ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գիտության վաստակավոր գործիչԱրվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Համաձայն Ստանիսլավսկու բերած օրինակների և տված որակումների՝ պատրաստի եղանակներն ու կերպաձևերը կարելի է բաժանել երկու կարգի՝ ըստ ծագման և ըստ բնույթի: Ըստ ծագման. ա) կյանքի պայմանականություններից եկող, բ) բեմական ավանդություններով հաստատված, գ) անհատական ու կրկնվող և շրջապատին փոխանցվող: Ըստ բնույթի. ա) դերասանի անձը ցուցադրող, բ) դերը տիպականացնող, գ) գործողությունն ու դերը եղանակավորող: ![]() Օպերային տենորները շտկել են Ապոլոնի կեցվածքը, իսկ Վեներայի շարժումը բալետային պարուհու խմբագրությունն են կրել: Ժամանակը, սովորությունները, լավ ու վատ ճաշակները մի ընդհանուր զանգվածի մեջ խառնաշփոթել են ամբողջ նյութը, որ ընկել է արհեստավորի ձեռքը համադերասանական պլաստիկան մշակելիս… Դրանք ձուլվել են հին բեմի փոշեկալած տրաֆարետների, ապագա արվեստի օրապակաս սկզբունքի հետ, հանրածանոթ դերասանների անձնական առանձնահատկությունների, հանճարների աղճատված ավանդների, վատ հեղինակների դիտողությունների և արհեստավորական գեղեցկայնության այլ նմուշների հետ»: Արվեստում մերժելի է այն ամենը, ինչ փոխառվում է, կրկնվում, մաշվում ու հարմարեցվում: Այդպիսին է 19-րդ դարի ամբողջ սալոնային արվեստը, ոչ թե գեղեցիկ, այլ գեղեցկային, իր մշակութային և ոչ միշտ գեղարվեստական արժեքով: Ստանիսլավսկին դրա դեմ է թատրոնում և այստեղ ունի մի բացթողում՝ այն եղանակներն ու կերպաձևերը, որոնք գալիս էին ժամանակի վարպետներից, հատուկ էին միայն իրենց: ![]() Բայց այն թատրոնը, որի դեմ նա ընդվզել է, անցյալին է պատկանում ոչ միայն արհեստավորական եղանակների իր զինանոցով, այլև իր առօրյա և կյանքի գործնական գաղափարներից վեր ճշմարտությամբ: Նորագույն թատրոնն այսօր ստեղծել է իր եղանակներն ու կերպաձևերը և իր արհեստավորներին: Հրապարակ է մտել դերասանի մեկ այլ տիպ՝ առավելապես իր սեփական անձը ներկայացնող, և ամրակայվել են այլ կերպաձևեր, որ կապ չունեն ոչ անտիկ արվեստի, ոչ բալետի, ոչ էլ թատերական ավանդության հետ: Դրանք գալիս են կյանքի տարբեր պայմանականություններից ու հաղորդակցման ձևերից, ուր գործում են ինչ-ինչ էթիկետներ, ըստ սոցիալական խավերի, տարբեր երանգներով, անմշակ, բերանբաց ու անարվեստ: «Իցէ թե»-ն և «առաջադրվող հանգամանքները» կազմում են Ստանիսլավսկու կիրառական հոգեբանության ոչ միայն առանցքը, այլև գոյաբանական հիմքն ու միջուկը: Շարունակությունը «սիստեմի», որպես փակ համակարգի, աստիճանական բացահայտումն է պարզից դեպի բարդը, որոշակի ստորակարգումներով, ընդմիջարկումներով ու հավելումներով: Խնդիրն այն է, թե որքանով են մասերը հարաբերվում միմյանց և ամբողջությանը, մյուս կողմից շեղվում ու հակասում «սիստեմին»: Ստեղծված փակ համակարգը կենդանի է, շնչում է իր ներսում և միաժամանակ կրում է լրացուցիչ հանդերձներ՝ հագնելիք և հանելիք: Եվ այսպես, սկսելով դիլետանտիզմի ու արհեստավորության մերկացումից, Ստանիսլավսկին ձեռքը դնում է բեմական գործողության զարկերակին՝ «իցէ թե» և «հանուն ինչ-որ բանի»: Վերադառնում ենք նախորդ գլխում բերված օրինակին: Բեմ մտած դերասանուհի-աշակերտուհուն տրված էր պայմանական վիճակ և խնդիր, այսինքն՝ հորինված էր դրություն և պահանջվում էր դրության գնահատում՝ գործողություն: Ինչպե՞ս պետք էր գործել՝ ոչ միայն «հիմնավորված, նպատակահարմար և արդյունավետ», այլև երևակայությամբ, այսինքն՝ հորինվածի վրա հորինելով, կենտրոնացած հիմնական խնդրի վրա: Եթե շարունակենք այս տեսարանը, գործողության մեջ ներմուծելով երկրորդ գործող անձին, կծագի նոր խնդիր՝ փոխհաղորդակցման (общение) անհրաժեշտությունը: Առաջին գործող անձը նախ կթաքցնի իր վիճակը, բայց ինչ-որ ճեղք կմնա, երկրորդ գործող անձը կնկատի այդ, և կստեղծվի փոխհաղորդակցում: Սա արդեն գործողության զարգացումն է: ![]() Խնդիրն այն է, թե նա որքանով է ընդունակ կամ որքանով պատրաստ պատկերացնելու հորինված դրությունը, սևեռվելու չեղած առարկայի վրա, շոշափելու անշոշափելին, տեսնելու անտեսանելին, լսելու լռությունը, մտքում արձագանքելու չասվող խոսքերին, հաղորդակցվելու ներկա կամ բացակա, մանավանդ բացակա գործող անձի հետ: | |
ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ «ՍԻՍՏԵՄԸ» ԵՎ ԽԱՂԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ | |
3266 reads | 22.10.2013
| |