ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
![]() միջազգային հարաբերությունների փորձագետ, ՉԻՆԱՍՏԱՆ ![]() Սպառնալիքի հիմքերի առնչությամբ կա երկու հիմնական մոտեցում։ Առաջինն Ալ-Քաիդան ընկալում է որպես դասական ահաբեկչական կազմակերպություն, որը բռնություն և սպանություններ է սփռում խաղաղ բնակչության շրջանում, իսկ երկրորդը շեշտում է կառույցի գաղափարական վտանգը և դրա տարածումը ոչ միայն արաբական, այլև ամբողջ իսլամական աշխարհում, ինչպես նաև Արևմուտքի մուսուլման բնակչության շրջանում։ Ինչևէ, չնայած Ալ-Քաիդան ահաբեկչական խմբավորումների շարքում արդեն գտել է իր հաստատուն տեղը և որպես պատասխան ռազմավարություն որդեգրել է բռնությունը, արաբական ազգերի և համաշխարհային անվտանգության համար դրա սպառնալիքն առավելապես գալիս է կառույցի գաղափարաբանությունից և այնպիսի ձեռնարկումներից, ինչպիսիք են ցանցային կառույցների ստեղծումն ու արմատականության տարածումը՝ միտված իսլամադավան աշխարհը մեկ հովանու ներքո միավորելուն և կառավարելուն։ ![]() ![]() ԲՌՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Մասնագետների շրջանում ահաբեկչությունն ավանդաբար ընկալվում է որպես անհատների խմբի հարձակում անմեղ մարդկանց վրա։ Օրինակ՝ Ուիլիամ Սեֆայըրը (William Safire) այն նկարագրում է որպես «…վախի միջոցով հետապնդում; հանրության ահաբեկում փոքր խմբավորման կողմից՝ որպես զենք գործածելով անմեղ մարդկանց սպանության հանդեպ հասարակական հակակրանքը»։ Նմանապես, Օքսֆորդյան բառարանում տվյալ հասկացության բուն իմաստը ներկայացված է որպես «…կյանքի համար վտանգավոր գործողություն(ներ)՝ իրականացված կազմակերպված և քաղաքականապես շահագրգիռ ինքնակոչ խմբավորումների կողմից»։ Այսպիսով՝ իրականացվող բռնությունները մեկնաբանելիս շեշտվում են միայն վերոբերյալ հանգամանքները։ Նման բացատրությունը ուշադրությունն ըստ էության կենտրոնացնում է Ալ-Քաիդայի իրականացրած ռմբահարումների և դրանց հետևանքով առաջ եկած մարդկային կորուստների վրա, ինչպիսիք են 2001 թ. Առևտրի համաշխարհային կենտրոնի պայթեցումն ու Պենտագոնի վրա կատարված հարձակումը՝ 3000 զոհով, կամ Մադրիդում (Իսպանիա) 10 ռումբի և 4 գնացքի պայթեցումները՝ 200 զոհով ու բազմահազար վիրավորներով։ Ինչևէ, Ալ-Քաիդայի նման իսլամական խմբավորման համար իրականությունն ավելին է, քան այս կամ այն կառավարության կամ մարդկանց խմբի դեմ զուտ սադրանքը։ Դա ունի հետևյալ պատճառները։ 1. Ուոլզերի մեկնաբանության համաձայն, քաղաքացիականներն անմեղ չեն համարվում, այլ դիտարկվում են որպես պայքարի մասնակից։ Բին Լադենը, օրինակ, ԱՄՆ-ի կառավարությանն ու ժողովրդին ընդհանրական թշնամի հայտարարելու պատճառը բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ի քաղաքացին հարկ է վճարում, իսկ ամերիկյան զինվորը, լինելով քաղաքացի, ներկայացնում է սեփական կառավարությունը։ Այլ կերպ ասած՝ Ալ-Քաիդան իր հակառակորդի ամբողջ բնակչությունը դիտում է որպես թշնամի և հարձակման ենթակա օբյեկտ։ Ավելին, ըստ Բարաք Մենդելսոնի՝ «Ալ-Քաիդայի գաղափարաբանությունը ոչ միայն մարտահրավեր է որոշ երկրների ինքնիշխանությանը, այլև թիրախավորում է նույնիսկ իսլամական երկրների որոշ դրույթներ և հաստատություններ։ Ալ-Քաիդան մերժում է պետությունների իրավունքը այլ պետությունները ճանաչելու հարցում, հատկապես երբ խոսքը մուսուլմանական տարածքի մասին է»։ Այսպիսով՝ Ալ-Քաիդան ոչ թե ահաբեկիչների մի խումբ է, որը հարձակումներ է գործում անմեղ մարդկանց դեմ, այլ վերպետական կազմակերպություն, որի ջանքերն ուղղված են Իսլամական խալիֆաթի հիմնադրմանը։ ![]() ![]() Շարունակելով միտքը՝ նշենք, որ իսլամական մեկ այլ արմատական շարժման՝ Համասի փորձը քննելիս պարզ է դառնում, որ վերջինիս վտանգը դրա գաղափարաբանությունը չէ՝ այն ուղղված չէ աշխարհակարգի փոփոխությանը, քանի որ Համասի ուշադրությունը կենտրոնանում է հրեական պետության և սիոնիզմի վրա, իսկ կազմակերպությունն ինքը իսլամի անունից կռվում է հանուն տարածքի ազատագրման և իսլամական պետության հիմնադրման։ Այսպիսով՝ Ալ-Քաիդան ոչ թե պարզ ահաբեկչական խմբավորում է, այլ սեփական գաղափարախոսությամբ զինված արմատական իսլամական կազմակերպություն, որը կոչ է անում աշխարհի բոլոր մուսուլմաններին միավորվելու իր հովանու ներքո։ 2. Չնայած լրագրող Ջեյսոն Բըրքը (Jason Burke) Ալ-Քաիդան դիտարկում է որպես աֆղանական պատերազմի ընթացքում զավթիչների դեմ պայքարող մարտիկների խումբ, և համարում, որ այն ընդամենը Խորհրդային Միության դեմ իսլամի անունից մարտնչող սովորական պարտիզանական կազմավորում է, որը չունի կազմակերպական բջիջներ և կոմունիկացիոն ցանց՝ իրական սպառնալիքը արմատական իսլամի հիմնումն էր և արաբական մուսուլմանական պետությունների հետ նրա խորքային բանավեճը ![]() Ինչպես նշում է Ռոհան Գունառատնան (Rohan Gunaratna), «Ալ-Քաիդան համաշխարհային նկրտումներով ջիհադական կազմակերպություն է։ Իր առաջնային մանդատը պահպանելով՝ դրա գերագույն նպատակը ամբողջ աշխարհի իսլամական շարժումներին և մուսուլման զանգվածներին ոգեշնչելն ու հրահրելն էր հարձակվելու իսլամն ու մուսուլմաններին վտանգի ենթարկողների վրա»։ Ի հավելումն նշենք, որ Բին Լադենը սաուդյան վարչակարգին մեղադրում է հակաիսլամականության մեջ՝ ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների հետ առնչություններ ունենալու պատճառաբանությամբ։ Ջեֆրի Հեյնզը (Jeffrey Haynes) իր հերթին բացահայտում է Էրիտրեայում, Սոմալիում, Եգիպտոսում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում 1990-ականներից ի վեր Ալ-Քաիդայի ունեցած առնչությունները, և նշում այդ կազմակերպության՝ որպես արմատական իսլամական կառույցի մասին ընկալման ձևավորման մասին։ Ռոյթերզի մեջբերումը, օրինակ, ունի հետևյալ տեսքը. «Սաուդյան Արաբիայի կողմից Ալ-Քաիդայի հետ կապված 113 մարտիկի, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչների 2 խմբի ձերբակալությունը ցույց է տալիս, որ աշխարհի թիվ մեկ նավթարդյունաբերող երկրում ջիհադիզմի սպառնալիքը չի վերացել…»։ Ալ-Քաիդայի վտանգը հիմնականում բարձր տեխնոլոգիաների և ինտերների միջոցով դրա գաղափարաբանության տարածման մեջ է։ Աբդ ալ-Բարի Ատուանը (Abdel Bari Atwan) հատուկ մատնանշում է ինտերնետի կարևորությունն Ալ-Քաիդայի ռազմավարության մեջ և ջիհադական 4,500 կայքերի գոյությունը, որոնք միավորում են գաղափարապես մոտ մարդկանց և պրոպագանդում հավատացյալներին միանալու ջիհադին և ազատագրելու մուսուլմանադավան ազգը «անհավատներից»։ Ուստի, սպառնալիքը ոչ միայն ահաբեկչական կառույցի հարուցած բռնությունն է, այլ դրա գաղափարաբանությունը, որը մուսուլմանների շրջանում արմատական տրամադրություններ է տարածում։ Ինչ վերաբերում է բուն սպառնալիքին, ապա պետք է նշել, որ Ալ-Քաիդան ինտերնետն օգտագործում է ոչ միայն իր տեսակետները տարածելու համար, այլև ակտիվ աշխատանքներ է տանում ռեգիոններում։ Վտանգի կորիզը սա է, քանի որ խնդիրը ոչ միայն նրա կողմից ֆինանսավորվող մարտիկներն են, այլ գաղափարական վտանգի ահագնացումը։ Ինչպես գրում է Ռոհան Գունառատնան՝ «ներկայումս Ալ-Քաիդայի իրական ուժն իր կողմից վարժեցված, ֆինանսավորված, զինված և ամենակարևորը՝ գաղափարապես մշակված տարաբնույթ խմբավորումներն են։ Ալ-Քաիդայի ցանցը (Ալ-Քաիդայի խմբավորումներ + համագործակից կազմակերպություններ) և գաղափարապես դուստր բջիջները կազմում են Ալ-Քաիդա կոչեցյալ շարժումը»։ Այդ իսկ պատճառով էլ Քիլքալենը հակաահաբեկչականից ավելի ևս կարևորում է հակաապստամբական գործողությունները, որովհետև Ալ-Քաիդան հանրության շրջանում մեծ աճ է գրանցել, և դրա գաղափարախոսությունն ուժեղ է։ Լրագրողը, սակայն, նշում է նաև տարածաշրջանին տիրանալու հարցում Ալ-Քաիդայի անարդյունավետությունը։ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ՝ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ Ակնարկի այս հատվածում ես կփորձեմ ընդդիմախոսել արմատավորված այն պատկերացմանը, թե Ալ-Քաիդայի գործողությունները լոկ ուղղված են Արաբական թերակղզում օտարերկրյա ներկայության դեմ, և իբր այն ոչ մի նպատակ չունի գրավելու մուսուլմանական աշխարհն ու փոխելու դրա պետական-հասարակական կացութաձևը։ Անգամ եթե դա այդպես է, Ալ-Քաիդայի պասիվ գոյությունն անգամ չի նշանակում, թե սպառնալիքն ուղղված է միայն օտարերկրյա սուբյեկտներին։ ![]() Ալ-Քաիդան ահաբեկում է սաուդյան կառավարությանը՝ պահանջելով հեռանալ երկրից։ Նմանապես, իսլամական աշխարհի կառավարման վերաբերյալ գաղափարախոսության և մոտեցումների տարբերությունների պատճառով Ալ-Քաիդայի արմատականները հակասության մեջ էին սաուդյան վարչակարգի հետ՝ ընդդիմանալով նրան և պատրաստակամություն հայտնելով փոխելու իսլամի ընկալումն Արաբական թերակղզում: Ավելին, Բին Լադենը սաուդյան վարչակարգին մեղադրում է իսլամի խնդիրների նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության դրույթները նույնությամբ վերարտադրելու և Պաղեստինում ու Իրաքում մուսուլմանների իրավունքները պաշտպանել չկարողանալու մեջ։ Արդյունքում Ալ-Քաիդան ինտերնետի միջոցով պատերազմ է հայտարարում վարչակարգին և, քարոզչության օգնությամբ, պայքարը տեղափոխում գաղափարական դաշտ։ Սիրիայի նախագահի բառերով՝ «…Ալ-Քաիդայի ծայրահեղական գաղափարախոսությունը շարունակ աճող աջակցություն է ձեռք բերում …սուննի մուսուլման աշխարհում …և ընդլայնում իր ցանցն աջակիցների նոր սերնդի շրջանում»։ Այսպիսով՝ վերոբերյալ մտքերն ու մեջբերումները պարզորոշ վկայում են մուսուլմանների միջև սառը պատերազմի ահագնացման և Ալ-Քաիդայի գաղափարաբանությունից առաջացած սպառնալիքի մասին։ Ի հավելումն՝ արժե նշել այն քայլերը, որոնք ձեռնարկվել և ուղղվել են ընդդեմ արմատական Ալ-Քաիդայի սպառնալիքի, ինչն ակներև է դարձնում արմատականների գաղափարական վտանգի ծավալման նկատմամբ գիտնականների և փորձագետների մտահոգությունը։ Օրինակ, Հորդանանի Աբդուլլա II թագավորը հանդիպում է կազմակերպում մուսուլման գիտականների հետ և կոչ անում նրանց դատապարտել արմատական շարժումների պարտադրած գաղափարաբանությունը։ Ավելին, Դեյվիդ Քիլքալենը մեզ ի ցույց է դնում Ալ-Քաիդայի մասին բացառիկ իրականությունը՝ որ այն ոչ թե ավանդական ահաբեկչական շարժում է, այլ համաշխարհային ապստամբություն, որը մուսուլմանական աշխարհին կոչ է անում միավորվելու և ձևավորելու խալիֆաթ։ Այս իսկ պատճառով էլ Ալ-Քաիդայի դեմ պայքարում հեղինակը հակաահաբեկչականից ավելի կարևոր է համարում հակաապստամբական գործողությունները։ Սաուդյան իշխանությունները ձեռնարկել են հակաարմատականացման արշավ, որը միտված է հասարակությունը կրթելուն և ազգաբնակչությունն արմատական գաղափարաբանությունից պաշտպանելուն։ Այսպիսով, չնայած սույն ակնարկի նպատակն Ալ-Քաիդայի վտանգները ցուցադրելն է՝ կառույցին հաղթելու վերաբերյալ գիտնականների և փորձագետների արտահայտած մտքերն օգնում են սպառնալիքի ակունքները տեղորոշել նրա գաղափարաբանության մեջ, այլ ոչ միայն իրագործած բռնություններում։ ![]() Իսկապես, Ալ-Քաիդայի կապը հարավարևելասիական արմատական ահաբեկչական շարժման՝ Ջեմա’ա Իսլամիայի (JI, «Իսլամական միաբանություն») հետ հենվում է մուսուլմանական աշխարհը մեկ իսլամական միության մեջ միավորելու գաղափարախոսության վրա, իսկ երկու կազմակերպությունների ղեկավարների հավատարիմ հարաբերությունները ցույց են տալիս ահաբեկչական նման խմբավորումներում գաղափարախոսության ազդեցիկության խորությունը։ Ալ-Քաիդայի և Ջեմա’ա Իսլամիայի նմանօրինակ փոխադարձ աշխարհընկալումը հանգեցրել է դրանց ներգրավվածությանն այնպիսի ահաբեկչական գործողություններում, ինչպիսին է ինքնաթիռի առևանգումը Բանգկոկում։[33] Այսպիսիով՝ վերոնշյալ քայլերը պարզորոշ ցույց են տալիս են արմատական գաղափարաբանության կարևորությունը և դրա պարունակած վտանգները միջազգային իրավակարգի համար այն մեծ ազդեցության առումով, որ կարող է ունենալ տարբեր տարածաշրջաններում գործող կազմակերպությունների միավորումը։ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ՝ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ Վերջին տարիներին արևմտյան երկրներում ահաբեկչական հարձակումներ տեղի ունեցան, որոնցում ուշադրություն գրավեց գերազանցապես բռնության գործոնը։ Համարվեց, որ դա Ալ-Քաիդայի ուղերձն է արևմտյան երկրներին՝ հեռանալու Աֆղանստանից և իսլամական մյուս պետություններից։ Ինչևէ, ավելի մանրամասն քննությունը ցույց է տալիս, որ արևմտյան ճակատում Ալ-Քաիդայի հարուցած սպառնալիքն ավելին է, քան արմատական ահաբեկչության վրա ուշադրություն սևեռելու փորձը։ Նպատակը երկշերտ է։ Առաջինը՝ արթնացնել մուսուլմանադավան սփյուռքն ու ներգրավել այն «խաչակիրների» դեմ ուղղված «միացյալ խալիֆաթ» կոչեցյալ նախագծում։ Երկրորդը՝ ցուցադրել արևմտյան մշակույթի հանդեպ ունեցած ատելությունն ու այն համոզմունքը, թե Ալ-Քաիդան ունակ է հաղթելու ամենահզոր տերությանը։ Այստեղից հետևում է, որ վտանգը ոչ միայն ահաբեկչական հարձակումներն են, այլև Եվրոպայի մուսուլման բնակչությունն արմատականացնելու՝ որոշ խմբավորումների ջանքերը, ինչն իր հերթին անկարգություններ կառաջացնի այդ մարդկանց բնակության վայրերում։ ![]() Մուսուլման բնակչությունը թիրախի տակ առնելիս արմատական իսլամիստների ռազմավարությունը բացառիկ մեթոդներ է ձեռնարկում՝ օգտագործելով մզկիթներ, ինտերնետ, տարաբնույթ միավորումներ ու հանձնակատար գիտնականների, որոնք արմատական գաղափարների տարածմամբ ձևավորում են ծայրահեղականություն և թշնամանք։ Ավելին, Ալ-Քաիդան մեծ կշիռ ու փորձառություն ունի մարդկանց մեջ արմատական գաղափարներ սերմանելու գործում և քարոզում է միանալ «անհավատների» ու նրանց դաշնակիցների դեմ պայքարին։ Օրինակ՝ մադրիդյան պայթեցումների ետևում կանգնած է Իսլամական Մշակույթի Կենտրոնը, հայտնի որպես «Մզկիթ 30», որն արմատական գաղափարներ է տարածում, և հանցագործություններև կազմակերպման գործում համախոհ մարդկանց միավորելու մեծ կարողություն ունի։ Նմանապես, Լոնդոնի Բիսթոնի մզկիթում (Beeston’s Mosque) և մերձակա համայնքում արմատականները հաջողացրել են գետտո ստեղծել, որում ջիհադը խոսակցությունների հիմնական նյութն է։ Ավելին, ԱՄՆ-ում արմատական ՀԿ-ները վեր են ածվում ահագնացող սպառնալիքի՝ ![]() Այսպիսով՝ արմատականներից եկող սպառնալիքի կորիզը աշխարհի տարբեր մասերում արմատական իսլամական ինքնության ձևավորումն է, այլ ոչ թե ինչ-ինչ թիրախներին ուղղված հարձակումները։ Հարկ է մատնանշել նաև եվրոպական պետությունների նախաձեռնած հակաարմատականացման ջանքերը, ինչը ցույց է տալիս, որ այդ երկրներում գիտակցում են հանրության ներսում ակտիվ գործող արմատական խմբավորումների հարուցած վտանգը։ Օրինակ, Նիդեռլանդների իշխանությունները վտանգ են տեսնում ոչ միայն երկրի անվտանգության առումով, այլև նրանում, որ արմատականները ձգտում են մեկուսացնել մուսուլման բնակչությանը, ինչը կարող է հանգեցնել ժողովրդագրական հիմախնդիրների։ Ըստ Դեյվիդ Քիլքալենի՝ արմատականության անարգել աճին նպաստող մեկ այլ գործոն է Ալ-Քաիդայի դեմ հակաահաբեկչական պայքարի անարդյունավետությունը, քանի որ այդ կազմակերպությունն իր գաղափարախոսության միջոցով ներթափանցում է ակտիվ քաղաքականություն վարող տեղային ցեղերի շրջանակ։ Սա նշանակում է, որ Ալ-Քաիդան ոչ թե դասական ահաբեկչական խմբավորում է կամ անջատողական շարժում, այլ համաշխարհային ընգրկման արմատական կազմակերպություն՝ սեփական գաղափարաբանությամբ և աշխարհի տարբեր կողմերում ունեցած աջակիցներով։ Ուստի, նման կազմակերպության հետ գործ ունենալիս իշխանությունները պետք է առաջին հերթին մարտահրավեր նետեն դրա գաղափարաբանությանը և հանրությանը տեղյակ պահեն արմատականների որդեգրած միջոցների վնասակար և անթույլատրելի բնույթի մասին։ Երկրորդ խնդիրն Ալ-Քաիդայի թշնամական տրամադրվածությունն է ԱՄՆ-ի հանդեպ ոչ թե զուտ քանի որ այն ըստ էության հիմնական զավթիչ ուժն է իսլամական աշխարհում, այլ որովհետև արմատական իսլամիստական գաղափարաբանությունն անհամատեղելի է արևմտյան մշակույթի հետ և Արևմուտքին համարում է հակառակորդ։ Դրա պատճառով էլ ստեղծված հակամարտության ներկապնակում արմատական գաղափարաբանության առաջնահերթությունը մտածել է տալիս, որ Ալ-Քաիդան ոչ թե մի ահաբեկչական շարժում է, որը պայքարի է բռնվել ԱՄՆ-ի հետ մուսուլմանական հողերի ազատագրման համար, ինչպես կարծում է Ջեյսոն Բըրքը Ալ-Քաիդայի մասին՝ իբրև թե այն հեռու է գաղափարականությունից և քաղաքակրթությունների բախման ձևակերպումից, իսկ տարվող պայքարը զուտ քաղաքական է՝ պայմանավորված Արաբական թերակղզում օտարերկրյա ազդեցության առկայությամբ, այլ իրականում որովհետև ԱՄՆ-ը Արևմուտքի առաջատար երկիրն է, իսկ Ալ-Քաիդան կառուցում է մի գաղափարախոսություն, որը հակադրվում է հենց արևմտյան արժեքներին, դառնում դրանց թշնամին, ուստիև պայքարը ոչ թե տարածքային է կամ միտված թշնամուն վնասելուն, այլ գաղափարական։ Իսկապես, ինչպես Բին Լադենն է ասում՝ «…ճակատամարտը Ալ-Քաիդա կազմակերպության և խաչակիրների միջև չէ, այլ մուսուլմանների՝ իսլամի ժողովրդի և համաշխարհային խաչակիրների»։ Ավելացնենք, որ Բուշի վարչակարգի կողմից ահաբեկչության խնդիրն ամբողջ իսլամի վրա առհասարակ ընդհանրացնելու քաղաքականությունը, մուսուլմանական ու արաբական երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու անկարողությունը և իսլամը որպես թշնամի դիտարկելը առավել ևս ընգծեցին այն, որ բախումը քաղաքակրթական է, իսկ սպառնալիքը գալիս է գաղափարաբանությունից, քանի որ արմատական իսլամը կոչ է անում թշնամուն փնտրել ի դեմս միջազգային իրավակարգի։ Սույն ակնարկը ցույց է տալիս, որ Ալ-Քաիդայի հարուցած սպառնալիքը զուտ բռնությունը չէ, այլ իսլամի բոլորովին նոր ընկալում հաստատելուն միտված գաղափարաբանությունը և վերջինս կյանքի կոչելու պատրաստակամությունը։ Շարադրանքի ընթացքում այլ ահաբեկչական կառույցների՝ արմատական իսլամիստական Համաս և հայկական ASALA կազմակերպությունների համեմատությամբ բացահայտվեց Ալ-Քաիդայի առաջ քաշած արմատական իսլամիստական գաղափարաբանության բնույթը։ Առաջինը, ծագած լինելով հանդերձ միևնույն իսլամիստական արմատից, կենտրոնանում է Մերձավոր Արևելքում սիոնիզմի և Իսրայել պետության դեմ պայքարի վրա։ Երկրորդը, որպես թիրախ ընտրելով թուրք դիվանագետներին, ավելի ցուցադրական բնույթ ուներ և ցանկանում էր միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Հայկական Հարցին։ Իսկ ինչ վերաբերում է Ալ-Քաիդային, այս հոդվածում ցույց տրվեց դրա գաղափարաբանության բացառիկությունը և այն քողարկված ուղերձը, որն առաջ է քաշվել ընդդեմ Արևմուտքի՝ ընդհանրապես, և մուսուլմանական կառավարությունների՝ մասնավորապես։ ![]() Ակնարկի հաջորդ մասում ընդգծվեց միջազգային ասպարեզում արմատական իսլամի ի հայտ գալու փաստը, որի թիրախը հատկապես Սաուդյան Արաբիայի իշխող արքայատոհմն է, որը մեղադրվում է իսլամական ուսմունքին իրենց ցանկալի ձևով չհետևելու և, ինչն ամենից կարևորն է, շատերի կարծիքով իսլամի ամենամեծ թշնամու՝ ԱՄՆ-ի հետ առնչություն ունենալու մեջ։ Դա իր հերթին նշանակում է, որ Ալ-Քաիդան սպառնալիք է ոչ միայն Սաուդյան Արաբիայում բնակվող ամերիկյան ենթակաների կյանքին և անվտանգությանը, այլև անգամ իշխող արքայատոհմին, քանի որ վերջնանպատակն արմատականացված բնույթի Խալիֆաթի ստեղծումն է։ Ավելին, Արևմուտքին հասցեագրված սպառնալիքը ոչ միայն բռնություն ու դաժանություն գործելն է և թշնամուն կործանել փորձելը, այլ նաև գործող ցանցերի և կազմակերպական բջիջների միջոցով արևմտյան երկրներում մուսուլման բնակչությանը ոտքի հանելու ձգտումն ու միասնական առաքելության մասին կոչը, ինչը կարող է լրջորեն ազդել իսլամական սփյուռքում արմատականության ահագնացման վրա։ Հետևաբար՝ իրական վտանգն Արևմուտքում արմատականության գաղափարախոսության ի հայտ գալն է Ալ-Քաիդայի գործուն մասնակցությամբ։ Այս իմաստով, Արևմուտքի համար Ալ-Քաիդայի սպառնալիքն այն է, որ նշմարվում է արևմտյան արժեքների և իսլամական աշխարհի միջև բախում առաջացնելու հստակ նպատակ։ Սա է միջազգային անվտանգությանը նետված մարտահրավերը։ | |
ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ | |
8477 reads | 15.03.2015
| |