ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁևԱՎՈՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ






Մեկ ամիսը գուցե բավական ժամանակահատված չէ սկսված վերաձևումների ֆոնին եզրահանգում, առավել ևս կանխատեսում անելու համար, սակայն հայ-թուրքական ճակատում վերջին զարգացումների ֆոնին շատ փորձագետների կանխատեսումների համաձայն տեսանելի ապագայում բացառվում են դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև: Եկեղեցու, ցեղասպանության արհավիրքից փրկվածների ժառանգների և առանձին անհատների կողմից իրավական հարթության վրա հստակ պահանջներ պարունակող հայցադիմումները թուրքական և միջազգային տարբեր ատյանների դատարաններ ինքնին պարարտ հող են ստեղծում սպասվելիք քաղաքական գնահատականներում հայկական գործոնը էլ ավելի ճանաչելի դարձնելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառի՝ նախորդ տարեվերջին արված հայտարարությանն արդեն վերջերս հաջորդած հայցադիմումի ներկայացումը Թուրքիո Սահմանադրական դատարան քաղաքական ենթատեքստ պարունակող իրադարձություն էր, որին հաջորդած թուրքական հիստերիան համաշխարհային քաղաքական արեալում բավականին շոշափելի հետք թողեց:

Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի դիվանագիտական էթիկային հակասող հակադարձումների ֆոնին աչք է զարնում միջազգային «Կարնեգիի» հիմնադրամի կովկասյան հարցերով զբաղվող ավագ փորձագետ Թոմաս Դե Վալլի գնահատականը: Թոմաս Դե Վալլը մեր քաղաքագիտական շրջանակներին առավել հայտնի է Ղարաբաղյան կոնֆլիկտի, ռուս-վրացական հարբերությունների, մերձկասպյան և ադրբեջանական էներգառեսուրսների վերաբերյալ իր հետազոտական աշխատանքով:

Վերջինիս խոսքը տարածաշրջանային հետագա վերաձևումների ենթատեքստում  համաշխարհային պատասխանատու շրջանակների համար շատ դեպքերում հանդիսանում է սկզբնաղբյուր: Համաշխարհային շատ առաջնորդներ տարածաշրջանում առկա իրենց հետաքրքրությունների շրջանակը պայմանավորում են նաև «Կարնեգի» հիմնադրամի հետազոտությունների հիմամբ և, ինչպես հասկանում ենք, դրանում ասված ամեն բառը լուրջ փորձագիտական ապարատ ունի իր հիմքում: Եվ այսպես, Թոմաս Դե Վալը իր վերջին զեկույցներից մեկում Հայոց ցեղասպանության խնդիրը համեմատել էր հայերի համար սուրբ լեռ Արարատի հետ: Նշելով՝ Երևան այցելող ամեն ոք ջանում է տեսնել Արարատ լեռը, սակայն երբեմն պատահում է, որ եղանակը մշուշով ծածկում է լեռը՝ թույլ չտալով վերջիններիս ի կատար ածել իրենց փափագը: Սակայն, ինչպես ճշմարտացիորեն շարունակում է Դե Վալլը, եթե նրանք չեն տեսնում Արարատը,  չի նշանակում Արարատը անհետացել է կամ գոյություն չունի: Ինչպես Արարատը կա, գոյություն ունի, այնպես էլ «Հայոց ցեղասպանության» հիմնախնդիրը առկա է Կովկասյան տարածաշրջանի բազմաբնույթ զարգացումներում:
Վերոնշյալ գնահատականը Հայոց ցեղասպանության հիմնախնդրի քաղաքական ամրագրման լուրջ հայտ է, որի հաջորդականության ապահովումը մեր դիվանագիտական ապարատի օրախնդիրներից մեկը պետք է լինի, ինչը թուրքական արձագանքների ֆոնին, կարծում եմ ՝լուծելի խնդիր է:

Հայաստանի Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը մի հետաքրքիր օրինաչափություն առաջ քաշեց, որի համաձայն, Արամ Ա-ի՝ Սիսի կաթողիկոսարանի պատկանող տարածքների վերադարձին վերաբերող նախորդ տարվա հայտարարությանը և այս տարվա հայցադիմումին հաջորդեց, այսպես կոչված, Իսլամական պետության ահաբեկիչների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակած և Հալեպի Քառասուն մանկտաց հայկական եկեղեցիների պայթեցումը: Թեև պարոն Մինասյանը, սահմանափակվելով Իսլամական պետությունից եկող քաղաքակրթական վտանգների վերհանմամբ, խուսափեց Թուրքիայի և նորաստեղծ Իսլամական պետության միջև զուգահեռների անցկացմամբ խնդիրը  քաղաքական արեալ տեղափոխելու առաջնայնությունից, միևնույնն է քողարկված քաղաքական մեսիջ ուղարկեց Արևմուտքին իրենց դաշնակից Թուրքիայից եկող վտանգների մասին: 

Թուրքիայից եկող վտանգներն իհարկե Արևմուտքում էլ ակնառու են ու տարածաշրջանում նոր կայացած հավակնորդի ի հայտ գալը, որի հավակնությունը պետք իր վրա վերցնի Հայաստանի Հանրապետությունը, կնշանակի Արևմուտքի համար թուրքական գործոնի այլընտրանքի բացակայությունը բացասում, որը ինքնին հետագա վերաձևումների հնարավորություն է:  

Բեռլինի 1878թ վեհաժողովից շուրջ մեկուկես դար անց հայոց պահանջատիրությունը կարծես մտնում է վճռորոշ շրջափուլ, որի վերջնական, առարկայական ձևակերպումները միանշանակ պարունակելու են քաղաքական գնահատական, և սկսված իրավական ու հասարակական գործընթացը համակարգված ուղղորդելու դեպքում տարածաշրջանային քաղաքական օրակարգը առավել կհամապատասխանեցվի մեր ազգային շահերին (ի դեպ, ազգային շահի թելադրանքի իրավական հստակ շեշտադրոմներ է պարունակում հայրենի քաղաքագիտկան մտքի մի քանի ներկայացուցիչների վերջին բաց նամակը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին), ինչը ենթադրում է, և ինչպես արդեն նշել եմ, հայկական հարցը բազմիցս լղոզած ու թաղած թուրքական գործոնի այլընտրանքի բացակայության բացասում:
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
2982 reads | 12.06.2015
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com