«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս տասներորդ)
![]() Գիշեր էր: 1989 թվականի ցուրտ դեկտեմբերյան գիշեր: Նուվարիշ Կարաբախլին վախենում էր տուն գնալ: Վախը հոգում ծնում էր անպաշտպանվածության և անելանելիության զգացողություն: Եթե նա անհարմար չզգար, շուռ կգար և կվերադառնար հիվանդանոց և գոնե մի գիշերվա համար ապաստան կխնդրեր, մի հիվանդանոցային մահճակալ, թեկուզ ամենաանպետք հիվանդասենյակում… Որքան հեռանում էր հիվանդանոցից, այնքան հոգում աճում էր միայնության համարյա ֆիզիկական զգացումը, և դրանից էլ դոկտոր Ֆարզանիի հետ անցկացրած երեկոն նրա հիշողության մեջ վերածվում էր հեռավոր ու անհասանելի հուշի: Սադայ Սադօղլուին նա հանձնարարել էր հսկել 70-ամյա ամենափորձառու բուժքույրերից մեկին, որն օգնել էր նրան գործողության ժամանակ: Մունավեր հանումն ավելի քան հիսուն տարի աշխատում էր հիվանդանոցում: Նրան անվանում էին Միրա հանում, ոմանք էլ` Մինա հանում: Դոկտոր Ֆարզանին իր գործին տիրապետող հմուտ բուժքրոջն անվանում էր տարբեր կերպ` կախված տրամադրությունից: Մեկ` իրեն տարեկից այդ կնոջը դիմում էր Մինավեր կամ տնավարի` քույր: Մեկ էլ վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքի այդ անփոխարինելի աշխատողը նրա համար Մինաշա էր: Եվ դա ամեն անգամ Մինավեր հանումին անասելի ուրախություն էր պատճառում: Յուրաքանչյուր գործողությունից հետո առանձնասենյակում փակվելը և մի երկու բաժակ օղի խմելը բժիշկ Ֆարզանիի անփոփոխ սովորույթն էր: Երբ վիրահատություն չէր լինում, երեկոները նա, միևնույն է, առանձնանում էր և լրիվ «անջատվում» հիվանդանոցային կյանքից: Նա միշտ մենակ էր խմում: Այսօր առաջին անգամ նա մենակ չէր: Դրա համար էլ բուժքույրը շատ էր անհանգստանում: Մի կողմից վախենում էր, որ նա հանկարծ իր չափից ավելի չխմի, իսկ մյուս կողմից պարզապես խանդում էր. բժիշկը սովորաբար միայնությունը կիսում էր իր հետ: Հետո բծախնդիր և օրինապահ Մինավեր հանումը անհանգստանում էր, որ բժիշկը կարգադրել է հիվանդին տեղավորել բարձր նոմեկլատուրային պատկանող հիվանդասենյակում, ինչը արվում է գլխավոր բժշկի կարգադրությամբ: Իսկ եթե ֆարզանին դա արել է առանց գլխավորի գիտությա՞ն… -Էս էլ ես, Մինաշա,-ողջունեց բժիշկ Ֆարզանին՝ սպիտակ խալաթը ուսին գցած մտնելով հիվանդասենյակ: Այդպիսի ողջույնը բալասանի պես պարուրում էր Մինավեր հանումի հոգին: «Հավանաբար Մաշան զանգահարել է Մոսկվայից»,-մտածեց նա: Միայն աղջկա զանգից հետո էր բժիշկ Ֆարզանին լինում այդպես ուրախ ու երջանիկ: -Ի՞նչ է, մեր արտիստը չի՞ ուզում վերադառնալ այն աշխարհից,-ստուգելով հիվանդի զարկերակը՝ հարցրեց բժիշկը:- Համա թե սիրտ ունի այս մարդը, Մինաշա: Մարմնի վրա կենդանի տեղ չկա, բայց սիրտը ժամացույցի պես է աշխատում: -Է՜յ, Ֆարիդ Հասանովիչ, եթե իմանայիք, թե ինչպիսին եմ ես նրան տեսել իր լավ տարիներին,- թախծոտ և հուզված ասաց բուժքույրը:- Ժամանակին մարդիկ խումբ-խումբ էին գնում՝ միայն նրա խաղը տեսնելու: Տեսնեիք, թե նա ինչ Այդին էր խաղում: Հոյակապ: Անգամ տղամարդիկ էին սրահում լալիս: -Հուզված բուժքույրը հազիվ էր արցունքները զսպում:-Տեսնու՞մ եք, նրա դեմքը լույս է ճառագում: Այդքան տանջանքից հետո: Նայում եմ, նայում և ոչ մի կերպ աչքս չեմ կարողանում կտրել: -Այո, ամուր տղամարդ է,- արձագանքեց բժիշկը, հեռացավ հիվանդի մոտից և կանգնեց պատուհանի մոտ: Հետո վերադարձավ և նստեց Մինավեր հանումի կողքին: -Միայն թե դոկտոր,-բուժքույրն իջեցրեց ձայնը,- լավ կլիներ, զգուշացնեիք գլխավորին, որ հիվանդին այստեղ եք տեղավորել: Այնպես, ձևի համար: -Զգուշացրել եմ, զգուշացրել…,- տհաճությամբ պատասխանեց բժիշկը և կրկին մոտեցավ պատուհանին: Բուժքույրի սրտից ասես քար ընկավ: Արագ վեր կացավ և համարյա վազքով ուղղվեց դեպի դուռը: -Գնամ ձեր սենյակը կարգի բերեմ,- ասաց նա, հետո կրկին նայեց հիվանդասենյակից ներս և հարցրեց,- թեյը այստե՞ղ բերեմ: -Բեր: Բայց չմոռանաս, գլխավորից թույլտվություն հարցնել,- ծիծաղելով պատասխանեց բժիշկը: Բուժքրոջ գնալուց հետո բժիշկը կրկին մոտեցավ պատուհանին: Վերջերս սովորություն էր դարձրել երեկոները կանգնել պատուհանի առաջ և նայել դատարկ փողոցներին: Տարօրինակ էր, որ արդեն մի քանի ամիս ոչ միայն երեկոները, այլև ցերեկները Բաքվի փողոցներում միայնակ անցորդներ կամ զույգեր չէիր տեսնի: Հիմա մարդիկ քայլում էին խմբերով կամ հոտերով: Խոսելու, բղավելու և հայոյելու իրավունքը տրված էր միայն այդ ամբոխին: Եվ մեկ էլ տարօրինակ էր, որ այդ արարածների բղաված բառերի թիվը, հավասար էր այն բառերի թվին, որոնք, հավանաբար, արտաբերում էին որսի ելած նախամարդիկ: Ա-զա-տու-թյու'ն Հրա-ժա-րա-կա'ն Ղա-րա-բա'ղ Վերջին օրերին այդ մարդիկ իրենց բառապաշարը լրացրել էին ևս երեք բառակապակցությամբ. Դու հայ ե'ս, դու պետք է մեռնե'ս Ահա և վե'րջ -Ահա և վե'րջ: Ահա և վե'րջ: -Ինքն իրեն քրթմնջաց բժիշկ Ֆարզանին ու հեռացավ պատուհանի մոտից: Հիվանդի դեղնավուն դեմքին նա նկատեց գլորվող արցունքի պարզ հետքը: Վերջ առաջին գլխի ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի Հ.Գ.
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը
www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական
արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է
տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը
կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ: | |
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ | |
4182 reads | 18.03.2013
|