ՈՐՍ ՀԻՏԼԵՐԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ. ՕՊԵՐԱՑԻԱ ՎՈԼՖՇԱՆՑԵՈՒՄ
![]() Մյունխենում` կյանքի 91-րդ տարում վախճանվեց Էվալդ-Հենրիխ ֆոն Կլեյստը` գերմանական բանակի նախկին լեյտենանտը: Նրան էր վստահված Հիտլերի դեմ մահափորձի նախապատրաստման և իրականացման կարևորագույն դերերից մեկը: Կլաուս ֆոն Շտաուֆենբերգի ու նրա մերձավոր շրջապատի կողմից մշակված և իրականացված օպերացիան տրամաբանական ավարտին հասցրեց 40-ական թվականների կեսերին Գերմանիայի ռայխսկանցլերի դեմ ուղղված դավադրությունների շարքը: Հակահիտլերյան տրամադրությունների ծագման պատմությունը ![]() Ադոլֆ Հիտլերի և նրա գեներալների միջև ինչ-որ չափով միշտ էլ առկա է եղել անվստահության և թյուրիմացության բարդույթ: Սկսած 1936-ից, երբ օկուպացվեց ապառազմակայանացված Ռեյնի մարզը, ֆյուրերի շրջապատի բարձրագույն զինվորական աստիճանավորները սկսեցին կասկածներ արտահայտել իրենց անմիջական ղեկավարի որոշ գործողությունների նկատմամբ: Կողմերի դիրքորոշումները հետագա մի քանի տարվա ընթացքում այլևս չէին համընկնում: Օրինակ, Իսպանիային զինվորական օգնության ցուցաբերումը, Ավստրիայի և Չեխոսլովակիայի միակցումը, Անգլիայի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները, Լեհաստանի նկատմամբ ագրեսիան: Սկզբում, ստիպված լինելով գնալու որոշ զիջումների, Հիտլերը հետագայում իր բազմափորձ գեներալների գործողություններում նկատեց չափից դուրս զգուշավորություն: Իսկ դա հակասում էր նրա զավթողական նկրտումներին: Մոսկվայի մոտ գերմանական բանակի կրած պարտությունից հետո երկրի ներսում հակահիտլերական տրամադրություններն էլ ավելի ակտիվացան: Մեկը մյուսի հետևից կազմավորվեցին խմբեր, որոնց հիմնական նպատակը գործող իշխանության տապալումն էր, ընտրված ստրատեգիայի փոփոխությունը կամ Գերմանիայի համար այդ կործանարար պատերազմի դադարեցումը: Ընդդիմադիր շարժման ղեկավարության մեջ էին այն ժամանակվա շատ հայտնի ազդեցիկ դեմքեր և ռազմական խմբավորումներ: Իշխող կառավարության հակառակորդների տքնաջան կազմակերպչական աշխատանքը` Հիտլերի դեմ մահափորձ իրականացնելու նպատակով ստեղծված «Վալկիրիա» գաղտնի պլանի հիմքը հանդիսացավ: Այն իրականացվեց 1944-ի հուլիսի 20-ին Հիտլերի «Վոլֆշանցե» շտաբում: ![]() «Գայլի որջը» փշալարերով պատված, տասնյակ բունկերների և շինությունների համալիր էր: Այն գտնվում էր լճերի և ճահիճների մեջ թաղված անմատչելի տեղանքում: 1941-1944 թթ. Հիտլերն այդտեղ անցկացրեց մոտ 800 օր` ղեկավարելով բանակի գործողությունները Արևելյան ճակատում (ԽՍՀՄ տարածքում): Հիտլերի ֆիզիկական վերացումը պետք է ազդանշան լիներ Գերմանիայում և Արևելյան Եվրոպայի օկուպացված տարածքներում խոշորամասշտաբ գործողություններ սկսելուն` ուղղված գործող ռեժիմի դեմ և դրան հաջորդող խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Դավադրության բոլոր մասնակիցներին ուղարկվեց «Վալկիրիա» ծրագրի գործողությունների պլանը: Ճշմարտության պահը Պլանը պետք է իրականացներ Էվալդ-Հենրիխ ֆոն Կլեստը (որի մահվան լուրով սկսվեց մեր պատմվածքը), բայց հետագայում նրան փոխարինեց Կլաուս ֆոն Շտաուֆենբերգը: Նա պետք է անձամբ տեղ հասցներ և տեղադրեր ռումբերով լիքը պայուսակը: Պատահականությունների շարքը որոշ չափով խախտեց նրանց ծրագրերը: Խորհրդակցությունը հետաձգվեց 30 րոպեով, փոխվեց նրա անցկացման վայրը և կրճատվեց ելույթի համար սահմանված ժամանակը: Ֆոն Շտաուֆենբերգի տեղադրած պայուսակը, որը երկու մետր էր հեռու Հիտլերից, շտաբի սպայի կողմից տեղափոխվեց ծածկի տակ, որը բնական արգելքի դեր կատարեց: Երկրորդ ռումբը ընդհանրապես չգործեց պատրաստողի շտապողականության և հաշմանդամության պատճառով (նա պատերազմում կորցրել էր մեկ աչքը, մեկ ձեռքն ամբողջությամբ և մյուսի` երեք մատը): ![]() Ըստ «Վալկիրիա» օպերացիայի պլանի, հեղաշրջման գաղափարախոսները սկսեցին սղագրություններ ուղարկել բոլոր զինվորական օկրուգներին` պահանջելով ենթարկվել նոր ղեկավարությանը: Եվ այստեղ նրանք թույլ տվեցին ճակատագրական սխալ: Սղագրություններից մեկը ուղարկվեց հենց Ռաստենսբուրգ` ուղիղ Հիտլերի որջը, որտեղից էլ նա անձամբ տեղեկացավ պետական հեղաշրջման փորձի մասին: Անհաջողության հետևանքները և հաջողության հեռանկարները «Գեներալների դավադրության» տապալման պատճառով Գերմանիան թաղվեց մահապատիժների և պատժամիջոցների մղձավանջի մեջ: Կախաղանների և գնդակահարությունների զոհ դարձան դավադրության մոտ 5000 մասնակիցներ, 7000 մարդ ձերբակալվեց: Պատժվեցին նաև ընդդիմադիրների չափահաս բարեկամները, իսկ անչափահաս երեխաներն ուղարկվեցին որբանոց: Քչերը փրկվեցին, իսկ անմիջական մասնակիցներից դա հաջողվեց միայն Էվալդ-Հենրիխ ֆոն Կլեյստին: Եթե ճակատագիրը դեմքով շուռ գար ֆոն Շաուֆենբերգի և նրա մարդկանց կողմը, ապա հնարավոր է, որ Գերմանիայի ապագան դասավորվեր այլ կերպ: Հնարավոր է, որ իշխանության գային հակաֆաշիստական ուժեր, որոնք դեռևս 1944թ. կստորագրեին հաշտության պայմանագիր: Դա թույլ կտար խնայել միլիոնավոր մարդկանց կյանք: Կսկսվեր ապառազմանականացում, և երկիրը չէր հասնի լրիվ կործանման: Հնարավոր է նաև, որ Հիտլերի մերձավոր շրջապատը կարողանար պահպանել իշխանությունը և հրահրեր քաղաքացիական հակամարտություն: Բայց պատմությունը գնաց իր ընտրած ճանապարհով, իսկ մեզ մնում է միայն ենթադրել: Սերգեյ Վասիլենկով «Pravda» | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
3673 reads | 02.04.2013
| |