ԵԹԵ ՀՅՈՒՍԻՍԻՑ ԵՍ, ՎԵՐՋ, ՈՒՐԵՄՆ ՇՎԵԴ ԵՍ…
![]() Նրանց կարծիքով անմեղ մարդը թույլ չի տա իր վրա այնպիսի մեղք բարդել, որպիսին, պարզվում է, ֆրանսիացի լինելն է: Այո, պետք է վերևից նայես ու ծիծաղես նրանց հիմարության վրա: Սակայն ընտանիք ունեցող մեկը դժվար թե կարողանա ծիծաղելու ուժ գտնել իր մեջ. նրան շարունակ ստորացնում են և նա հնարավորություն չի ունենալու երբևէ ընտանիքի ապրուստն ապահովող որևէ աշխատանք գտնել, սոսկ այն պատճառով, որ ֆրանսիացի է կամ շվեդ: Այս իրողությունն ունի մի շատ կարևոր կողմ, ինչն զգացել եմ մաշկիս վրա: Ես հյուսիսից եմ, եթե հյուսիսից եմ` ուրեմն շվեդ եմ, իսկ եթե շվեդ եմ` ուրեմն ինձ ստորացնում են, խղճում, և իհարկե` ծաղրում: Արժանանալով նմանօրինակ վերաբերմունքի` օտարերկրացին, բնականաբար, շատ արագ ամերիկանացվում է, ինչը էական նշանակություն ունի մի կտոր հաց ճարելու նրա հավերժական պայքարում: Նա այնքան հաճախ է լսում ամերիկացիների գերազանցության մասին, որ ի վերջո, գործածում է ողջ ուժն ու եռանդը` ջանալով նմանվել նրանց` արդեն իսկ հասկացնել տալով, որ հրաժարվել է հնից, այսինքն` իր հին "ես"-ից: Նա սկսում է անգլերեն խոսել նույնիսկ տանը, անգամ ծնողների հետ, որոնք, իհարկե, որևէ բառ չեն հասկանում, և ջանք չի խնայում, որպեսզի ջնջի-ոչնչացնի իր այլացեղ լինելու բոլոր նշանները: Երբ վտարանդին վերադառնում է հայրենիք, ուր ժամանակին իր ոտնամաններն է դինջ-դինջ քստքստացրել` վերադառնում է արդեն ուրիշ մարդ դարձած. այնքան թեթևաշարժ ու ճարպիկ, որ այլևս չես ճանաչում: Բայց Ամերիկայի օդը չէ` որ փոխել է նրան, դարձրել այդպիսին, և ոչ էլ ազատ հանրապետությունը: Ոչ, նրան այլափոխել է ամերիկացիների բութ հայրենասիրությունը, և սոսկ նյութական պատճառներն են ստիպել նրան դառնալ ժրաջան: Ամերիկյան Կոնգրեսի ներգաղթի խնդիրներին վերաբերող քննարկումները նույնպես ժողովրդի անսահման հայրենասիրության վկայությունն են: Սկսել են լրջորեն ճառաբանել` թե հարկավոր է արգելել ներգաղթը, և ոչ թե մի երկու հարյուր տարի հետո, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես զգացվի, այլ հենց հիմա` հանուն կամավոր հայրենասիրության: Պահանջվող արգելքի հիմքում նույնպես ընկած է նրանց ինքնահավանությունը. ամերիկացիները համարում են, որ շվեդները, ֆրանսիացիք, և օտարերկրացիներն ընդհանրապես, իրենց հետ որևէ ասպարեզում պետք է չմրցակցեն: Նրանք չեն ցանկանում ընդունել ոչինչ, ինչ ամերիկյան չէ, որովհետև ինչն ամերիկյան չէ` "չարից է": Նրանք պնդում են, թե երկիրն արդեն գերբնակեցված է, բայց դա հնարք է սոսկ: Իրականում ամերիկացիներն ուզում են արգելել օտարերկրացիների մուտքն իրենց իսկ հայրենասիրությունից հուզված. մինչդեռ առանց այդ նույն օտարերկրացիների նրանք անկարող կլինեն նույնիսկ ամենաանհրաժեշտ աշխատանքներն անել, որովհետև ամերիկացիներն իրենք` չեն աշխատում: Ասում են` թե աշխատում են իբր, բայց դա սուտ է, հնարանք: Ըստ վիճակագրության` ամերիկացիների հիսունից մեկն է միայն զբաղված ֆիզիկական աշխատանքով. հողը մշակում են օտարերկրացիները, և հենց նրանց մուտքն են ուզում արգելել, "որովհետև երկիրն, ասում են, գերբնակեցված է": Անհիմն են մուտքի արգելման խնդրին վերաբերող բոլոր պատճառաբանումները. դրանք ամերիկյան հայրենասիրության կանաչ պտուղներն են: Նրանք պարզապես ցանկանում են կանխել որևէ կողմնակի միջամտություն: Ամերիկացիները երբեք չեն հասկանա ու երբեք չեն գնահատի օտարերկրացիների աշխատասիրությունն ու վաստակը, չեն հասկանա` միմիայն իրենց ահագնացած, գրեթե չինական ինքնավստահության պատճառով: Ահա թե ուր կարող է հասնել ամերիկյան հայրենասիրությունը: Ահա թե ի՜նչ հայրենասերներ են նրանք: Եվ երանի նրան, ով առօրյա կյանքում իր վրա չի կրել ամերիկյան հայրենասիրության լուծը: Ինչ քաղաքակրթություն կարող է ունենալ մի ժողովուրդ, որը միմիայն իրեն է ճանաչում: Եվ ինչ հոգևոր կյանք կարող է լինել մի երկրում, որը բնակեցված է վերոհիշյալ հայրենասերներով: Եթե ամերիկացիները պատմական անցյալ ունեցող հնագույն ժողովուրդ լինեին, ինչն, անշուշտ, կհատկանշեր ազգային խառնվածքի անհատականությունն ու կպայմանավորեր իրենց յուրօրինակ կյանքը, ապա Ամերիկան` առանց ուրիշ երկրների հետ հարաբերվելու, թերևս կարողանար բավարարվել ինքն իրենով,այնպես` ինչպես, օրինակ, ժամանակակից գրականության "չինաստանը": Բայց Ամերիկան նոր երկիր է, հազիվ ձևավորվող հանրություն, ուր ամեն բան պոռթկուն է, ոչ ներդաշնակ, ուր իսպառ բացակայում են սեփական մշակույթն ու ժողովրդի հոգևոր նկարագիրը: Նման երկրում ինքնագոհացման տենչը զգալիորեն խոչընդոտում է հետագա զարգացումը, մի խոսքով` դրված է veto, և ոչ ոք չի կարող դրան ընդդիմանալ: ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ | |
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...» | |
2038 reads | 07.03.2013
|