«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երկրորդ)
![]() ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ - Դոկտոր, դեպքը կատարվեց այսպես: Քաղաքում էի: Ճիշտ ժամը չեմ հիշում, կարող է տասն էր, կարող է` տասնմեկը: Ճաղաշարում շատրվան կա, հավանաբար, տեսակ կլինեք: Հանկարծ այդտեղից լսվեց սարսափելի գոռոց: Ինչ-որ մեկն ասես ոռնում էր: Պարզվում է, որ նա ծեր հայ էր: Դուրս էր եկել հաց առնելու և տեղն ու տեղն ընկել էր «երազիների» ձեռքը: Տնային հագուստով… հողաթափերով: Երբ մոտեցա, դժբախտ մարդուն արդեն սպանել և ավազանն էին նետել: Աչքերը բաց էր, դոկտոր, և ուղիղ ինձ էր նայում: Ես չտեսա, թե ինչպես են նրան սպանում: Իսկ տեսնողները պատմեցին, որ այդ երիտասարդները հային նախ գցել են ավազանը, սառցաջրի մեջ, հետո կանգնել են ավազանի եզրին և ոտքերով այնքան են խփել, մինչև որ սպանել են: Իսկ Սադայ Սադօղլին Աստված նրան օգնական, դժբախտությունը նրանից կարծես անպակաս է: Եվ ինչու՞ հենց այդ պահին նա պետք հայտնվեր այդ անիծված տեղում…Նա չդիմացավ, երբ տեսավ կատարվածը, չդիմացավ և վե'րջ… Ախր նա արտիստ է, մարդասեր անձ: Խիղճը չտարավ: Նետվեց օգնության: Այդ «երազիններն» էլ հավանաբար չգիտեին նրան: Նրանք տեղացիներ չեն, եկվորներ են: Դրեցին հայի տեղ և վայրի կենդանիների նման վրա տվեցին: Եթե ես մի վայրկյան էլ ուշ հասնեի, նրան կուղարկեին ծերուկ-հայի հետևից: Բայց Աստված ողորմեց` նա կենդանի մնաց: Աղաչում եմ, դոկտոր, փրկե՛ք նրան: Այդ մեծ մարդու կյանքը ձեր ձեռքում է: Այսպիսի վերամբարձ խոսքերով արտիստը վերջացրեց իր ելույթը: Բժիշկը շտապեց սկսել գործողությունը: Սակայն պարզվեց, որ դրա համար ինչ-որ նյութեր պակասում են: Բացի այդ, արտիստի պատմածն, ըստ երևույթին, ցնցել էր նրան: Նա ոչինչ արտասովոր չգտավ այն բանի մեջ, որ վիրահատական սեղանին անգիտակից պառկած Համլետ-Օթելլո-Քեֆլի-Իսկենդերը փորձել էր փրկել ծերուկ-հային: Բժշկի կարծիքով, հենց այդպես կվարվեր ամեն մեկը, ով իրեն մարդ է համարում: Սակայն այդ քաղաքի մարդիկ, ասես խոսքները մեկ արած, ձգտում էին հեռու մնալ այն բանից, որը կոչվում է մարդկայնություն: Կարծես թե նրանց շահավետ էլ չէր պահել մարդկային դեմքը: Ընդամենը մի տաս-տասնհինգ օր առաջ Ֆարզանին հենց այստեղ, այս վիրահատարանում, 14-15 տարեկան մի հայ աղջկա ենթակեց շատ բարդ վիրահատության, որ ![]() -Պարզ է, Նումաիշ մուալլիմ: Ինչպես պարսիկներն են ասում. մեսելե մելում եստ,-առույգ` վատ տրամադրության հետ չբռնող ձայնով ասաց բժիշկը՝ դասավորելով վիրաբուժական պարագաները: Նուվարիշ Կարաբախլին չվիրավորվեց, որ բժիշկը աղավաղեց իր անունը (երեսուն տարուց ավելի Մոսկվայում ապրած մարդը միանգամայն այդ իրավունքն ունի), սակայն չզլացավ ճշտել իր անունը: -Ո֊՞վ է Նուվարիշ Կարաբախլին, դոկտոր,- ասաց նա: Սովորական արտիստ: Հարյուր Նուվարիշ Կարաբախլի Սադայ Սադօղլիի եղունգն իսկ չարժի: Լավ կլիներ, որ այդ սրիկաները նրա փոխարեն ինձ ծեծեին: -Նա էլ է՞ ղարաբաղցի,- հարցրեց բժիշկը, հերթական անգամ հիվանդի բազկերակը ստուգելով: -Ոչ, դոկտոր, ոչ: Ես էլ ղարաբաղցի չեմ: Ծնունդով Կյուրդամիրից եմ: Կարաբախլին իմ մականունն է: Իսկ Սադայ Սադօղլին ծնվել է Նախիջևանում, այնտեղ Օրդուբադի շրջանում կա այսպիսի մի գյուղ` Այլիս: Շատ հին գյուղ է, դոկտոր, ես այնտեղ երբեք չեմ եղել: Ժամանակին, ասում են, այդ գյուղում շատ հայեր են ապրել: Նրանց յոթ, թե ութ եկեղեցիները մինչև հիմա կանգուն են: Երևում է, այդ հայերը շատ խելոք, լավ մարդիկ են եղել: Իսկ Սադայ Սադօղլին այնպիսի մարդ է, որ եթե աշխարհն էլ շուռ գա, նա սպիտակին սև չի ասի: Արդեն քանի անգամ իր լեզվի համար պատմությունների մեջ է ընկել, բայց չի խրատվել: Մի քանի ամսից նա կդառնա հիսուն, սակայն մնացել է տասնամյա երեխա: Ինչ որ մտքում է, լեզվի ծայրին է: Չի կարող գոնե մի քիչ լռել, նույնիսկ այս խառը ժամանակներում: Նա ասում է՝ հայերը չեն վատը, այդ մե'նք ենք վատը: Ու չի վախենում: Ամեն տեղ խոսում է` և' թատրոնում, և' չայխանայում: Բժիշկ Ֆարզանին, լայն բացված աչքերով, այս անգամ առանձին ուշադրությամբ նայեց վիրավորի դեմքին: Կարծես հիմա նոր տեսավ նրան, առաջին անգամ: Մինչ այդ գերեզմանային լռություն պահած կանայք սկսեցին ինչ-որ բանի մասին փսփսալ: Ֆարզին վճռական թևանցուկ արեց Նուվարիշ Կարաբախլիին և ուղեցեց դեպի դուռը: -Դեհ, երիտասարդ, դու այստեղ այլևս անելիք չունես: Նստիր միջանցում և հանգստացիր: Ուզում ես, տուն գնա, խմիր մի հարյուր գրամ ու քնիր: Հետո, եթե ուզես, կգաս: Սա քեզ, բարեկամս, կույրաղիք կտրել չէ, պահանջվում է լուրջ աշխատանք, երեք-չորս ժամ կտևի: Չվախենաս: Ընկերդ կապրի: Ես նրանից այնպիսի Օթելլո սարքեմ, որ Դեզդեմոնան ուրախությունից ուշաթափվի: Այդ խոսքերով նա արտիստին ուղեկցեց միջանցք և դուռը հետևից ծածկեց: Երբ վիրահատարանի երկփեղկ դռները փակվեցին, Նուվարիշ Կարաբախլին հանկարծ ուժեղ մենակություն զգաց, ասես ողջ աշխարհը մնաց փակ դռների հետևում: Երկար կիսամութ միջանցքը գերեզմանային թախծություն էր շնչում: Լույսը չէր վառվում: Շուրջը` ոչ ոք: Միջանցքի դիմացի պատի խոշոր երկփեղկ մռայլ և խամրած պատուհանները դրսի լույսը ներս չէին թողնում. կամ շատ աղտոտ էին կամ էլ փողոցում արդեն մութ էր: Միայն մի տեղում` ապակեպատած պատշգամբից ոչ հեռու՝ դռան մոտ, նշմարվում էր նստարան: Միջանցքում ուրիշ նստելու տեղ չկար: Նուվարիշ Կարաբախլին դանդաղ շարժվեց նստարանի կողմը, զգալով գլխապտույտ և սկսվող սրտխառնոց: Նա վաղուց էր ուզում ծխել, սակայն անգամ ուժ չուներ ձեռքը մտցնել գրպանը և հանել ծխախոտատուփը: Մոտենալով նստարանին, նա նկատեց դռան մոտ փակցված երկու ցուցանակ: Վերին ցուցականի վրա խոշոր տառերով գրված էր ‹‹ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ››, իսկ դրա տակ ավելի փոքր տառերով. ‹‹Բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Ֆարիդ Հասանովիչ Ֆարզանի››: Բժիշկ Ֆարզանիի կաբինետի դուռը բաց էր: ![]() Նուվարիշ Կարաբախլին վերջապես վառեց սիգարեթը, և առաջին իսկ կումից աչքերի առաջ մթնեց: Վախենալով ընկնելուց, նա հազիվ հասավ նստարանին և նստեց, այնքան ժամանակ, մինչև որ աչքերին իջած շղարշն աստիճանաբար ցրվեց: Դա նրան չվախեցրեց: Սովոր էր: Հիմա նա ամենից շատ մտահոգված էր, թե ինչպես կատարվածի մասին պատմի Սադայ Սադօղլիի կնոջը` Ազադե խանումին: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի
Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ: | |
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ | |
4337 reads | 17.02.2013
|