լոբբիի դեպքում ընդամենը 30 միջին մակարդակի կոնգրեսականներ հայտարարեցին հայկական կողմին տրվող օգնությունը մեծացնելու անհրաժեշտության մասին: Նման կարևոր պահանջի համար աջակցության թիվը շատ համեստ էր: Հիշեցնենք, որ պաշտոնապես հայկական հարցերով հանձնաժողովում ներառված է 105 օրենսդիր, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: ![]() Հայկական ԶԼՄ-ներում բավական հաճախ կարելի է հանդիպել այն վարկածին, որ սպառազինությունների գնման նկատմամբ պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլև՝ Ադրբեջանին, որն ակտիվորեն Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնում: Տեսականորեն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շանսեր կան, սակայն գոյություն ունեն որոշակի վերապահումներ: Գործող վարչակազմը հակված է լուծելու «իրանական հարցը», որը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկն է: Դրա մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ հայտարարությունները, այլև արմատական կադրային վերադասավորությունները: Աշխատանքից ազատվեցին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մքմասթերը, որոնք հանդես էին գալիս Իրանի նկատմամբ հավասարակշռված մոտեցման օգտին: Նրանց փոխարեն եկան վետերան-ճուռակներ Մայք Պոմպեոն և Ջոն Բոլթոնը, որոնք Թեհրանի իսլամական ռեժիմը բացարձակ չարիք են համարում: Պոմպեոն և Բոլտոնը համոզված են նրանում, որ Ադրբեջանը տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության կարևոր գործոն է, որն կարող է նշանակալի դեր ունենալ «իրանական սպառնալիքը» վերացնելու հարցում: Վարչակազմում առկա նման ընկալման և իսրայելական ու թուրքական լոբբիստական խմբերի աջակցության համագումարը Բաքվին կարող են բացառություն դարձնել Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությունում: Իրենց ոչ պաշտոնական լոբբիստական դաշնակիցների, առաջատար ուղեղային կենտրոններում առկա գործընկերների (Heritage, Atlantic Council, RAND, Brookings) և ազդեցիկ սենատորների միջոցով Ադրբեջանը Վաշինգտոնին կհասցնի իրեն անհրաժեշտ ազդանշաններ այն մասին, որ ռուսական զենքի գնումը որևէ կերպ չի սպառնում ամերիկյան շահերին: Ավելին, այդ երկրի իշխանությունները կստեղծեն բոլոր պայմանները՝ վստահեցնելու Նահանգներին, որ հաստատակամ են՝ աջակցություն ցուցաբերելու նրան ոչ միայն իրանական, այլև ռուսական ուղղություններով: Այդ քաղաքականությունն արդեն իրականացվում է տարբեր խողովակներով, և մոտ ժամանակներս բավական լուրջ զարգացումներ են սպասվում: Նման պայմաններում Հայաստանը և հայամետ լոբբիստները պետք է մի շարք հիմնարար քայլեր ձեռնարկեն, որոնք եթե անգամ չկարողանան լիովին չեզոքացնել բացասական հետևանքները, ապա գոնե կմեղմացնեն ապագա հարվածները: Առաջին՝ Երևանը պետք է սկսի պետական լոբբիի ձևավորման գործընթացը: Ներկայումս գործող հայամետ հասարակական կազմակերպությունները, որոնք կազմված են ԱՄՆ-ի քաղաքացիներից, օբյեկտիվորեն ունակ չեն զբաղվելու Վաշինգտոնում Հայաստանի շահերի առաջմղմամբ: Սպիտակ տունը և Կոնգրեսի կուսակցական առաջնորդները ձգտում են լսել հայկական պետականության հստակ և պարզ ձայնը և ոչ թե կյանքի կոչել հայկական ծագմամբ իրենց քաղաքացիների հարյուրամյա երազանքները: Նոր լոբբիստները չպետք է նստեն Վաշինգտոնում կամ Լոս Անջելեսում: Անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել Ամերիկայի բողոքական հարավի հետ, որը Սպիտակ տունը և Կոնգրեսի երկու պալատները վերահսկող Հանրապետական կուսակցության շարժիչ ուժն է: Պատահական չէ, որ իսրայելական, թուրքական և ադրբեջանական հիմնադրամների և կազմակերպությունների խոշոր գրասենյակները գտնվում են Տեխասում: Հայկական կողմը երկրի այդ մասում աշխատելու լուրջ հաղթաթղթեր ունի, և այդտեղ բավական հեշտ է հազարամյա քրիստոնեական ժառանգությունը վերածել քաղաքական լոբբիստական գործիքի: Ճիշտ և հետևողական աշխատանքի պարագայում Հայաստանը կարող է ԱՄՆ-ում լոբբիստական խումբ ստանալ, որն ունակ կլինի առաջ մղել ցանկացած կարևորության և բարդության շահ: Երկրորդ՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունը պետք է երկխոսություն հաստատի այն կենտրոնների հետ, որոնք պատասխանատու են արտաքին քաղաքական որոշումների վերլուծական ուղեկցման համար: Ուղեղային կենտրոնների հետ աշխատանքը սեփական դիրքորոշումը Սպիտակ տուն և Կապիտոլիական բլուր հասցնելու անհրաժեշտ պայման է: Աֆրինում գործողություններ սկսելուց առաջ Թուրքիան ակտիվ աշխատանքներ էր տանում RAND-ի փորձագետների հետ, որոնք, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև հանդես գալով, հայտարարեցին, որ Անկարան ճիշտ է գործում, իսկ քրդերի դեմ կատարվող գործողությունները չեն հակասում ԱՄՆ-ի ազգային շահերին: Դժվար է գտնել խոշոր ուղեղային մի կենտրոն, որտեղ չաշխատեն հայկական ծագմամբ ամերիկացիներ: Սակայն այդ կապիտալը ցրված է, ինչը համայնքային աշխատանքի լուրջ ձախողում է, որը կողմնորոշված է դեպի Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից լոկալ և անէական խնդրի լուծումը՝ Ցեղասպանության ճանաչումը: ![]() | |
ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆ | |
1562 reads | 02.04.2018
| |