ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
![]() Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ ![]() Հարգելով հայ ժողովրդի քրիստոնեությունն առաջինն ընդունելու հանգամանքը, Հռոմի Պապը հայ կաթոլիկների ներկայացուցիչներին հրավիրեց առանձին հանդիպման Վատիկան: Ընդհանրապես կաթոլիկ եկեղեցին ազգային բաժանում չի ընդունում, կաթոլիկները՝ կաթոլիկ են, իսկ Հռոմի Պապը նրանց համար անառարկելի, անսխալական հեղինակություն է: Աշխարհի տարբեր երկրներից մի քանի հարյուր հայ կաթոլիկ հրավիրվեցին Վատիկան, որպեսզի արժանանան Պապի ընդունելությանը և օրհնությանը: Չէր կարելի չօգտվել նման հնարավորությունից և որոշեցի մասնակցել այդ ուխտագնացությանը: Աթենքի հայ կաթոլիկ համայնքի քահանա հայր Ռաֆայելը սիրահոժար ընդառաջեց և ես միացա Հունաստանի հայ կաթոլիկների խմբին: Մի քանի օր հրաշալի ժամանակ անցկացրի Հռոմում, լսելով հայր Ռաֆայելի ընդգրկուն և խորիմաստ բացատրությունները պատմական հուշարձանների, եկեղեցիների և Հռոմի հայ կաթոլիկ համայնքի վերաբերյալ: Իհարկե ամենահետաքրքրականն այցելությունն էր Վատիկան: Պայմանավորված ժամին մի քանի հարյուր սփյուռքահայերից բաղկացած պատվիրակությունը Վատիկանում էր: Ավանդական ռազմական հանդերձանքով և ալեբարդներով զինված շվեյցարական գվարդիականների ուղեկցությամբ մտանք Պապի նստավայր: Վերածննդի գեղանկարիչների կողմից նկարազարդված հրաշագեղ պալատում սպասում էինք Պապի ընդունելությանը: 10 րոպե 20, 30: Որևէ բացատրություն չէր տրվում և կամաց-կամաց ծայր էր առնում անհանգստությունը: Սկսվեց հայկական միջավայրին բնորոշ աղմուկն ու վիճաբանությունը, լսվում էին “ինչու՞ կսպասենք, որու՞ն կըսպասենք, սա Փափան չըպիտի գա՞” բացականչություններ: Հայտնվեցին մեկ երկու կարդինալներ, որոնց ներկայությունը զսպում էր աղմկարարներին: Ի վերջո, պապական երկու գվարդիականների ուղեկցությամբ հայտնվեց մի բարձրաստիճան հոգևորական և սկսեց մի ցուցակի ընթերցում: Ում անունը կարդացվում էր, նրան մի կարմիր թուղթ էին տալիս և գվարդիականների ուղեկցությամբ դահլիճից դուրս հանում: Նորից ծայր առան խոսակցությունները: Հատկապես աչքի էր ընկնում բարձր ճղճղան ձայնով մի գիրուկ պարոն: “Սա մարդերուն ինչու՞ դուրս կհանեն, ու՞ր կըտանին զանոնք”,- դիմում էր բոլորին և պատասխանի չսպասելով կրկին գոռգոռում: Շշուկով, բայց բավականաչափ բարձրաձայն դիմելով նրան, ասացի. “էէէ հայ չե՞ն, սա սուրբ վայրին մեջ ինքնզինքնին պահել չգիտցան, աղմուկ ըրին և անոնց պալատեն դուրս պիտի նետեն, որչափ ամոթ մեր ազգին համար: Հոս ալ իրենց հայությունը կըցըցնեն”: Մարդը մի պահ քարացավ, սակայն հերթական անունը կարդալիս ասաց. "Ասիկա մերին մոնսինյորն էր, ինչպես կըրնան անոր դուրս նետել": “ԷԷ”,- ասի, “սա մոնսինյորներն ամենեն շատախոսը կըլլան, հոս ամենը կարդինալ են, ի՞նչ մոնսինյոր”: Գիրուկ պարոնը լռեց, ապա շատ ցածր ձայնով, համարյա ականջիս ասաց. "Իրավունք ունիք, ան իրավ շատ կխոսի": Քիչ անց հրավիրեցին դահլիճ: Առաջին շարքերում նստած էին նրանք, ում կարմիր թուղթ էին տվել: Մնացածներս ավելի հետ էինք: Հռոմի Պապը հանդես եկավ կարճ ելույթով, օրհնեց ներկաներին և հրաժեշտ տվեց: Հետագայում պարզվեց, որ նախատեսվում էր Պապի հանգամանալից զրույց ներկաների հետ, սակայն սպասված մի քանի տասնյակ կաթոլիկ ներկայացուցիչների փոխարեն ավելի քան 600 մարդ էր եկել հանդիպմանը: Նախասրահում սպասելն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայերի ընդունելության համար նախատեսված դահլիճն ի վիճակի չէր եղել ներառնելու բոլոր հրավիրյալներին: Շտապ պատրաստվել էր մեկ այլ, ավելի ընդարձակ սրահ: Այդ 600-ի մեջ շատերը չլինելով կաթոլիկ, ինձ նման միացել էին իրենց ընկերներին, իսկ տեղական կաթոլիկ առաջնորդներն էլ չէին ցանկացել մերժել համայնքի ներկայացուցիչներին, հույս ունենալով, որ Վատիկան այցից հետո կհամալրեն իրենց հոտը: Վատիկանից դուրս գալուց հետո, հայերից մեկն ասաց, որ մոտերքում մի շատ “աղվոր, և կարևորն աժան ճաշարան” գիտե և ցանկացողներին կոչ արեց հետևել իրեն: Մի քանի հունահայ բարեկամներիս հետ ես էլ միացա: Իմանալով, որ հայ դիվանագետ եմ, մեր փոքրիկ խմբի անդամների վերաբերմունքը համեստ անձիս նկատմամբ արմատապես փոխվեց: Հասանք ռեստորան, պատվիրեցինք կերակուրը, բերեցին, սակայն ոչ-ոք չէր սկսում ուտել: Բոլորը լուռ ինչ-որ բանի էին սպասում: Ի վերջո տիկիններից մեկը դիմելով ինձ, հարցրեց. “պարոն Դուք կաթոլի՞կ եք, ճաշին աղոթքը պիտի ընե՞ք”: Ասացի “Ոչ, կաթոլիկ չեմ”: “Օօօ, մենք ալ, մենք ալ”,-ասաց տիկինը և բոլորն անմիջապես սկսեցին ուտել: | |
ՀՈՒՇԵՐ | |
5230 reads | 17.01.2015
| |