ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
![]() Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ, դոցենտ, ԵՐԵՎԱՆ ![]() ունեցող: Ողջ միջնադարի ընթացքում իսլամը ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում կարևոր դեր է խաղացել քաղաքակրթական գործընթացների վրա: Այստեղ ավանդականորեն տարածված են եղել իսլամի սուննի և շիա ուղղությունները, դրանց առանձին ճյուղավորումներն ու կրոնաիրավական դպրոցները՝ մազհաբները, նաև սուֆիականությունը: Տարածաշրջանում իսլամի զարգացման հարցում էական նշանակություն են ունեցել արաբական, իրանական, թուրքական և ռուսական ազդեցությունները: Խորհրդային Միության շրջանում (1920-1991թթ.) կոմունիստական գաղափարախոսության տևական ազդեցության պատճառով ներկայումս Ադրբեջանի մուսուլմանների գերակշռող մասը ոչ թե օրինապահ հավատացյալներ են, այլ «մշակութային մուսուլմաններ» կամ «աշխարհիկ մուսուլմաններ»: Օրինապահ հավատացյալ ասելով` նկատի ունենք աստվածային պատվիրաններին և իբադային հետևող մուսուլմանին: Ադրբեջանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլման է: Մուսուլման բնակչության մոտ 65-75 տոկոսը շիաներ են, մնացածը՝ սուննիներ: Ադրբեջանական պաշտոնական տվյալների համաձայն՝ շիաները մուսուլման բնակչության 85 տոկոսն են, սուննիները՝ 15%: Ադրբեջանում սուննիներն առավելապես բնակվում են երկրի հյուսիսային և արևմտյան, իսկ շիաները՝ կենտրոնական, հարավային և արևելյան շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում: ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ տարածում գտան նաև Ադրբեջանի համար նոր կրոնական ուղղություններ, ինչպես, օրինակ, սալաֆիականությունն ու գյուլենականությունը: Ադրբեջանի շիաները տասներկուական-իմամականներ են՝ ջաֆարիական մազհաբի հետևորդներ: Սուննիներն առավելապես հանաֆիական և շաֆիայական, իսկ սուննի-սալաֆիները՝ հանբալիական, մազհաբների հետևորդներ են: Ադրբեջանը շիա բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունից հետո։ Շիայադավան է երկրի բնակչության մեծամասնությունը՝ ադրբեջանցիները, որոնք թյուրքախոս շիա մուսուլմաններ են: Ադրբեջանի տեղաբնիկների մի մասը՝ իրանալեզու և իրանական ծագում ունեցող մուսուլմանները (թալիշները, թաթերը՝ կովկասյան պարսիկները և այլն), շիայադավան են, մյուս մասը (կովկասալեզու ու կովկասյան ծագում ունեցող լեզգիները, ցախուրները, ավարները, թաբասարանցիները, ռուտուլները, ագուլները, վրացական ծագմամբ ինգիլոները, շահդաղցիները) սուննիադավան է: Ադրբեջանի քրդերը հիմնականում շիայադավան են: Ընդհանրապես, Ադրբեջանի ոչ թյուրքական ծագում ունեցող տեղաբնիկները թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային շրջանում ենթարկվել են տարաբնույթ ճնշումների, ինչը պատճառ է դարձել վերջիններիս լեզվական և ազգային-էթնիկական զգալի ուծացմանը: Ադրբեջանում խորհրդային ժամանակաշրջանում կրոնի նկատմամբ տևական բռնաճնշումների պատճառով իսլամը լուսանցքային էր: Նշվում էին միայն հատուկենտ կրոնական ծեսեր: Այս երևույթը բնորոշ էր խորհրդային այլ հանրապետությունների ևս: ԽՍՀՄ փլուզումից հետո, ազգային արժեքների հետ, մեկտեղ վերարժևորվեցին նաև կրոնական իրողությունները: Իսլամական վերածնունդն Ադրբեջանում տեղի ունեցավ թե՛ արտաքին, թե՛ ներքին կրոնական ազդեցությունների հետևանքով: Հետխորհրդային շրջանում աշխարհիկությունն ամրագրվեց Սահմանադրությամբ: Սահմանվեց խղճի և դավանանքի ազատություն: Ադրբեջանի իշխանությունները որոշակի տեղ հատկացրին իսլամին: Պետությունը միջոցներ ներդրեց իսլամի զարգացման, այդ թվում, մզկիթաշինության ոլորտում: Ադրբեջանում ստեղծվեցին կրոնական հասարակական նշանակություն ունեցող մի շարք կազմակերպություններ, ավելացան հետազոտություններն Ադրբեջանում իսլամի պատմության և դերակատարության վերաբերյալ: Հետխորհրդային տարիներին Ադրբեջանն անմասն չմնաց իսլամական մի շարք երկրների կրոնաքաղաքական ազդեցություններից և իսլամի տարաբնույթ ուղղությունների ու մեկնաբանությունների արմատավորումից, որի արդյունքում պետությունը սկսեց խստորեն վերահսկել ազգային անվտանգությանն իսլամից սպառնացող թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները կարողացան շահեկանորեն օգտագործել իսլամական գործոնն արտաքին քաղաքականության մեջ, որի ապացույցն այդ երկրի ակտիվ գործունեությունն էր իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնում՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունում (ԻՀԿ, 1969-ից մինչև 2011-ը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն), որի նստավայր-գրասենյակը Ջիդդայում է (Սաուդյան Արաբիա): Իսլամական աշխարհի կամ Ումմայի անքակտելի մաս հանդես գալու Ադրբեջանի ձգտումները նաև նպատակ ունեին իսլամական աշխարհի միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանից անկախացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ: Առանց իսլամական գործոնի ուսումնասիրության անհնար է համապարփակ պատկերացում կազմել Ադրբեջանի զարգացման առանձնահատկությունների, պետության զարգացման հեռանկարի, ինչպես նաև միջազգային իսլամական շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության1 վերաբերյալ Ադրբեջանի քարոզչական դրսևորումների ու խնդրի վերաբերյալ ԻՀԿ ադրբեջանամետ դիրքորոշման մասին: | |
ԻՍԼԱՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ | |
3606 reads | 06.02.2015
| |