ԱՇՈՒՆՆ ՈՒ ՔԱՄԻՆ (ՀԵՔԻԱԹ)
![]() ![]() - Ի՛նչ գեղեցիկ ես հարդարել մազերդ, ականջներիդ հակինթ ու զմրուխտ օղեր կախել, հոլանի թևերդ ոսկե ապարանջաններով զարդարել: Ո՞ւմ ես սպասում. արդեն վաղուց քո բերքն ու բարիքը բաժանել ես մարդուն, գազանին ու թռչունին: Խե՜ղճ Աշուն, իզուր ես պճնվել, հիմա քեզ էլ ոչ ոք չի հիշում, չի այցելում: - Գուցե սխալվո՞ւմ ես, - վիրավորվեց Աշունը: - Գուցե, բայց, ցավոք, իմ գործը քեզ տանելն է՝ թե որտեղ` ինքս էլ չգիտեմ: - Ուր էլ տանես, ուր էլ հասցնես, թող իմ վերջին հանգրվանում ինձ տեսնեն ու հիշեն այս տեսքով` շքեղ ու գեղեցիկ: - Ոչ միայն շքեղ ու գեղեցիկ ես, այլև՝ ինքնահավան: Բայց դա այլևս կարևոր չէ: Թևդ տուր, թռչենք: - Գոնե մի քիչ սպասիր, - տխուր ասաց Աշունը, - չէ՞ որ ես դեռ ջահել եմ, ապրել եմ ուզում: Հենց այդ պահին մի կին մոտեցավ ու խնդրեց Աշնանը, որ իր տերև-ծաղիկներից մի փունջ տա: - Խնդրեմ, - ասաց Աշունը: Կինը խնամքով սկսեց պոկել տերևները, փունջ կազմեց և ուզեց հեռանալ: - Ինչո՞ւ այդքան քիչ, - ասաց Քամին, - առ, վերցրու: - Ու կնոջ գիրկը լցրեց բազում տերևներ: Կինը մի մեծ փունջ կազմեց և, շնորհակալություն հայտնելով, հեռացավ: - Տեսնես ինչի՞ն է պետք, - ասաց Քամին, - արի, հետևից գնանք: - Գնանք, ինձ էլ է հետաքրքիր: Կինը մտավ դահլիճ, որտեղ տարեց շատ մարդիկ կային: Աշունը նստեց մի աթոռին, Քամին ծվարեց անկյունում: Կինը ողջունեց հավաքվածներին, մեծարելով նրանց սերունդներ կրթելու համար: Ու բեմը լցվեց երեխաներով, առջևից քայլող աղջկա զգեստը կարված էր աշնան տերևներից, գլխապսակը` նույնպես տերևներից էր, իսկ ձեռքին զամբյուղ էր՝ լցված խաղողով, դեղձով, տանձով, խնձորով: Աղջիկը կերպարավորել էր աշունը. նրա ուղեկիցներն էին ձմերուկը, սեխը, լոլիկը, վարունգը... Երեխաները մեծարում էին աշնանն ու նրա պարգևած բարիքները, գեղեցիկ ոտանավորներ ասում, երգում, պարում: Դահլիճում նստած Աշունը հաճախ մաքրում էր խոնավացած աչքերը, ուզում էր Քամուն ասել, որ դրանք երջանկության արցունքներ են: Իսկ Քամին կախել էր գլուխը, ամաչում էր Աշնանն իր ասած խոսքերից: Հետո շշուկով ասաց. - Աշուն, ինչո՞ւ ինձ ոչ ոք չի սիրում, չի սպասում, իմ մասին ոտանավոր չեն գրում: Մի՞թե ես ծնվել եմ վատն արարելու համար: - Ինչո՞ւ, - ասաց Աշունը, - հապա բաց ծովն ու առագաստանավը, հողմաղացը... Աշունը չկարողացավ շարունակել, քանի որ կինը բեմից ողջունում էր հավաքվածներին, նրանց համեմատելով աշնան հետ, որն իր բոլոր ունեցածը տալիս է մարդուն, շնչավորին, բնությանը: Եվ որքան տալիս է՝ այնքան ինքը հարստանում: Ու նա տերև-ծաղիկները սկսեց դահլիճին նետել: Քամին օգնեց, որ տերևները սավառնեն, հասնեն վերջին շարքերում նստածներին էլ: Մարդիկ երիտասարդացել էին՝ օդում որսում էին տերևները որպես ծաղիկներ: Հետո դրանք տուն տարան՝ տերևները ողջ ձմեռ պետք է զարդարեին նրանց բնակարանները: Քամին վախվորած ձեռքը պարզեց Աշնանը. նա ժպտաց իր գեղեցիկ ժպիտով: Աշունն ու Քամին դուրս եկան դահլիճից թև-թևի տված. թռչում էին միասին, իրենք էլ չիմանալով, թե ուր: Եվ դա կարևոր չէր: Քամին քնքշանքով շոյում էր Աշնան վարսերն ու շարունակ շշնջում. - Թող մեր վերջին հանգրվանում բոլորը մեզ տեսնեն միասին՝ սիրով ու հավատով լեցուն: Եվ ոչ ոք երբեք Քամուն այդքան երջանիկ չէր տեսել: | |
ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵՎԵՐՈՎ | |
15070 reads | 13.06.2015
| |