Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՎ
![]() ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ ![]() Ա. Ո՞րն է խնդիրը։ - Հանդիպելով տարբեր ազգության պատկանող մարդկանց և դիտելով նրանց արտաքինն ու վարքը, մենք հաճախ այսպիսի եզրակացության ենք հանգում. «Ա՚յ, սա իսկական հայ է», կամ. «Այս մարդը իսկական (տիպիկ, բնորոշ) թուրք է, ռուս, վրացի և այլն»։ Ի՞նչ ենք հասկանում մենք, երբ նման բնութագրեր ենք տալիս մարդկանց։ Ակնհայտ է, որ մենք հիշյալ դեպքերից յուրաքանչյուրում տվյալ անհատին վերագրում ենք ազգային (էթնիկական) որոշակի պատկանելիություն։ Այդ առավելապես ենթագիտակցորեն ընթացող հոգեբանական գործընթացի հոգե-տրամաբանությունն այսպիսին է. ա) «Սա մարդ է», բ) «Այս մարդը իսկական, բնորոշ հայ է»։ Բայց եթե մենք որևէ մեկին «իսկական» (տիպական, բնորոշ) հայ ենք անվանում, ապա, ամենայն հավանականությամբ, նրան որոշակի գծերի, ընդունակությունների և մտածելակերպի կրող ենք համարում։ Մենք, նախ և առաջ, նրա մեջ, նրա վարքում և հոգեկանում, տեսնում ենք հային հատուկ ինչ-որ գծեր։ Եվ ապա, ելնելով նրա վարքի՝ մեզ վրա թողած տպավորությունից, նրան որոշ այլ, «տիպիկ հայկական» գծեր ենք վերագրում։ Այլ կերպ ասած, մենք տվյալ անհատին համարում ենք հայերի էթնիկական համայնքի բնորոշ անդամ։ Ընդ որում նման եզրակացության հանգեցնող հոգեկան գործընթացների՝ ընկալման, մտածողության, ընկալվող մարդաբանական (ռասայական) գծերի մեկնաբանության, վերագրումների և այլ գործընթացների զգալի մասը մեր հոգեկանում ընթանում է ենթագիտակցական մակարդակում։ Եթե մեզ հարցնեն, հատկապես եթե մենք մասնագետ էթնոհոգեբան կամ ազգագետ չենք, թե ինչպես եզրակացրինք, թե Ա-ն իսկական հայ է, իսկ Բ-ն՝ իսկական թուրք, հազիվ թե կարողանանք բավականաչափ սպառիչ և հիմնավորված պատասխան տալ։ Այս դժվարությունն ունի առնվազն երկու պատճառ. ա) մարդու հոգեկան ակտիվության ճնշող մասն ընթանում է ենթագիտակցական մակարդակում, բ) չեն գիտակցվում կամ միայն մասամբ են գիտակցվում այն հոգեկան մեխանիզմներն ու դրանց աշխատանքի գործընթացները, որոնք գործում են վերը հիշատակված կոնկրետ դեպքերում։ Չնայած այդ հանգամանքին, որևէ կասկած չի կարող լինել, որ մարդկանց մասին մեր այդ մարդաբանական, էթնոլոգիական և էթնոհոգեբանական եզրակացությունները հենց այնպես, առանց որոշակի հիմքի չեն ընթանում։ Դրանք հենվում են սկսած վաղ տարիքից մեր ունեցած ընկալումների, տարբեր ռասայական և էթնիկական խմբերի ներկայացուցիչների մասին անմիջական կամ միջնորդված ուղիներով ստացված տվյալների, մշակույթների իմացության, դրանց համեմատության և այլ հոգեբանական գիտելիքների և գործընթացների վրա։ Հատկապես բազմազգ հասարակություններում մարդիկ շատ զգայուն են լինում ռասայական և էթնոհոգեբանական տարբերությունների նկատմամբ, բավական վաղ տարիքից (4 – 6 տարեկանից) սկսում են գիտակցել, թե իրենք ազգային ինչպիսի պատկանելիություն ունեն և ինչով են տարբերվում այլ ռասաների և ազգերի ներկայացուցիչներից։ Եվ հաճախ է մարդկանց առջև, օրինակ, հարց ծագում. եթե ես հայ եմ, ապա ինչո՞վ եմ տարբերվում ռուսից, թուրքից, վրացուց, ֆրանսիացուց և այլ ազգերի ներկայացուցիչներից։ Սրանք թեև ազգային ինքնությանը վերաբերող է բնականոն ձևով ծագող, սակայն բարդ հարցեր են, և կարող են լիարժեք ու սպառիչ պատասխան ստանալ միայն գիտական հետազոտությունների հիման վրա։ Ինչպես այդ, այնպես էլ ազգերի ինքնությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցերի փորձում են պատասխանել ազգագիտությունը (էթնոլոգիա) և ազգային կամ էթնիկական հոգեբանությունը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
8111 reads | 05.04.2013
| |