ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ)
![]() Թե ինչի բերեց այդ քաղաքանությունը, հայտնի է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և՛ Ռուսաստանում, և՛ հանրապետություններում կանանց հավասարության և ազատության հարցն ի հայտ եկավ բարոյականության և մարդկային հարաբերությունների աղավաղման ու ոտնահարման արտահայտչաձևերով` ընտանիքների քայքայում, մարմնավաճառություն, տրաֆիկինգ և այլն: Այնպես որ, ֆեմինիստական շարժման և գենդերային քաղաքականության դժվարությունները, որոնց հանդիպում ենք այսօր, սկիզբ են առնում 100 տարի առաջվա քաղաքականությունից և սխալներից: ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ Խորհրդային Միության արտաքին հետախուզության առաջին ղեկավարը Հակոբ (Յակոբ) Քրիստափորի Դավթյանն էր: (Հեղափոխական ծածկանունը` Դավիդով): Ծնվել է Ագուլիսում, ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան, սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում: Հեղափոխական գործունեությանը մասնակցելու համար ձերբակալվել է: Հետո մեկնել է Բելգիա` ուսանելու պոլիտեխնիկական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել է Ինեսա Արմանդի հետ: Բելգիայում Դավթյանին ձերբակալում են երկիր ներխուժած գերմանացիները: Ազատվում է Ինեսայի ջանքերով և Բելգիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Ադոլֆ Իոֆֆեի միջնորդությամբ: 1919 թվականին Արմանդին Ռուսաստանի Կարմիր խաչը գործուղում է Փարիզ` ռուս գերի զինվորներին ու հատուկ կորպուսը հայրենիք վերադարձնելու համար: Դավթյանն ուղեկցում է Ինեսային: ![]() Նրանց բարեկամությունը շարունակվում է: Արմանդի երաշխավորությամբ Դավթյանը գործուղվում է Էստոնիա` որպես Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ: Վերադառնալուց հետո նշանակվում է արտգործնախարարության Մերձբալթյան երկրների և Լեհաստանի բաժնի վարիչ: Հետո գալիս է Հակոբ Դավթյանի աստեղային ժամը: 1920 թվականի ապրիլի 20-ին Ֆելիքս Ձերժինսկին ստորագրում է հայտնի N 169 հրամանագիրը, որի 4-րդ կետով Հակոբ Դավթյանը նշանակվում է Ռուսաստանի նորաստեղծ արտաքին հետախուզության պետ: Այդ հրամանագրի հետևից երևում Է Ինեսայի սիրունիկ դեմքը: Վստահաբար կարելի է ասել, որ առանց Լենինի ցուցումի ‹‹երկաթյա›› Ֆելիքսը 32-ամյա երիտասարդին այդ գերկարևոր պաշտոնին երբեք չէր նշանակի: Դառնալով ահռելի պետության N 1 լրտեսը` Դավթյանը շարունակել է դիվանագիտական աշխատանքը: Նա եղել է դեսպան-հետախուզության ռեզիդենտ Չինաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Հունաստանում Լիտվայում և Լեհաստանում: Դավթյանը հաջողությամբ համատեղել է դիվանագիտական և հետախուզական աշխատանքը. ստեղծել է գործակալական լայն ցանց արտասահմանում, հավաքագրել է լրտեսներ: Անվիճելի է աշխարհի հզորագույն հետախուզություններից մեկի ստեղծման գործում Դավթյանի ավանդը: Կցկտուր տվյալներ կան նրա մասին: Տիրապետել է մի շարք լեզուների: Դավթյանը շահեկանորեն տարբերվել է խորհրդային շատ ղեկավարներից: Եղել է գեղեցիկ, բարձրահասակ, թուխ, աչքի է ընկել արիստոկրատական կեցվածքով: 1937 թվականի աշնանը Դավթյանին Լեհաստանից հետ են կանչել և ձերբակալել: Մեղադրել են լեհական հետախուզության հետ համագործակցելու և խորհրդային դեսպանությունում աջտրոցկիստական կազմակերպություն ստեղծելու մեջ` ենթարկելով անասելի տանջանքների: Ներքին գործերի ժողկոմ Եժովը Ստալինին ուղարկել է հետևյալ գրությունը. ‹‹Դավթյանը տվեց լրացուցիչ ցուցմունք առ այն, որ 1937 թվականին Փարիզում Անդրկովկասյան Ֆեդերացիայի ներկայացուցիչ Սիմոն Փիրումովը իրեն ծանոթացրել է խոշոր նավթարդյունաբերող անգլիահպատակ Գալուստ Գյուլբենկյանի հետ, և իրենք եկել են համաձայնության` անգլիացիների ղեկավարությամբ համատեղ աշխատանք իրագործել` Հայաստանը ԽՍՀՄ-ից անջատելու ուղղությամբ››: Ասենք, որ Դավթյանը երբևէ Հայաստանում չէր եղել: 1938 թվականի հունիսի 28-ին խորհրդային հետախուզության առաջին ղեկավարին գնդակահարում են: …Իսկ ի՞նչն էր կապում Դավթյանին Արմանդի հետ: Եվ արդյո՞ք այդ կապը զուտ գործնական էր: Աղքատիկ աղբյուրները լռում են այդ մասին: Մեզ մնում է միայն գուշակել… | |
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ | |
14747 reads | 31.12.2013
| |