ԱՄԵՐԻԿԱՆ՝ ՀՍԿԱՅԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
![]() Ժողովուրդը` հայրենասիրացված, օտարերկրացիների հանդեպ ատելությամբ լի, զուրկ ազգային մշակույթից ու գրականությունից, և երբեք հոգևոր պահանջներ չունեցող: Մեր գրողներն ու հրապարակախոսները, երբ պարապ դատողություններ են անում դատողության շուրջ, փորձելով բացատրել, թե որն է իսկական ազատությունը, մատնանշում են Ամերիկան, իբր տեսեք, թե որտեղ է ազատությունը: Ամերիկյան ոգին թափանցում է յուրաքանչյուրի գիտակցության մեջ նամակների ու գովազդների, թերթերի ու թափառաշրջիկ ճարտարախոսների շնորհիվ: Խոնարհ ու հնազանդ` մենք սկսում ենք մտածել, թե «Այո, Ամերիկան մեծագույն երկիր է». մեզ համոզում են երկրի ահռելի չափերը: Մեծ չափերն ընդհանրապես լիովին բավարարում են ամերիկացուն: Ծայրահեղ դեպքում, երբ ինչ-որ բանի չափերը մեծ չեն, նա գոհանում է գնով: Վաշինգտոնի արձանն, օրինակ, ամերիկացիների հպարտությունն է և աչքի է ընկնում միմիայն իր անծայրածիր բարձրությամբ. պատվանդանն ունի 555 ֆուտ երկարություն, իսկ կատարին, ինչպես իրենք են պնդում, կանգնած է Վաշինգտոնը: Միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնին կանգնեցրել են վերևում և, հավանաբար, այդպես էլ կա, բայց ներքևից նայողն իսպառ զուրկ է արվեստի այդ թաքնախորհուրդ ստեղծագործությունը տեսնելու որևէ հնարավորությունից: ![]() Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը «աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն էե: Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է «աշխարհի ամենաթանկարժեք վարագույրըե տեսնելու: Ինչ խոսք, Ամերիկան մեծագույն երկիր է… Իր քաղաքականությամբ, գրականությամբ, քաղաքակրթությամբ, իր արվեստով, իր էությամբ, իր քաղաքներով ու գյուղերով Ամերիկան փշրում է ամեն տեսակ հիացում ու պատրանք: Ես շատ թե քիչ, բայց բավական ճանաչում եմ քաղաքակիրթ աշխարհի բոլոր պետությունները և չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ չցանկանայի ապրել, ինչպես չեմ ցանկանում ապրել Ամերիկայում: Ուրիշ ոչ մի տեղ կյանքը չի կարող լինել ավելի խղճուկ, անմաքուր ու տհաճ: Ամերիկան հպարտանում է իր ազատությամբ ու հավասարությամբ, չտեսնելով, սակայն, որ աշխարհում չի գտնվի ուրիշ որևէ երկիր, որտեղ այդպես պարբերաբար անարգվեն անհատի իրավունքները: Ամերիկացու միակ և ճշմարիտ կենսական խնդիրը անծայրածիր տափաստանների հայրենասեր քաղաքացի լինելն է: Մարդն Ամերիկայում կարող է մարդ համարվել միայն այն դեպքում, եթե ամերիկացի է: Ահա թե ինչու այդ վիթխարի երկրում ոչ մի գնով չես գտնի կարծիքավոր և լույս փնտրող գեթ մի ապստամբ հոգի, որը կարողանար չձայնակցել, գիտակցաբար չփչացնել անագե շեփորների հնչեցրած սրտաճմլիկ մեղեդին: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ` ինքնահիացական բացականչությունների ներքո: … Եվ ո՞վ է ասելու նրանց, որ երկինքը սև է… Թարգմանությունը՝ Աշոտ Խաչատրյանի | |
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...» | |
1789 reads | 13.05.2013
| |